Ի՞նչ պիտի անենք
Մենք կառուցում ենք արքայությունը, երբ ուրիշների մասին հոգ ենք տանում: Մենք նաև կառուցում ենք արքայությունը, երբ բարձրաձայնում ու վկայում ենք ճշմարտության մասին:
Հիսուսի Հարությունից ու Համբարձումից շատ չանցած` Պետրոս Առաքյալն ուսուցանեց. «Հիմա թող ստոյգ գիտենայ …, որ Աստուած նորան Տեր և Օծեալ արավ, սոյն այս Յիսուսին, որին դուք խաչեցիք»: Լսողների սրտերը շարժվեց, և նրանք հարցրին Պետրոսին ու ուրիշներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՜ր»:1 Եվ այնուհետև ուրախությամբ հնազանդվեցին Պետրոսի ուսմունքներին:
Վաղը Զատիկի կիրակի է, և ես հուսով եմ, որ մեր սրտերը նույնպես կշարժվեն, որպեսզի ճանաչենք Փրկիչին, ապաշխարենք և ուրախությամբ հնազանդվենք:
Այս գերագույն համաժողովին մենք կստանանք ոգեշնչված առաջնորդություն, որը կտրվի Եկեղեցու ղեկավարների կողմից՝ կին, թե տղամարդ: Իմանալով, որ մեր սրտերը կհուզվեն նրանց խոսքերից, ես այսօր ձեզ հարցնում եմ. «Կանայք և քույրեր, մենք ի՞նչ պետք է անենք»:
Էլիզա Ռ. Սնոուն` Սփոփող Միության գերագույն նախագահը, մոտ 150 տարի առաջ հայտնեց քույրերին. «Տերը մեծ պատասխանատվություններ է դրել մեզ վրա»2: Ես վկայում եմ, որ նրա հայտարարությունն ուժի մեջ է մինչև այսօր:
Տիրոջ Եկեղեցին ունի հոգևոր կանանց կարիք, ովքեր օգտագործում են իրենց յուրահատուկ պարգևները, որպեսզի հոգ տանեն, բարձրաձայնեն և պաշտպանեն ավետարանի ճշմարտացիությունը: Մեր ոգեշնչումն ու ներըմբռնումն Աստծո արքայությունը կառուցելու անհրաժեշտ մասերն են, որն իսկապես նշանակում է անել մեր մասը` Աստծո զավակներին փրկություն բերելու համար:
Կառուցենք արքայությունը հոգատարության միջոցով
Մենք կառուցում ենք արքայությունը, երբ հոգ ենք տանում ուրիշների մասին: Այնուամենայնիվ, Աստծո առաջին զավակը, ում մենք պետք է զորացնենք վերականգնված ավետարանում, դա ինքներս մենք ենք: Էմմա Սմիթն ասել է. «Ես ցանկանում եմ ունենալ Աստծո Հոգին, որպեսզի ճանաչեմ ու հասկանամ ինքս ինձ, որպեսզի կարողանամ հաղթահարել ցանկացած սովորություն կամ բնավորություն, որն ինձ հետ է պահում իմ վեհացումից»:3 Մենք պետք է զարգացնենք ամուր հավատքի հիմք Փրկիչի ավետարանի հանդեպ և տաճարային ուխտերով օժտված առաջ ընթանանք դեպի վեհացում:
Իսկ ի՞նչ է լինում, երբ մեր սովորություններից մի քանիսը տեղ չեն ունենում Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում: Դրանք ետևում թողնելու համար գուցե հարկավոր է որևէ մեկի գորովալից աջակցությունը և հոգատարությունը, ինչպես որ ինձ էր հարկավոր:
Երբ ես ծնվեցի, ծնողներս մագնոլիայի ծառ տնկեցին մեր հետնաբակում, որպեսզի իմ հարսանեկան արարողության ժամանակ մագնոլիաներ լինեին իմ նախնիների Բողոքական եկեղեցում: Բայց իմ ամուսնության օրը իմ կողքին ոչ ծնողներս կային, ոչ էլ մագնոլիաները, քանի որ որպես Եկեղեցու մեկամյա նորադարձ ես ուղևորվեցի դեպի Յուտայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքը, որպեսզի ստանայի իմ տաճարային օժտումը և կնքվեի Դեյվիդի` իմ փեսացուի հետ:
Երբ Լուիզիանայից դուրս եկա և մոտեցա Յուտային, տնանկ լինելու մի զգացում պատեց ինձ: Հարսանիքից առաջ ես պետք է մնայի Դեյվիդի խորթ տատիկի տանը, ում ճանաչում էին որպես քնքուշ մորաքույր Քերոլ:
Ահա ես` մի օտարական Յուտայում, պատրաստվում էի մնալ մի անծանոթ կնոջ տանը, նախքան կկնքվեի հավերժության համար մի ընտանիքի հետ, ում հազիվ էի ճանաչում: (Լավ է, որ սիրում ու վստահում էի իմ ապագա ամուսնուն ու Տիրոջը):
Երբ ես կանգնած էի մորաքույր Քերոլի տան դռան առջև, ուզում էի թաքնվել: Դուռը բացվեց. ես կանգնած էի այդտեղ վախեցած ճագարի նման, իսկ մորաքույր Քերոլը, առանց որևէ բառ ասելու, առաջ եկավ ու ինձ գրկեց: Նա, ով չուներ իր սեփական երեխաները, գիտեր, նրա հոգատար սիրտը գիտեր, որ ես ընդունված զգալու կարիք ունեի: Օ, ինչպիսին էր այդ պահի սփոփանքն ու քաղցրությունը: Իմ վախն անհետացավ, և ես ապահով զգացի ինձ հոգեպես հուսալի վայրում:
Սերն ինչ-որ մեկի համար տեղ ստեղծելն է ձեր կյանքում, ինչպես մորաքույր Քերոլն արեց ինձ համար:
Մայրերը բառացիորեն տեղ են ստեղծում իրենց մարմնում չծնված մանկիկին սնուցելու համար և հուսով եմ` նաև տեղ իրենց սրտերում նրանց մեծացնելու համար, բայց սնուցումը չի սահմանափակվում երեխաներ ծնելով: Եվան «մայր» կոչվեց նախքան իր երեխաներ ունենալը:4 Եվ ես հավատում եմ, որ «մայրություն անել» նշանակում է «կյանք պարգևել»: Մտածեք այն բազմաթիվ ձևերի մասին, որոնցով դուք կյանք եք պարգևում: Դա կարող է լինել հուսալքված մեկին սփոփելը կամ տարակուսող մեկին հավատ ներշնչելը: Սուրբ Հոգու օգնության միջոցով մենք կարող ենք ստեղծել հուզականորեն ապահով մի վայր նրանց համար, ովքեր ենթարկվել են խտրականության, մերժման կամ օտարական են: Նման բարեգութ, սակայն զորեղ ձևերով, մենք կառուցում ենք Աստծո արքայությունը: Քույրեր, մենք բոլորս եկել ենք աշխարհ կյանք տվող, սնուցող այս մայրական պարգևներով, որովհետև դա Աստծո ծրագիրն է:
Նրա ծրագրին հետևելն ու արքայությունը կառուցող դառնալը պահանջում է ինքնամոռաց զոհաբերություն: Օրսոն Ֆ. Ուիթնին գրել է. «Այն ամենը, ինչ մեզ տառապանք է պատճառում, և այն ամենը, ինչին մենք դիմանում ենք, հատկապես երբ դիմանում ենք համբերությամբ, … մաքրագործում է մեր սիրտը … և դարձնում է մեզ գորովով ու գթությամբ ավելի համակված: … Դժվարությունների ու ձախորդությունների միջոցով է, որ մենք ձեռք ենք բերում այն գիտելիքը, … որը մեզ ավելի է նմանեցնում մեր Երկնային Հորն ու Մորը»:5 Այս մաքրագործող փորձությունները մեզ մոտեցնում են Քրիստոսին, ով կարող է բժշկել և դարձնել մեզ օգտակար փրկության գործում:
Կառուցենք արքայությունը խոսելու և վկայելու միջոցով
Մենք նաև կառուցում ենք արքայությունը, երբ բարձրաձայնում ու վկայում ենք ճշմարտության մասին: Մենք հետևում ենք Տիրոջ օրինակին: Նա ուսուցանում է Աստծո ուժով ու լիազորությամբ: Քույրեր, մենք նույնպես կարող ենք: Կանայք ընդհանրապես սիրում են խոսել ու հավաքվել: Երբ մենք գործում ենք լիազորված քահանայության զորության ներքո, խոսելն ու հավաքվելը դառնում է ավետարանի ուսուցում և առաջնորդություն:
Քույր Ջուլի Բ. Բեքը, Սփոփող Միության նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է. «Անձնական հայտնության համար որակվելու, այն ստանալու և ըստ դրա գործելու ունակությունը այն եզակի ամենակարևոր հմտությունն է, որ կարող է ձեռք բերվել այս կյանքում: … Այն պահանջում է գիտակից ջանքեր»:6
Սուրբ Հոգու կողմից տրված անձնական վկայությունը մեզ ներշնչում է սովորել, խոսել և գործել համաձայն հավերժական ճշմարտության` Փրկիչի ճշմարտության: Որքան շատ հետևենք Քրիստոսին, այնքան ավելի շատ կզգանք Նրա սերն ու առաջնորդությունը, որքան շատ զգանք Նրա սերն ու առաջնորդությունը, այնքան ավելի շատ ցանկություն կունենանք ուսուցանելու ճշմարտությունը, ինչպես որ Նա արեց, նույնիսկ երբ հակառակության առաջ կանգնենք:
Մի քանի տարի առաջ մի անանուն հեռախոսազանգի պատասխանելիս աղոթում էի, որ գտնեի մայրությունը պաշտպանող խոսքեր:
Զանգահարողը հարցրեց. «Դուք Նեյլ Մերիո՞թն եք` մեծ ընտանիքի մայրը»:
Ես ուրախությամբ պատասխանեցի` այո` ակնկալելով, որ նա կասեր նման մի բան. «Դե, դա շա՜տ լավ է»:
Սակայն ոչ: Ես երբեք չեմ մոռանա նրա պատասխանը. «Ես խորապես վիրավորված եմ, որ դուք երեխաներ եք ծնում այս խառնված մոլորակի վրա»:
«Օ, - ես ասացի կմկմալով,- Պատկերացնում եմ, ինչ եք զգում»:
Նա զայրությով պատասխանեց, «Ո՛չ, դուք չեք պատկերացնում»:
Ես այնուհետև լացակումած ասացի. «Միգուցե ես չեմ պատկերացնում»:
Նա մեծ բարկությամբ սկսեց խոսել իմ մայր լինելու հիմար ընտրության մասին: Մինչ նա շարունակում էր խոսել, ես սկսեցի աղոթել օգնության համար, և մի հանգստացնող միտք ծագեց ինձ մոտ. «Տերն ի՞նչ կասեր նրան»: Հետո ես զգացի, որ կանգնած եմ հաստատուն հիմքի վրա և խիզախություն ստացա Հիսուս Քրիստոսի մասին մտքից:
Ես պատասխանեցի. «Ես ուրախ եմ մայր լինելու համար, և ես ձեզ խոստանում եմ, որ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի մեծացնեմ երեխաներիս այնպես, որ նրանք աշխարհն ավելի լավ վայր դարձնեն»:
Նա պատասխանեց. «Դե, հույս ունեմ կանեք», - ու վայր դրեց հեռախոսը:
Դա մեծ բան չէր. ամեն դեպքում ես ապահով կանգնած էի իմ խոհանոցում: Բայց, լինելով փոքր, ես իմ ձևով կարողացա խոսել ի պաշտպանություն ընտանիքի, մայրերի ու հոգատար անձանց երկու բաների պատճառով. (1) ես հասկանում և հավատում էի ընտանիքի մասին Աստծո վարդապետությանը, և (2) ես աղոթեցի այս ճշմարտությունն արտահայտելու բառերի համար:
Աշխարհից զատ և տարբեր լինելը որոշակի քննադատություն առաջ կբերի, բայց մենք պետք է ամուր կառչենք հավերժական սկզբունքներից և վկայնեք դրանց մասին` անկախ նրանից, թե ինչպիսին կլինի աշխարհի արձագանքը:
Երբ մենք ինքներս մեզ հարցնում ենք. «Ի՞նչ պիտի անենք», եկեք խորհենք այս հարցի շուրջ. «Ի՞նչ է Փրկիչն անում շարունակաբար»: Նա հոգ է տանում: Նա արարում է: Նա ոգեշնչում է առաջընթաց ու բարիք: Կանայք և քույրեր, մենք կարող ենք անել այս բաները: Երեխաների Միության աղջիկներ, ձեր ընտանիքում կ՞ա մեկը, ով ունի ձեր սիրո և բարության կարիքը: Դուք նույնպես կառուցում եք արքայությունը` հոգ տանելով ուրիշների մասին:
Երկրի արարումը Փրկիչի կողմից Իր Հոր առաջնորդության ներքո մեծ հոգատարության ցուցաբերում էր: Նա մեզ համար աճելու և Իր Քավության զորության նկատմամբ հավատք զարգացնելու տեղ պատրաստեց: Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության նկատմամբ հավատքը սփոփման ու հույսի, աճի ու նպատակի ամենալավ վայրն է: Մենք բոլորս ունենք հոգեպես և ֆիզիկապես ընդունված զգալու կարիք: Մենք` բոլոր տարիքի քույրերս, կարող ենք ստեղծել այդ վայրը. դա նույնիսկ մի սուրբ վայր է:
Մեր ամենամեծ պատասխանատվությունն է դառնալ այնպիսի կանայք, ովքեր հետևում են Փրկիչին, ովքեր հոգ են տանում ոգեշնչմամբ և առանց վախի ապրում են համաձայն ճշմարտության: Եթե մենք Երկնային Հորը խնդրենք մեզ Իր արքայության կառուցողները դարձնել, Նրա զորությունը կթափանցի մեր մեջ, և մենք կիմանանք ինչպես հոգ տանել` ի վերջո դառնալով մեր երկնային ծնողների նման: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: