2021
Ազատ կլինիք
Մայիս 2021


9:53

Ազատ կլինիք

Հիսուս Քրիստոսն այն լույսն է, որը մենք պետք է բարձր պահենք՝ հատկապես մեր մահկանացու կյանքի մութ ժամանակներում։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես այնքան երախտապարտ եմ, որ Աֆրիկայից ձեզ դիմելու արտոնություն ունեմ։ Օրհնություն է այսօր ունենալ տեխնոլոգիա և օգտագործել այն ամենաարդյունավետ ձևով՝ ձեզ հետ կապվելու համար, որտեղ էլ որ լինեք։

Երբ 2019 թվականի սեպտեմբերին ես և քույր Մատումբոն ծառայում էինք որպես Մերիլենդ Բալթիմոր միսիայի ղեկավարներ, արտոնություն ունեցանք այցելելու Եկեղեցու պատմական որոշ վայրեր Պալմիրայում (Նյու Յորք), մինչ մասնակցում էինք միսիայի ղեկավարների սեմինարին։ Մենք մեր այցն ավարտեցինք Սրբազան պուրակում։ Սրբազան պուրակն այցելելու մեր նպատակը հատուկ փորձառություն ունենալը կամ տեսիլք տեսնելը չէր, բայց մենք զգացինք Աստծո ներկայությունը այս սրբազան վայրում։ Մեր սրտերը երախտագիտությամբ լցվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ։

Վերադառնալիս քույր Մատումբոն նկատեց, որ մեքենան վարելիս ես ժպտում էի, ուստի նա հարցրեց. «Ո՞րն է քո ոգևորության պատճառը»։

Ես պատասխանեցի. «Իմ սիրելի՛ Նատալի, ճիշտը միշտ հաղթելու է սխալին, և խավարը չի շարունակվելու երկրի վրա՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ»։

Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը այցելեցին պատանի Ջոզեֆ Սմիթին, որպեսզի լույս սփռեն թաքնված բաների վրա, որպեսզի մենք կարողանանք ստանալ «գիտություն բաների մասին, ինչպես որ կան, … ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (Վարդապետություն և Ուխտեր 93․24

Գրեթե 200 տարի անց շատերը դեռ փնտրում են ճշմարտությունները, որ անհրաժեշտ են որոշ ավանդույթներից և կեղծիքներից ազատվելու համար, որոնք հակառակորդը տարածում է ամբողջ աշխարհում։ Շատերը «կույր են դարձվել մարդկանց ճարպիկ խաբեությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 123․12)։ Եփեսացիներին ուղղված իր թղթում Պողոսն ուսուցանել է. «Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կ’լուսաւորէ քեզ» (Եփեսացիս 5․14)։ Փրկիչը խոստացել է, որ Նա լույս կլինի նրանց համար, ովքեր լսում են Իր խոսքերը (տես 2 Նեփի 10․14

Երեսունհինգ տարի առաջ ծնողներս նույնպես կուրացել էին և հուսահատորեն ձգտում էին իմանալ ճշմարտությունը և մտահոգված էին, թե ուր դիմել` այն գտնելու համար։ Իմ ծնողները երկուսն էլ ծնվել են գյուղում, որտեղ ավանդույթներն իսկապես արմատավորված են անհատների և ընտանիքների կյանքում։ Նրանք երկուսն էլ երիտասարդ տարիքում թողել են իրենց գյուղը և եկել քաղաք՝ փնտրելով ավելի լավ կյանք։

Նրանք ամուսնացել են և իրենց ընտանեկան կյանքը սկսել են շատ ավելի համեստ պայմաններում։ Մեր փոքրիկ տանը ութ հոգի էին ապրում՝ ծնողներս, ես, քույրերս և զարմիկս, ով մեզ հետ էր բնակվում։ Ես խորհում էի՝ արդյո՞ք մենք իսկապես ընտանիք ենք, քանի որ մեզ թույլ չէին տալիս ճաշել մեր ծնողների հետ նույն սեղանի շուրջ։ Երբ հայրս աշխատանքից վերադառնում էր, տուն մտնելուն պես մեզ խնդրում էին դուրս գալ փողոց։ Մեր գիշերները շատ կարճ էին, քանի որ մենք չէինք կարողանում քնել՝ մեր ծնողների ամուսնության մեջ ներդաշնակության և իսկական սիրո պակասի պատճառով։ Մեր տունը ոչ միայն չափերով էր փոքր, այլ նաև խավար մի վայր էր։ Նախքան միսիոներներին հանդիպելը, մենք ամեն կիրակի հաճախում էինք տարբեր եկեղեցիներ։ Պարզ էր, որ մեր ծնողները փնտրում էին մի բան, որն աշխարհը չէր կարող տալ։

Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մենք հանդիպեցինք Երեց և Քույր Հաթչինգսներին՝ առաջին ավագ միսիոներական զույգին, որը կանչվել էր ծառայելու Զաիրում (այսօր հայտնի որպես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կամ Կոնգո-Կինշասա)։ Երբ մենք սկսեցինք հանդիպել այդ հրաշալի միսիոներների հետ, որ նման էին Աստծուց ուղարկված հրեշտակների, ես նկատեցի, որ մեր ընտանիքում ինչ-որ բան սկսեց փոխվել։ Մեր մկրտությունից հետո մենք իսկապես սկսեցինք աստիճանաբար ունենալ նոր կենսակերպ՝ վերականգնված ավետարանի շնորհիվ։ Քրիստոսի խոսքերը սկսեցին մեզ մեծահոգի դարձնել։ Նրանք սկսեցին լուսավորել մեր հասկացողությունը, և դա հրաշալի էր մեզ համար, քանի որ մեր ստացած ճշմարտությունները հասկանալի էին, և մենք կարող էինք տեսնել լույսը, և այդ լույսն օրեցօր ավելի ու ավելի էր պայծառանում։

Ավետարանի ինչուների պատասխանները գտնելն օգնում էր մեզ ավելի նմանվել Փրկչին։ Ոչ մեր տան չափերը, ոչ էլ մեր սոցիալական պայմանները չփոխվեցին։ Բայց ես ականատես եղա իմ ծնողների սրտի փոփոխությանը, մինչ մենք ամեն օր առավոտ ու երեկո աղոթում էինք։ Մենք ուսումնասիրում էինք Մորմոնի Գիրքը, մենք կազմակերպում էինք ընտանեկան երեկո, մենք իսկապես դարձանք ընտանիք։ Ամեն կիրակի մենք արթնանում էինք ժամը 6-ին, որպեսզի պատրաստվեինք գնալ եկեղեցի, և մենք ամեն շաբաթ անտրտունջ քայլում էինք ժամեր շարունակ՝ Եկեղեցու ժողովներին մասնակցելու համար։ Մենք ականատես դարձանք հրաշալի մի փորձառության։ Մենք, որ նախկինում քայլում էինք խավարի մեջ, ցրեցինք խավարը մեր միջից (տես Վարդապետություն և Ուխտեր 50․25) և տեսանք «մեծ լույս» (2 Նեփի 19․2

Հիշում եմ, երբ մի օր ես չէի ցանկանում առավոտյան շուտ արթնանալ մեր ընտանեկան աղոթքի համար, փնթփնթալով ասացի քույրերիս. «Իրականում ուրիշ բան չկա, որ մենք կարողանանք անել այս տանը, միայն աղոթել, աղոթել, աղոթել»։ Հայրս լսեց իմ մեկնաբանությունը։ Ես հիշում եմ նրա արձագանքը, երբ նա սիրով, բայց հաստատուն կերպով սովորեցրեց ինձ. «Քանի դեռ այս տանը կլինես, կաղոթես, կաղոթես, կաղոթես»։

Ամեն օր հորս բառերը հնչում էին իմ ականջներում։ Ձեր կարծիքով, ես և Քույր Մատումբոն ի՞նչ ենք անում մեր երեխաների հետ այսօր։ Մենք աղոթում, աղոթում և աղոթում ենք։ Սա է մեր ժառանգությունը։

Մարդը, որ ծնվել էր կույր և բուժվել Հիսուս Քրիստոսի կողմից, հարևանների և փարիսեցիների կողմից ճնշվելուց հետո ասաց.

«Մի մարդ՝ անունը Յիսուս, ցեխ շինեց եւ աչքերիս քսեց, եւ ինձ ասեց. Գնա Սիլովամի աւազանը, եւ լուացուիր. Գնացի եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։ …

… Մի բան գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ » (Հովհաննես 9․11, 25

Մենք նույնպես կույր էինք, իսկ հիմա կարող ենք տեսնել։ Վերականգնված ավետարանն ազդել է մեր ընտանիքի վրա այդ ժամանակից ի վեր։ Ավետարանի ինչուների պատասխանները գտնելն օրհնել է իմ ընտանիքի երեք սերունդներին և կշարունակի օրհնել գալիք շատ սերունդների։

Հիսուս Քրիստոսը լույսն է, որ շողում է խավարում։ Նա, ով հետևում է Նրան, «խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի» ( Հովհաննես 8.12

Գրեթե մեկ տարի՝ 2016-2017 թվականները, Կասայի շրջանի բնակիչները սարսափելի ողբերգություն են ապրել։ Դա շատ դժվար ժամանակաշրջան էր ժողովրդի համար` ռազմիկների ավանդական խմբի և կառավարական ուժերի միջև հակասության պատճառով։ Բռնությունը Կասայի կենտրոնական գավառի քաղաքներից տարածվեց դեպի Կասայի մյուս շրջանները։ Շատերն անվտանգության նկատառումներով լքեցին իրենց տները և թաքնվեցին թփուտներում։ Նրանք չունեին ոչ ուտելիք, ոչ ջուր, ոչինչ չունեին իսկապես, և նրանց մեջ կային Կանանգայի տարածքի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու որոշ անդամներ։ Եկեղեցու մի քանի անդամներ սպանվեցին ոստիկանների կողմից։

Կանանգայի Նգանզա ծխից եղբայր Օնորե Մուլումբան և նրա ընտանիքը այն սակավաթիվ մարդկանցից էին, ովքեր մնացել էին իրենց տանը թաքնված, չիմանալով ուր գնալ, քանի որ բոլոր փողոցները փոխակերպվել էին կրակակետերի։ Մի օր թաղային ոստիկաններից մի քանիսը նկատել էին եղբայր Մուլումբայի և նրա ընտանիքի ներկայությունը, երբ մի երեկո նրանք դուրս էին եկել՝ փորձելով ընտանեկան պարտեզում բանջարեղեն գտնել ուտելու համար։ Ոստիկանական մի խումբ մոտեցել էր նրանց տանը և դուրս բերել նրանց, ապա ընտրության առաջ կանգնեցրել նրանց․ կամ ենթարկվել իրենց կանոններին, կամ՝ սպանվել։

Եղբայր Մուլումբան համարձակ ասել էր նրանց. «Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ։ Ես և իմ ընտանիքը ընդունել ենք Հիսուս Քրիստոսին և հավատում ենք Նրան։ Մենք հավատարիմ կմնանք մեր ուխտերին և կընդունենք մահը»։

Նրանք ասացին նրանց․ «Քանի որ դուք ընտրեցիք Հիսուս Քրիստոսին, ձեր մարմինները կհոշոտվեն շների կողմից», և նրանք խոստացան վերադառնալ։ Սակայն նրանք երբեք չվերադարձան, իսկ ընտանիքը երկու ամիս մնաց այնտեղ և այլևս երբեք չտեսավ նրանց։ Եղբայր Մուլումբան և նրա ընտանիքը վառ պահեցին իրենց հավատքի ջահը։ Նրանք հիշեցին իրենց ուխտերը և պաշտպանություն գտան։

Հիսուս Քրիստոսն այն լույսն է, որը մենք պետք է բարձր պահենք՝ հատկապես մեր մահկանացու կյանքի մութ ժամանակներում (տես 3 Նեփի 18․24)։ Երբ մենք ընտրում ենք հետևել Քրիստոսին, մենք ընտրում ենք փոխվել։ Մարդը, որ փոխվել է Քրիստոսի համար, կառաջնորդվի Քրիստոսով, և ինչպես Պողոս առաքյալը, մենք կհարցնենք. «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ» (Գործք Առաքելոց 9․6)։ Մենք «նորա հետքերին [կհետևենք]» (Ա Պետրոս 2․21)։ Մենք «պէտք է, ինչպէս որ նա գնաց, … այնպէս [գնանք]» (Ա Հովհաննես 2․6)։ (Տես Էզրա Թավտ Բենսոն, “Born of God,” Tambuli, Oct. 1989, 2, 6։)

Ես վկայում եմ Նրա մասին, ով մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և երկինք բարձրացավ, որպեսզի ես և դուք կարողանանք ստանալ անմահության և վեհացման օրհնությունները։ Նա է «լույսը, … կյանքը և ճշմարտությունը» (Եթեր 4․12)։ Աշխարհի խառնաշփոթին դիմակայելու միջոցը Նա է։ Վեհացմանը հասնելու համար Նա է մեր չափանիշը՝ Հիսուս Քրիստոսը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։