2021
Վրդովեցուցիչ անարդարություն
Մայիս 2021


14:51

Վրդովեցուցիչ անարդարություն

Հիսուս Քրիստոսը և՛ հասկանում է անարդարությունը, և՛ բուժում ապահովելու զորություն ունի:

1994 թվականին Արևելյան Աֆրիկայի Ռուանդա երկրում տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մասամբ պայմանավորված էր ցեղերի միջև խորքային լարվածությամբ: Ըստ գնահատականների՝ սպանվել է ավելի քան կես միլիոն մարդ:1 Հատկանշական է, որ Ռուանդայի ժողովուրդը մեծ մասամբ հաշտվել է փաստի հետ, 2 բայց այդ իրադարձությունները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ հասարակության վրա:

Մեկ տասնամյակ առաջ Ռուանդա այցելելիս ես ու կինս Կիգալիի օդանավակայանում զրույց սկսեցինք մեկ այլ ուղևորի հետ: Նա գանգատվեց ցեղասպանության անարդարությունից և վրդովված հարցրեց. «Եթե Աստված լիներ, մի՞թե Նա ինչ-որ բան չէր անի այն կանխելու համար»: Այդ մարդու և մեզանից շատերի համար տառապանքն ու դաժան անարդարությունը կարող են անհամատեղելի թվալ բարի, սիրող Երկնային Հոր իրականության հետ: Այնուամենայնիվ, Նա իրական է, Նա բարի է և Նա կատարելապես սիրում է իր յուրաքանչյուր զավակին: Այս երկփեղկումը նույնքան հին է, որքան մարդկությունը, և այն հնարավոր չէ բացատրել հակիրճ ու պարզ եղանակով կամ մի քանի բառով:

Որպեսզի դա ինչ-որ չափով հասկանալի լինի, եկեք ուսումնասիրենք անարդարության տարբեր տեսակները: Քննարկենք մի ընտանիք, որտեղ յուրաքանչյուր երեխա ամեն շաբաթ դրամական նպաստ է ստացել ընդհանուր տնային գործեր կատարելու համար: Որդին՝ Ջոնը, կոնֆետ է գնել, մի դուստրը՝ Աննան, խնայել է իր գումարը: Ի վերջո, Աննան իրեն հեծանիվ գնեց: Ջոնը կարծում էր, որ միանգամայն անարդար է, որ Աննան հեծանիվ ստացավ, իսկ ինքը՝ ոչ: Բայց Ջոնի ընտրությունները ստեղծեցին այդ անհավասարությունը, այլ ոչ թե ծնողների գործողությունները: Քաղցրավենիք ուտելուց հրաժարվելու Աննայի որոշումը ոչ մի անարդարություն չպարտադրեց Ջոնին, քանի որ նա ուներ նույն հնարավորությունը, ինչ իր քույրը:

Մեր որոշումները նույնպես կարող են երկարաժամկետ առավելությունների կամ թերությունների հանգեցնել: Ինչպես Տերն է հայտնել. «Եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում»:3 Երբ մարդիկ օգուտներ են քաղում իրենց ջանասեր ընտրությունների շնորհիվ, մենք չենք կարող արդարացիորեն եզրակացնել, որ մեզ հետ անարդար են վարվել, երբ ունեցել ենք նույն հնարավորությունը:

Անարդարության մեկ այլ օրինակ բխում է այն իրավիճակից, որին իմ կինը՝ Ռութը, բախվել է մանկության տարիներին: Մի օր Ռութը իմացավ, որ մայրը տանում է կրտսեր քրոջը՝ Մերլային նոր կոշիկ գնելու: Ռութը բողոքեց. «Մայրի՛կ, դա այնքա՜ն անարդար է: Մերլան ստացավ կոշիկների վերջին նոր զույգը»:

Ռութի մայրը հարցրեց. «Ռութ, քո կոշիկները չե՞ն սեղմում»:

Ռութը պատասխանեց. «Դե, ոչ»:

Ռութի մայրն ասաց. «Մերլայի կոշիկներն արդեն փոքր են նրա ոտքերին»:

Ռութը համաձայնեց, որ ընտանիքի յուրաքանչյուր երեխա պետք է իր հագով կոշիկներ ունենա: Չնայած Ռութը կցանկանար նոր կոշիկներ ունենալ, սակայն անարդար վերաբերմունքի ընկալումը ցրվեց, երբ նա հանգամանքներին նայեց մոր աչքերով:

Երբեմն անարդարությունը չի կարող բացատրվել, սակայն անբացատրելի անարդարությունը վրդովեցուցիչ է: Անարդարությունը գալիս է անկատար, վիրավոր կամ հիվանդ մարմիններով ապրելուց: Մահկանացու կյանքն իր էությամբ անարդար է: Որոշ մարդիկ ծնվում են հարստության մեջ, մյուսները՝ ոչ: Ոմանք ունեն սիրող ծնողներ, ոմանք՝ ոչ: Ոմանք ապրում են երկար տարիներ, ոմանք՝ կարճ: Եվ ցանկը կարելի է շարունակել: Որոշ անհատներ անարդար սխալներ են թույլ տալիս նույնիսկ այն ժամանակ, երբ փորձում են բարիք գործել: Ոմանք նախընտրում են գործել ոչ այնքան արդար, չնայած կարող էին: Ցավալի է, որ որոշ անհատներ օգտագործում են Աստծո կողմից տրված ազատ կամքը՝ ուրիշներին վնասելու համար, երբ չպետք է անեին դա:

Տարբեր անարդարության կարող են միաձուլվել՝ ստեղծելով անարդարության անհաղթահարելի փոթորիկ: Օրինակ՝ COVID-19 համաճարակն անհամաչափորեն է ազդում նրանց վրա, ովքեր արդեն ունեն բազմագործոն, խորքային առողջական թերություններ: Իմ սիրտը ցավում է նրանց համար, ովքեր նման անարդարության են բախվում, բայց ես իմ ողջ ցավող սրտով հայտարարում եմ, որ Հիսուս Քրիստոսը և՛ հասկանում է անարդարությունը, և՛ ունի բուժում ապահովելու զորություն: Ոչինչ համեմատելի չէ Նրա կրած անարդարության հետ: Արդար չէր, որ Նա զգաց մարդկության բոլոր ցավերն ու տառապանքները: Արդար չէր, որ Նա տառապեց իմ և ձեր մեղքերի ու սխալների համար: Բայց Նա ընտրեց դա՝ մեր և Երկնային Հոր հանդեպ ունեցած իր սիրո շնորհիվ: Նա կատարելապես հասկանում է, թե մենք ինչ ենք զգում:4

Սուրբ գրությունները նշում են, որ հին իսրայելացիները բողոքում էին, որ Աստված անարդար է վարվում իրենց հետ: Ի պատասխան՝ Եհովան հարցրեց. «Քանզի կարո՞ղ է կինը մոռանալ իր ծծկեր մանկանը, որ կարեկցանք չունենա իր արգանդի որդուն»: Որքան էլ դժվար է պատկերացնել, որ սիրող մայրը կարող է մոռանալ իր նորածին երեխային, Եհովան հայտարարեց, որ իր նվիրվածությունն ավելի հաստատուն է: Նա հաստատեց. «Այո, նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա: … Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա. քո պարիսպները մշտապես իմ առջևում են»:5 Քանի որ Հիսուս Քրիստոսը համբերությամբ տարավ անսահման, քավող զոհաբերությունը, Նա կատարելապես հասկանում է մեր զգացմունքները:6 Նա միշտ տեղյակ է մեզանից և մեր հանգամանքներից:

Մահկանացու կյանքում մենք կարող ենք «համարձակորեն» գալ Փրկիչի մոտ և կարեկցանք, բուժում ու օգնություն ստանալ:7 Նույնիսկ, եթե մենք անբացատրելիորեն տառապում ենք, Աստված կարող է օրհնել մեզ հասարակ, սովորական և առանձնահատուկ եղանակներով: Երբ մենք սովորենք ճանաչել այս օրհնությունները, Աստծո հանդեպ մեր վստահությունը կաճի: Հավերժություններում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կլուծեն բոլոր անարդարությունները: Բնականաբար, մենք ցանկանում ենք իմանալ ինչպես և երբ: Ինչպե՞ս են Նրանք պատրաստվում անել այդ: Ե՞րբ են Նրանք պատրաստվում անել այդ: Որքանով տեղյակ եմ, նրանք դեռ չեն բացահայտել ինչպես և երբ: 8 Բայց ես հաստատ գիտեմ, որ կլուծեն:

Անարդար իրավիճակներում մեր խնդիրներից մեկն է՝ հավատալ, որ «այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»:9 Հիսուս Քրիստոսը հաղթեց աշխարհին և «վերականգնեց» արդարությունը: Նրա շնորհիվ մենք կարող ենք խաղաղություն գտնել այս աշխարհում և ուրախանալ:10 Եթե մենք թույլ տանք, Հիսուս Քրիստոսը կնվիրագործի անարդարությունը մեր օգտի համար:11 Նա ոչ միայն կմխիթարի մեզ և կվերականգնի կորցրածը.12 Նա կօգտագործի այդ անարդարությունը մեր օգտի համար: Երբ խոսքը վերաբերում է ինչպես և երբ-ին, մենք պետք է ճանաչենք և ընդունենք, ինչպես Ալման արեց, որ «դա նշանակություն չունի. քանզի Աստված գիտի բոլոր այս բաները. և ինձ բավական է գիտենալ, որ դա այդպես է»:13

Մենք կարող ենք սպասել մեր ինչպես և երբ հարցերի պատասխաններին և կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ զարգացնելու վրա, որ Նա ունի և՛ ամեն ինչ արդար դարձնելու զորություն, և՛ փափագում է դա անել:14 Մեր կողմից ինչպես կամ երբ հարցապնդումները անարդյունավետ են և, ի վերջո, անհեռատես:15

Երբ մենք հավատ ենք զարգացնում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք պետք է նաև ձգտենք նմանվել Նրան: Ապա պետք է կարեկցանքով մոտենանք ուրիշներին և փորձենք մեղմացնել անարդարությունն այնտեղ, որտեղ տեսնում ենք,16 սակայն մենք կարող ենք փորձել իրավիճակը շտկել մեր ազդեցության ոլորտում: Իրոք, Փրկիչն ուղղորդեց, որ մենք «պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն[ք] բարի գործի մեջ, և շատ բաներ անենք մեր իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն[ք]»:17

Փաստաբան Բրայան Սթիվենսոնն ոգևորությամբ ներգրավված է անարդարության դեմ պայքարում: ԱՄՆ-ում նրա իրավաբանական գործունեությունը նվիրված է՝ սխալմամբ մեղադրվածին պաշտպանելու, չափազանց մեծ պատժին վերջ տալու և մարդու հիմնական իրավունքները պաշտպանելու գործին: Մի քանի տարի առաջ պարոն Սթիվենսոնը պաշտպանում էր մի մարդու, որին կեղծ մեղադրանք էր առաջադրվել սպանության գործով, և նա դատապարտվել էր մահվան: Պարոն Սթիվենսոնը աջակցություն խնդրեց տղամարդու տեղական քրիստոնեական եկեղեցուց, չնայած որ տղամարդը ակտիվ չէր իր եկեղեցում և վարկաբեկված էր համայնքում՝ լայնորեն հայտնի արտամուսնական կապի պատճառով:

Որպեսզի համայնքը կենտրոնանա այն բանի վրա, թե ինչն է իրականում կարևոր, պարոն Սթիվենսոնը նրանց հետ խոսեց աստվածաշնչյան պատմությունից՝ շնության մեջ մեղադրվող կնոջ մասին, որին բերել էին Հիսուսի մոտ: Մեղադրողները ցանկանում էին քարկոծելով սպանել նրան, բայց Հիսուսն ասաց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ»։18 Կնոջը մեղադրողները հետ քաշվեցին: Հիսուսը չդատապարտեց կնոջը, բայց պատվիրեց նրան այլևս մեղք գործել:19

Այս դրվագը պատմելուց հետո պարոն Սթիվենսոնը նկատեց, որ ինքնահավանությունը, վախը և զայրույթը նույնիսկ քրիստոնյաներին ստիպել են քարեր նետել սայթաքող մարդկանց վրա: Ապա նա ասաց. «Մենք չենք կարող պարզապես հետևել, թե ինչ է կատարվում», ապա խրախուսեց համայնքի անդամներին պաշտպանել իրենց անդամին այդպիսի վերաբերմունքից:20 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, քարեր չնետելը առաջին քայլն է ուրիշներին կարեկցանք ցուցաբերելու գործում: Երկրորդ քայլն է՝ փորձել բռնել ուրիշների կողմից նետված քարերը:

Այն, թե մենք ինչպես ենք վերաբերվում առավելություններին ու թերություններին, կյանքի փորձության մի մասն է: Մեզ կդատեն ոչ այնքան մեր ասածներով, որքան անապահովների և ընչազուրկների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքով:21 Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք ձգտում ենք հետևել Փրկիչի օրինակին՝ շարունակելով բարիք գործել:22 Մենք ցույց ենք տալիս մեր սերը մեր մերձավորի հանդեպ՝ աշխատելով երաշխավորել Երկնային Հոր բոլոր զավակների արժանապատվությունը:

Երբ մենք խորապես մտածում ենք սեփական առավելությունների ու թերությունների մասին, շատ բաներ են բացահայտվում մեզ համար: Երբ Ջոնը հասկացավ, թե ինչու է Աննան ստացել հեծանիվը, շատ բաներ բացահայտվեցին նրա համար: Երբ Ռութը տեսավ Մերլայի կոշիկ չունենալու կարիքը իր մոր աչքերով, շատ բաներ պարզվեցին նրա համար: Երբ փորձում ենք հավիտենական տեսանկոյւնից դիտարկել իրերը, շատ բաներ հստակ են դառնում մեզ համար: Երբ մենք ավելի շատ ենք նմանվում Փրկիչին, ավելի շատ կարեկցանք, հասկացողություն և գթություն ենք զարգացնում:

Ես վերադառնում եմ Կիգալիում մեր ճամփորդակցի կողմից տրված այն հարցին, որը ցավում էր Ռուանդայի ցեղասպանության անարդարության համար և հարցնում էր. «Եթե Աստված լիներ, մի՞թե նա ինչ-որ բան չէր անի դա կանխելու համար»:

Առանց փորձելու նվազեցնել ցեղասպանության պատճառած տառապանքները, և ընդունելով այդ տառապանքները հասկանալու մեր անկարողությունը , մենք պատասխանեցինք, որ Հիսուս Քրիստոսն ինչ-որ բան արել է այդ վրդովեցուցիչ անարդարության դեմ:23 Մենք բացատրեցինք ավետարանական շատ սկզբունքներ Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու վերականգնման վերաբերյալ:24

Դրանից հետո մեր ծանոթը արցունքն աչքերին հարցրեց. «Դուք նկատի ունեք, որ կա՞ ինչ-որ բան, որ կարող եմ անել իմ մահացած ծնողների և հորեղբոր համար»:

Մենք ասացինք. «Այո՛»: Այնուհետև մենք վկայեցինք, որ կյանքի անարդարությունները կարող են արդար դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, և որ Նրա իշխանության միջոցով ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:

Երբ անարդարության ենք բախվում, մենք կարող ենք հեռանալ Աստծուց կամ կարող ենք ավելի շատ մոտենալ Նրան՝ օգնության և աջակցության համար: Օրինակ՝ Նեփիացիների և Լամանացիների երկարատև պատերազմը տարբեր կերպ է ազդել մարդկանց վրա: Մորմոնը նկատել է, որ «շատերը դարձել էին կարծրացած», իսկ մյուսները՝ «փափկել էին՝ իրենց չարչարանքների պատճառով, այնպես որ նրանք իրենց խոնարհեցրել էին Աստծո առաջ»:25

Թույլ մի տվեք, որ անարդարությունը կարծրացնի ու հիասթափեցնի ձեզ, կամ թուլացնի ձեր հավատն առ Աստված: Փոխարենը՝ օգնություն խնդրեք Աստծուց: Ավելացրեք ձեր գնահատանքն ու ապավինեք Փրկիչին: Չարանալու փոխարեն թույլ տվեք, որ Նա օգնի ձեզ ավելի լավը դառնալ:26 Թույլ տվեք Նրան օգնել ձեզ համբերել, թող ձեր տառապանքները «կուլ գնան Քրիստոսի ուրախության մեջ»:27 Եվ միացեք Նրան «սրտով կոտրվածներին բժշկելու» Իր առաքելության մեջ,28 ջանալով մեղմել անարդարությունը և դառնալով «քարերը բռնող:29

Ես վկայում եմ, որ Փրկիչն ապրում է։ Նա հասկանում է անարդարությունը։ Նրա ձեռքերի ափերի հետքերը անընդհատ հիշեցնում են Նրան՝ ձեր և ձեր հանգամանքների մասին։ Նա ծառայում է ձեզ ձեր բոլոր տառապանքների ժամանակ: Նրանց համար, ովքեր գալիս են Նրա մոտ, գեղեցկության պսակը կփոխարինի սգո մոխիրին. հրճվանքն ու ուրախությունը կփոխարինեն վշտին և ցավին. գնահատանքն ու տոնը կփոխարինեն հուսահատությանն ու վհատությանը:30 Ձեր հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կհատուցվի առավել, քան դուք կարող եք պատկերացնել: Ամբողջ անարդարությունը, հատկապես վրդովեցուցիչ անարդարությունը, կնվիրագործվի ձեր օգտի համար: Ես վկայում եմ այդ մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. See John Reader, Africa: A Biography of the Continent (1999), 635–36, 673–79:

  2. Թեև հուսադրող է, սակայն Ռուանդայի հաշտեցումը բարդ է: Ոմանք կասկածի տակ են դնում դրա խորությունն ու ամրությունը: Տես, for example, “The Great Rwanda Debate: Paragon or Prison?,” Economist, Mar. 27, 2021, 41–43:

  3. Վարդապետություն և Ուխտեր 130․19, շեշտադրումն ավելացված է։

  4. Տես Եբրայեցիս 4.15:

  5. 1 Նեփի 21.15-16:

  6. Տես Ալմա 7․11-13:

  7. Տես Եբրայեցիս 4.16, տես նաև Եսայիա 41.10, 43.2, 46.4, 61.1–3:

  8. Նախազգուշացման խոսք. Մենք պետք է դիմագրավենք գայթակղությանը՝ ստեղծելով մեր սեփական տեսություններն այն մասին, թե ինչպես և երբ, անկախ նրանից, թե որքանով է այն հիմնավորված կամ հավաստի: Մենք չենք կարող արդարացիորեն լրացնել այն դատարկությունը, ինչն Աստված դեռ չի բացահայտել:

  9. Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2018), 52, տես նաև Եսայիա 61.2–3, Հայտնություն 21.4: «Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել»՝ հավանաբար նշանակում է, որ մեր նկատմամբ անարդարության հետևանքները կլուծվեն, կմեղմվեն կամ կվերացվեն: Վերջին համաժողովի իր ելույթում՝ «Come What May, and Love It», Երեց Ջոզեֆ Բ. Վիրտլինն ասաց. «Այսօր թափած ամեն մի արցունքը, ի վերջո, վերադարձվելու է ուրախության և երախտագիտության հարյուրապատիկ ավելի արցունքներով»: A principle of compensation prevails” (Liahona, Nov. 2008, 28).

  10. Տես Հովհաննես 16․33։

  11. Տես 2 Նեփի 2․2։

  12. Տես Հոբ 42.10, 12–13, Հակոբ 3.1:

  13. Ալմա 40․5:

  14. Տես Մոսիա 4․9։

  15. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 93: Անհեռատես նշանակում է կարճատես:

  16. Օրինակ, զորավար Մորոնին հաստատեց, որ սխալ է, որ անհատները կողքի կանգնեն և «ոչինչ չանեն», երբ կարող են օգնել ուրիշներին (տես Ալմա 60.9–11, տես նաև 2 Կորնթացիս 1.3):

  17. Վարդապետություն և Ուխտեր 58․27, տես նաև հատվածներ 26, 28-29։

  18. Հովհաննես 8․7

  19. Տես Հովհաննես 8.10–11, 11-րդ հատվածի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը ներառում է. «Եվ կինն այդ ժամից փառավորեց Աստծուն և հավատաց նրա անունին», ինչը ենթադրում է, որ Փրկիչի դատապարտման բացակայությունը և «այլևս չմեղանչելու» Նրա պատվիրանը ազդել են կնոջ կյանքի մնացած մասի վրա:

  20. Bryan Stevenson, Just Mercy: A Story of Justice and Redemption (2015), 308–9.

  21. Տես Մատթեոս 25․31–46։

  22. Տես Գործք 10.38, տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Երկրորդ մեծ պատվիրանը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 96–100:

  23. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.17, 22-23:

  24. Այս հրահանգները հստակ շարադրված են «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»:, ChurchofJesusChrist.org:

  25. Ալմա 62.41:

  26. See Amos C. Brown, in Boyd Matheson, “‘It Can Be Well with This Nation’ If We Lock Arms as Children of God,” Church News, July 25, 2019, churchnews.com.

  27. Ալմա 31․38:

  28. Տես Ղուկաս 4.16-19։ Կոտրված սրտի բժշկումը նշանակում է վերականգնել նրանց, ում միտքը, կամքը, խելքը կամ ներքին եսը կոտրվել կամ ջախջախվել է (see James Strong, The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible [2010], Hebrew dictionary section, 139 and 271):

  29. Տես օրինակ՝ Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 94․ Դալլին Հ. Օուքս «Սիրեք ձեր թշնամիներին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 26–29։ Նախագահ Նելսոնը հորդորել է. «Այսօր ես կոչ եմ անում մեր անդամներին ամենուր՝ հրաժարվել նախապաշարմունքի վերաբերմունքից և գործողություններից: Ես խնդրում եմ ձեզ հարգանք ցուցաբերել Աստծո բոլոր զավակների հանդեպ»: Սա ավելին է, քան պարզապես նախապաշարմունքի վերաբերմունքին ու գործողություններին հակադրվելը: Նախագահ Օուքսը մեջբերել է պատվելի Թերեզա Ա. Դիրի խոսքերը. «Ռասիզմը զարգանում է ատելության, ճնշումների, համաձայնության, անտարբերության և լռության պատճառով»: Հետո նա ասաց. «Որպես քաղաքացիներ և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք պետք է օգնենք արմատախիլ անել ռասիզմը»։

  30. Տես Եսայիա 61․3։ Ստանալ գեղեցկության պսակը՝ նշանակում է, որ մենք Հիսուս Քրիստոսի հետ միասին ժառանգներ ենք դառնում Աստծո արքայությունում: Տես նաև Donald W. Parry, Jay A. Parry, and Tina M. Peterson, Understanding Isaiah (1998), 541–43: