2022
Մեր աստվածային ճակատագիրը
Հունվար/փետրվար 2022 թվական


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Մեր աստվածային ճակատագիրը

Եթե աշխարհի բոլոր հրաշալիքներից մենք հասկանայինք և հավատայինք միայն այս մեկ ճշմարտությանը՝ որ մենք սիրող Երկնային Հոր զավակներն ենք, Ով մեզ համար ծրագիր ունի, որը ներառում է մեր աստվածային ճակատագիրը, ապա այդ ճշմարտությունը մեծապես կփոխեր շատերի կյանքը և այն աշխարհը, որում մենք ապրում ենք:

Եթե կա փրկության մեծ ծրագիր ողջ մարդկության համար, ապա մեզանից յուրաքանչյուրի համար՝ որպես անհատների, նույնպես պետք է լինի ծրագիր: Մեր անձնական ծրագիրը ներառում է աշխատանք և մարտահրավերներ, և նախասահմանված է, որ մահկանացու կյանքի ընթացքում մենք պետք է կատարենք և լուծենք դրանք:

Եթե համառոտ ամփոփենք, Երկնային Հոր ծրագրի վերջնական արդյունքը մեզ համար այն է, որ վերադառնանք Նրա ներկայություն` որպես վեհացված էակներ, և ստանանք այն ամենը, ինչ Նա ունի: Այդ նպատակին հասնելու մեր ճամփորդության ընթացքում մենք կպարզենք, որ ըստ նախասահմանված ծրագրի, շատ հրաշալի գործեր ունենք կատարելու և ուրիշների կյանքը օրհնելու համար:

Ինչպե՞ս է այս գիտելիքն ազդում ձեր կյանքի վրա: Արդյո՞ք այն օգնում է ձեզ ճիշտ որոշումներ կայացնել և առաջ ընթանալ, երբ կյանքը, երբեմն, լի է դժվարություններով:

Անկախ այն բանից՝ ամուսնացած եք, թե՝ միայնակ, ունեք երեխաներ, թե՝ ոչ, արդյո՞ք այդ գիտելիքն օգնում է ձեզ իմանալ, որ դուք Աստծո զավակն եք, Ով սիրում է ձեզ և Ով ուղարկեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի հատուցի ձեր փոխարեն,, և դուք կարողանաք վերադառնալ ձեր Երկնային Հոր մոտ:

Խնդրում ենք ձեզ որոշ ժամանակ տրամադրել այս հարցերի շուրջ խորհելու և պարզելու համար՝ արդյո՞ք դուք ճիշտ ուղղությամբ եք շարժվում ՝ ձեր կյանքում կատարելով քայլեր, որոնք հնարավորություն են տալիս մոտ լինել Տիրոջն ու Նրա մարգարեներին և իրագործել ձեր աստվածային ճակատագիրը:

Կյանքիս վաղ շրջանից սկսած՝ ես ունեցել եմ փորձառություններ և ապրել եմ այնպիսի պահեր, երբ կարողացել եմ հստակ տեսնել Տիրոջ ձեռքն իմ կյանքում, կամ այլ դեպքերում ստացել եմ Նրա հավանության և խրախուսանքի կնիքը՝ ուղղությունը շարունակելու կամ փոխելու վերաբերյալ:

Ես գնահատում եմ Սուրբ Հոգու պարգևն իմ կյանքում, որն օգնում է ինձ հստակ տեսնել իմ ուղին և հասկանալ, թե ինչպես կատարել այն գործերը, որոնք նախատեսված են ինձ համար: Դրանց թվում են՝ մեր եկեղեցական կոչումները, երեխաները, որոնք տրվել են մեր խնամքին, մարդիկ, որոնց սպասավորում ենք, և երբեմն նույնիսկ նրանք, ում հանդիպում ենք աշխատավայրում, դպրոցում կամ փողոցում:

Այդ պահերն ավելի ցայտուն են դառնում, երբ մենք ավելի մոտ ենք Տիրոջը՝ ամենօրյա անձնական աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրման միջոցով, երբ մենք ձգտում ենք ապրել արժանավոր կյանքով և ավելի շատ նմանվել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Երեց Օուքսն ուսուցանում է, որ Հարության մասին մեր հասկացողությունը ուժ ու հեռանկար է տալիս մեզ և մեր սիրելի մարդկանց` դիմակայելու մահկանացու մարտահրավերներին, որոնց բախվում է մեզանից յուրաքանչյուրը: Նա ասում է, որ դա մեզ հնարավորություն է տալիս նորովի դիտարկել մեր ֆիզիկական, մտավոր և հուզական թերությունները, որոնք մենք ունենք մեր ծննդյան օրից կամ ձեռք ենք բերում մահկանացու կյանքում: Այն մեզ ուժ է տալիս դիմանալու վշտերին, անհաջողություններին և հիասթափություններին: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը վստահաբար ունի հարության հեռանկարը, մենք գիտենք, որ այս մահկանացու թերություններն ու հակադրությունները միայն ժամանակավոր են (տես երեց Օուքս, 2021 թ. ապրիլի գերագույն համաժողով, «Ի՞նչ է արել մեր Փրկիչը մեզ համար»):

Ի՜նչ ուրախություն և օրհնություն է կարողանալ ապրել ժամանակների լրության մեջ և առաջնորդություն ստանալ ապրող մարգարեներից:

Ինչ էլ որ կյանքը բերի մեզ գալիք օրերին, թող որ միշտ գիտակցենք, թե ով ենք մենք և որն է մեր դերը կյանքում: Եկեք միասին ուրախանանք՝ որպես Տիրոջ ժողովուրդ, և ընդգրկվենք Նրա աշխատանքում, այն է՝ իրականացնել մարդկության անմահությունն ու հավերժական կյանքը՝ կիսվելով ավետարանով, փրկագնելով մեր մահացածներին և միշտ լավացնելով ուրիշների կյանքը:

Եկեք բոլորս շարունակենք ջանասիրաբար աշխատել Տիրոջ զորությամբ՝ ավելի մեծ նվիրումով, ավելի լավ հասկանալով քավությունը և ըմբռնելով, թե այս պարգևն ինչպիսի հնարավորություններ կընձեռի մեզ՝ անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, և կատարելու այն ամենը, ինչ հանձնված է մեր հոգածությանը:

Ես ավելացնում եմ իմ վկայությունը, որ այն ամենը, ինչով ես այսօր կիսվեցի ձեզ հետ, ճշմարիտ է, և երջանկություն կբերի այս կյանքում ու հավերժական երջանկություն՝ գալիք կյանքում, երբ կհասնենք մեր աստվածային ճակատագրին:

Տպել