2021
Սիրում եմ նայել տաճարին
Մայիս 2021


16:22

Սիրում եմ նայել տաճարին

Տաճարում է, որ կարող ենք հաստատում ստանալ ընտանեկան նվիրական կապերի մասին, որոնք կշարունակվեն մահից հետո և կտևեն հավերժություն:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես շնորհակալ եմ, որ ձեզ հետ եմ գերագույն համաժողովի այս առաջին նիստի ժամանակ: Հոգին ներկա է խոսնակների, երաժշտության և աղոթքների շնորհիվ, ինչպես նաև՝ զգում ենք լույս և հույս։

Այդ զգացողությունը հիշեցնում է Սոլթ Լեյքի տաճար մտնելու իմ առաջին օրը։ Ես երիտասարդ էի: Այդ օրը ծնողներս իմ միակ ուղեկիցներն էին: Ներսում նրանք մի պահ կանգ առան, երբ տաճարի աշխատողը դիմավորեց նրանց: Ես նրանցից առաջ անցա և մի պահ մնացի մենակ։

Ինձ դիմավորեց սպիտակ մազերով մի փոքրամարմին տիկին՝ տաճարի սպիտակ գեղեցիկ զգեստով: Նա նայեց ինձ, ժպտաց և հետո քնքշորեն ասաց. «Բարի գալուստ տաճար, եղբա՛յր Այրինգ»: Մի պահ մտածեցի, որ նա հրեշտակ է, քանի որ գիտեր իմ անունը: Ես չէի գիտակցում, որ պիջակիս դարձածալին ամրացված էր մի փոքրիկ անվանապիտակ, որի վրա գրված էր իմ անուն, ազգանունը:

Ես անցա նրա կողքով ու կանգ առա: Ես նայեցի բարձր սպիտակ առաստաղին, որը սենյակն այնքան լուսավոր էր դարձնում, կարծես թե ձգվում էր դեպի երկինք: Եվ այդ պահին մի միտք պարզորոշ շշնջաց այս խոսքերը․ «Ես նախկինում եղել եմ այս լուսավոր վայրում»: Բայց հետո միանգամից իմ մտքում լսեցի հետևյալ խոսքերը, որոնք ես չէի արտասանում․ «Ոչ, դու նախկինում երբեք այստեղ չես եղել: Դու հիշում ես քո ծնվելուց առաջ եղած մի պահ: Դու եղել ես այսպիսի մի սուրբ վայրում»:

Տաճարների վրա մենք գրում ենք հետևյալ բառերը՝ «Սրբություն Տիրոջը»։ Ես համոզվել եմ, որ այս խոսքերը ճշմարիտ են: Տաճարը մի սուրբ վայր է, որտեղ մենք հեշտությամբ հայտնություն ենք ստանում, եթե մենք բացում ենք մեր սրտերը դրա համար, և եթե մենք արժանի ենք դրան։

Այդ առաջին օրը՝ ավելի ուշ, ես կրկին զգացի նույն Հոգին: Տաճարային արարողության մեջ կան որոշ խոսքեր, որոնք այրող զգացողություն են առաջացնում իմ սրտում՝ հաստատելով, որ այն, ինչ պատկերվում է, ճշմարիտ է։ Այն, ինչ ես զգացի, անձնական էր և վերաբերում էր իմ ապագային, որն իրականություն դարձավ 40 տարի անց՝ Տիրոջը ծառայելու կանչի միջոցով:

Նույն զգացումն ապրեցի, երբ ամուսնացա Լոգանի տաճարում (Յուտա): Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը կատարեց կնքումը։ Իր արտասանած մի քանի խոսքերով նա այս խորհուրդը տվեց. «Հալ և Քեթի, ապրեք այնպես, որ երբ կանչ ստանաք, հեշտությամբ թողեք այդ կյանքը»:

Երբ նա ասաց այդ մի քանի բառը, ես իմ մտքում պարզ տեսա մի զառիթափ բլուր և դեպի գագաթ տանող մի ճանապարհ: Ճանապարհի ձախ կողմով անցնում էր մի սպիտակ ցանկապատ և անհետանում բլրի գագաթին գտնվող ծառերի շարքում: Սպիտակ տունը հազիվ էր նշմարվում ծառերի միջից:

Մեկ տարի անց ես ճանաչեցի այդ բլուրը, երբ աներս մեքենան վարում էր այդ տեղանքով։ Ամենայն մանրամասնությամբ դա այն էր, ինչ ես տեսա, երբ նախագահ Քիմբալը իր խորհուրդը տվեց տաճարում։

Երբ հասանք բլրի գագաթը, աներս կանգ առավ Սպիտակ տան մոտ: Նա մեզ ասաց, որ ինքն ու կինը գնում են այդ շինությունը, և նա ցանկանում է, որ ես ու իր դուստրը բնակվենք հյուրատանը: Նրանք կապրեին գլխավոր շենքում՝ մի քանի մետր հեռավորության վրա։ Այսպիսով, 10 տարի ապրելով այդ ընտանեկան գեղեցիկ միջավայրում, ես և կինս գրեթե ամեն օր ասում էինք. «Մենք ավելի լավ է սա վայելենք, քանի որ չենք պատրաստվում այստեղ երկար մնալ»:

Կանչը ստացանք Եկեղեցու կրթության հանձնակատար Նիլ Ա. Մաքսվելից: Նախագահ Քիմբալի կողմից տրված նախազգուշացումը, որ կարողանանք «հեշտությամբ թողնել այդ կյանքը», իրականություն դարձավ: Դա մի կանչ էր, որ թողնեինք այն, ինչը թվում էր կատարյալ ընտանեկան իրավիճակ, և ծառայելու հանձնարարությամբ գնայինք այնտեղ, որի մասին ես ոչինչ չգիտեի: Մեր ընտանիքը պատրաստ էր լքել այդ օրհնված ժամանակը և վայրը, քանի որ մարգարեն սուրբ տաճարում՝ հայտնության վայրում, տեսավ ապագա մի իրադարձություն, որին այն ժամանակ մենք պատրաստ էինք:

Ես գիտեմ, որ Տիրոջ տաճարները սուրբ վայրեր են: Տաճարների մասին խոսելու իմ այսօրվա նպատակն այն է, որ մեծացնեմ արժանավոր լինելու ձեր և իմ ցանկությունը, և պատրաստ լինենք տաճարային փորձառությունների ավելացված հնարավորություններին, որոնք սպասվում են մեզ:

Ինձ համար տաճարային փորձառություններին արժանի լինելու ամենամեծ դրդապատճառն այն է, ինչ Տերն ասել է Իր սուրբ տների մասին.

«Եվ որքան որ իմ ժողովուրդը Տիրոջ անունով տուն կառուցի ինձ համար, և թույլ չտա, որ որևէ անմաքուր բան մտնի այնտեղ, որպեսզի այն չապականվի, իմ փառքը պիտի հանգչի դրա վրա:

Այո, իմ ներկայությունը պիտի լինի այնտեղ, քանզի ես կմտնեմ այնտեղ, և բոլոր սրտով մաքուրները, որոնք կմտնեն այնտեղ, պիտի տեսնեն Աստծուն:

Բայց եթե այն պղծվի, ես չեմ մտնի այնտեղ, և իմ փառքը չի լինի այնտեղ. քանզի ես չեմ մտնի անսուրբ տաճարներ»:1

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հստակեցրել է մեզ համար, որ մենք կարող ենք Փրկիչին «տեսնել» տաճարում այն իմաստով, որ Նա այլևս անհայտ չէ մեզ համար: Նախագահ Նելսոնը հետևյալն է ասել․ «Մենք հասկանում ենք Նրան։ Մենք հասկանում ենք Նրա գործը և Նրա փառքը: Եվ մենք սկսում ենք զգալ Նրա անզուգական կյանքի անսահման ազդեցությունը»։2

Եթե ես կամ դուք ոչ բավարար մաքրությամբ գնանք տաճար, մենք Սուրբ Հոգու զորությամբ չենք կարողանա տեսնել Փրկիչի մասին հոգևոր ուսմունքները, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարում:

Երբ մենք արժանի ենք ստանալ այդպիսի ուսուցում, տաճարային մեր փորձառության միջոցով հույսը, ուրախությունը և լավատեսությունը կարող են աճել մեր ողջ կյանքի ընթացքում: Այդ հույսը, ուրախությունը և լավատեսությունը կարող ենք ստանալ միայն սուրբ տաճարներում կատարվող արարողությունների միջոցով։ Տաճարում է, որ կարող ենք հաստատում ստանալ ընտանեկան նվիրական կապերի մասին, որոնք կշարունակվեն մահից հետո և կտևեն հավերժություն:

Տարիներ առաջ, երբ ես ծառայում էի եպիսկոպոս, մի վայելչակազմ երիտասարդ մերժեց արժանավոր դառնալու իմ հրավերը՝ Աստծո հետ ընտանիքներում հավիտյան ապրելու համար: Հարձակվողական տոնով նա ինձ պատմեց իր ընկերների հետ անցկացրած լավ պահերի մասին: Ես չէի ընդհատում նրան։ Հետո նա պատմեց ինձ, թե ինչպես երեկույթներից մեկի ժամանակ այդ կոպիտ աղմուկի մեջ նա հանկարծ հասկացավ, որ իրեն միայնակ է զգում: Ես հարցրի նրան, թե ինչ էր պատահել։ Նա ասաց, որ այդ պահին հիշեց, թե ինչպես էր երեխա ժամանակ նստում իր մոր ծնկներին, իսկ մայրը գրկում էր իրեն։ Մի պահ այդ պատմությունը պատմելիս նա արտասվեց։ Ես նրան ասացի, որ այն ինչ ես գիտեմ, ճշմարիտ է. «Միակ ուղին, որով կարող ես այդ ընտանեկան գրկախառնության զգացումը հավետ ապրել, պետք է արժանավոր լինել և օգնել ուրիշներին ստանալ տաճարային կնքման արարողությունները»:

Մենք չգիտենք հոգևոր աշխարհում ընտանեկան կապերի մանրամասների մասին կամ այն, ինչ կարող ենք սպասել մեր հարությունից հետո: Բայց մենք գիտենք, որ Եղիա մարգարեն եկավ, ինչպես խոստացել էր, որպեսզի հայրերի սրտերը դարձնի դեպի իրենց զավակները, իսկ զավակների սրտերը՝ դեպի հայրերը»:3 Եվ մենք գիտենք, որ մեր հավերժական երջանկությունը կախված է այն բանից, որ մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի նույն հարատև երջանկությունն առաջարկենք հնարավորինս շատ ազգականների:

Նմանապես ցանկանում եմ հրավիրել ընտանիքի ապրող անդամներին, որ նրանք արժանավոր լինելու ցանկություն ունենան, որպեսզի ստանան և պատվեն տաճարային կնքման արարողությունները: Դա վերջին օրերում վարագույրի երկու կողմերում Իսրայելի խոստացված հավաքի մասն է կազմում:

Մեր լավագույն հնարավորություններից մեկը այն ժամանակ է, երբ մեր երեխաները փոքր են: Երեխաները ծնվում են Քրիստոսի լույսի պարգևով։ Դա թույլ է տալիս, որ նրանք հասկանան, թե ինչն է լավ, և ինչը՝ չար: Այդ պատճառով, նույնիսկ տեսնելով տաճարը կամ տաճարի նկարը, երեխաների մեջ կարող է զարգանալ արժանավոր լինելու ցանկություն, որ մի օր ներս մտնելու հնարավորություն ունենան:

Դրանից հետո կգա մի օր, երբ երիտասարդ տարիքում նրանք կստանան տաճարային երաշխավորագիր, որով կարող են տաճարում կատարել փոխարինող մկրտություններ: Այդ փորձառության շնորհիվ նրանք կզգան, որ տաճարային արարողությունները միշտ մատնանշում են Փրկիչին և Նրա Քավությունը: Երբ նրանք զգան, որ հոգևոր աշխարհում մարդուն առաջարկում են մեղքից մաքրվելու հնարավորություն, նրանց զգացողությունը կմեծանա այն բանի հանդեպ, որ օգնում են Փրկիչին Երկնային Հոր զավակներին օրհնելու Իր սուրբ գործում:

Ես տեսել եմ, որ այդ փորձառության զորությունը փոխում է մի երիտասարդի կյանքը: Տարիներ առաջ ես դստերս հետ տաճար գնացի ուշ երեկոյան: Նա փոխարինող մկրտություններ կատարող վերջին մարդն էր։ Իմ դստերը հարցրին, թե կարո՞ղ է ավելի երկար մնալ, որպեսզի ավարտի բոլոր այն մարդկանց արարողությունները, որոնց անունները պատրաստվել էին: Նա ասաց. «Այո»:

Ես ականատես եղա, թե ինչպես է իմ փոքրիկ դուստրը մտնում մկրտության ավազանի մեջ։ Մկրտության արարողությունը սկսվեց։ Ամեն անգամ, երբ ջրից դուրս էին հանում, իմ փոքրիկ դստեր դեմքից ջուր էր հոսում: Նրան կրկին ու կրկին հարցնում էին. «Կարո՞ղ ես ավելին անել»: Ամեն անգամ նա ասում էր. «Այո»:

Լինելով մտահոգ հայր՝ ես սկսեցի հուսալ, որ նա կհրաժարվի ավելին անելուց: Բայց դեռ հիշում եմ նրա հաստատակամությունը, երբ նրան հարցնում էին, թե արդյո՞ք կարող է ավելին կատարել, և նա վճռական ցածր ձայնով ասում էր. «Այո»: Նա մնաց այնքան ժամանակ, մինչև այդ օրը ցուցակում վերջին մարդը ստացավ մկրտության օրհնությունը Հիսուս Քրիստոսի անունով:

Երբ այդ գիշեր նրա հետ դուրս եկա տաճարից, զարմացած էի իմ տեսածից: Իմ աչքի առաջ մի երեխա բարձրացվել և փոխվել էր՝ ծառայելով Տիրոջը Նրա տանը։ Ես դեռ հիշում եմ լույսի և խաղաղության զգացումը, երբ միասին դուրս էինք գալիս տաճարից:

Անցան տարիներ։ Նա դեռ «այո» է ասում Տիրոջ այն հարցին, թե արդյոք ավելին կանի Իր համար, երբ դա շատ դժվար է: Դա այն է, ինչ տաճարային ծառայությունը կարող է անել՝ մեզ փոխելու և բարձրացնելու համար: Ահա թե ինչու ձեր և ձեր սիրելի ընտանիքների հանդեպ իմ հույսն այն է, որ դուք արժանի լինելու ցանկություն և վճռականություն ցուցաբերեք, որպեսզի Տիրոջ տուն մտնեք այնքան հաճախ, որքան ձեր հանգամանքներն են թույլ տալիս:

Տերը ցանկանում է ողջունել ձեզ այնտեղ։ Ես աղոթում եմ, որ դուք փորձեք Երկնային Հոր զավակների սրտերում այնտեղ գնալու ցանկություն սերմանել, որտեղ նրանք կարող են մոտ զգալ Երկնային Հորը, և հրավիրեք նաև ձեր նախնիներին, որ արժանավոր գտնվեն՝ Նրա և ձեզ հետ հավերժ լինելու համար։

Այս խոսքերը կարող են մեզ վերաբերել․

Ես սիրում եմ տեսնել տաճարը:

Կգնամ այնտեղ մի օր

Զգալու Սուրբ Հոգին,

Լսելու և աղոթելու համար։

Տաճարը Աստծո Տունն Է,

Սիրո և գեղեցկության վայր։

Ես կպատրաստվեմ փոքր տարիքից,

Դա իմ սրբազան պարտքն է։4

Ես հանդիսավոր վկայում եմ, որ մենք սիրող Երկնային Հոր զավակներն ենք: Նա ընտրեց, որ Իր Սիրելի Որդի Հիսուս Քրիստոսը լինի մեր Փրկիչն ու Քավիչը։ Նրանց հետ և մեր ընտանիքների հետ ապրելու միակ եղանակը սուրբ տաճարի արարողությունների միջոցով է: Ես վկայում եմ, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կրում և գործադրում է քահանայության բոլոր բանալիները, որոնք հնարավոր են դարձնում հավերժական կյանքը Աստծո բոլոր զավակների համար: Ես դա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: