Եպիսկոպոսներ․ Տիրոջ հոտի հովիվներ
Եպիսկոպոսը գերակա դեր ունի հովիվ ծառայելու գործում, որպեսզի աճող սերնդին առաջնորդի դեպի Հիսուս Քրիստոսը:
Քահանայության իմ սիրելի՛ եղբայրներ, շատ սիրված օրհներգի ամենահիշարժան տողերից մեկը հարցնում է. «Մի՞թե Սիոնի երիտասարդությունը կթուլանա»:1 Այդ հարցին ես սրտանց և հնչեղ պատասխանում եմ «Ո՛չ»:
Համոզվելու համար, որ այդ պատասխանը ճիշտ է, ես այսօր վկայում եմ, որ անսովոր մարտահրավերների և գայթակղությունների շրջանում աճող սերնդին սատարելը էական պարտականություն է, որ Երկնային Հայրը տվել է ծնողներին և եպիսկոպոսություններին:2 Թույլ տվեք անձնական փորձառությամբ ցույց տալ եպիսկոպոսության կարևորությունը։
Երբ ես սարկավագ էի, մեր ընտանիքը տեղափոխվեց նոր տուն՝ մեկ այլ ծխի տարածքում։ Ես սկսում էի ավագ դպրոցի առաջին տարին, այնպես որ ես լրիվ նոր դպրոց էի հաճախում։ Սարկավագների քվորումում պատանիների հրաշալի խումբ էր հավաքվել։ Մեծ մասի ծնողները եկեղեցու ակտիվ անդամներ էին։ Մայրս լիովին ակտիվ էր․ հայրս բոլոր առումներով բացառիկ էր, սակայն եկեղեցում ակտիվ չէր։
Եպիսկոպոսության երկրորդ խորհրդականը՝3 եղբայր Դին Էյրը, նվիրյալ առաջնորդ էր։ Երբ դեռ համակերպվում էի նոր ծխին, հայրերի և որդիների միջոցառում հայտարարվեց դեպի Բեար լիճ, որը մոտ 65 կմ հեռու էր։ Չէի կարծում, որ առանց հայրիկի ես կմասնակցեմ։ Սակայն եղբայր Էյրը ինձ առանձնահատուկ հրավիրեց՝ ասելով, որ կարող եմ գնալ իր հետ։ Նա շատ բարձր կարծիք ուներ և հարգալից էր խոսում հայրիկիս մասին և շեշտեց սարկավագների քվորումի մյուս անդամների հետ լինելու իմ հնարավորության կարևորությունը: Այնպես որ ես որոշեցի գնալ եղբայր Էյրի հետ և հրաշալի փորձառություն ունեցա։
Եղբայր Էյրը քրիստոսանման սիրո և երիտասարդներին սնելու գործում ծնողներին աջակցելու եպիսկոպոսության պարտականությունը կատարելու սքանչելի օրինակ ծառայեց։ Նա օգնեց ինձ գերազանց սկիզբ ունենալ նոր ծխում և խորհրդատու դարձավ ինձ համար։
Միսիայի իմ ծառայություն մեկնելուց մի քանի ամիս առաջ՝ 1960թ․, եղբայր Էյրը 39 տարեկանում մահացավ քաղցկեղից՝ թողնելով կնոջը և 16 տարեկանից ցածր հինգ երեխաներին։ Նրա ավագ որդիները՝ Ռիչարդ և Քրիս Էյրերը, ինձ հավաստիացրել են, որ իրենց հոր բացակայության պայմաններում եպիսկոպոսության անդամները քրիստոսանման սիրով աջակցել և հոգացել են իրենց և իրենց կրտսեր եղբայրների ու քրոջ մասին, ինչի համար ես երախտապարտ եմ:
Ընտանիքի համար հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները։4 Քվորումի նախագահությունները նույնպես էական աջակցություն և առաջնորդություն են տրամադրում քվորումի անդամներին՝ օգնելով նրանց Ահարոնյան Քահանայության պարտականություններն ու զորությունը իրենց կյանքի առանցքում պահելու հարցում:5
Այսօր իմ նպատակն է կենտրոնանալ եպիսկոպոսների և նրանց խորհրդականների վրա, որոնց կարելի է պատշաճ ձևով կոչել «հովիվներ Տիրոջ հոտի վրա»՝ շեշտադրելով աճող սերնդին հովվելու գործը:6 Հետաքրքիր է, որ Պետրոս Առաքյալը Հիսուս Քրիստոսին հիշատակել է որպես մեր «հոգիների Հովիվն ու Եպիսկոպոսը»:7
Ծուխը նախագահելու գործում եպիսկոպոսն ունի հինգ հիմնական պարտականություն․
-
Նա ծխի նախագահող քահանայապետն է։8
-
Նա ահարոնյան քահանայության նախագահն է։9
-
Նա ընդհանուր դատավոր է։10
-
Նա համակարգում է փրկության և վեհացման աշխատանքը, այդ թվում՝ կարիքավորների մասին հոգալը։11
-
Եվ նա վերահսկում է եկեղեցական գրանցումներն ու ֆինանսները, ինչպեսև ժողովատան օգտագործումը։12
Նախագահող քահանայապետի իր դերում եպիսկոպոսը ծխի «հոգեւոր առաջնորդն» է:13 Նա «Քրիստոսի հավատարիմ հետևորդ է»։14
Բացի այդ, «եպիսկոպոսը համակարգում է փրկության և վեհացման աշխատանքը»։15 Ավետարանով կիսվելու, նոր և վերադարձող անդամներին ամրապնդելու, սպասավորության և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքների ամենօրյա պարտականությունները եպիսկոպոսը պետք է հանձնարարի երեցների քվորումի և Սփոփող միության նախագահություններին։16 Փրկության աշխատանքը եպիսկոպոսը համակարգում է ծխի խորհրդի և ծխի երիտասարդների խորհրդի ժողովներում:
Եպիսկոպոսը գերակա դեր ունի հովիվ ծառայելու գործում՝ աճող սերնդին, ինչպես նաև երիտասարդ ամուրիներին, առաջնորդելով դեպի Հիսուս Քրիստոս:17 Նախագահ Ռասել Մ. Նելսոնը շեշտել է եպիսկոպոսի և նրա խորհրդականների կարևորագույն դերը: Նա ուսուցանել է, որ նրանց «առաջին և ամենակարևոր պարտականությունն է հոգալ [իրենց] ծխի պատանիների և պարմանուհիների մասին»։18 Եպիսկոպոսությունն աջակցում է ծնողներին՝ պաշտպանելով և դաստիարակելով ծխի երեխաներին ու երիտասարդներին: Եպիսկոպոսը և ծխի Երիտասարդ կանանց նախագահը միասին խորհրդակցում են: Նրանք ձգտում են օգնել երիտասարդներին ապրել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշներով և արարողություններ ստանալու և սրբազան ուխտեր կապելու և պահելու արժանի կյանքով։
Դուք հնարավոր է հարցնեք. «Ինչո՞ւ են եպիսկոպոսին հրահանգում այդքան ժամանակ անցկացնել երիտասարդների հետ»: Տերը կազմավորել է Իր Եկեղեցին գերակա խնդիրներ իրականացնելու համար: Ըստ այդմ, Նրա Եկեղեցու կազմակերպությունն ունի մի կառուցվածք, որտեղ եպիսկոպոսը կրում է երկակի պատասխանատվություն: Նա վարդապետական պատասխանատվություն ունի ծխի համար՝ որպես ամբողջություն, բայց նաև վարդապետական հատուկ պատասխանատվություն ունի քահանաների քվորումի համար:19
Քահանայի տարիքի պատանիները և նույն տարիքի պարմանուհիները գտնվում են իրենց կյանքի և զարգացման շատ կարևոր փուլում: Կարճ ժամանակահատվածում նրանք որոշումներ են կայացնում, որոնք հետևանքներ ունեն ողջ կյանքի համար: Նրանք որոշում են, թե արդյոք արժանավոր կլինեն տաճար մտնելու համար, կծառայեն միսիայում,20 կամուսնանան տաճարում և կընտրեն կյանքի իրենց գործը։ Այս որոշումները, ընդունելուց հետո, ունեն խորը հոգևոր և գործնական հետևանքներ իրենց կյանքի մնացած մասի համար: Եպիսկոպոսնե՛ր, խնդրում եմ իմացեք, որ երիտասարդ քահանայի, պարմանուհու կամ չափահաս երիտասարդի հետ անցկացրած համեմատաբար կարճ ժամանակը կարող է օգնել նրանց հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով իրենց հասանելի ուժը: Այն կարող է նրանց տեսլական տալ, որը խոր ազդեցություն կունենա նրանց ողջ կյանքի վրա:
Եպիսկոպոս Մոա Մահեն իր երիտասարդության համար այսպիսի տեսլական ցույց տալու լավագույն օրինակներից մեկն է: Նա կանչվել էր Սան Ֆրանցիսկոյի թոնգալեզու ծխի առաջին եպիսկոպոս։21 Նա ներգաղթյալ էր Թոնգայի Վավաու քաղաքից: Նրա ծուխը գտնվում էր Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքի օդանավակայանի մոտակայքում, որտեղ նա աշխատում էր։22
Ծուխը մեծ թվով երիտասարդներ ուներ, մեծ մասամբ այն ընտանիքներից, ովքեր վերջերս էին ներգաղթել Միացյալ Նահանգներ: Եպիսկոպոս Մահեն նրանց ոչ միայն խոսքով և օրինակով էր սովորեցնում, թե ինչպես լինել Հիսուս Քրիստոսի արդար աշակերտ, այլ նաև օգնում էր նրանց տեսլական ունենալ, թե ինչ կարող են դառնալ և օգնում էր նրանց պատրաստվել տաճարին, միսիայի ծառայությանը, կրթությանը և աշխատանքին: Նա ծառայեց գրեթե ութ տարի և երիտասարդության հանդեպ նրա երազանքներն ու ցանկությունները իրականություն դարձան:
Ահարոնյան Քահանայության քվորումների պատանիների գրեթե 90 տոկոսը ծառայեց միսիայում: 15 պատանիներ և աղջիկներ իրենց ընտանիքի առաջին անդամներն էին, ովքեր քոլեջ էին հաճախում23 Նա հանդիպել էր տեղի ավագ դպրոցի տնօրենի հետ (ոչ մեր հավատքի), և նրանք սերտ կապ էին պահում ու համագործակցում, որպեսզի օգնեին յուրաքանչյուր երիտասարդի՝ արժեքավոր նպատակների հասնելու և խնդիրները հաղթահարելու գործում: Տնօրենն ինձ ասաց, որ եպիսկոպոս Մահեն օգնում է իրեն աշխատել բոլոր հավատքի ներգաղթյալների հետ, ովքեր դժվարություններ ունեին: Երիտասարդները գիտեին, որ եպիսկոպոսը սիրում է իրենց:
Ցավոք, եպիսկոպոս Մահեն իր ծառայության ժամանակ մահացավ: Ես երբեք չեմ մոռանա նրա հուզիչ և ոգեշնչող հուղարկավորությունը: Հսկայական բազմություն կար: Երգչախումբը բաղկացած էր ավելի քան 35 հավատարիմ երիտասարդներից, ովքեր ծառայել էին միսիայում կամ քոլեջ էին հաճախում, և ովքեր երիտասարդ էին եղել եպիսկոպոսի ծառայության ընթացքում: Խոսնակներից մեկը բուռն զգացումով երախտագիտություն հայտնեց իր ծխի երիտասարդների և երիտասարդ մեծահասակների կողմից: Նա հարգանքի տուրք մատուցեց եպիսկոպոս Մահեին այն տեսլականի համար, որ նա տվել էր նրանց՝ կյանքին և արդար ծառայությանը պատրաստվելիս: Բայց ամենակարևորը, եպիսկոպոս Մահեն օգնել էր նրանց հավատ զարգացնել առ Տեր Հիսուս Քրիստոսը, որպես իրենց կյանքի հիմքը:
Այժմ, եպիսկոպոսնե՛ր, որտեղ էլ որ դուք ծառայեք, ձեր հարցազրույցների և այլ շփումների ժամանակ, դուք կարող եք նման տեսլական հաղորդել և հավատք զարգացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ: Դուք կարող եք զորեղ հրավեր հղել՝ վարքը փոխելու, կյանքին նախապատրաստվելու և նրանց ոգեշնչելու, որ մնան ուխտի ուղու վրա:
Բացի այդ, դուք կարող եք օգնել երիտասարդներին, ովքեր համեմատաբար անկարևոր բաների համար հակասության մեջ են ծնողների հետ։24 Այն տարիներին, երբ երիտասարդների և ծնողների հարաբերությունները առավել հակասական են, անձը, որը նրանց քվորումի նախագահն է և նրանց հոգևոր ղեկավարն է, նաև այն մարդն է, ում մոտ գնում են իրենց ծնողները՝ տաճարային երաշխավորագրի համար: Սա եպիսկոպոսին դնում է յուրահատուկ վիճակում, որ խորհուրդ տա ինչպես երիտասարդներին, այնպես էլ նրանց ծնողներին, երբ հակառակությունը բաժանում է ստեղծել: Եպիսկոպոսները կարող են օգնել՝ և՛ իրերը դիտել հավերժական հեռանկարով, և՛ լուծել քիչ թե շատ կարևոր խնդիրները: Մենք խորհուրդ ենք տալիս եպիսկոպոսներին սպասավորման ընտանիքներ չնշանակել, որպեսզի նրանք կարողանան իրենց ժամանակի և եռանդի ծառայությունը կենտրոնացնել երիտասարդների և նրանց ընտանիքների նման իրավիճակներին:25
Ես ճանաչում եմ մի եպիսկոպոսի, ով կարողացել է որդու և նրա ծնողների միջև ծայրահեղ վեճ լուծել՝ ներդաշնակություն բերելով տուն և ավելացնելով ավետարանի հանդեպ նվիրվածությունը: Եպիսկոպոսը օգնեց ծնողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալու ձգտումն ավելի կարևոր է, քան առօրյա գործերը կատարելու ձևն ու ժամանակը:
Երիտասարդության հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, որտեղ էլ նրանք լինեն, ներառյալ դպրոցական միջոցառումները կամ իրադարձությունները, եպիսկոպոսություններին խորհուրդ է տրվում պատշաճ հանդիպումներն ու խորհրդատվության ժամանակը պատվիրակել մեծահասակներին: Եպիսկոպոսները կարող են սուր և հրատապ հարցերի խորհրդատվությունը անձամբ կատարել, իսկ պակաս հրատապության՝ արժանավորության վճիռներ չպահանջող, կրկնվող ու շարունակական խորհրդատվական գործերը պատվիրակել երեցների քվորումի կամ Սփոփող միության անդամներին՝ նախագահությանը կամ սպասավորող զույգերին: Սուրբ Հոգին ղեկավարներին կառաջնորդի26 ճիշտ անդամներ ընտրել խորհրդատվության համար։ Պատվիրակված խորհրդատվական հանձնարարություն ստացողները հայտնության իրավունք ունեն: Նրանք, իհարկե, միշտ պետք է պահպանեն խիստ գաղտնիությունը:
Խոհեմ առաջնորդները միշտ զոհաբերել են աճող սերնդի համար: Այստեղ են եպիսկոպոսության անդամներն իրենց եկեղեցական ծառայության ժամանակի մեծ մասն անցկացնում:
Այժմ ուզում եմ մի քանի խոսք հղել անմիջապես երիտասարդներին, ապա նաև մեր եպիսկոպոսներին:
Ձեզանից շատերը, թանկագի՛ն երիտասարդներ, հնարավոր է, չունեն հստակ պատկերացում, թե ով եք դուք և ով կարող եք դառնալ: Այնուամենայնիվ, դուք գտնվում եք ձեր կյանքի ամենակարևոր որոշումների շեմին: Խնդրում ենք՝ կարևոր ընտրություններ կատարելիս խորհրդակցեք թե ձեր ծնողների, թե ձեր եպիսկոպոսի հետ: Թույլ տվեք, որ եպիսկոպոսը լինի ձեր ընկերն ու խորհրդականը:
Մենք տեղյակ ենք, որ ձեզ վրա տարբեր կողմերից փորձություններ և գայթակղություններ են գալիս։ Բոլորս պետք է ամեն օր ապաշխարենք, ինչպես ուսուցանել է Նախագահ Նելսոնը: Խնդրում եմ, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ այն հարցերի շուրջ, որ ընդհանուր դատավորը կարող է օգնել, որպեսզի կարգավորեք Տիրոջ հետ ձեր կյանքը՝ նախապատրաստվելով «մեծ գործին», որ Նա ունի ձեզ համար այս վերջին տնտեսությում:27 Ինչպես Նախագահ Նելսոնն է հրավիրել, խնդրում ենք արժանի դարձեք լինել Տիրոջ երիտասարդների գումարտակի մասը։28
Այժմ Եկեղեցու ղեկավարության և անդամների անունից խոսքս հղում եմ ձեզ, մեր թանկագին եպիսկոպոսներ: Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ: Խնդրում ենք իմացեք, թանկագի՛ն եպիսկոպոսներ, վերջին տարիների ճշգրտումներ կատարելու պահանջը մեր սիրո և գնահատանքի արտահայտությունն է: Ձեր ներդրումը արքայության գործում գրեթե աննկարագրելի է: Եկեղեցին ունի 30900 եպիսկոպոս և ճյուղի նախագահ, որոնք ծառայում են ամբողջ աշխարհում29 Մենք պատվում ենք ձեզանից յուրաքանչյուրին։
Որոշ բառերում և նրանց նկարագրած սուրբ կոչումներում հոգևոր, վերացական նշանակություն է դրոշմված: Այդ բառերի շարքում եպիսկոպոսը միանշանակ բարձր տեղ ու նշանակություն ունի։ Այդ կոչման մեջ Տիրոջը ծառայելը ուշագրավ է բազում առումներով։ Եպիսկոպոս կանչվելը, հաստատվելը և ի սպաս դրվելը երբեք չմոռացվող փորձառություն է: Իր կողմից առաջ բերած զգացմունքների լայն տիրույթում և խորքում այն ինձ համար դասվում է փոքրաթիվ վեհ իրադարձությունների շարքում: Այն իր հարմարավետ տեղն ունի թանկագին իրադարձությունների այնպիսի նվիրակարգում, ինչպիսիք են՝ ամուսնությունն ու հայրությունը, որոնք հնարավոր չէ նկարագրել մի քանի բառով։30
Եպիսկոպոսնե՛ր, մենք սատարում ենք ձեզ: Եպիսկոպոսնե՛ր, մենք սիրում ենք ձեզ։ Դուք իրապես Տիրոջ հովիվներն եք Նրա հոտի վրա։ Այս սրբազան կոչման մեջ Տերը ձեզ չի լքի։ Այս մասին ես վկայում եմ Զատիկի այս տոներին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: