Արդյո՞ք ես հավատում եմ
Եթե այդ ամենը ճշմարիտ է, ուրեմն մենք ունենք հույսի և օգնության մեծագույն ուղերձը, որ երբևէ հայտնի է դարձել աշխարհին:
Մեկ տարի առաջ, մարտի 30-ին փոքրիկ Յուտայի Ամերիքան Ֆորքից Էթան Կարնեսսեկան հիվանդանոց ընդունվեց թոքաբորբ և թոքերի շուրջը հավաքված հեղուկ ախտորոշմամբ: Երկու օր անց նրա վիճակն այնքան ծանրացավ, որ նրան ուղղաթիռով փոխադրեցին Սոլթ Լեյք Սիթիի մանկական հիվանդանդոց: Նրա մտահոգված մայրիկին, Միշելին, թույլ տվեցին, որ նստի առջևի նստատեղին և լինի իր որդու կողքին: Նրան ականջակալներ տվեցին, որ կարողանար հաղորդակցվել ուղղաթիռում գտնվողների հետ: Նա լսում էր ինչպես էր բժշկական անձնակազմն աշխատում իր հիվանդ տղայի հետ և լինելով մանկաբույժի քույր, Միշելը բավականին տեղեկացված էր, որպեսզի հասկանար, որ Էթանը գտնվում էր ծանր վիճակում:
Այդ ծանր պահին Միշելը նկատեց, որ թռչում են ուղիղ Դրեյփեր Յուտա տաճարի վրայով: Օդից նա նայեց այդ հարթավարին և կարողացավ տեսնել նաև Ջորդան Ռիվեր տաճարը, Օքյում Մաունթին տաճարը և նույնիսկ հեռվում Սոլթ Լեյքի տաճարը: Մի հարց ծագեց նրա գլխում. «Դու հավատո՞ւմ ես դրան, թե ոչ»:
Նա այսպես է պատմում այդ փորձառության մասին.
«Ես դեռ Երեխաների խմբում և Երիտասարդ կանանց դասարում սովորել էի տաճարային օրհնությունների և այն մասին, որ «ընտանիքները հավերժ են»: Ընտանիքի մասին այդ ուղերձով ես կիսվել էի հրաշալի մարդկանց հետ Մեքսիկայում միսիա ծառայելիս: Տաճարում ես կնքվել էի իմ հավերժական ամուսնու հետ ժամանակի և ողջ հավերժության համար: Ես ընտանիքի մասին դասեր էի ուսուցանել, լինելով Երիտասարդ կանանց ղեկավար, իմ երեխաներին պատմել եմ հավերժական ընտանիքի մասին պատմություններ ընտանեկան երեկոների ժամանակ: Ես ԳԻՏԵԻ, բայց արդյո՞ք ես ՀԱՎԱՏՈՒՄ էի դրան: Այդ հարցը գլխումս ծագելուն պես եկավ իմ պատասխանը՝ Հոգին հաստատեց իմ սրտում և մտքում այն պատասխանը, որ ես արդեն ունեի՝ Ես ԻՐՈՔ հավատում էի դրան:
Այդ պահին աղոթքով սիրտս բացեցի իմ Երկնային Հոր առաջ, շնորհակալություն հայտնելով Նրան իմ ունեցած գիտելիքի և համոզմունքի համար, որ ընտանիքներն իրոք հավերժ են: Ես շնորհակալություն հայտնեցի Նրան Իր Որդու Հիսուս Քրիստոսի համար, ով այդ ամենը հնարավոր դարձրեց: Ես շնորհակալություն հայտնեցի Նրան իմ որդու համար, և ասացի իմ Երկնային Հորը, որ եթե Նա ուզում էր, կարող էր իմ փոքրիկ Էթանին Իր երկնային տուն տանել: Ես իմ վստահությունն ամբողջովին դրեցի իմ Երկնային Հոր վրա և գիտեի, որ կրկին տեսնելու էի Էթանին: Ես այնքան երախտապարտ էի, որ ծայրահեղ պահին գիտելիք ԵՎ հավատ ունեի, որ ավետարանը ճշմարիտ էր: Ես խաղաղություն զգացի»:1
Էթանը մի քանի շաբաթ անցկացրեց հիվանդանոցում՝ ստանալով բարձրակարգ բուժօգնություն: Այդ օգնությանը միացան հարազատների աղոթքները, ծոմը և հավատքը, և նա դուրս գրվեց հիվանդանոցից վերադառնալով տուն՝ իր ընտանիքի մոտ: Նա այսօր ողջ և առողջ է:
Այդ որոշիչ պահին Միշելի համար հաստատվեց այն, որ ինչ նա սովորել էր իր ողջ կյանքում ավելին էր, քան պարզապես բառերը. դա ճշմարտություն է:
Արդյո՞ք մեզ համար երբեմն սովորական են դառնում օրհնությունները, որ մենք ստանում ենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, չկարողանալով լիովին ընկալել Տիրոջ ճշմարիտ Եկեղեցում աշակերտ լինելու հրաշքը և վեհությունը: Արդյո՞ք մեղավոր ենք, որ չենք գնահատում այս կյանքում մեզ տրված մեծագույն պարգևը: Փրկիչն Ինքն է ուսուցանել. «Եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»:2
Մենք հավատում ենք, որ այս Եկեղեցին ավելին է, քան պարզապես լավ վայր, ուր գնում ենք կիրակի օրերին և սովորում՝ ինչպես լինել լավ մարդ: Դա ավելին է, քան պարզապես Քրիստոնեական հաճելի սոցակումբ, որտեղ մենք կարող ենք շփվել լավ բարոյական մարդկանց հետ: Դա պարզապես հրաշալի գաղափարների հավաքածու չէ, որ ծնողները կարող են սովորեցնել իրենց երեխաներին տանը, որպեսզի նրանք լինեն պատասխանատու, լավ մարդիկ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին շատ ավելին է, քան այդ ամենը:
Մի պահ մտածեք, թե ինչ հիմնարար պնդումներ մենք ունենք որպես կրոն: Մենք հավատում ենք, որ այդ նույն Եկեղեցին, որ Հիսուս Քրիստոսը հիմնադրվել է երկրի վրա, կրկին անգամ վերականգնվել է Աստծո կողմից կանչված մարգարեի կողմից մեր օրերում, և որ մեր ղեկավարները նույն զորությունն ու իշխանությունն են կրում Աստծո անունով գործելու համար, որ վաղեմի Առաքյալներն էին կրում: Դա կոչվում է Աստծո քահանայություն: Մենք պնդում ենք, որ այս վերականգնված իշխանությամբ կարող ենք ստանալ փրկող արարողությունները, ինչպիսին է մկրտությունը, և միշտ մեզ հետ ունենալ Սուրբ Հոգու մաքրող և սրբագործող պարգևը: Մենք առաքյալներ և մարգարեներ ունենք, որ ղեկավարում և առաջնորդում են այս Եկեղեցին քահանայության բանալիների միջոցով, և մենք հավատում ենք, որ Աստված խոսում է Իր զավակների հետ այդ մարգարեների միջոցով:
Մենք նաև հավատում ենք, որ այս քահանայության զորությունը հնարավոր է դարձնում ուխտեր կապել և արարողություններ ստանալ սուրբ տաճարներում, որոնք մի օր մեզ համար հնարավոր կդարձնեն վերադառնալ Աստծո ներկայություն և Նրա հետ ապրել հավերժ: Մենք պնդում ենք նաև, որ այս զորությամբ, ընտանիքները կարող են միասին կապվել հավերժության համար, երբ զույգերը մտնում են ամուսնության նոր ու հավիտենական ուխտի մեջ սուրբ կառույցներում, որոնք մենք հավատում ենք, որ Աստծո տներն են: Մենք հավատում ենք, որ կարող ենք ստանալ այդ փրկող արարողությունները ոչ միայն մեզ համար, այլև մեր նախնիների համար, ովքեր ապրել են երկրի վրա և հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այդ փրկող կարևոր արարողւոթյուններին: Մենք հավատում ենք, որ այդ նույն սուրբ տաճարներում կարող ենք փոխանորդների միջոցով արարողություններ կատարել մեր նախնիների համար:
Մենք հավատում ենք, որ Աստծո մարգարեի և Աստծո զորության միջոցով մենք ստացել ենք լրացուցիչ սուրբ գրություններ, որոնք վկայություն են ավելացրել Աստվածաշնչին, հայտարարելով, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է:
Մենք պնդում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո արքայությունն է և միակ ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա: Այն կոչվում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցի, որովհետև Նա կանգնած է այս եկեղեցու գլխավերևում, սա Նրա Եկեղեցին է, և այս ամենը հնարավոր է Նրա քավող զոհաբերության շնորհիվ:
Մենք հավատում ենք, որ այդ առանձնահատկությունները չենք կարող գտնել այս երկրի վրա ուրիշ ոչ մի տեղում կամ կազմակերպության մեջ: Որքան էլ լավ և անկեղծ լինեն մյուս կրոններն ու եկեղեցիները, դրանցից ոչ մեկը չունի փրկող արարողություններ կատարելու իշխանություն, որոնք կան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:
Մենք այդ ամենի մասին գիտելիք ունենք, բայց արդյո՞ք մենք հավատում ենք դրանց: Եթե այդ ամենը ճշմարիտ է, ուրեմն մենք ունենք հույսի և օգնության մեծագույն ուղերձը, որ երբևէ հայտնի է դարձել աշխարհին: Դրանց հավատալը հավերժական նշանակության հարց է մեզ և մեր հարազատների համար:
Հավատալու համար մենք պետք է ավետարանը մեր գլխից տանենք մեր սիրտ: Հնարավոր է պարզապես ապրում ենք ավետարանով, որովհետև դա է մեզանից պահանջվում կամ այդպիսի միջավայրում ենք մեծացել կամ էլ դա դարձել է սովորություն: Ոմանք գուցե չեն զգացել այն, ինչ Բենիամին թագավորի մարդիկ զգացին, հետևելով նրա ազդեցիկ քարոզին. «Նրանք բոլորը միաձայն աղաղակեցին՝ ասելով. Այո՛, մենք հավատում ենք բոլոր խոսքերին, որոնք դու ասել ես մեզ. և նաև, մենք գիտենք դրանց հավաստիության և ճշմարտացիության մասին՝ Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ, որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, այնպես որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»:3
Մենք բոլորս պիտի ձգտենք փոխել մեր սիրտը և բուն էությունը, որպեսզի ցանկություն ունենանք ոչ թե հետևել աշխարհի ուղիներին, այլ գոհացնել Աստծուն: Ճշմարիտ դարձը գործընթաց է, որը տեղի է ունենում ժամանակի ընթացքում և հավատք գործադրելու կամք է պահանջում: Դա գալիս է, երբ համացանցի փոխարեն քննում ենք սուրբ գրությունները: Դա գալիս է, երբ մենք հնազանդ ենք Աստծո պատվիրաններին: Դարձի ենք գալիս, երբ ծառայում ենք մեզ շրջապատող մարդկանց: Դա տեղի է ունենում անկեղծ աղոթքի, կանոնավոր տաճար այցելելու և Աստծո կողմից տրված մեր պատասխանատվությունները հավատարմորեն կատարելու արդյունքում: Դրա համար հետևողականություն և ամենօրյա ջանքեր են հարկավոր:
Ինձ հաճախ են հարցնում. «Ո՞րն է այսօր մեր երիտասարդության դեմ ծառացած ամենամեծ խնդիրը»: Ես պատասխանում եմ, որ իմ կարծիքով դա իրենց կյանքում «մեծ ու ընդարձակ շենքի» մշտապես ներկա ազդեցությունն է:4 Եթե Մորմոնի Գիրքը գրվել է հատկապես մեր օրերի համար, ապա իրոք որ չենք կարող չնկատել բոլորիս համար Լեքիի տեսիլքում կյանքի ծառի մասին ուղերձների արդիականությունը և ազդեցությունը նրանց, ովքեր մատնացույց էին անում և ծաղրում մեծ ու ընդարձակ շենքից:
Ինձ համար առավել ցավալի է նրանց նկարագրությունը, ովքեր արդեն իսկ խավարի մշուշի միջով նեղ ու անձուկ ճանապարհով իրենց ուղին հարթելով կառչել էին երկաթե ձողից, հասել էին իրենց նպատակին և սկսել էին ճաշակել կյանքի ծառի մաքուր ու համեղ պտղից: Այնուհետև սուրբ գրություններն ասում են, որ մեծ ու ընդարձակ շենքի պճնագեղ հագնված մարդիկ «ծաղրում և մատով ցույց էին տալիս նրանց, ովքեր հասել և ճաշակում էին պտղից:
Եվ պտղից համտես անելուց հետո նրանք ամաչեցին, նրանց պատճառով, ովքեր ծաղրի էին ենթարկում իրենց. և նրանք հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան»:5
Այս հատվածները նկարագրում են մեզանից նրանց, ովքեր արդեն ունեն Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքում: Անկախ նրանից մենք ծնվել ենք եկեղեցում, թե ստիպված ենք եղել հարթել մեր ուղին խավարի մշուշում այն գտնելու համար, մենք ճաշակել ենք դրա պտուղը, որը «ամենաթանկն ու ամենաբաղձալին է բոլոր այլ պտուղներից» և ներուժ ունի հավերժական կյանք պարգևելու մեզ՝ «մեծագույնը Աստծո բոլոր պարգևներից»:6 Մենք միայն պետք է շարունակենք ճաշակել այն՝ ուշադրություն չդարձնելով նրանց, ովքեր կծաղրեն մեր համոզմուքները, կուրախանան կասկածներ արտահայտելով կամ ովքեր կփնովեն Եկեղեցու ղեկավարներին և վարդապետությունը: Դա ընտրություն է, որ մենք կայացնում ենք ամեն օր, կասկածի փոխարեն ընտրելով հավատքը: Երեց Մ. Ռասսել Բալլարդը հորդորում է մեզ «մնալ նավի վրա, հագնել փրկարար բաճկոններ և երկու ձեռքով ամուր բռնվել»:7
Որպես Տիրոջ ճշմարիտ Եկեղեցու անդամներ, մենք արդեն նավի վրա ենք: Մենք կարիք չունենք աշխարհիկ փիլիսոփայությունների մեջ փնտրել ճշմարտությունը, որ մեզ սփոփանք պարգևի, օգնի և ուղղորդի ապահով դուրս բերելով կյանքի փորձություններից: Մենք արդեն ունենք դա: Ինչպես Էթանի մայրիկը ծայրահեղ պահին կարողացավ քննել իր վաղուց ունեցած համոզմունքները և վստահորեն հայտարարել. «Ես հավատում եմ դրան», մենք էլ կարող ենք նույնը անել:
Ես բերում եմ իմ վկայությունը, որ Տիրոջ արքայության մեջ մեր անդամությունն անգին արժեք ունեցող պարգև է: Ես վկայում եմ, որ օրհնությունները և խաղաղությունը, որ Տերը պահել է նրանց համար, ովքեր հնազանդ և հավատարիմ են, անցնում են մարդկային մտքի սահմաններից վեր են: Ես ձեզ հետ եմ թողնում այս վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: