2021
«Իմ ավետարանի սկզբունքները»
Մայիս 2021


15:0

«Իմ ավետարանի սկզբունքները»

(Վարդապետություն և Ուխտեր 42․12)

Ավետարանի սկզբունքը վարդապետորեն հիմնավորված ուղեցույց է ազատ կամքի արդար կիրառման համար։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 1849 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ջոն Թեյլորը կանչվեց մեկնարկելու Ֆրանսիայում Հիսուս Քրիստոսի ավետարանի քարոզչության աշխատանքը։ Նրա ծառայությունն ընդգրկում էր այդ երկրում Եկեղեցու պաշտոնական առաջին պարբերականի խմբագրումը: 1851 թվականին, ի պատասխան Եկեղեցու վերաբերյալ հաճախակի տրվող հարցերին, երեց Թեյլորը պատրաստեց և հրատարակեց մի հոդված: Շարադրանքի վերջում երեց Թեյլորը վկայակոչել էր հետևյալ դրվագը.

«Մի քանի տարի առաջ Նավուում ինձ լսելի դարձավ հետևյալ խոսակցությունը․ մի պարոն, ով օրենսդիր մարմնի անդամ էր, հարցրեց Ջոզեֆ Սմիթին, թե նա ինչպե՞ս էր, կարողանում ղեկավարել այդքան շատ մարդկանց և պահպանել կատարյալ կարգուկանոն, միևնույն ժամանակ ակնարկելով, որ իրենց դա չի հաջողվել անել ոչ մի տեղ։ Պարոն Սմիթն ասաց, որ դա շատ հեշտ գործ էր։ «Ինչպե՞ս,- հարցրեց պարոնը,- մեզ համար դա շատ դժվար է»։ Պարոն Սմիթը պատասխանեց. «Ես նրանց ճիշտ սկզբունքներ եմ սովորեցնում, և նրանք իրենք են իրենց ղեկավարում»։1

Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին յուրաքանչյուրիս հրահանգի և ոգեշնչի այս ընթացքում, երբ ես խոսեմ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում սկզբունքների կարևոր դերի մասին:

Սկզբունքներ

Տերը հայտնեց մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ «այս եկեղեցու երեցները, քահանաներն ու ուսուցիչները պետք է ուսուցանեն իմ ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի մեջ են, որը պարունակում է ավետարանի լրիվությունը»։2 Նա նաև հորդորել է, որ վերջին օրերի սրբերը պետք է «ավելի կատարյալ ձևով հրահանգվե[ն] ավետարանի տեսության, սկզբունքի, վարդապետության և օրենքի մեջ, բոլոր բաներում, որոնք վերաբերում են Աստծո արքայությանը, որոնք նպատակահարմար է, որ դուք հասկանաք»։3

Կարճ ասած՝ ավետարանի սկզբունքը վարդապետորեն հիմնավորված ուղեցույց է ազատ կամքի արդար կիրառման համար։ Սկզբունքները սերում են ավետարանական ավելի խորը ճշմարտություններից և տալիս են ուղղորդում և չափանիշներ, երբ մենք առաջ ենք մղվում ուխտի ճանապարհին։

Օրինակ, Հավատո Հանգանակի առաջին երեք կետերը բացահայտում են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետության հիմնարար տեսակետները. Աստվածության բնույթը՝ հավատո հանգանակի առաջին կետում, Ադամի և Եվայի անկման հետևանքները՝ հավատո հանգանակի երկրորդ կետում, և օրհնությունները, որոնք հնարավոր եղան Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ՝ հավատո հանգանակի երրորդ կետում։4 Իսկ հավատո հանգանակի չորրորդ կետը սահմանում է առաջին սկզբունքները. Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելու և ապաշխարելու ուղեցույցներ, քահանայության առաջին արարողությունները, որոնք հնարավորություն են տալիս, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը գործի մեր կյանքում։5

Իմաստության Խոսքը որպես ուղեցույց սկզբունքի մեկ այլ օրինակ է։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել Վարդապետություն և Ուխտերի 89-րդ բաժնի ներածական այս հատվածներին․

«Տրված՝ որպես խոստումով սկզբունք, թույլերի և ամենաթույլերի կարողությանը հարմարեցված, բոլոր սրբերի համար, ովքեր կոչվում են և հնարավոր է կոչվեն սրբեր:

Ահա, ճշմարիտ, այսպես է Տերն ասում ձեզ. Չարիքների ու դավադրությունների հետևանքով, որոնք կան և վերջին օրերին կլինեն դավադիր մարդկանց սրտերում, ես զգուշացրել եմ ձեզ, և նախազգուշացնում եմ, տալով ձեզ այս իմաստության խոսքը հայտնությամբ»։6

Այս ներածությանը հաջորդող ոգեշնչված հրահանգը հստակ ուղեցույցներ է տալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր բարեկեցության համար և վկայում է հատուկ օրհնությունների մասին, որոնք կախված են սկզբունքի հանդեպ մեր հավատարմությունից:

Ավետարանի սկզբունքների մասին սովորելը, դրանք հասկանալը և դրանցով ապրելը ամրացնում է մեր հավատքը Փրկիչի հանդեպ, խորացնում է մեր նվիրվածությունն առ Նա և բազում օրհնություններ ու հոգևոր պարգևներ է բերում մեր կյանք: Արդարության սկզբունքները նաև օգնում են մեզ վեր լինել մեր անձնական նախասիրություններից և եսակենտրոն ցանկություններից` տալով մեզ հավերժական ճշմարտության թանկագին հեռանկարը, երբ մենք անցնում ենք մահկանացության տարբեր իրավիճակների, մարտահրավերների, որոշումների կայացման և փորձառությունների միջով:

Ճիշտ սկզբունքների ուսուցման ժամանակակից օրինակներ

Ճիշտ սկզբունքներ ուսուցանելու մասին մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը, թերևս, նրա կողմից ամենահաճախակի մեջբերվող ուսմունքներից մեկն է: Ուսուցման այս ոգեշնչված մոտեցման առումով մենք հզոր օրինակներ ենք տեսնում Տիրոջ լիազորված ծառաների այսօրվա հայտարարություններում:

Ուշադրությունը չշեղելու սկզբունքը

1998թ. գերագույն համաժողովում Նախագահ Դալլին Հ. Օուքսը խոսել է Ահարոնյան Քահանայության կրողների պարտականությունների մասին, որոնք կապված են հաղորդության պատրաստման և սպասավորման հետ: Դիտարկելով ուշադրությունը չշեղելու սկզբունքը, նա նշել է, որ Ահարոնյան Քահանայություն կրողը երբեք չի ցանկանա, որ իր արտաքին տեսքի կամ վարքի պատճառով Եկեղեցու որևէ անդամ շեղվի իր երկրպագությունից և ուխտերի նորացումից: Նախագահ Օուքսը նաև կարևորել է կարգուկանոնին, մաքրությանը, ակնածանքին և արժանապատվությանը վերաբերող սկզբունքները:

Հետաքրքրական է, որ Նախագահ Օուքսը երիտասարդ տղամարդկանց չի տրամադրել այն բաների երկար ցուցակը, որոնք պիտի արվեն, կամ՝ չարվեն։ Փոխարենը, նա բացատրել է սկզբունքը, ակնկալելով, որ երիտասարդները, նրանց ծնողներն ու ուսուցիչները կարողանան և օգտագործեն սեփական դատողությունն ու ոգեշնչումը՝ ուղեցույցին հետևելու համար:

Նա ասել է. «Ես մանրամասն օրենքներ չեմ առաջարկի, քանի որ աշխարհում մեր Եկեղեցու տարբեր ծխերում և ճյուղերում առկա հանգամանքներն այնքան տարբեր են, որ մի առանձնահատուկ կանոն, որը կարծես թե պահանջվում է մի միջավայրում, կարող է անպատեհ լինել մյուսի համար: Ուստի, ես կառաջարկեմ մի սկզբունք, որը հիմնված է վարդապետությունների վրա: Եթե բոլորը հասկանան այդ սկզբունքը և գործեն համաձայն դրա, կանոնների կարիքը շատ չի լինի: Առանձին դեպքերում, եթե լինի կանոնների կամ խորհրդատվության կարիք, տեղական ղեկավարները կարող են դրանք տրամադրել՝ համաձայն վարդապետությունների և դրանց հետ կապված սկզբունքների»:7

Հանգստության օրվա սկզբունքը՝ որպես նշան

2015 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մեզ ուսուցանել է, որ «կիրակին բերկրանք է»։8 Նա նաև բացատրել է, թե ինչպես է անձամբ ինքը հասկացել Հանգստության օրը հարգելու հիմնական սկզբունքը.

«Ինչպե՞ս ենք մենք սրբագործում Հանգստության օրը։ Իմ ավելի երիտասարդ տարիքում ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, ովքեր կազմել են այն բաների ցուցակը, որոնք պետք է անել, և չպետք է անել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև։ Դա իմանալով՝ ես այլևս այդ ցուցակի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում»։9

Նախագահ Նելսոնի այս պարզ, բայց հզոր հարցը շեշտում է մի սկզբունք, որը փարատում է ցանկացած անորոշություն այն մասին, թե ինչ նշանակություն ունի Հանգստության օրը, և ինչ պետք է անենք այն հարգելու համար: Նրա հարցն ամփոփում է այն ուղեցույցը և չափանիշը, որոնք կարող են օրհնել բոլորիս տարբեր իրավիճակներում:

Սկզբունք․ Պատրաստ՝ թույլ տալու, որ Աստված տնօրինի

Վեց ամիս առաջ գերագույն համաժողովում Նախագահ Նելսոնը պատմեց իր ցնծության մասին, Իսրայել բառի իմաստի վերաբերյալ նոր պատկերացում ունենալով։ Նա մեզ պատմեց, թե ինչ հրճվանք է ապրել իր հոգին, իմանալով, որ «զուտ Իսրայել անունը վերաբերում է այն անձնավորությանը, ով պատրաստ է թույլ տալ, որ Աստված տնօրինի իր կյանքը»։10 Այնուհետև, Նախագահ Նելսոնը առանձնացրել է մի շարք կարևոր հետևանքներ, որոնք բխում են այս հասկացողությունից:

Պատրաստ՝ թույլ տալու, որ Աստված տնօրինի․ այս մասին նախագահ Նելսոնի ուղերձը ճիշտ սկզբունքների ուսուցման ուշագրավ օրինակ է, որպեսզի կարողանանք ինքներս մեզ ղեկավարել: Եվ ինչպես Հանգստության օրը բերկրանք դարձնելու մասին իր ուղերձում, Նախագահ Նելսոնը սկզբունքների վրա հիմնված հարցեր ուղղեց, որոնք ծառայում են որպես ուղեցույց և չափանիշ յուրաքանչյուրիս համար:

«Դուք պատրա՞ստ եք թույլ տալ Աստծուն տնօրինել ձեր կյանքը: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում:

Նա շարունակել է.

«Մտածեք, թե նման պատրաստակամությունն ինչպես կարող է օրհնել ձեզ: Եթե դուք ամուսնացած չեք և հավերժական ուղեկից եք փնտրում, «Իսրայելից» լինելու ձեր ցանկությունը կօգնի ձեզ որոշել, թե ում հետ և ինչպես հանդիպել:

Եթե դուք ամուսնացած եք մեկի հետ, ով խախտել է իր ուխտերը, ձեր կյանքն Աստծո կողմից տնօրինելու ձեր պատրաստակամությունը թույլ կտա, որ ձեր ուխտերը Աստծո հետ անխախտ մնան: Փրկիչը կբժշկի ձեր կոտրված սիրտը: Երկինքները կբացվեն, երբ ձգտեք իմանալ, թե ինչպես առաջ շարժվել: Հարկավոր չէ, որ դուք մոլորվեք կամ զարմանաք:

Եթե անկեղծ հարցեր ունեք ավետարանի կամ Եկեղեցու վերաբերյալ, երբ ընտրում եք թույլ տալ, որ Աստված տնօրինի, ձեզ կառաջնորդեն գտնել և հասկանալ բացարձակ, հավերժական ճշմարտություններ, որոնք կուղղորդեն ձեր կյանքը և կօգնեն ձեզ ամուր մնալ ուխտի արահետի վրա:

Երբ բախվում եք գայթակղության, նույնիսկ եթե գայթակղությունը գալիս է, երբ դուք ուժասպառ եք, ձեզ մենակ եք զգում կամ ձեզ սխալ են հասկացել, պատկերացրեք, որ կարող եք զինվել քաջությամբ, երբ նախընտրեք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, և երբ խնդրեք Նրան զորացնել ձեզ:

Երբ ձեր մեծագույն ցանկությունն է՝ թույլ տալ, որ Աստված տնօրինի, որ լինեք Իսրայելի մի մասը, այնքա՜ն շատ որոշումներ դյուրին կդառնան: Շա՛տ հարցեր կդառնան անկարևոր: Դուք կիմանաք, թե ինչպես հաճելիորեն ներկայացնել ձեզ: Դուք կիմանաք, թե ինչ դիտել և կարդալ, որտեղ անցկացնել ձեր ժամանակը և ում հետ շփվել: Դուք կիմանաք, թե ինչ եք ուզում իրականացնել: Դուք կիմանաք, թե ինչպիսի մարդ եք ցանկանում դառնալ իրականում»։11

Ուշադրություն դարձրեք, թե որքան կարևոր որոշումների և կյանքի փորձառությունների վրա կարող է ազդել պատրաստ՝ թույլ տալու, որ Աստված տնօրինի սկզբունքը՝ ժամադրություն և ամուսնություն, ավետարանի մասին հարցեր և մտահոգություններ, գայթակղություն, անձնական մաքրություն, ինչ դիտել և կարդալ, որտեղ անցկացնել ժամանակը, ում հետ շփվել և շատ ու շատ ուրիշ բաներ։ Նախագահ Նելսոնի ոգեշնչված հարցերը շեշտում են մի պարզ սկզբունք, որը ուղղություն է տալիս մեր կյանքի բոլոր ասպարեզներին, և մեզ հնարավորություն է տալիս ինքներս մեզ կառավարելու:

Շատ փոքր ղեկ

Երբ Ջոզեֆ Սմիթը բանտարկվել էր Լիբերթիի բանտում, նա առաջնորդող նամակներ էր գրել Եկեղեցու անդամներին ու ղեկավարներին և հիշեցրել նրանց, որ «մի շատ մեծ նավ փոթորիկի ժամանակ մեծապես օգտվում է մի շատ փոքր ղեկից, անհրաժեշտ դիրքում պահվելով քամու և ալիքների դեմ»:12

Նավի ղեկը

«Ղեկն» իրենից ներկայացնում է անիվ կամ ղեկալծակ և դրան կից սարքավորում, որի օգնությամբ նավը կամ նավակը ղեկավարվում է: Եվ «անհրաժեշտ դիրքում պահվելով քամու և ալիլքների դեմ» նշանակում է նավը թեքել այնպես, որ այն պահպանի իր հավասարակշռությունը և փոթորկի ժամանակ շուռ չգա:

Փոթորիկի ժամանակ շրջվող նավը

Ավետարանի սկզբունքներն ինձ և ձեզ համար հենց այն են, ինչ ղեկը նավի համար: Ճիշտ սկզբունքները մեզ հնարավորություն են տալիս գտնել մեր ճանապարհը և կայուն, հաստատուն ու անխախտ կանգնել, որպեսզի չկորցնենք մեր հավասարակշռությունը և չընկնենք վերջին օրերի մշուշի ու խառնաշփոթի կատաղի փոթորիկների մեջ:

Այս գերագույն համաժողովում մենք առատորեն օրհնված ենք, որ Տիրոջ լիազորված ծառաներից լսում ենք հավերժական սկզբունքների մասին։ Այժմ, մեր անձնական պարտականությունն է ինքներս մեզ կառավարել ըստ այն ճշմարտությունների, որոնց մասին նրանք վկայել են:13

Վկայություն

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը ուսուցանել է․ «Հաջորդ վեց ամիսների ընթացքում [Լիահոնայի] համաժողովի համարը պետք է լինի ձեր սուրբ գրությունների կողքին և հաճախ օգտագործվի»։14

Հոգուս ողջ եռանդով ես բոլորիս հրավիրում եմ սովորել, ապրել և սիրել արդարության սկզբունքները: Միայն ավետարանի սկզբունքները կարող են նպաստել, որ «ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»։15

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները մեր կյանքի առաջնորդության հիմնական աղբյուրն են, ինչպես նաև՝ մահկանացու կյանքի ու հավերժության հարատև ուրախության։ Զատիկի այս փառահեղ օրը, ես ուրախությամբ վկայում եմ, որ մեր կենդանի Փրկիչը այն աղբյուրն է, որից հոսում են այս ճշմարտությունները: Սա եմ ես վկայում Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Ջոն Թեյլոր, Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 284։

  2. Վարդապետություն և Ուխտեր 42․12։

  3. Վարդապետություն և Ուխտեր 88․78։

  4. Տես Հավատո Հանգանակ 1․1-3։

  5. Տես Հավատո Հանգանակ 1․4։

  6. Վարդապետություն և Ուխտեր 89․3-4։

  7. Dallin H. Oaks, “The Aaronic Priesthood and the Sacrament,” Liahona, Jan. 1999, 45–46.

  8. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 129-132։

  9. Ռասսել Մ. Նելսոն, «Կիրակին բերկրանք է», 130, շեղագրումն ավելացված է։

  10. Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92։

  11. Russell M. Nelson, “Let God Prevail,” 94.

  12. Վարդապետություն և Ուխտեր 123․16։

  13. Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) անդամներին հորդորեց այնպես անել, որ համաժողովի ելույթները «առաջիկա վեց ամիսների ընթացքում լինեն իրենց քայլելու և խոսելու ուղեցույցը»: Նա ասել է. «Սրանք են այն կարևոր հարցերը, որոնք Տերը տեղին է համարում բացահայտել այս ժողովրդին այս օրերին» (in Conference Report, Apr. 1946, 68)։

    Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) նույնպես շեշտել է գերագույն համաժողովի ուղերձների կարևորությունը: Նա ասել է․ «Եկեղեցու կանոնիկ աշխատություններից բացի չկա որևէ այլ տեքստ կամ գիրք, որը պետք է ձեր գրադարանում կարևոր տեղ զբաղեցնի ոչ թե իր բանախոսական կատարելության կամ մատուցման շքեղության համար, այլ այն սկզբունքների, որոնք ցույց են տալիս դեպի հավերժական կյանք տանող ճանապարհը» (In the World but Not of It, Brigham Young University Speeches of the Year [May 14, 1968], 3)։

    Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) վերահաստատել է համաժողովի ելույթներն ուսումնասիրելու կարևորությունը: Նա ասել է. «Եկեք երկար հիշենք այն, ինչ լսել ենք այս գերագույն համաժողովի ժամանակ: Համաժողովի ժամանակ մեր լսած ուղերձները կտպագրվեն Ensign և Լիահոնա ամսագրերի հաջորդ ամիսների համարներում: Ես ձեզ հորդորում եմ ուսումնասիրել դրանք և խորհել դրանց ուսմունքների շուրջ» (“Until We Meet Again,” Liahona, Nov. 2008, 106)։

  14. Ezra Taft Benson, “Come unto Christ, and Be Perfected in Him,” Ensign, May 1988, 84.

  15. Վարդապետություն և Ուխտեր 123․17։