Երեց Շոն Դուգլաս
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Կանչվելով երիտասարդ միսիոներ Չիլիի Կոնսեպսիոն Միսիայում՝ Շոն Դուգլասն իր ծառայությունը սկսեց գյուղական վայրերում: «Չիլիի առաջին հիանալի զուգընկերը և ուսուցիչը լույսի արագությամբ խոսում էր իսպաներեն»: Հարավային Ամերիկայի այդ երկրում երեք ամիս մնալուց հետո Երեց Դուգլասը դեռ դժվարանում էր յուրացնել իսպաներենը:
Հուսալքությունն ու կարոտը նրան խորը կասկածի մեջ գցեցին և ծնկի բերեցին: «Ես ոչինչ լավ չեմ անում», - աղոթեց նա: «Ես կարծես թե ոչ մեկի վրա չեմ ներգործում»:
Նրան ի վերուստ մի հզոր հարց տրվեց․ «Դու այստեղ ես Ի՞նձ համար, թե՞ այստեղ ես քեզ համար»:
Այս պահին նա Աստծո առաջ որոշեց մոռանալ իրեն և շարունակել փորձել: «Հենց այդ գիշեր իմ երազը իսպաներենով էր», - ասել է նա:
Հաջորդ օրն ամեն ինչ ավելի հեշտ էր: «Ես կարողանում էի մի քիչ ավելի լավ խոսել: Ես կարողանում էի մի քիչ ավելին հասկանալ», - ասել է նա: «Միսիան արագացուցիչ հանդիսացավ աղոթքի զորության մասին իմ վկայության համար առ այն, որ երբ գնում և անում եմ այն, ինչ Տերն է պատվիրում, Նա միշտ ուղի է պատրաստում ինձ համար»:
Այդ միտքն առաջնորդել է նրան ողջ կյանքում:
Շոն Դուգլասը ծնվել է 1964 թվականի մայիսի 1-ին Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիում՝ Բարբարա և Լեո Դուգլասների ընտանիքում: Մեծացել է Սոլթ Լեյքի հովտի Իստ Բենչ թաղամասում։ 1985 թվականի հունիսին Սոլթ Լեյքի տաճարում նա ամուսնացել է Պատրիսիա Էն Դիքսոնի՝ իր ավագ դպրոցի սիրելի աղջկա հետ։ Նրանք ունեն չորս զավակ:
Երեց Դուգլասն ավարտել է Յուտայի համալսարանի հաշվապահական բաժինը և աշխատել է որպես աուդիտոր՝ նախքան երեք տասնամյակ «Հանթսման» ընկերությունում աշխատելը, ի վերջո աշխատելով որպես գործադիր փոխնախագահ և գլխավոր ֆինանսական տնօրեն:
Տիրոջ հանդեպ նրա հավատքն ու վստահությունը, որն ամրապնդվեց իր երիտասարդ տարիներին և միսիայի ընթացքում, նրան առաջնորդեց աշխատանքի բերումով տեղափոխվել Անգլիա, որտեղ նա ծառայեց որպես երիտասարդ եպիսկոպոս, իսկ հետո տեղափոխվեց Հյուսթոն (Տեխաս, ԱՄՆ): 2012-2015 թ.թ․ նա ծառայել է Պերու Լիմայի հարավային միսիայի նախագահ։ Երեց Դուգլասը իր նոր կոչումը ստանալուց առաջ ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական: