Ընկեր
Գիտական նախագիծը
Սեպտեմբեր 2024


«Գիտական նախագիծը», Ընկեր, Սեպտեմբեր 2024, 18-19։

Գիտական նախագիծը

«Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք շարունակենք փորձել»։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
Տղան խաղում է ավազով

Բրեդլին ևս մեկ բաժակ ավազ լցրեց իր դույլի մեջ։ Նրան դեռ շատ ավազ էր հարկավոր լինելու։

Շուտով տեղի էր ունենալու նրա դպրոցի գիտական ցուցահանդեսը։ Բրեդլին մոդել էր պատրաստում, որը ցույց էր տալիս, թե ինչպես են աշխատում ցունամիները։ Նա իմացավ, որ ցունամին ջրի մեծ ալիք է, որն առաջանում է օվկիանոսում տեղի ունեցող երկրաշարժի արդյունքում։ Նա ցանկանում էր ներկայացնել կատարյալ նախագիծ։ Գուցե նա մրցանակ շահեր։

Երբ նրա դույլը լցվեց, Բրեդլին փայտեր հավաքեց։ Հետո նա նկուղում գտավ պլաստմասե զամբյուղ և մի քանի փոքրիկ խաղալիք տնակներ։

Բրեդլին ավազը լցրեց զամբյուղի մեջ՝ տարածքը պատրաստելու համար։ Նա խնամքով տեղադրեց տներն ու ծառերը։ Հաջորդը եկավ հետաքրքիր մասը՝ ջուրը։ Ջուրը լցնելուց հետո նա ստվարաթղթի օգնությամբ կարող էր ալիք բարձրացնել ջրի մեջ։

Բայց հետո նա մեծ սխալ թույլ տվեց։ Նա չափից շատ ջուր լցրեց։ Տները հեղեղված էին, և նա դեռ ալիք չէր բարձրացրել։ Թաց ավազը վերածվեց կպչուն ցեխի։

Նկար
Տղան աշխատում է նախագծի վրա։

Բրեդլին կանչեց մայրիկին։ «Հիմա ի՞նչ եմ անելու։ Ես չափից շատ ջուր եմ լցրել»։

«Ոչինչ։ Դու կարող ես պարզապես սկսել նորից»,- ասաց մայրիկը։ «Արի դա անենք միասին և քիչ-քիչ ավելացնենք ջուրը»։

«Լավ»։ Բրեդլին գլուխը կախեց և դուրս եկավ՝ ավելի շատ ավազ բերելու։

Այս անգամ նրանք ուշադիր չափեցին ջրի ճիշտ քանակությունը և լցրեցին։ Բրեդլին շարժեց ստվարաթուղթը և դիտեց, թե ինչպես են ալիքները բախվում ավազին։ Այն աշխատում էր:

Հաջորդիվ Բրեդլին և մայրիկը աշխատեցին նրա պաստառի վրա։ Նա սկսեց գրել մի քանի զվարճալի փաստեր ցունամիի մասին։ Բայց բառերը չտեղավորվեցին մեկ էջում։

«Ես չեմ ուզում նորից գրել այս ամենը»,- ասաց Բրեդլին։ Նրա գլուխը սկսեց ցավել։

«Կարիք չկա նորից արտագրել այդ ամենը»,- ասաց մայրիկը։ «Մենք կարող ենք պարզապես վերափոխել այն, որպեսզի տեղավորվի մեկ էջում»։

Բրեդլին հառաչեց։ Նրա պաստառը բոլորովին այնպիսի տեսք չուներ, ինչպիսին նա էր ուզում։ «Ես չեմ ուզում դա անել։ Գեղեցիկ չի լինի, եթե բառերը հստակ չհամապատասխանեն»։

Նկար
Տղան աշխատում է նախագծի վրա

«Սովորելը կարող է դժվար լինել»։ Մայրիկը գրկեց նրան։ «Երբեմն մենք սխալներ ենք գործում։ Բայց կարևորն այն է, որ մենք չհանձնվենք։ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք շարունակենք փորձել։ Այսպիսով, արի ընդմիջենք և ավարտենք առավոտյան»։

Հաջորդ առավոտյան նրանք ավարտեցին պաստառը։ Այն կատարյալ չէր, բայց Բրեդլին մի փոքր ավելի էր հավանում։

Վերջապես եկավ գիտական նախագիծը ներկայացնելու օրը։ Մայրիկը Բրեդլիին ճանապարհեց դպրոց։ «Հիշիր,- ասաց նա,- դու քրտնաջան աշխատեցիր քո նախագծի վրա և շատ բան սովորեցիր։ Եվ դա է կարևորը»։

Բրեդլին իր նախագիծը հասցրեց մեծ մարզասրահ։ Այն լի էր նախագծերով ու պաստառներով։ Բոլոր չորրորդ դասարանցիները նստած սպասում էին իրենց հերթին՝ իրենց նախագիծը ցուցադրելու համար։

Շուտով Բրեդլիի հերթն էր։ Նրա սիրտն արագ բաբախում էր։ Իսկ եթե ամեն ինչ սխալ ընթանա։

Բրեդլին ստվարաթուղթը սահեցրեց ջրի միջով և դատավորներին ցույց տվեց, թե ինչպես են ալիքները բախվում ցամաքին։

«Ի՞նչն է առաջացնում օվկիանոսում այդ մեծ ալիքները»,- հարցրեց դատավորներից մեկը։

«Մեծ ալիքները պայմանավորված են . . .» Մի պահ Բրեդլին շվարեց։ «Ես չեմ հիշում։ Բայց ես կարող եմ ձեզ մի քանի զվարճալի փաստեր պատմել ցունամիների մասին»։ Նրանց համար նա կարդաց իր պաստառի վրա գրված փաստերը։

Նկար
Տղան ներկայացնում է նախագիծը

Դասերից հետո Բրեդլին իր նախագիծը ձեռքին նստեց մեքենան։

«Ինչպե՞ս ընթացավ նախագիծը»,- հարցրեց մայրիկը։

«Ոչ այնպես, ինչպես ես էի ուզում»։ Բրեդլին ժպտաց։ «Բայց ես ամեն ինչ արեցի և շարունակեցի փորձել»։

Նկար
PDF

Նկարները՝ Ադամ Կոֆորդի

Տպել