2023
Ամեն բան ավելի լավը դարձնելու ակումբ
Հուլիս 2023


«Ամեն բան ավելի լավը դարձնելու ակումբ», Ընկեր, հուլիս 2023, 20-21։

Ամեն բան ավելի լավը դարձնելու ակումբ

Ջոզին գիտեր, թե ինչպես կարող էր հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
Երկու աղջիկներ բռնել են պաստառ

Ջոզին իր զարմիկի՝ Էշլինի հետ նստել էր իրենց տան կողքի ծառի տակ։

«Կցանկանայի, որ ինչ-որ զվարճալի միջոցով կարողանայինք գումար վաստակել»,- ասաց Ջոզին։

«Միգուցե մենք կարողանայինք գումար վաստակել մարդկանց համար որևէ բան անելով»,- ասաց Էշլինը։

«Իսկ եթե մենք ակումբ բացենք»։ Ջոզին ոգևորված վեր թռավ տեղից։ «Օրինակ՝ ընտանի կենդանիների դայակության ակումբ կամ շներին զբոսանքի տանելու ակումբ»։

«Մենք կարող ենք տարբեր բաներ անել»,- ասաց Էշլինը։ «Մարդիկ միշտ օգնության կարիք ունեն։ Եվ նրանք կվճարեն մեզ»։

Էշլինը ճիշտ էր։ Ամեն օր Ջոզին տեսնում էր մարդկանց, ովքեր ունեին օգնության կարիք։

Հանկարծ մեկ այլ միտք ծագեց Ջոզիի գլխում։ Նա ջերմ զգացումներ ունեցավ։ Դա հիշեցրեց նրան անցյալ տարի իր մկրտության մասին։ Նա խոստացել էր միշտ հիշել Հիսուսին և հետևել Նրա օրինակին։ Նա գիտեր, թե ինչպես անել դա։

«Ի՞նչ կլինի, եթե մենք ակումբ ունենանք, որն անվճար է օգնում մարդկանց»,- հարցրեց Ջոզին։ Ջերմ զգացումն ավելի ուժեղացավ։

Էշլինի աչքերն ավելի էին մեծանում։ «Դա զվարճալի կլինի»,- ասաց նա։ «Մենք կարող ենք օգնել մարդկանց դպրոցում և եկեղեցում, գրեթե ամենուր»։

Նկար
Աղջիկը ձեռքով ողջունում է մեկ այլ աղջկա

«Մենք կարող ենք անվանել այն Ամեն բան ավելի լավը դարձնելու ակումբ»,- ասաց Ջոզին: «Արի սկսենք վաղը դպրոցից»։

Հաջորդ օրը դասամիջոցին Էշլինն ու Ջոզին վազեցին դեպի խաղահրապարակի եզրը։

«Տեսնո՞ւմ ես որևէ մեկին, ում կարող ենք օգնել»։ Էշլինը կանգնեց ոտքի ծայրերին և նայեց դեպի խորդուբորդ ծիածանի սահարանին։

«Դեռ ոչ»։ Ջոզին զննեց կապիկների ձողերը և ճոճանակները։ Երեխաները սահում և ճոճվում էին։ Նրանք ցատկում էին գնդակների վրա և խաղում էին ցատկապարաններով։ Կարծես թե ոչ ոք օգնության կարիք չուներ։ Բոլորն էլ կարծես ընկերներ ունեին։ Ապա նա նկատեց մի փոքրիկ աղջկա, ով միայնակ կանգնած էր ցատկապարանը ձեռքին։

Ջոզին արագ բռնեց Էշլինի ձեռքը։ «Նայիր այն կողմ»։

Ջոզին և Էշլինը ցատկապարաններ գտան և գնացին աղջկա մոտ։

«Ողջույն։ Ես Ջոզին եմ»։

«Իսկ ես Էշլինն եմ։ Ի՞նչ է քո անունը»։

Աղջիկը զարմացած տեսք ուներ։ «Ես Լեսլին եմ»։

«Ցանկանո՞ւմ ես խաղալ մեզ հետ»։ Ջոզին բռնել էր ցատկապարանը։

Նկար
Աղջիկները միասին խաղում են ցատկապարանով

Լեսլին ժպտաց։ «Այո»։

Էշլինն ու Ջոզին Լեսլիին պարանով ցատկելու որոշ նոր եղանակներ սովորեցրեցին։ Երբ զանգը հնչեց, նրանք հրաժեշտ տվեցին միմյանց։ Ջոզին ներքուստ լավ զգաց իրեն։ Նա գիտեր, որ դա Սուրբ Հոգին էր։

Դրանից հետո, երբ Ջոզին և Էշլինը տեսնում էին Լեսլիին միջանցքում, նրանք ողջունում էին նրան։

Ջոզին և Էշլինը փնտրում էին ավելի շատ մարդկանց՝ օգնելու համար։ Երբեմն նրանք հաճելի բաներ էին ասում մարդկանց և փորձում ուրախացնել նրանց։ Երբեմն նրանք հրավիրում էին երեխաներին խաղալ իրենց հետ։

Մի օր Ջոզին ժպտաց մի տղայի դպրոցի բակում։ «Ինձ դուր է գալիս դինոզավրով քո շապիկը»,- ասաց նա։

Տղան ժպտաց և նայեց վերնաշապիկին։ «Շնորհակալություն»։

Նկար
Աղջիկը խոսում է տղայի հետ

Երբ Ջոզին նստեց, նա հասկացավ, որ չէր էլ մտածել դա անել ակումբի համար։ Նա պարզապես արեց դա։

Ջոզին մտածում էր այն բոլոր ընկերների մասին, որոնց ձեռք էր բերել այն պահից սկսած, երբ նա և Էշլինը բացեցին իրենց ակումբը։ Ջոզիին իսկապես դուր եկավ մարդկանց օգնելը։ Դա մղում էր նրան ավելի լավ բաներ անել ուրիշների համար։ Ամեն բան ավելի լավը դարձնելու ակումբը նրան ավելի լավն էր դարձնում։ Եվ դա հրաշալի զգացողություն էր։

Նկար
Alt text

Նկարները՝ Տանյա Ռեքսի

Տպել