Ընկեր
Պատրիկի ձանձրալի օրը
Սեպտեմբեր 2024


«Պատրիկի ձանձրալի օրը», Ընկեր, սեպտեմբեր 2024, 10-11։

Պատրիկի ձանձրալի օրը

Պատրիկի ավագ եղբայրները միշտ շատ զբաղված էին նրա համար։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
Պատրիկը նստած է իր անկողնու վրա

Պատրիկը հայացքը հառել էր առաստաղին, մինչ պառկած էր անկողնու վրա։ Նա ձանձրանում էր։ Նա արդեն կարդացել էր կենդանիների մասին իր գրքերը, ցատկել էր բատուտի վրա և հեծանիվով շրջել էր իրենց թաղում։ Ի՞նչ կարող էր նա անել այժմ։

Պատրիկը վեր կացավ և գնաց իր ավագ եղբոր՝ Դանիելի սենյակ։ «Կխաղա՞ս ինձ հետ»,- Հարցրեց Պատրիկը։

«Կներես, չեմ կարող։ Ես պետք է սովորեմ»,- ասաց Դանիելը։ Նա նույնիսկ հայացքը չբարձրացրեց գրքից, որը կարդում էր։

Պատրիկը սրտնեղեց։ Դանիելը միշտ սովորում էր։ Մի՞թե նա չէր կարող ընդմիջել։

Դե, լավ։ Դանիելը զբաղված էր, բայց Պատրիկը կարող էր հարցնել իր մյուս եղբորը՝ Սիմիոնին։ «Ես ձանձրանում եմ։ Կարո՞ղ ես խաղալ ինձ հետ»,- հարցրեց Պատրիկը։

«Ոչ, ոչ այսօր։ Ես դուրս եմ գալիս ընկերներիս հետ»։ Սիմիոնը հագավ բաճկոնը և դուրս գնաց։

Պատրիկը շատ բարկացած էր։ Սիրտն արագ բաբախում էր։ Պատրիկի ավագ եղբայրները միշտ շատ զբաղված էին նրա համար։ Նա վազեց դեպի իր ննջասենյակը և շրխկացրեց դուռը։

Դա արդար չէ։ Այդպես մտորում էր Պատրիկը։

Նա ոտքը գետնին խփեց և ընկավ մահճակալին։ Նա շատ էր սրտնեղել։ Շատ ձանձրալի էր։ Զայրույթը թույլ չէր տալիս նրան մտածել, թե ուրիշ ինչով կարող էր զբաղվել։

Այնուհետև նա հիշեց մի բան, որ սովորել էր դպրոցում։ Ուսուցիչը սովորեցրել էր, որ խոր շունչ քաշելը կարող է օգնել նրանց հանգիստ զգալ։

«Դժվար է ինչ-որ բան շտկելը, երբ դուք զայրացած եք»,- ասել է նա։ Հավանաբար, եթե Պատրիկը ավելի հանգիստ լիներ, նա կարող էր գտնել իր ձանձրույթից ազատվելու միջոցը։

Այսպիսով, Պատրիկը խոր շունչ քաշեց։ Ապա կրկնեց ևս մեկ անգամ։ Եվս մի քանի խոր շունչ և նա իրեն ավելի թեթևացած զգաց։ Բայց նա դեռ չգիտեր, թե ինչ անել։

Նկար
Հիսուս Քրիստոս

Նա նստեց և նայեց իր պատից կախված Հիսուս Քրիստոսի նկարին։ Ի՞նչ կուզեր Նա, որ Պատրիկն աներ։

Պատրիկը ծնկի իջավ։ «Երկնային Հայր, խնդրում եմ, օգնիր Դանիելին, երբ նա սովորում է»,- ասաց նա։ «Օգնիր Սիմիոնին զվարճանալ իր ընկերների հետ։ Եվ խնդրում եմ, օգնիր ինձ, որ շատ չձանձրանամ»։

Երբ նա ավարտեց իր աղոթքը, շուտով մի միտք ծագեց։ Նա վազեց դեպի Դանիելի սենյակը։

«Դանիել, երբ ավարտես, կարո՞ղ ենք միասին խաղալ»։

Դանիելը բարձրացրեց աչքերը գրքից և նայեց պատի ժամացույցին։ «Ես կարող եմ ընդմիջել մոտ 30 րոպեից։ Մենք կարող ենք բակ գնալ։ Ուզո՞ւմ ես բակ գնալ»։

«Այո»։ Պատրիկը ժպտաց և վազեց դեպի իր սենյակը։ Նա գտավ վագրերի մասին գիրքը, որ սիրում էր նայել։ Որոշ ժամանակ կարդալուց հետո նա խաղաց խորանարդիկներով։ Շուտով ժամանակն անցավ, և նա ու Դանիելը շարժվեցին դեպի իրենց տան մոտ գտնվող անտառը։

«Ի՞նչ ես ցանկանում խաղալ՝ տիեզերքի ռազմիկներ, թե՞ ջունգլիների հետախույզներ»,- հարցրեց Դանիելը։

«Ցանկացածը։ Ես պարզապես ուրախ եմ, որ կարող ենք միասին ժամանակ անցկացնել։ Դա շատ ավելի լավ է, քան ձանձրանալը»,- ասաց Պատրիկը։

Դանիելը քմծիծաղ տվեց։ «Դե, քեզ հետ խաղալը շատ ավելի զվարճալի է, քան թեստեր պարապելը»։

Նկար
Պատրիկը և Դանիելը խաղում են խոտածածկի վրա

Պատրիկը իրեն երջանիկ էր զգում, երբ ինքն ու Դանիելը սողում էին խոտերի միջով։ Խաղաղվելն օգնեց նրան ավելի պարզ տեսնել, թե ինչպես կարող է լուծել իր խնդիրը։ Եվ Երկնային Հայրն օգնեց նրան ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին։ Ի վերջո, նրանք շատ լավ օր անցկացրին։

Նկար
PDF

Նկարները՝ Լին Մայ Նյույենի

Տպել