Մենք կարող ենք փրկել
Տերն ապահովել է բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են մեզ` գնալ փրկելու մեր քիչ ակտիվ և ոչ անդամ ընկերներին:
Փրկիչը հստակ հասկացել էր Երկնային Հոր զավակներին փրկելու Իր առաքելությունը, քանի որ Նա հայտարարել է.
«Մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը:
[Քանզի] ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի»:1
Իմ հրեշտակ մայրը՝ Ժասմին Բենոն Առնոլդը, հստակ հասկացել էր իր դերը՝ օգնել փրկել մեր Երկնային Հոր վիրավոր կամ կորած ոչխարին, ներառյալ իր երեխաներին և թոռներին: Ինչպիսի՜ սքանչելի դեր կարող են ունենալ տատիկ պապիկները իրենց թոռնիկների կյանքում:
Մայրիկիս սովորաբար այցելող ուսուցիչ էին նշանակում նրանց, ովքեր մաքառում էին իրենց հավատի հետ, այսինքն` քիչ ակտիվներին և ոչ լրիվ անդամներով ընտանիքներին: Սակայն նրա հոտում կային մի քանի մարդիկ, որոնց ոչ ոք չէր հանձնարարել, որ նա այցելեր: Հիմնականում նրա այցելությունները կանոնավոր չէին` ամիսը մեկ անգամ, որոնց ժամանակ նա լուռ ծառայում էր հիվանդներին և սիրով քաջալերում նրանց: Մայրիկս կյանքի վերջին մի քանի ամիսներին տնակյաց էր դարձել. նա ժամերով նամակներ էր գրելում նրանց, արտահատելով իր սերը, բերելով իր վկայությունը և բարձրացնելով նրանց, ովքեր գալիս էին իրեն այցելության:
Երբ մենք փրկարար ջանքեր ենք գործադրում, Աստված մեզ տալիս է ուժ, քաջալերանք և օրհնություններ: Երբ Նա պատվիրեց Մովսեսին փրկել Իսրայելի զավակներին, Մովսեսը վախեցավ, ինչպես մեզանից շատերը կվախենային: Մովսեսը ներողություն հայցեց, ասելով.«Ես ճարտարախոս չեմ. … այլ ես ծանրախոս եւ ծանրալեզու եմ»:2
Տերը հորդորեց Մովսեսին.
«Ո՞վ է մարդին բերան տուել … չէ՞ որ ես Եհովաս:
Եւ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կլինիմ, եւ քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խոսես»:3
Փաստորեն Տերն ասաց Մովսեսին. «Դու կարող ես դա անել» Եվ դուք գիտեք, թե ինչ, մենք նույնպես կարող ենք:
Թույլ տվեք կիսվել չորս սկզբունքներով, որոնք կօգնեն մեր փրկարար ջանքերին:
Սկզբունք 1. Մենք չպիտի հետաձգենք փրկարար ջանքերը
Երեց Ալեջանդրո Փաթանիան՝ նախկին Տարածքային Յոթանասունականը, վերհիշում է իր փոքր եղբայր Դանիելի պատմությունը, ով իր անձնակազմի հետ ծով դուրս եկավ ձուկ որսալու: Որոշ ժամանակ անց Դանիելը շտապ հաղորդագրություն ստացավ, որ ուժեղ փոթորիկ էր սրընթացմոտենում: Դանիելը և նրա անձնակազմն անմիջապես ուղևորվեցին դեպի նավահանգիստ:
Մինչ փոթորիկը գնալով ուժեղանում էր, մոտակա մի ձկնորսական նավի շարժիչը դադարեց գործել: Դանիելի անձնակազմը կեռավոր ճոպան ամրացրեց անսարք նավին և սկսեց քաշել այն դեպի անվտանգ տեղ: Նրանք ռադիոյով օգնություն խնդրեցին, իմանալով, որ ուժգնացող փոթորիկի պայմաններում նրանք անհապաղ օգնության կարիք ունեին:
Մինչ հարազատներն անհամբեր սպասում էին, ծովափնյա պահակախմբի, ձկնորսական ընկերության և նավատորմի ներկայացուցիչները հանդիպեցին՝ որոշելու լավագույն փրկարար ռազմավարությունը: Ոմանք կամենում էին անհապաղ մեկնել, բայց նրանց ասվեց, որ սպասեն ծրագրին: Մինչ փոթորիկի մեջ գտնվողները շարունակում էին օգնություն աղերսել, ներկայացուցիչները շարունակում էին ժողովը` փորձելով համաձայնության գալ պատշաճ արձանագրության և ծրագրի վերաբերյալ:
Երբ փրկարար խումբն ի վերջո կազմավորվել էր, մի վերջին հուսահատ զանգ եկավ: Մոլեգնող փոթորիկը կտրել էր ճոպանը երկու նավերի միջև և Դանիելի անձնակազմը պատրաստվում էր ետ գնալ, որ տեսնի, թե արդյոք կարող էին փրկել իրենց ձկնորս ընկերներին: Վերջում երկու նավերն էլ սուզվեցին, և նրանց անձնակազմերը, ներառյալ Երեց Փաթանիայի եղբայր Դանիելը կորան:
Երեց Փաթանիան համեմատեց այս ողբերգությունը Տիրոջ հանդիմանության հետ, երբ Նա ասել է. «Տկարներին չուժովացրիք, … մոլորուածին ետ չբերիք, … [կամ] կորածին չորոնեցիք, … և իմ ոչխարներին պիտի պահանջեմ [ձեր] ձեռքիցը»:4
Երեց Փաթանիան բացատրեց, որ չնայած մենք պետք է կազմակերպված լինենք մեր խորհուրդներում, քվորումներում, օժանդակ կազմակերպություններում և նաև որպես անհատներ, մենք չպիտի հետաձգենք փրկության հասնելը: Երբեմն շատ շաբաթներ են անցնում, երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես օգնենք ընտանիքներին կամ անհատներին, ովքեր հատուկ կարիքների մեջ են: Մենք խորհրդակցում ենք, թե ով պետք է այցելի նրանց և ինչ մոտեցում կիրառել: Մինչդեռ մեր կորած եղբայրներն ու քույրերը շարունակում են մնալ կարիքի մեջ և երբեմն, նույնիսկ, կանչել և օգնություն աղերսել: Մենք չպիտի հետաձգենք:
Սկզբունք 2. Մենք երբեք չպիտի հանձնվենք
Նախագահ Թոմաս Ս.Մոնսոնը, ով հնչեցրեց փրկության հասնելու շեփորի կանչը, նշել է. «Մեր անդամներին պետք է հիշեցվի, որ երբեք խիստ ուշ չէ, երբ դա վերաբերում է մեր … քիչ ակտիվ անդամներին… ում կարելի էր անհույս համարել»:5
Ձեզանից շատերի նման, ես ավետարանով կիսվել եմ ոմանց հետ, ովքեր շուտով մկրտվել են կամ ակտիվացել, իսկ մյուսները, ինչպես օրինակ իմ ոչ անդամ ընկեր Թիմը և նրա քիչ ակտիվ կինը՝ Շարլենը, ավելի շատ ժամանակ պահանջեցին:
Ավելի քան 25 տարվա ընթացքում ես ներգրավում էի Թիմին ավետարանի զրույցներում և տաճարի բաց դռների օրերին նրանց տանում այնտեղ: Մյուսները միացան փրկությանը, սակայն Թիմը մերժեց միսիոներների հետ հանդիպելու յուրաքանչյուր հրավեր:
Մի շաբաթվա վերջում ինձ հանձնարարվեց նախագահել ցցի համաժողովում: Ես խնդրել էի ցցի նախագահին ծոմ պահել և աղոթել այն մասին, թե մենք ում պիտի այցելենք: Ես ցնցվեցի, երբ նա տվեց իմ ընկեր Թիմի անունը: Երբ Թիմի եպիսկոպոսը, ցցի նախագահը և ես թակեցինք դուռը, Թիմը բացեց, նայեց ինձ, նայեց եպիսկոպոսին և ապա ասաց. «Եպիսկոպոս, ես կարծում եմ դուք ասացիք ինձ, որ պատրաստվում էիք առանձնահատուկ մեկին բերել»:
Ապա Թիմը ծիծաղեց և ասաց. «Ներս արի, Մերվ»: Այդ օրը հրաշք կատարվեց: Թիմն այժմ մկրտվել է, և նա ու Շարլենը կնքվել են տաճարում: Մենք երբեք չպիտի հանձնվենք:
Սկզբունք 3. Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք բերեք գեթ մեկ հոգի դեպի Քրիստոս
Շատ տարիներ առաջ մի գերագույն համաժողովում ես խոսեցի այն մասին, թե ինչպես Խոսե դե Սոուզա Մարկեսը հասկացավ Փրկիչի խոսքերը, որ «եթե ձեզանից ինչ-որ մեկն ամուր է Հոգով, թող նա վերցնի մեկին, որ տկար է, որպեսզի … նա նույնպես կարողանա ամրանալ»:6
Եղբայր Մարկեսն անունով գիտեր յուրաքանչյուր ոչխարի անունը իր քահանաների քվորումում և հասկացավ, որ Ֆերնանդոն բացակա էր: Նա որոնեց Ֆերնանդոյին իր տանը, ապա փնտրեց նրան ընկերոջ տանը և նույնիսկ գնաց ծովափ:
Ի վերջո նա գտավ Ֆերնանդոյին, ով օվկանոսում ալեսահքով էր զբաղված: Նա չտատանվեց, մինչև նավակը սուզվեց՝ Դանիելի պատմության նման: Նա անմիջապես մտավ ջուրը՝ փրկելու իր կորած ոչխարին և ուրախացած նրան տուն բերեց:7
Այնուհետև նա ծառայության միջոցով մշտապես ապահովեց, որ Ֆերնանդոն երբեք այլևս չթողներ հոտը:8
Թույլ տվեք պատմել ձեզ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ֆերնանդոյի հետ այն ժամանակից սկսած, ինչ նրան փրկեցին և կիսվել այն ուրախությամբ, որը եկավ հենց մեկ կորած ոչխար փրկելուց: Ֆերնանդոն ամուսնացավ իր սիրած աղջկա՝ Մարիայի հետ` տաճարում: Նրանք այժմ ունեն 5 երեխա և 13 թոռ, ովքեր բոլորն ակտիվ են Եկեղեցում: Ուրիշ շատ ազգականներ և նրանց ընտանիքները նույնպես միացել են Եկեղեցուն: Նրանք միասին մուտքագրել են հազարավոր իրենց նախնիների անունները՝ տաճարային արարողություններ ստանալու համար և օրհնություններն ուղղակի շարունակում են գալ:
Ֆերնանդոն այժմ ծառայում է որպես եպիսկոպոս երրորդ անգամ և շարունակում է փրկել, ինչպես իրեն փրկեցին: Նա վերջերս ասաց. «Մեր ծխում մենք ունենք 32 ակտիվ երիտասարդ տղամարդ Ահարոնյան Քահանայությունում, որոնցից 21-ը փրկվել են վերջին 18 ամիսների ընթացքում»: Որպես անհատներ, ընտանիքներ, քվորումներ, օժանդակ կազմակերպություններ, դասարաններ և տնային ու այցելող ուսուցիչներ մենք կարող ենք անել այդ:
Սկզբունք 4. Անկախ մեր տարիքից, մենք բոլորս կանչված ենք փրկելու գնալ:
Նախագահ Հենրի Բ. Այրինգը հայտարարել է. «Որքան էլ լինի մեր տարիքը, կարողությունը, Եկեղեցու կոչումը կամ վայրը, մենք որպես մեկ՝ կանչված ենք աշխատելու [Փրկիչին] օգնելու հոգիների Նրա բերքահավաքին, մինչև Նա կրկին գա:9
Յուրաքանչյուր օր ավելի ու ավելի շատ մեր երեխաներից, մեր երիտասարդներից, մեր երիտասարդ չափահաս ամուրիներից և ամեն տարիքի մեր չափահաս անդամներից հնազանդվում են փրկելու գնալու Փրկիչի շեփորականչին: Շնորհակալություն ձեր ջանքերի համար: Թույլ տվեք ինձ կիսվել մի քանի օրինակով.
7 տարեկան Էմին հրավիրեց իր ընկերուհի Արիաննային և նրա ընտանիքին իր ամենամյա Երեխաների Միության հաղորդության ժողովի ծրագրին: Մի քանի ամիս անց Արիաննան և նրա ընտանիքը մկրտվեցին:
Ալլանը՝ մի երիտասարդ ամուրի, ոգեշնչում զգաց կիսվել Եկեղեցու տեսաֆիլմերով, Mormon Messages-ով և սուրբ գրությունների հատվածներով իր բոլոր ընկերների հետ` օգտագործելով սոցիալական կայքերը:
Քույր Ռիվեսը սկսեց ավետարանով կիսվել իրեն զանգահարող հեռուստախանութի յուրաքանչյուր աշխատակցի հետ
Ջեյմսը հրավիրեց իր ոչ անդամ ընկեր Շեյնին իր դստեր մկրտությանը:
Սպենսերն ուղարկեց իր քիչ ակտիվ քրոջը Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի համաժողովի կապուղին և հաղորդեց. «Նա կարդաց ելույթը և մի պատուհան բացվեց»:
Տերն ապահովել է մեզ համար բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գնալ փրկելու մեր քիչ ակտիվ և ոչ անդամ ընկերներին: Մենք բոլորս կարող ենք դա անել:
Ես հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին հետևել Փրկիչի կանչին՝ գնալ փրկելու: Մենք կարող ենք անել դա:
Ես հանդիսավոր կերպով վկայում եմ, որ գիտեմ Հիսուսը Բարի Հովիվն է, որ Նա սիրում է մեզ, և որ Նա կօրհնի մեզ, երբ մենք գնանք փրկելու: Ես գիտեմ` Նա ապրում է, ես գիտեմ դա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: