2016
Սուրբ Հոգին
Մայիս 2016


Սուրբ Հոգին

Ես իմ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում Երկնային Հորը Սուրբ Հոգու պարգևի համար, որի միջոցով Նա հայտնում է Իր կամքը և զորացնում մեզ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր ես խոսում եմ որպես Տիրոջ ծառա և նաև որպես մեծ պապիկ: Ձեզ և իմ սիրելի սերունդներին ես ուսուցանում և վկայություն եմ բերում Սուրբ Հոգու հրաշալի պարգևի մասին:

Ես սկսում եմ խոսքս ընդունելով Քրիստոսի Լույսը, որը տրվում է «ամեն մարդու, ով գալիս է աշխարհ»:1 Բոլորս էլ օգտվում ենք այդ սուրբ լույսից: Դա «ամենի մեջ և ամենուրեք»2 է և թույլ է տալիս մեզ տարբերել լավը վատից:3

Բայց Սուրբ Հոգին տարբերվում է Քրիստոսի Լույսից: Նա Աստվածագլխի երրորդ անդամն է, առանձին հոգևոր անձնավորություն՝ սուրբ պատասխանատվություններով և Հոր ու Որդու հետ միասնական նպատակով:4

Որպես Եկեղեցու անդամներ մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Աստծո վերականգնված քահանայության միջոցով մենք մկրտվում ենք մեր մեղքերի թողության համար՝ ընկղմվելով, և ապա հաստատվում որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Այդ արարողության ժամանակ քահանայություն կրողների կողմից ձեռնադրմամբ մեզ տրվում է Սուրբ Հոգու պարգևը:5 Որից հետո մենք կարող ենք ստանալ և պահել Սուրբ Հոգու ընկերակցությունը՝ միշտ հիշելով Փրկչին, պահելով Նրա պատվիրանները, ապաշխարելով մեր մեղքերից և կիրակի օրը արժանիորեն ճաշակելով հաղորդությունից:

Սուրբ Հոգին անձնական հայտնություն է բերում, օգնելով մեզ կյանքում կարևոր որոշումներ կայացնել այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ կրթությունը, միսիան, կարիերան, ամուսնությունը, երեխաները, որտեղ պետք է ապրենք մեր ընտանիքով և այլն: Այդ հարցերում Երկնային Հայրն ակնկալում է, որ մենք օգտագործենք մեր ազատ կամքը, մեր մտքում քննենք իրավիճակը ըստ ավետարանի սկզբունքների և աղոթքով Նրա առաջ բերենք մեր որոշումը:

Անձնական հայտնությունը կարևոր է, բայց դա միայն Սուրբ Հոգու աշխատանքի մի մասն է: Ինչպես սուրբ գրություններն են հաստատում, Սուրբ Հոգին նաև վկայում է Փրկչի և Հայր Աստծո մասին:6 Նա մեզ ուսուցանում է «արքայության խաղաղարար բաները»7 և դրդում է, որ «հույսով ավելանանք»:8 Նա մեզ «առաջնորդում է բարիք գործել … [և] արդարությամբ դատել»:9 Նա «ամեն մարդու … մի [հոգևոր] պարգև է տալիս … որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն»:10 Նա «տալիս է [մեզ] գիտելիք»11 և «հիշեցնում է [մեզ] ամեն ինչ»:12 Սուրբ Հոգով մենք «կարող ենք սրբագործվել»13 և ստանալ մեր «մեղքերի թողությունը»:14 Նա է «Մխիթարիչը», այն նույնը, որ «խոստացվել է Փրկչի աշակերտներին»:15

Ես հիշեցնում եմ մեզ բոլորիս, որ Սուրբ Հոգին չի տրվել, որ ղեկավարի մեզ: Մեզանից ոմանք ոչ խելամիտ ձևով փնտրում են Սուրբ Հոգու առաջնորդությունը մեր կյանքի ամեն մի չնչին որոշումը կայացնելիս: Դա նվաստացնում է Նրա սուրբ դերը: Սուրբ Հոգին պահպանում է ազատ ընտրության սկզբունքը: Նա մեր մտքում և մեր սրտում մեղմորեն է խոսում բազմաթիվ կարևոր հարցերի մասին:16

Մեզանից յուրաքանչյուրը գուցե տարբեր կերպ զգա Սուրբ Հոգու ազդեցությունը: Նրա հուշումները տարբեր չափով կզգանք՝ կախված մեր անհատական կարիքներից և պայմաններից:

Այս վերջին օրերին մենք հաստատում ենք, որ ողջ Եկեղեցու համար միայն մարգարեն կարող է հայտնություն ստանալ Սուրբ Հոգու միջոցով: Ոմանք մոռանում են դա, ինչպես Ահարոնն ու Մարիամը, երբ փորձում էին համոզել Մովսեսին համաձայնել իրենց հետ: Սակայն Տերն ուսուցանեց նրանց և մեզ: Նա ասաց.

«Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Եհովաս ինձ … կճանաչացնեմ նրան: …

Նրա հետ ես բերանե բերան եմ խոսում»:17

Երբեմն չարը գայթակղում է մեզ կեղծ մտքերով, որոնք գուցե շփոթենք Սուրբ Հոգու հետ: Ես վկայում եմ, որ պաշտպանված կլինենք և չենք խաբվի, եթե հավատարմորեն հնազանդվենք պատվիրաններին և պահենք մեր ուխտերը: Սուրբ Հոգով մենք կկարողանանք տարբերել կեղծ մարգարեներին, ովքեր վարդապետություններ են ուսուցանում, որոնք մարդկանց պատվիրաններն են:18

Երբ Սուրբ Հոգուց ոգեշնչում ենք ստանում մեզ համար, խելամիտ կլինի հիշել, որ մենք չենք կարող հայտնություն ստանալ ուրիշների համար: Ես ճանաչում եմ մի երիտասարդի, ով ասել էր մի երիտասարդ աղջկա. «Ես երազ եմ տեսել, որ դու իմ կինը պիտի լինես»: Այդ երիտասարդ աղջիկը մտածել էր և ապա պատասխանել. «Երբ ես էլ նույն երազը տեսնեմ, կգամ և մենք կխոսենք»:

Մենք բոլորս էլ գուցե գայթակղվենք թույլ տալու, որ մեր անձնական ցանկությունները հաղթահարեն Սուրբ Հոգու առաջնորդությունը: Մարգարե Ջոզեֆ Սմիթն աղերսում էր Երկնային Հորը թույլ տալ Մորմոնի Գրքի առաջին 116 էջերը ժամանակավորապես տալ Մարտին Հարիսին: Ջոզեֆին թվում էր, թե դա լավ միտք էր: Սկզբում Սուրբ Հոգին նրան չտվեց հաստատող զգացումներ: Ի վերջո, Տերը թույլ տվեց Ջոզեֆին տալ այդ էջերը: Մարտին Հարիսը կորցրեց դրանք: Որոշ ժամանակով Տերը Մարգարեից հեռացրեց թարգմանելու պարգևը, և Ջոզեֆը ցավալի, սակայն արժեքավոր դաս քաղեց, որն իր բնորոշ հետքը թողեց նրա հետագա ծառայության վրա:

Սուրբ Հոգին կարևոր դեր է խաղացել վերականգնման ժամանակ: Պատանի հասակում Հակոբոս 1.5 հատվածն ընթերցելու վերաբերյալ Մարգարե Ջոզեֆն ասել է. «Սուրբ գրության ոչ մի հատված ավելի մեծ զորությամբ չի ազդել մարդու սրտի վրա, որքան այդ հատվածն ազդեց ինձ վրա այդ պահին»:19 Զորությունը, որի մասին ասում է Ջոզեֆ Սմիթը, Սուրբ Հոգու ազդեցությունն էր: Արդյունքում Ջոզեֆը գնաց իր տան մոտակայքում գտնվող պուրակը և, ծնկի գալով, հարցրեց Աստծուն: Դրանից հետո տրված Առաջին Տեսիլքը, իրոք, որ կարևոր և հրաշալի էր: Բայց անձամբ Հոր և Որդու այցելությունը սկսվեց աղոթելու համար Սուրբ Հոգու հուշումից:

Վերականգնված ավետարանի հայտնված ճշմարտությունները եկան աղոթքով դիմելու, այնուհետև Սուրբ Հոգու հուշումները ստանալու և դրանց հետևելու արդյունքում: Դրանցից մի քանիսն են՝ Մորմոնի Գրքի թարգմանությունը, քահանայության և դրա արարողությունների վերականգնումը, սկսած մկրտությունից և Եկեղեցու կազմավորումից: Ես վկայում եմ, որ այսօր Տիրոջից Առաջին Նախագահությանը և Տասներկուսին եկող հայտնությունը գալիս է այդ նույն սրբազան ձևով: Այդ նույն սրբազան ձևով է գալիս անձնական հայտնությունը:

Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր հետևելով Սուրբ Հոգուն ստացել են վերականգնված ավետարանը, սկսած՝ Ջոզեֆ Սմիթի անձնական ընտանիքի անդամներից: Երբ պատանի Ջոզեֆը պատմեց իր հորը Մորոնիի այցի մասին, նրա հայրն ինքն իր համար ստացավ հաստատող վկայություն: Անմիջապես նա Ջոզեֆին ազատեց ագարակի իր պարտականություններից և խրախուսեց հետևել հրեշտակի հրահանգին:

Ծնողներ և ղեկավարներ, եկեք նույն կերպ վարվենք: Եկեք խրախուսենք մեր երեխաներին և մյուսներին հետևել Սուրբ Հոգու հուշումներին: Միևնույն ժամանակ եկեք ինքներս հետևենք Սուրբ Հոգու օրինակին՝ առաջնորդելով մեղմորեն, հեզությամբ, երկայնամտությամբ և անկեղծ սիրով:20

Սուրբ Հոգին հաղորդակցման միջոց է հանդիսանում Աստծո գործի համար՝ ընտանիքներում և ողջ Եկեղեցում: Հասկանալով դա, կուզենայի կիսվել Սուրբ Հոգու հետ կապված անձնական կյանքում և Եկեղեցու ծառայության մեջ ունեցած իմ մի քանի օրինակներով:

Մի քանի տարի առաջ ես և Քույր Հեյլսը ծրագրել էինք հյուրընկալել իմ մի քանի գործընկերներին՝ մեր տանը հատուկ ճաշկերույթ կազմակերպելով: Աշխատանքից տուն վերադառնալիս ես ներքուստ զգացի, որ պետք է այցելեի մի այրու, ում տնային ուսուցիչն էի: Երբ թակեցի այդ քրոջ դուռը, նա ասաց. «Ես աղոթում էի, որ դուք գայիք»: Որտեղի՞ց էր եկել այդ տպավորությունը: Սուրբ Հոգուց:

Ծանր հիվանդությունից հետո մի անգամ ես նախագահում էի ցցի համաժողովին: Իմ էներգիան խնայելու համար ես ծրագրել էի հեռանալ ժողովատնից քահանայության ղեկավարների նիստից անմիջապես հետո: Սակայն փակման աղոթքից հետո Սուրբ Հոգին ասաց ինձ. «Ո՞ւր ես գնում»: Ես ոգեշնչվեցի սեղմել յուրաքանչյուրի ձեռքը, երբ նրանք հերթով դուրս կգային սենյակից: Երբ մի երիտասարդ երեց մոտեցավ, ինձ հուշվեց, որ նրան հատուկ խոսքեր ասեմ: Նա հայացքը կախել էր, և ես սպասեցի, որ նա աչքերը բարձրացներ և նայեր ինձ, և ես նրան ասացի. «Աղոթիր Երկնային Հորը, լսիր Սուրբ Հոգուն, հետևիր քեզ տրված հուշումներին և ամեն ինչ լավ կլինի քո կյանքում»: Ավելի ուշ ցցի նախագահն ինձ ասաց, որ այդ երիտասարդը ժամանակից շուտ էր վերադարձել իր միսիայից: Ցցի նախագահը հստակ տպավորության ներքո գործելով, խոստացել էր այդ երիտասարդի հորը, որ եթե նա իր որդուն բերեր քահանայության ժողովին, «Երեց Հեյլսը կխոսեր նրա հետ»: Ինչո՞ւ ես սպասեցի, որպեսզի սեղմեի յուրաքանչյուրի ձեռքը: Ինչո՞ւ ես կանգ առա, որ խոսեի այս հատուկ երիտասարդ տղայի հետ: Ո՞վ ինձ հուշեց տալ այդ խորհուրդը: Շատ պարզ է՝ դա Սուրբ Հոգին էր:

2005թ. սկզբներին ես ուղղորդվեցի գերագույն համաժողովի ելույթ պատրաստել տարեց միսիոներական զույգերի մասին: Այդ համաժողովից հետո մի եղբայր պատմեց ինձ. «Երբ լսում էինք համաժողովը … անմիջապես Տիրոջ Հոգին դիպավ իմ հոգուն: … Դա հստակ ուղերձ էր ուղղված ինձ և իմ սիրելի կնոջը: Մենք պիտի միսիա ծառայեինք, և այժմ էր ժամանակը: Երբ … նայեցի կնոջս, հասկացա, որ նա նույն տպավորությունն էր ստացել Հոգուց»:21 Ի՞նչը բերեց այդ միաժամանակյա ազդեցիկ արձագանքը: Սուրբ Հոգին:

Իմ հետնորդներին և բոլոր նրանց, ովքեր լսում են իմ ձայնը, ես իմ վկայությունն եմ բերում Սուրբ Հոգու միջոցով անձնական հայտնություն և մշտապես՝ ամենօրյա առաջնորդություն, զգուշացում, խրախուսանք, ուժ, հոգևոր մաքրագործում, սփոփանք և խաղաղություն ստանալու վերաբերյալ: Սուրբ Հոգու միջոցով մենք ճաշակում ենք «[Քրիստոսի] բազմաթիվ գորովագութ ողորմությունները»22 և ունենում հրաշքներ, որոնք չեն դադարում:23

Ես իմ հատուկ վկայությունն եմ բերում, որ Փրկիչն ապրում է: Ես իմ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում Երկնային Հորը Սուրբ Հոգու պարգևի համար, որի միջոցով Նա հայտնում է Իր կամքը և ամրացնում մեզ մեր կյանքում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: