Աստվածայնության զորությունը
Յուրաքանչյուր տաճար Աստծո սուրբ և սրբազան տունն է, և այնտեղ յուրաքանչյուրս կարող ենք սովորել և ճանաչել աստվածայնության զորությունները:
Նախագահ Ջոզեֆ Սմիթի մահից մի քանի ամիս առաջ նա հանդիպեց Տասներկու Առաքյալներին՝ այդ բավականին դժվար ժամանակահատվածում Եկեղեցու հիմնական կարիքների մասին զրուցելու նպատակով: Նա ասաց նրանց. «Մյուս բաներից առավել մենք տաճարի կարիքն ունենք»:1 Իրոք, այսօր այս դժվար ժամանակներում մեզանից և մեր ընտանիքներից յուրաքանչյուրն ավելի շատ տաճարի, քան որևէ այլ բանի կարիքն ունի:
Վերջերս ես մեծ ոգևորությամբ մասնակցեցի մի տաճարի նվիրագործման: Ինձ դուր եկան բաց դռների օրերը, երբ ողջունում էի այցելուներին, ովքեր եկել էին տեսնելու տաճարը, եռանդուն և ոգևորված երիտասարդների մասնակցությամբ մշակութային տոնակատարությունը, որին հաջորդեցին նվիրագործման նիստերը: Հոգին թովիչ էր: Բազմաթիվ մարդիկ օրհնվեցին: Հաջորդ առավոտյան ես և կինս, մտնելով մկրտության ավազանի մեջ, մասնակցեցինք մեր մի քանի նախնիների համար կատարվող մկրտություններին: Երբ արարողությունը սկսելու համար բարձրացրեցի ձեռքս, ես գրեթե ամբողջովին լցվել էի Հոգու զորությամբ: Ես կրկին հասկացա, որ արարողությունների մեջ է կայանում տաճարի իրական զորությունը:
Ինչպես Տերն է հայտնել, Մելքիսեդեկյան Քահանայության լրիվությունը կարող ենք գտնել տաճարում և դրա արարողություններում, «քանզի նրանում են կարգված սուրբ քահանայության բանալիները, որ դուք կարողանաք պատվի ու փառքի արժանանալ»:2 «Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:3 Սա խոստում է ձեր և ձեր ընտանիքի համար: Մենք բոլորս ավելի շատ աստվածայնության զորության կարիքն ունենք մեր կյանքում, քան որևէ այլ բանի:
Մեր պարտականությունն է՝ «ընդունել» այն, ինչ մեր Հայրն առաջարկում է:4 «Քանզի նրան, ով ընդունում է, ավելի առատորեն պիտի տրվի, նույնիսկ՝ զորություն»5 ընդունելու այն ամենը, ինչ Նա կարող է և կտա մեզ՝ այժմ և հավիտյանս,6 Աստծո որդիները և դուստրերը դառնալու,7 ճանաչելու «երկնքի զորությունները»,8 Նրա անունով խոսելու զորությունը9 և ստանալու «[Նրա] Հոգու զորությունը»:10 Տաճարային արարողությունների և ուխտերի միջոցով այդ զորություններն անձնապես հասանելի են դառնում յուրաքանչյուրիս:
Իր մեծ տեսիլքում Նեփին տեսավ մեր օրերը. «Ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:11
Ես արտոնություն եմ ունեցել վերջերս Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և նրա ընտանիքի հետ ներկա լինել տաճարի բաց դռներին, երբ նա կնքման խորանի շուրջը հավաքեց նրանց և բացատրեց, որ այն ամենը, ինչ մենք անում ենք Եկեղեցում՝ յուրաքանչյուր ժողով, գործ, դաս և ծառայություն, նպատակ ունի պատրաստել մեզանից յուրաքանչյուրին գալ տաճար և ծնկի գալ խորանի առաջ ստանալու հավերժության համար Հոր բոլոր խոստացված օրհնությունները:12
Երբ մեր կյանքում զգում ենք տաճարի օրհնությունները, մեր սրտերը դառնում են դեպի մեր ընտանիքիները՝ կենդանի, թե մահացած:
Վերջերս ես ականատեսը եղա, թե ինչպես են իրենց նախնիների համար միասին մկրտություններ կատարում երեք սերունդ ներկայացնող մի ընտանիքի անդամները: Նույնիսկ տատիկն էր մասնակցում, թեպետ նա ինչ-որ չափով վախենում էր ջրի տակ մտնել: Երբ նա դուրս եկավ ջրից և գրկախառնվեց իր ամուսնու հետ, նրա աչքերում ուրախության արցունքներ էին հայտնվել: Այնուհետև պապիկը և հայրիկը մկրտեցին միմյանց և իրենց բազմաթիվ թոռներին: Ինչպիսի՜ մեծ ուրախություն կարող է ունենալ ընտանիքը միասին: Յուրաքանչյուր տաճարում կան ընտանիքների համար հատկացված ժամեր, երբ որպես ընտանիք ձեզ է տրամադրվում մկրտարանը:
Մահանալուց մի փոքր առաջ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը մահացածների փրկագնման մասին տեսիլք ստացավ: Նա ուսուցանեց, որ ովքեր հոգևոր աշխարհում են, ամբողջովին կախված են այն արարողություններից, որ մենք կատարում ենք նրանց համար: Սուրբ գրքերն ասում են. «Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով»:13 Մենք արարողություններ ենք կատարում նրանց համար, բայց նրանք են յուրաքանչյուր արարողության հետ կապված ուխտը կապում և դրա համար պատասխանատվություն կրում: Իրոք, վարագույրը բարակ է մեզ համար և լիովին բացվում է նրանց համար տաճարում:
Ուրեմն, ո՞րն է մեր անձնական պատասխանատվությունը, որ մասնակցենք այս աշխատանքին՝ թե որպես տաճարի նախագահ, և թե որպես աշխատող: 1840թ. Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է Սրբերին, որ «զգալի ճիգեր պետք է գործադրել և միջոցներ կպահանջվեն: Եվ քանի որ [տաճարի կառուցման] աշխատանքը պիտի արագացվի արդարությամբ, Սրբերին անհրաժեշտ է կշռադատել այս բաների կարևորությունն իրենց մտքում … և ապա պետք է ձեռնարկել այդ գործի համար անհրաժեշտ քայլեր և զինվել քաջությամբ, վճռականությամբ անելով այն ամենն, ինչ կարող են, և իրենց զգան այնքան շահագրգռված, կարծես, ողջ աշխատանքը կախված է միայն իրենցից»:14
Հայտնության գրքում կարդում ենք.
«Սրանք որ սպիտակ հանդերձներ են հագել՝ ո՞վ են և կամ որտեղի՞ց են եկել:
… Սրանք են որ գալիս են այն մեծ նեղությունիցը, և իրանց հանդերձները լվացին և սպիտակացրին գառի արյունովը:
Աստուծոյ աթոռի առաջին են, և պաշտում են նորան ցերեկ և գիշեր նորա տաճարի մեջ. և աթոռի վրա նստողը իր վրանը կտարածե նորանց վրա»:15
Արդյոք ձեր մտքի աչքով չե՞ք տեսնում նրանց, ովքեր այսօր ծառայում են տաճարում:
Կան ավելի քան 120 000 արարողության աշխատողներ ողջ աշխարհում գործող 150 տաճարներում: Դեռևս հնարավորություն կա, որ ավելի շատերն ունենան այս հաճելի փորձը: Երբ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հայտարարեց աշխարհում բազմաթիվ փոքր տաճարներ ունենալու մասին, նա ուսուցանեց, որ «արարողության բոլոր աշխատողները կլինեն տեղի մարդիկ, ովքեր կծառայեն իրենց ծխերի և ցցերի այլ պաշտոններում»:16 Սովորաբար աշխատողները կանչվում են ծառայելու երկու-երեք տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ: Չի նախատեսվում, որ մի անգամ կանչվելով դուք պիտի մնաք այնքան, որքան ի վիճակի եք: Շատ երկարաժամկետ ծառայող աշխատողներ այդ ծառայությունից ազատվելուց հետո տաճարի հանդեպ իրենց սերը տանում են իրենց հետ, թույլ տալով, որ նոր աշխատողներ ծառայեն:
Մոտ 100 տարի առաջ Առաքյալ Ջոն Ա. Վիդսոն ուսուցանել է. «Մենք ավելի շատ աշխատողների կարիք ունենք այս հրաշալի գործը կատարելու համար: … Մենք ավելի շատ տաճարային աշխատանքին նվիրված տարբեր տարիքի մարդկանց կարիքն ունենք: … Ժամանակն է … այս նոր տաճարային շարժման մեջ ակտիվ ծառայության բերել տարբեր տարիքի բոլոր մարդկանց: … Տաճարային աշխատանքը … մեծ օգուտ է բերում թե երիտասարդներին և ակտիվներին, և թե տարիքով մարդկանց, որ հետևում են թողել կյանքի բեռը: Երիտասարդն անգամ ավելի շատ իր տեղի կարիքն ունի տաճարում, քան նրա հայրը և պապիկը, որ մեծ կյանքի փորձ ունեն, իսկ նոր կյանք ոտք դնող երիտասարդ աղջիկը կարիք ունի հոգու, ազդեցության և ուղղորդման, որը գալիս է տաճարային արարողություններին մասնակցելու արդյունքում»:17
Շատ տաճարներում տաճարների նախագահները խրախուսում են նոր կանչված և օժտված միսիոներներին, երիտասարդ տղաներին և աղջիկներին մի կարճ ժամանակով ծառայել որպես արարողության աշխատողներ, նախքան ՄՊԿ գնալը: Այդ երիտասարդները ոչ միայն օրհնված են ծառայելու, այլև «ավելացնում են գեղեցկությունը և հոգին տաճարի բոլոր ծառայողների համար»:18
Ես խնդրել եմ միսիայից առաջ և հետո տաճարում որպես արարողության աշխատողներ ծառայած մի քանի երիտասարդների կիսվել իրենց զգացողություններով: Նրանք հետևյալ արտահայտություններով են նկարագրել տաճարում ունեցած իրենց փորձառությունը.
Երբ ծառայում եմ տաճարում, …
-
ես «իմ Հորը և Փրկչին ավելի մոտ եմ ինձ զգում»։
-
Ես «լիակատար խաղաղություն և երջանկություն եմ զգում»։
-
Ես զգում ես, ասես, «տանն եմ գտնվում»։
-
Ես «սրբություն, զորություն և ուժ» եմ ստանում։
-
Ես զգում եմ, թե «որքան կարևոր են իմ սուրբ ուխտերը»։
-
«Տաճարը դարձել է իմ մի մասը»։
-
«Մենք մոտ ենք զգում նրանց, ում ծառայում ենք արարողություններ կատարելիս»։
-
«Ուժ եմ ստանում հաղթահարելու գայթակղությունները»։
-
«Տաճարը հավերժ փոխել է իմ կյանքը»:19
Տաճարում ծառայելը հարուստ և հզոր փորձառություն է տարբեր տարիքի մարդկանց համար: Անգամ նորապսակներն են ծառայում միասին: Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Տաճարում ծառայելը … վեհ գործ է ընտանիքի համար»:20 Որպես արարողության աշխատողներ ձեր նախնիների համար արարողություններ կատարելուց բացի դուք կարող եք նաև պաշտոնավարել նրանց համար կատարվող արարողություններում:
Ինչպես Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն է ասել.
«Երկրի երեսին ապրող ոչ մի տղամարդ [կամ կին] չի կարող ունենալ ավելի մեծ կոչում, քան իր ձեռքերում կրելը առաջ գնալու և փրկության արարողությունները սպասավորելու զորությունն ու իշխանությունը: …
Դուք դառնում եք գործիքներ Աստծո ձեռքերում այդ հոգու փրկության գործում: Դրան հավասարազոր ուրիշ ոչինչ չի տրվել մարդկանց զավակներին»:21
Նա նաև ասել է.
«Սուրբ Հոգու մեղմ հուշումները կտրվեն [ձեզ] և Երկնքի գանձերը, հրեշտակների հաղորդակցությունը կավելացվեն ժամանակ առ ժամանակ»:22
«Այդ ամենն արժե, որ ես և դուք զոհաբերենք այն, ինչ կարող ենք, մի քանի տարիների [ընթացքում], որ պետք է անցկացնենք այստեղ մարմնի մեջ»:23
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը վերջերս հիշեցրել է մեզ, որ «տաճարային օրհնություններն անգին են»:24 «Ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ»:25
Եկեք տաճար: Հաճախ եկեք: Եկեք ձեր ընտանիքի հետ և նրանց համար: Եկեք և օգնեք մյուսներին ևս գալ:
«Ովքե՞ր են սրանք, որ սպիտակ հանդերձներ են հագել»: Իմ եղբայրներ և քույրեր, դա դուք եք, որ ստացել եք տաճարային արարողությունները, պահել ձեր ուխտերը, նույնիսկ՝ զոհաբերությամբ: Դուք եք, որ օգնում եք ձեր ընտանիքին գտնել տաճարային ծառայության օրհնությունները, այդ ընթացքում օգնելով մյուսներին: Շնորհակալություն ձեր ծառայության համար: Ես վկայում եմ, որ յուրաքանչյուր տաճար Աստծո սուրբ և սրբազան տունն է, և այնտեղ յուրաքանչյուրս կարող ենք սովորել և ճանաչել աստվածայնության զորությունները։ Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: