Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 98


Բաժին 98

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. օգոստոսի 6-ին (History of the Church, 1.403–406): Այս հայտնությունը եկավ ի պատասխան Միսսուրիի Սրբերի հալածանքների: Բնական էր, որ Միսսուրիի Սրբերը, ֆիզիկապես տառապելուց և նաև իրենց ունեցվածքը կորցնելուց հետո, լցվել էին հատուցելու և վրեժ լուծելու ցանկությամբ: Այդ պատճառով Տերը տվեց այս հայտնությունը: Չնայած Միսսուրիի դժվարությունների լուրն անկասկած հասել էր Մարգարեին, որը Կիրթլենդում էր (ինը հարյուր մղոն հեռու), իրավիճակի լրջությունն այդ օրվա դրությամբ նրան կարող էր հայտնի դառնալ միայն հայտնությամբ:

1–3՝ Սրբերի չարչարանքները կլինեն իրենց բարիքի համար. 4–8՝ Սրբերը պետք է բարեկամանան երկրի սահմանադրական օրենքի հետ. 9–10՝ Ազնիվ, իմաստուն և բարի մարդիկ պետք է աջակցվեն աշխարհիկ կառավարման մեջ. 11–15՝ Նրանք, ովքեր Տիրոջ գործի համար վայր են դնում իրենց կյանքը, կունենան հավերժական կյանք. 16–18՝ Մերժեք պատերազմը և հռչակեք խաղաղություն. 19–22՝ Կիրթլենդի Սրբերը հանդիմանվում են և նրանց պատվիրվում է ապաշխարել. 23–32՝ Տերը հայտնում է իր ժողովրդի վրա գործադրված հալածանքների ու չարչարանքների ժամանակ ղեկավարվելու իր օրենքները. 33–38՝ Պատերազմն արդարացված է, միայն, երբ Տերն է դա պատվիրում. 39–48՝ Սրբերը պետք է ներեն իրենց թշնամիներին, որոնք, եթե ապաշխարեն, նույնպես կխուսափեն Տիրոջ վրեժխնդրությունից:

1 Ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Մի՛ վախեցեք. թող ձեր սրտերը մխիթարվեն. այո՛, ամեն ժամանակ ուրախ եղեք, և ամեն ինչի համար գոհություն հայտնեք.

2 Համբերությամբ սպասելով Տիրոջը, քանզի ձեր աղոթքները հասել են Սաբաովթի Տիրոջ ականջին և գրված են այս կնիքով ու վկայությամբ,– Տերը երդվել և հրամանագրել է, որ դրանք կպարգևատրվեն:

3 Հետևաբար, նա այս խոստումն է տալիս ձեզ, անխախտ ուխտով, որ դրանք կկատարվեն. և բոլոր բաները, ինչով դուք չարչարվել եք, միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար և իմ անվան փառքի համար, ասում է Տերը:

4 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ երկրի օրենքների վերաբերյալ. Դա իմ կամքն է, որ իմ ժողովուրդը հետևի, որ կատարի այն ամենը, ինչ պատվիրում եմ նրան:

5 Եվ երկրի այն օրենքը, որը սահմանադրական է, որը պաշտպանում է ազատության սկզբունքը, պահպանելով իրավունքներն ու արտոնությունները, պատկանում է ողջ մարդկությանը և արդար է իմ առաջ:

6 Հետևաբար, ես՝ Տերս, արդարացնում եմ ձեզ և իմ եկեղեցու ձեր եղբայրներին, որ բարեկամանում եք այն օրենքի հետ, որը երկրի սահմանադրական օրենքն է.

7 Իսկ ինչ վերաբերում է մարդու օրենքին, ինչ որ սրանից ավել կամ պակաս է, չարից է գալիս:

8 Ես՝ Տեր Աստվածս, ազատ եմ դարձրել ձեզ, հետևաբար, դուք իսկապես ազատ եք. և օրենքը նույնպես ձեզ ազատ է դարձնում:

9 Այնուամենայնիվ, երբ ամբարիշտներն են իշխում, ժողովուրդը սգում է:

10 Ուստի, ազնիվ մարդիկ և իմաստուն մարդիկ պետք է փնտրվեն ջանասիրաբար, և դուք պետք է հետևեք, որ բարի մարդիկ և իմաստուն մարդիկ աջակցվեն. այլապես, ինչ որ սրանից ավել կամ պակաս է, չարից է գալիս:

11 Եվ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ դուք թողնեք ամեն մի չարիք և հարեք ամեն բարի բանի, որ դուք ապրեք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով:

12 Քանզի հավատարիմներին նա տալու է տող առ տող, ցուցում առ ցուցում. և դրանով ես կփորձեմ ձեզ և կստուգեմ ձեզ:

13 Եվ ով իմ գործի համար, իմ անվան համար, վայր է դնում իր կյանքը, նա կգտնի այն կրկին, այսինքն՝ կյանք հավերժական:

14 Հետևաբար, մի վախեցեք ձեր թշնամիներից, քանզի ես իմ սրտում որոշել եմ, ասում է Տերը, որ ես կփորձեմ ձեզ բոլոր բաներում, թե արդյոք դուք կմնաք իմ ուխտի մեջ, մինչև իսկ մահով, որպեսզի դուք արժանի գտնվեք:

15 Քանզի եթե դուք իմ ուխտի մեջ չմնաք, ապա արժանի չեք ինձ:

16 Հետևաբար, մերժեք պատերազմը և խաղաղություն հռչակեք, և ջանասիրաբար փնտրեք, որ զավակների սրտերը դարձնեք դեպի հայրերը, և հայրերի սրտերը՝ դեպի զավակները.

17 Եվ բացի այդ, հրեաների սրտերը՝ դեպի մարգարեները, և մարգարեներինը՝ դեպի հրեաները. որ չլինի թե ես գամ և ողջ երկիրը զարկեմ անեծքով, և ամեն մարմին այրվի իմ առաջ:

18 Թող ձեր սրտերը չխռովեն. քանզի իմ Հոր տանը շատ ապարանքներ կան, և ես տեղ եմ պատրաստել ձեզ համար. և ուր որ ես և իմ Հայրն ենք, դուք ևս այնտեղ կլինեք:

19 Ահա, ես՝ Տերս, գոհ չեմ շատերից, որոնք Կիրթլենդի եկեղեցում են.

20 Քանզի նրանք չեն թողնում իրենց մեղքերը, և իրենց ամբարիշտ ուղիները, իրենց սրտերի հպարտությունը, և իրենց ագահությունը, և իրենց բոլոր գարշելիությունները, և չեն հետևում իմաստության և հավերժական կյանքի խոսքերին, որոնք ես տվել եմ նրանց:

21 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես՝ Տերս, կխրատեմ նրանց և կանեմ ինչ որ կկամենամ, եթե նրանք չապաշխարեն և չհետևեն բոլոր բաներին, որոնք պատվիրել եմ նրանց:

22 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Եթե դուք հետևեք, որ կատարեք ինչ որ պատվիրում եմ ձեզ, ես՝ Տերս, մեկդի կդարձնեմ ողջ ցասումն ու զայրույթը ձեզանից, և դժոխքի դռները չեն հաղթի ձեզ:

23 Այժմ ես խոսում եմ ձեզ հետ ձեր ընտանիքների վերաբերյալ,– եթե մարդիկ զարկեն ձեզ կամ ձեր ընտանիքներին, մեկ անգամ, և դուք համբերությամբ տանեք ու չանարգեք նրանց, ոչ էլ փնտրեք վրեժ լուծել, դուք պիտի վարձատրվեք.

24 Բայց եթե դուք համբերությամբ չտանեք, այն ձեզ կհամարվի որպես ձեզ համար չափված արդար չափ:

25 Եվ բացի այդ, եթե ձեր թշնամին զարկի ձեզ երկրորդ անգամ, և դուք չանարգեք ձեր թշնամուն և տանեք այն համբերությամբ, ձեր վարձքը կլինի հարյուրապատիկ:

26 Եվ բացի այդ, եթե նա զարկի ձեզ երրորդ անգամ, և դուք դա տանեք համբերությամբ, ձեր վարձքը քառապատիկ կավելացվի ձեզ.

27 Եվ այս երեք վկայությունները կկանգնեն ձեր թշնամու դեմ, եթե նա չապաշխարի, և չեն ջնջվի:

28 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ եթե այդ թշնամին խույս տա իմ վրեժխնդրությունից, որ չբերվի իմ առաջ՝ դատաստանի, ապա դուք անպայման պետք է զգուշացնեք նրան իմ անունով, որպեսզի նա այլևս չգա ձեր վրա, ոչ էլ ձեր ընտանիքի, նույնիսկ ձեր երեխաների երեխաների, մինչև երրորդ և չորրորդ սերունդը:

29 Եվ եթե այն ժամանակ նա գա ձեր վրա կամ ձեր երեխաների վրա կամ ձեր երեխաների երեխաների վրա, մինչև երրորդ և չորրորդ սերունդը, ապա ես քո ձեռքն եմ հանձնել քո թշնամուն.

30 Եվ եթե այդ ժամանակ դու խնայես նրան, ապա պիտի վարձատրվես քո արդարության համար. և նաև քո երեխաները և քո երեխաների երեխաները, մինչև երրորդ և չորրորդ սերունդը:

31 Այնուամենայնիվ, թշնամիդ քո ձեռքում է. և եթե դու հատուցես նրան, իր գործերի համաձայն, դու արդարացված ես. եթե նա փնտրել է քո կյանքը, և նա վտանգի է ենթարկել քո կյանքը, թշնամիդ քո ձեռքում է, և դու արդարացված ես:

32 Ահա, սա է օրենքը, որ ես տվեցի իմ ծառա Նեփիին, և ձեր հայրերին՝ Հովսեփին, և Հակոբին, և Իսահակին, և Աբրահամին, և բոլոր իմ հնագույն մարգարեներին ու առաքյալներին:

33 Եվ բացի այդ, սա է այն օրենքը, որը ես տվեցի իմ հնագույն ժողովրդին, որ նրանք չպետք է պատերազմելու գնային ոչ մի ազգի, ցեղի, լեզվի, կամ ժողովրդի դեմ, մինչև որ ես՝ Տերս, չպատվիրեի նրանց:

34 Եվ եթե որևէ ազգ, լեզու կամ ժողովուրդ պատերազմ հայտարարեր նրանց դեմ, նրանք պետք է սկզբում խաղաղության դրոշ բարձրացնեին այդ ժողովրդի, ազգի կամ լեզվի դեմ.

35 Եվ եթե այդ ժողովուրդը չընդուներ խաղաղության առաջարկը, ոչ էլ երկրորդ կամ երրորդ անգամ, նրանք պետք է այդ վկայությունները բերեին Տիրոջ առաջ.

36 Այն ժամանակ, ես՝ Տերս, նրանց պատվիրան կտայի և կարդարացնեի նրանց պատերազմ գնալն այդ ազգի, լեզվի կամ ժողովրդի դեմ:

37 Եվ ես՝ Տերս, կկռվեի նրանց պատերազմներում, և նրանց երեխաների պատերազմներում, և նրանց երեխաների երեխաների, մինչև որ նրանք վրեժ առնեին իրենց բոլոր թշնամիներից, մինչև երրորդ և չորրորդ սերունդը:

38 Ահա, սա օրինակ է բոլոր ժողովուրդների համար, ասում է Տերը՝ քո Աստվածը, իմ առաջ արդարացվելու համար:

39 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ, եթե թշնամիդ առաջին անգամ քո վրա գալուց հետո ապաշխարի և գա քեզ մոտ, քո ներումն աղերսելու, դու պետք է ներես նրան և այլևս չպահես այն որպես վկայություն քո թշնամու դեմ,–

40 Եվ այդպես շարունակ, երկրորդ և երրորդ անգամ. և որքան հաճախ որ թշնամիդ ապաշխարում է այն զանցանքի համար, ինչով նա զանցանք է գործել քո դեմ, դու պետք է ներես նրան, մինչև յոթանասուն անգամ յոթը:

41 Եվ եթե նա զանցանք է գործում քո դեմ առաջին անգամ և չի ապաշխարում, այնուամենայնիվ, դու պետք է ներես նրան:

42 Եվ եթե նա զանցանք է գործում քո դեմ երկրորդ անգամ և չի ապաշխարում, այնուամենայնիվ, դու պետք է ներես նրան:

43 Եվ եթե նա զանցանք է գործում քո դեմ երրորդ անգամ և չի ապաշխարում, դու կրկին պետք է ներես նրան:

44 Բայց եթե նա զանցանք է գործում քո դեմ չորրորդ անգամ, դու չպետք է ներես նրան, այլ պետք է բերես այս վկայությունները Տիրոջ առաջ. և դրանք չեն ջնջվի, մինչև որ նա չապաշխարի և քառապատիկ վարձահատույց չլինի քեզ, բոլոր բաներում, որով նա զանցանք է գործել քո դեմ:

45 Եվ եթե նա անի այդ, դու պետք է ներես նրան քո ողջ սրտով. իսկ եթե նա չանի այդ, ես՝ Տերս, վրեժ կառնեմ քո թշնամուց հարյուրապատիկ.

46 Եվ նրա երեխաներից, և նրա երեխաների երեխաներից, բոլոր նրանցից, ովքեր ատում են ինձ, մինչև երրորդ և չորրորդ սերունդը:

47 Բայց եթե երեխաներն ապաշխարեն, կամ երեխաների երեխաները, և դարձի գան դեպի Տերը՝ իրենց Աստվածը, իրենց ողջ սրտով, և իրենց ողջ զորությամբ, մտքով և ուժով, և քառապատիկ վերադարձնեն իրենց բոլոր զանցանքների համար, որոնցով զանցանք են գործել, կամ որոնցով իրենց հայրերը զանցանք են գործել, կամ իրենց հայրերի հայրերը, այն ժամանակ դու պիտի մեկդի դարձնես քո զայրույթը.

48 Եվ այլևս վրեժխնդրություն չի գա նրանց վրա, ասում է Տերը՝ քո Աստվածը, և նրանց զանցանքներն այլևս երբեք չեն բերվի Տիրոջ առաջ, որպես վկայություն նրանց դեմ: Ամեն: