Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 9


Բաժին 9

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Օլիվեր Քաուդերիին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. ապրիլին (History of the Church, 1.37–38): Տերն Օլիվերին խրատում է համբերող լինել և համոզում է, առայժմ բավարարվել թարգմանչի թելադրմամբ գրելով, քան փորձել թարգմանել:

1–6՝ Հնադարյան այլ հիշատակարաններ կան, որոնք դեռ պետք է թարգմանվեն. 7–14՝ Մորմոնի Գիրքը թարգմանվում է ուսումնասիրմամբ և հոգևոր հաստատմամբ:

1 Ահա, ես ասում եմ քեզ, որդի՛ս, քանի որ դու չթարգմանեցիր՝ համաձայն նրա, ինչ դու ցանկացար ինձանից, և կրկին սկսեցիր գրել իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի համար, ճիշտ այդպես, ես կկամենայի, որ դու շարունակես, մինչև չավարտեք այս հիշատակարանը, որը ես վստահել եմ նրան:

2 Եվ այն ժամանակ, ահա ուրիշ հիշատակարաններ ունեմ ես, որ քեզ զորություն կտամ, որպեսզի դու աջակցես թարգմանելուն:

3 Համբերող եղիր, որդի՛ս, քանզի դա իմ իմաստությամբ է, և ներկայումս նպատակահարմար չէ, որ դու թարգմանես:

4 Ահա, գործը, որը դու կանչված ես կատարելու, գրելն է՝ իմ ծառա Ջոզեֆի համար:

5 Եվ, ահա, այն որ ես վերցրել եմ այդ առանձնաշնորհը քեզանից, այն պատճառով է, որ, սկսելով թարգմանել, դու չշարունակեցիր այնպես, ինչպես սկսել էիր:

6 Մի տրտնջա, որդի՛ս, քանզի դա իմ իմաստությամբ է, որ այս ձևով եմ ես վարվել քեզ հետ:

7 Ահա, դու չհասկացար. դու կարծում էիր, որ ես պիտի տայի քեզ, երբ դու միտք չարեցիր, այլ միայն խնդրեցիր ինձ:

8 Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է:

9 Բայց, եթե դա ճիշտ չլինի, դու նման զգացումներ չես ունենա, այլ կունենաս մտքի ընդարմացում, որի արդյունքում դու կմոռանաս այն, ինչը սխալ է. ուստի, դու չես կարող գրել այն, ինչը սրբազան է, եթե դա չտրվի ինձանից:

10 Արդ, եթե դու իմացած լինեիր դա, դու կկարողանայիր թարգմանել. այնուամենայնիվ, ներկայումս նպատակահարմար չէ, որ դու թարգմանես:

11 Ահա, դա նպատակահարմար էր, երբ դու սկսեցիր. սակայն դու վախեցար, և ժամանակն անցել է, իսկ այժմ նպատակահարմար չէ.

12 Քանզի, դու չե՞ս տեսնում, որ իմ ծառա Ջոզեֆին ես բավականաչափ ուժ եմ տվել, որով պակասը լրացվում է: Եվ ձեզանից ոչ մեկին ես չեմ դատապարտել:

13 Կատարիր այն, ինչ պատվիրել եմ քեզ, և դու պիտի բարգավաճես: Հավատարիմ եղիր, և մի տրվիր ոչ մի գայթակղության:

14 Հաստատուն կանգնիր այն գործում, որին քեզ կանչել եմ, և քո գլխից ոչ մի մազ չի կորչի, և վերջին օրը դու կբարձրացվես: Ամեն: