Ընկեր
Ուրախանանք երկու թիմերի համար
Սեպտեմբեր 2024


«Ուրախանանք երկու թիմերի համար», Ընկեր, Սեպտեմբեր 2024, 30-31։

Ուրախանանք երկու թիմերի համար

Ջեյնը խոժոռվեց։ Նա չէր ուզում, որ մյուս թիմը հաղթեր։

Այս պատմությունը տեղի է ունեցել Հարավային Կորեայում։

Ջեյնն ուտում էր իր վերջին գդալ լապշան։ Ըմ։ Համեղ էր։

Եկեք խաղանք Yut Nori (Յուտ Նորի)։ ասաց մորեղբայր Ջի-Հոն։

Կրկին եկել էր տարվա այդ ժամանակը։ Նրա ընտանիքը նշում էր Chuseok-ը՝ կորեական Գոհաբանության օրը։ Այսօր Ջեյնի ընտանիքը հավաքվել էր զանազան համեղ ուտեստներ ճաշակելու և միասին Յուտ Նորի խաղալու համար։ Յուտ Նորին Ջեյնի սիրելի խաղն էր։

Բոլորը շրջանաձև նստեցին հատակին։ Ջեյնը նայեց շուրջը։ Ո՞ր թիմում էր նա ցանկանում լինել։ Նա մոտեցավ նստելու մորեղբայր Ջի-Հոյի կողքին։ «Ես ուզում եմ լինել ձեր թիմում»,- ասաց նա։ «Մենք մեծ հաղթանակ ենք տանելու»։

Մորեղբայր Ջի-Հոն ծիծաղեց։ «Քանի որ դու մեր թիմում ես, անկասկած, լավ հնարավորություններ ունենք»։

Ջեյնի մայրիկը խաղատախտակը դրեց շրջանի կենտրոնում։ Ջեյնն օգնեց նրան շարել մասերը։ Նրանք չորս փայտերը փոխանցեցին այն թիմին, որը սկսելու էր խաղը։

Ջեյնի զարմուհին՝ Աննան սկսեց խաղը։ Նա փայտերը նետեց օդ։ Ձողիկների վայրէջքի ձևը ցույց տվեց, թե այդ թիմը որքան կարող է առաջ շարժվել խաղատախտակի վրա։ Բոլոր չորս փայտերը դեպի ներքև էին ուղղված, ինչը նշանակում էր, որ Աննան Յուտ է ստացել։ Նա իր թիմի խաղաքարը չորս անգամ առաջ տարավ և խաղը շարունակելու արտոնություն ստացավ։

Բայց Աննան Ջեյնի թիմում չէր։

Ջեյնը ձեռքերը ծալեց և խոժոռվեց։ «Ես հույս ունեի, որ նա լավ նետում չի կատարի»,- շշնջաց նա մորեղբայր Ջի-Հոյին։

«Ուրախացիր»,- ասաց մորեղբայր Ջի-Հոն։ «Խաղը դեռ նոր է սկսվել»։ Նա քաջալերական ժպիտ պարգևեց նրան։

Աննայի երկրորդ փորձից հետո Ջեյնի թիմը նետեց փայտերը։ Բայց նրանք չկարողացան տեղափոխել իրենց խաղաքարերն այնքան հեռու, որքան Անայի թիմը։

Խաղի յուրաքանչյուր փուլից հետո Ջեյնի ընտանիքի անդամները ուրախանում և ծիծաղում էին։ Ջեյնը դիտում էր, թե ինչպես են խաղաքարերը շարժվում խաղատախտակի շուրջը։ Բոլորը զվարճանում էին։

Նկար
Ընտանիքը խաղ է խաղում

Բոլորը՝ բացի Ջեյնից։ Նրա թիմը դեռևս պարտվում էր։

Շուտով Ջեյնի հերթն էր։ Նա փայտերը նետեց օդ, բայց միայն մեկը հաջողակ վայրէջք կատարեց։ Նրա թիմի խաղաքարն առաջ շարժվեց ընդամենը մեկ քայլ։

Ջեյնը ձեռքերը ծալեց։ «Ես այլևս չեմ խաղում»,- բղավեց նա։ «Ես ուզում էի, որ մենք հաղթենք»։

Հանկարծ բոլորը լռեցին։ Երբ նա գլուխը բարձրացրեց, ընտանիքը նայում էր նրան։ Նրանց կարծես զարմացնում էր նրա զայրույթը։

Ջեյնը կարմրել էր։ Նա վատ էր զգում, որ երջանիկ չէ իր ընտանիքի համար։ Նա սովորաբար այդքան չէր զայրանում։ Նա ոտքի կանգնեց, որպեսզի հեռանա շրջանից։

Մորեղբայր Ջի-Հոն մեկնեց ձեռքը։ «Պարտադիր չէ, որ դու հեռանաս,-ասաց նա,- Կարևորը հաղթելը չէ։ Պարզապես փորձիր ուրախ ժամանակ անցկացնել»։

«Լավ»։ Ջեյնը նորից զբաղեցրեց իր տեղը։ Նա ցանկանում էր զվարճանալ, ինչպես բոլորը։ Նա խոր շունչ քաշեց և դիտեց, թե իր զարմիկ Բենին ինչպես է նետում փայտերը։

«Հաջող նետում էր, Բեն»,- ասաց մորեղբայր Ջի-Հոն։ Նրա ձայնի մեջ ուրախություն զգացվեց։

Ջեյնը լայն բացած աչքերը հառեց մորեղբայր Ջի-Հոյի վրա։ Նա ուրախ էր հակառակորդ թիմի համար։ Երևի դա էր պատճառը, որ նա այդքան ուրախ էր։

Երբ սկսվեց հաջորդ փուլը, Ջեյնը որոշեց ուրախանալ երկու թիմերի յուրաքանչյուր մասնակցի համար։ Մորեղբայր Ջի-Հոն ճիշտ էր։ Կարևորը հաղթելը չէր։ Հիսուսը կարող էր օգնել նրան երջանիկ լինել իր ընտանիքի անդամների համար, նույնիսկ եթե նա պարտվեր։

Երբ կրկին Աննայի հերթը հասավ, Ջեյնը ժպտաց նրան։ «Հաջողություն եմ մաղթում քեզ։ Դու կարող ես հաջողել»։

Աննան ժպտաց նրան՝ ի պատասխան։ Ջեյնը ներքուստ ջերմություն էր զգում։ Նա արդեն ավելի ուրախ էր։

Նկար
PDF

Նկարները՝ Ուրան Դուոյի

Տպել