2021
Lույսը հարում է լույսին
Մայիս 2021


11:11

Lույսը հարում է լույսին

Երբ մենք ուժեղացնում ենք մեր հավատքն առ Քրիստոս, մենք ստանում ենք ուժեղացող լույս, մինչև այն ցրում է ողջ խավարը:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես ուրախանում եմ ձեզ հետ այս օրհնյալ Զատիկի կիրակի օրը` մտածելով այն փառահեղ լույսի մասին, որը ծագեց երկրի վրա մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության հետ:

Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուսը հայտարարեց․ «Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնալ, այլ կյանքի լույսը կընդունի»։1 Քրիստոսի Հոգին «բոլոր բաների մեջ է, [և] կյանք է տալիս բոլոր բաներին»:2 Այն հաղթում է խավարին, որը հակառակ դեպքում կպարուրեր մեզ:

Տարիներ առաջ արկածներ որոնելով՝ ես և իմ երկու որդիները միացանք երիտասարդների մի խմբի և գնացինք Հառաչող քարանձավ, որն իր անունը ստացել էր այն ձայնի պատճառով, որը մի ժամանակ արձագանքում էր նրա բերանից: Քարանձավը ծխնելույզով մի անձավ է, որը բացվում է 180 ոտնաչափ (55 մ) խորությամբ ուղղահայաց խոռոչի մեջ. այն Կալիֆորնիայի ամենամեծ միանձավ քարանձավային խոռոչն է:

Հառաչող քարանձավ

Դեպի ներքև ձգվում են երկու ուղիներ՝ ապահով շրջանաձև սանդուղք կամ վայրէջք պարանով խոռոչի հատակին. ես ու որդիներս ընտրեցինք պարանով իջնել: Իմ ավագ որդին առաջինը գնաց, մինչդեռ ես ու կրտսեր որդիս դիտավորյալ վերջինը գնացինք, որպեսզի միասին իջնեինք:

Նրանից հետո, երբ մեր ուղեկցորդները հրահանգավորեցին մեզ և կապեցին թոկերով, ապա ապահովող սարքով կապեցին ամուր պարանին, մենք դանդաղ շարժվեցինք հետ, մինչև որ կանգնեցինք մի փոքրիկ խութի վրա և վստահություն հավաքեցինք, քանի որ դա վերջին տեղն էր, որտեղ կարելի էր շրջվել և վերջին տեղը, որտեղից կարող էինք տեսնել արևի լույսը քարանձավի բերանից:

Մեր հաջորդ քայլը հետ տարավ մեզ դեպի մի գլխավոր քարանձավ, որն այնքան բարձր էր ու լայն, որ ամբողջությամբ կարող էր կուլ տալ Ազատության արձանը: Մենք կախված էինք այնտեղ` դանդաղ պտտվելով, մինչ մեր աչքերը հարմարվում էին հարաբերական խավարին: Մինչ շարունակում էինք մեր վայրէջքը, էլեկտրական լույսերի փայլը լուսավորեց փայլող ստալագմիտների և ստալակտիտների հանքանյութի մի հոյակապ պատ:

Առանց նախազգուշացման հանկարծ լույսերն ամբողջովին անջատվեցին: Անդունդի վերևում կախված՝ մենք ընկղմվել էինք այնքան խորը մթության մեջ, որ նույնիսկ չէինք տեսնում մեր ձեռքերը մեր առջևի պարանների վրա: Մի ձայն ակնթարթորեն կանչեց. «Հայրի՜կ, հայրի՜կ, դու այդտե՞ղ ես»:

«Ես այստեղ եմ, որդի՛ս, ես հենց այստեղ եմ»,- պատասխանեցի ես:

Լույսի անսպասելի կորուստը նախատեսված էր ցույց տալ, որ առանց էլեկտրականության քարանձավի մթությունն անթափանց էր: Դա հաջողվեց, մենք «զգացինք» խավարը: Երբ լույսերը վառվեցին, խավարն ակնթարթորեն տեղի տվեց, ինչպես խավարը միշտ պետք է տեղի տա, նույնիսկ ամենաթույլ լույսին: Իմ և որդիներիս հիշողության մեջ մնաց մի մթություն, որը մենք երբևէ չէինք իմացել, ավելի մեծ գնահատանք լույսի համար, որը մենք երբեք չենք մոռանա, և մի վստահություն, որ մենք երբեք ամբողջովին մենակ չենք մթության մեջ:

Մեր վայրէջքը այդ քարանձավում ինչ-որ ձևով զուգահեռներ ունի մահկանացու կյանքի միջով մեր ճամփորդության հետ: Մենք հեռացանք երկնքի փառահեղ լույսից և մոռացության վարագույրի միջով իջանք դեպի խավարած մի աշխարհ: Մեր Երկնային Հայրը չլքեց մեզ խավարում, այլ խոստացավ մեզ լույս մեր ճամփորդության համար` Իր սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով:

Մենք գիտենք, որ արևի լույսը կենսական է Երկրի վրա ողջ կյանքի համար: Մեր հոգևոր կյանքի համար հավասարապես կենսական է մեր Փրկիչից ճառագող լույսը: Իր կատարյալ սիրով Աստված շնորհում է Քրիստոսի լույսը ամեն մարդու, «ով գալիս է աշխարհ»3 որպեսզի նրանք կարողանան «բարին տարբերել չարից»4 և հուշում ստանալ՝ «շարունակ անել բարիք»:5 Լույսը, որը հայտնվում է ինքնին, որը մենք հաճախ անվանում ենք խիղճ, միշտ դրդում է մեզ գործել և ավելի լավը լինել, լինել մեր լավագույն եսը:

Երբ մենք ուժեղացնում ենք մեր հավատքն առ Քրիստոս, մենք ստանում ենք ուժեղացող լույս, մինչև այն ցրում է ողջ խավարը, որը կարող է հավաքվել մեր շուրջը: «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»6:

Քրիստոսի լույսը պատրաստում է մեզ ստանալ Սուրբ Հոգու սպասավորող ազդեցությունը, որը «Աստծո համոզող զորությունն է … Ավետարանի ճշմարտության մասին»7: Աստվածագլխի երրորդ անդամը` Սուրբ Հոգին «Հոգեղեն անձնավորություն է»։8 Լույսի մեծագույն աղբյուրը, որ Երկնային Հայրն ուղարկում է ձեզ՝ մահկանացու կյանքում, գալիս է Սուրբ Հոգու միջոցով, ում ազդեցությունը «կլուսավորի ձեր միտքը [և] ուրախությունով կլցնի ձեր հոգին»:9

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում վերականգնված քահանայության միջոցով դուք մկրտվում եք ընկղմումով` մեղքերի թողության համար: Ապա ձեռքեր են դրվում ձեր գլխին և Սուրբ Հոգու այս սքանչելի «անասելի պարգևը»10 շնորհվում է ձեզ:

Այնուհետև, երբ ձեր ցանկությունները և գործողությունները կենտրոնացած են ուխտի արահետի վրա, Սուրբ Հոգին, որպես լույս ձեր մեջ, կբացահայտի և կվկայի ճշմարտության մասին,11 կնախազգուշացնի վտանգի մասին, կմխիթարի,12 և կմաքրի13 և կտա խաղաղություն14 ձեր հոգուն:

Որովհետև «լույսը հարում է լույսին,15 Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը կառաջնորդի ձեզ կատարել ընտրություններ, որոնք միտված կլինեն պահել ձեզ լույսի մեջ, ընդհակառակը, ընտրությունները, որոնք կարվեն առանց Սուրբ Հոգու ազդեցության, միտված կլինեն առաջնորդել ձեզ դեպի ստվերներ և խավար: Ինչպես Ռոբերտ Դ. Հեյլսն է ուսուցանել. «Երբ լույսը ներկա է, խավարը պարտվում է և պետք է հեռանա: … Երբ Սուրբ հոգու հոգևոր լույսը ներկա է, սատանայի խավարը հեռանում է»:16

Կարելի՞ է առաջարկել, որ գուցե սա է ժամանակը, որ հարցնեք ինքներդ ձեզ. Արդյո՞ք ես ունեմ այդ «լույսը» իմ կյանքում: Եթե ոչ, ե՞րբ էր վերջին անգամ, որ ունեցա:

Ճիշտ, ինչպես արևի լույսը ողողում է երկիրը՝ նորացնելու և կյանք հաստատելու համար, դուք կարող եք ամեն օր պայծառացնել ձեր միջի լույսը, երբ որոշում եք հետևել Նրան` Հիսուս Քրիստոսին:

Ամեն անգամ արևափայլի մի կաթիլ է ավելանում, երբ որոնում եք Աստծուն աղոթքով, երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները «Նրան լսելու համար»,17 գործում առաջնորդությամբ և ապրող մարգարեների հայտնությամբ և պահում եք պատվիրանները`«քայլելու Տիրոջ բոլոր կանոններով»:18

Դուք հոգևոր արևալույս կհրավիրեք ձեր հոգու մեջ և խաղաղություն՝ ձեր կյանքում ամեն անգամ, երբ ապաշխարեք: Երբ ճաշակում եք հաղորդությունը ամեն շաբաթ, երբ վերցնում եք Փրկիչի անունը ձեզ վրա՝ միշտ հիշելու Նրան, և պահում եք Նրա պատվիրանները, Նրա լույսը կշողա ձեզանում:

Արևի փայլ կա ձեր հոգում ամեն անգամ, երբ կիսվում եք ավետարանով և բերում ձեր վկայությունը: Ամեն անգամ, երբ ծառայում եք միմյանց, ինչպես Փրկիչը, Նրա ջերմությունը կզգաք ձեր սրտում: Երկնային Հոր լույսը միշտ բնակվում է Իր սուրբ տաճարի ներսում և բոլոր նրանց վրա, ովքեր իրենց ներկայացնում են Տիրոջ Տանը: Նրա լույսը ձեր հոգում ուժեղանում է բարության գործերով, ձեր համբերությամբ, ներողամտությամբ, գթությամբ և դրսևորվում է ձեր երջանիկ դեմքին: Մյուս կողմից՝ մենք քայլում ենք ստվերներում, երբ չափազանց շուտ ենք բարկանում կամ չափազանց ուշ ենք ներում: «Երբ ձեր դեմքը պահեք դեպի արևափայլը, ստվերները կմնան ձեր հետևում»:19

Երբ ապրեք Սուրբ Հոգու ընկերակցությանը արժանի, դուք իսկապես «կմեծացնեք հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը»:20

Կյանքը ներկայացնում է մարտահրավերներ և հետընթացներ, և մենք բոլորս պետք է դիմակայենք որոշ խավար օրերի և փոթորիկների: Այդ ընթացքում, եթե մենք «թողնենք, որ Աստված տնօրինի մեր կյանքը»,21 Սուրբ Հոգու լույսը կբացահայտի, որ մեր փորձություններում նպատակ և իմաստ կա, և դրանք, ի վերջո, դարձնում են մեզ ավելի լավ, ավելի ամբողջական անձնավորություններ` ավելի ամուր հավատքով և ավելի պայծառ հույսով առ Քրիստոս, գիտենալով, որ Աստված այնտեղ էր` մեզ հետ, մեր բոլոր խավար օրերի ընթացքում: Ինչպես Ռասսել Մ. Նելսոնն է խորհուրդ տվել. «Թանձրացող խավարը, որն ուղեկցում է նեղություններին, Հիսուս Քրիստոսի լույսն ավելի պայծառ է փայլեցնում, քան երբևէ»։22

Մեր կյանքի որոշ պահեր կարող են տանել մեզ վայրեր, որոնք և՛ անսպասելի են, և՛ անցանկալի: Եթե մեղքն է ձեզ տարել այնտեղ, հետ քաշեք խավարի վարագույրը և սկսեք այժմ խոնարհաբար մոտենալ ձեր Երկնային Հորը՝ կոտրված սրտով և փշրված հոգով և ապաշխարեք: Նա կլսի ձեր անկեղծ աղոթքները: Այսօր քաջությամբ «մոտեցեք [Նրան], և [Նա] կմոտենա ձեզ»։23 Դուք երբեք Հիսուս Քրիստոսի Քավության բժշկող զորությունից հեռու չեք:

Ես ծնվել եմ լավ ծնողներից և հավատարիմ նախնիներից, ովքեր արձագանքեցին Հիսուս Քրիստոսի լույսին և Նրա ավետարանին, և դա օրհնեց նրանց կյանքն ու սերունդներին, ովքեր հետևել են հոգևոր դիմացկունությամբ: Հայրս հաճախ էր պատմում իր հոր` Միլո Թ.Դայչեսի մասին, թե ինչպես էր նրա հավատքն առ Աստված լույս եղել իր համար օր ու գիշեր: Պապիկս անտառապահ էր և հաճախ էր ձիով մենակ գնում լեռները՝ իր կյանքը անկասկած վստահելով Աստծո ուղղորդմանն ու խնամքին:

Մի անգամ, ուշ աշնանը պապիկս մենակ էր բարձր սարերում: Ձմեռն արդեն ցույց էր տվել իր դեմքը, երբ նա թամբեց իր սիրելի ձիերից մեկը՝ ծեր Պրինսին, և քշեց դեպի սղոցարան, որպեսզի գերանները չափագրեր, նախքան դրանք կսղոցեին՝ դարձնելով փայտանյութ:

Մթնշաղին նա վերջացրեց իր աշխատանքը և նորից բարձրացավ թամբի վրա: Մինչ այդ ջերմաստիճանը կտրուկ ընկել էր, և ձմեռային կատաղի ձնաբուքը կլանեց լեռը: Չունենալով ո՛չ լույս, ո՛չ իրեն առաջնորդող արահետ, նա շրջեց Պրինսին մի ուղղությամբ, որը, կարծում էր, կտաներ իրենց հետ` դեպի անտառապահի կայանը:

Միլո Դայչեսը փոթորիկի մեջ ճամփորդելիս

Մթության մեջ մղոններ ճամփորդելուց հետո Պրինսը դանդաղեց, ապա կանգ առավ: Պապիկս անընդհատ ստիպում էր Պրինսին առաջ գնալ, բայց ձին հրաժարվում էր: Իրենց շուրջը պտտվող կուրացնող ձյունը պապիկիս հասկացրեց, որ նա Աստծո օգնության կարիքն ուներ: Ինչպես իր ողջ կյանքում էր արել, նա խոնարհաբար «[խնդրեց] հաւատքով, առանց երկմտելու»:24 Մի խաղաղ ցածր ձայն պատասխանեց. «Միլո՛, Պրինսի սանձերը թուլացրու»: Պապիկս հնազանդվեց, և երբ նա թուլացրեց սանձերը, Պրինսը պտտվեց և ծանրաքայլ հեռացավ այլ ուղղությամբ: Ժամեր անց Պրինսը կանգ առավ նորից և կախեց գլուխը: Ձնաբքի միջից պապիկս տեսավ, որ իրենք բարեհաջող հասել էին անտառապահի կայանի դարպասին:

Առավոտյան արևի դուրս գալուն պես պապիկս հետևեց Պրինսի թույլ հետքերին: Նա խորը հոգոց քաշեց, երբ գտավ այն տեղը, որտեղ թուլացրել էր Պրինսի սանձերը. այն մի բարձր լեռան ծերպին էր, որտեղ, եթե մի քայլ առաջ գնային, ինչպես ձին, այնպես էլ հեծյալը կմեռնեին՝ ներքևի սուր ժայռերին բախվելով:

Այդ և շատ ուրիշ փորձառությունների վրա հիմնվելով, պապիկս հաճախ էր խորհուրդ տալիս. «Լավագույն և մեծագույն ընկերակիցը, որ երբևէ կունենաք, ձեր Հայրն է, որ Երկնքում է»: Երբ հայրս պատմում էր պապիկիս պատմությունը, ես հիշում եմ, որ նա մեջբերում էր սուրբ գրություններից.

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:25

Փրկիչը՝ լապտերը բռնած

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը հավիտենական լույս է, որը «շողում է խավարում»:26 Չկա խավար, որ կարողանա երբևէ ճնշել, հանգցնել, հաղթել կամ վերացնել այդ Լույսը: Մեր Երկնային Հայրը առատորեն առաջարկում է ձեզ այդ Լույսը: Դուք երբեք միայնակ չեք: Նա լսում և պատասխանում է յուրաքանչյուր աղոթքի։ Նա «ձեզ խավարիցը կանչեց Իր զարմանալի լույսի մեջ»:27 Երբ հարցնեք. «Հա՜յր, Հա՜յր, դու այդտե՞ղ ես» Նա միշտ կպատասխանի. «Ես այստեղ եմ, զավակս, ես հենց այստեղ եմ»:

Ես իմ վկայությունն եմ բերում, որ Հիսուս Քրիստոսը իրականացրեց Երկնային Հոր ծրագիրը՝ որպես մեր Փրկիչ և մեր Քավիչ,28 Նա մեր լույսն է, մեր կյանքը և մեր ուղին: Նրա լույսը երբեք չի խամրի,29 Նրա փառքը երբեք չի մարի, Նրա սերը ձեր հանդեպ հավերժական է՝ երեկ, այսօր, և հավիտյանս: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։