Ավետարանի ուսումնասիրման և ուսուցանման վերափոխված գործընթաց
Ավետարանը սովորելը, ավետարանով ապրելը և այն ուսուցանելը էական նշանակություն ունեն մեր անձնական աճի համար և կազմում են մեր կիրակնօրյա երկրպագության հիմնական մասը։ Որպես շարունակական ջանքերի մի մաս, որոնք ուղղված են օգնելու անդամներին աճել, կառուցելով իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և լավացնելով կիրակնօրյա երկրպագությունը, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը գերագույն համաժողովի ղեկավարների ժողովներին ներկայացրեցին ավետարանը ուսուցանելու և ուսումնասիրելու գրծընթացի կատարելագործման նոր մոտեցում։ Անդամները հրավիրվում են․
1. Որդեգրել սկզբունքները, որոնք տրված են Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Այս նոր ձեռնարկը կենտրոնանում է հասարակ, բայց զորեղ սկզբունքների վրա, որոնք օգտագործել է Վարդապետը։ Յուրաքանչյուր ուսուցչի նպատակն է, ինչպես ասվում է ձեռնարկում, «սովորեցնել ավետարանի մաքուր վարդապետությունը Հոգով, օգնելով Աստծո զավակներին կառուցել իրենց հավատքն առ Փրկիչը և ավելի նմանվել Նրան»:
Թեև ձեռնարկը նախատեսված է նրանց համար, ովքեր ուսուցանելու կոչում ունեն, այն օգտակար կլինի յուրաքանչյուրին, ով ցանկանում է սովորել ուսուցանել այն ձևով, որով ուսուցանել է Փրկիչը։ Ծնողներին օգտակար կլինի կիրառել գրքույկի սկզբունքները տանը ուսուցանելիս։
2. Մասնակցել ուսուցիչների խորհրդի ժողովներին։ Ուսուցիչների խորհրդի ժողովները տարբերվում են նախկինում կիրառվող ուսուցիչների կատարելագործման դասընթացներից։ Ինչպես խորհուրդները, այդ ժողովները հնարավորություն կտան ուսուցիչներին միասին քննարկել և միմյանցից սովորել Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի սկզբունքները։ Այդ ժողովները, որոնք պետք է անցկացվեն ամիսը մեկ անգամ կիրակնօրյա ժողովների շարքում, կսկսեն տեղի ունենալ ամբողջ աշխարհում 2016 թվականի ընթացքում։
3. Լինել ավետարանի ջանասեր ուսանողներ։ Անդամները և ուսուցիչները նմանապես խրախուսվում են լինել ավետարանի ջանասեր ուսումնասիրողներ տանը։ Սովորելը և շաբաթվա ընթացքում ավետարանով ապրելը պատրաստում է անդամներին կիրակնօրյա դասերին մասնակցելուն, որի արդյունքում բոլորի համար կստեղծվեն էլ ավելի իմաստալից ուսումնական փորձառություններ։
Որպես Երկնային Հոր զավակներ մենք Նրա նման դառնալու ներուժ ունենք: Ցանկացած մարդ, ով ուզում է սովորել և ապրել ավետարանով, կարող է ավելի նմանվել մեր երկնային ծնողներին և վերադառնալ ապրելու նրանց հետ։ Երկրպագությունը տանը և եկեղեցում օգնում է մեզ կառուցել այդ տեսակի հավատք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։