2021
Երեց Վայանգինա Սիկահեմա
Մայիս 2021


Երեց Վայանգինա Սիկահեմա

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Այն պահից, երբ Վայանգինա (Վայի) Սիկահեման սկսեց համալսարանի հավաքագրողների ուշադրությունը գրավել՝ որպես ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ավագ դպրոցի ֆուտբոլային աստղ, նա ապրում էր հասարակության ուշադրության կենտրոնում:

Նա գերազանց էր խաղում Բրիգամ Յանգ համալսարանի ամերիկյան ֆուտբոլային թիմում՝ մրցելով 1984 թվականի Cougars-ի ազգային առաջնության թիմում: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ է խաղացել ազգային լիգայի մի քանի թիմերում և երկու անգամ ստացել է Pro Bowl մրցանակը՝ նախքան նորությունների հեռարձակման խոստումնալից կարիերային անցնելը:

Բայց «ֆուտբոլիստի» կամ «հեռուստատեսային հաղորդավարի» կարիերան այդ հանճարեղ 58-ամյա տղամարդու համար չէին:

«Ես երբեք իմ հույսը չեմ դրել պրոֆեսիոնալ մարզիկ կամ հաղորդավար լինելու վրա», - ասել է երեց Սիկահեման, որը 2021 թվականի ապրիլի 3-ին հաստատվեց Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական: «Նախևառաջ ես ինձ բնութագրում եմ որպես Աստծո որդի և Վերջին Օրերի Սուրբ»:

Նա նաև ամուսին է, հայր և քահանայություն կրող՝ բոլոր հավերժական ինքնությունները միասին:

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 29-ին, Տոնգայի Նուկուսալոֆա քաղաքում՝ Սիոնե և Ռուբի Սիկահեմաների ընտանիքում։ Երեց Սիկահեման մեծացել է մի ընտանիքում, որտեղ առաջնահերթ էին ընտանիքն ու հավատքը։ Նրա նախնիները Տոնգայում առաջիններից էին, որ միացան Եկեղեցուն:

Մեծանալով Արիզոնայի Մեսա քաղաքում՝ նա մի կողմ թողեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալու ունակությունները, երբ բացահայտեց իր ֆուտբոլային տաղանդները: Երբ նա ընդունեց ԲՅՀ-ում խաղալու կրթաթոշակը, չէր նախատեսում ծառայել լիաժամկետ միսիայում:

«Բայց ես հայտնվեցի երիտասարդ տղաների շրջապատում, ովքեր խորապես հավատարիմ էին ավետարանով ապրելուն և ես ցանկանում էի ավելի նմանվել նրանց», - ասել է երեց Սիկահեման:

1982 թվականին նա թողեց համալսարանի ֆուտբոլային թիմը՝ Հարավային Դակոտայի Ռափիդ Սիթի միսիայում ծառայելու համար։ Միսիայից վերադառնալով ԲՅՀ՝ նա հանդիպեց Քեալա Հեդերին, ով ծնունդով Հավայան կղզիներից էր: Զույգն ամուսնացավ Մեսա Արիզոնա տաճարում՝ 1984 թվականին։ Սիկահեմա ամուսիններն ունեն չորս զավակ:

Նախքան Բարձրագույն Իշխանություն դառնալը, երեց Սիկահեման ծառայել է որպես ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, հասարակական գործերի տարածաշրջանային տնօրեն, միսիայի նախագահի խորհրդական, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական։