2022
Ես որոշ ժամանակով հեռացա կյանքից: Իմ վկայությունը
Հունվար/փետրվար 2022 թվական


Ես որոշ ժամանակով հեռացա կյանքից: Իմ վկայությունը

Իմ անունն է Տատյանա Միզինա: Ես 36 տարեկան եմ: Մանկուց ես տառապել եմ էպիլեպսիայով: Ջղաձգության նոպայի բաղադրիչներից մեկը նոպային նախորդող իրադարձությունների հիշողության կորուստն է: Քանի որ ամեն շաբաթ ունենում եմ նման նոպաներ, ես արդեն վարժվել եմ դրան և սովորել եմ կողմնորոշվել իմ հիշողության կարճաժամկետ կորստի պահերին:

Բայց տարեկան մոտ երկու-երեք անգամ ես հայտնվում եմ հատուկ վիճակում, որը կոչվում է ջղաձգված վիճակ: Երկար ժամանակ (մոտ մեկ օր տևողությամբ), որոշակի ընդմիջումներով (1-2 ժամ), ես ունենում եմ նոպաներ: Նման վիճակի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ գիտակցությունը ժամանակ չի ունենում պարզվելու՝ մինչև հաջորդ նոպայի սկիզբը, և այդ ամբողջ ընթացքում գիտակցությունս անջատվում է: Բառացիորեն ես բաց եմ թողնում իմ կյանքից մի ամբողջ օր: Միևնույն ժամանակ, նոպաների միջև ես կարող եմ սովորական գործողություններ կատարել, շփվել և հոգ տանել իմ սիրելի մարդկանց մասին: Բայց երբ հաջորդ օրն արթնանում եմ, այդ օրվանից ոչինչ չեմ հիշում: Եվ այսպես՝ տարիներ շարունակ:

Այս ամենը ես գրում եմ ամուսնուս բացատրությունների հիման վրա, քանի որ նա բժիշկ է և բուժում է ինձ ավելի քան 10 տարի: Այս տարի բժիշկները կտրուկ ընդլայնեցին իմ դեղորայքային բուժումը, և մի անգամ ուղեղս ինձ յուրահատուկ անակնկալ մատուցեց:

2021 թվականի հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին ես չէի հիշում, թե ինչ էր կատարվել ինձ հետ: Հուլիսի 7-ին, երբ ամուսինս՝ Գոշան, աշխատանքի էր շտապօգնության 24-ժամյա հերթափոխում, ինձ մոտ սկսվեցին նույն ջղաձգումները: Քնելուց առաջ ես և ամուսինս միշտ միմյանց բարի գիշեր ենք մաղթում հեռախոսով և մի քանի գեղեցիկ բառ ասում: Ամուսինս գրում է ինձ, իսկ ես անմիջապես պատասխանում եմ նրան: Այդ ժամանակ այլ կերպ ստացվեց: Չեմ հիշում, թե հատկապես ինչ պատասխանեցի և երբ: Ամուսինս ասաց, որ զարմացել էր, երբ ես նրան պատասխանել էի 2 ժամ հետո, այլ ոչ անմիջապես՝ ինչպես միշտ: Հաջորդ առավոտյան ես չէի կարողանում հիշել դա: Ես տարօրինակ հոգեվիճակում էի. հիշում էի, որ տեսա ամուսնուս, բայց բացարձակապես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Ես իմ առջև երեխաներ տեսա և մտածեցի. «Սրանք իմ երեխանե՞րն են»: Եվ այսպես ամբողջ օրը ես բացարձակապես ոչինչ չէի հիշում. ես պարզապես կյանքից հեռացել էի: Ամուսինս, տեսնելով իմ վիճակը, ինձ դեղեր ներարկեց և գիտակցությունս, աստիճանաբար ու դանդաղ, սկսեց պարզվել:

Հուլիսի 8-ին մենք ընտանիքով երեկոյան զբոսանքի գնացինք Նևա գետի ափ: Մենք գրկախառնված էինք, և ես կարծես նորից սիրահարվեցի իմ ընտանիքին: Ես հիացմունքով նայում էի իմ երեխաներին: Արդյո՞ք սրանք իմ երեխաներն են՝ Էլզան, Միշան և Դմիտրին: Որքա՜ն երջանիկ եմ ես: Արդյո՞ք սա իմ հրաշալի ամուսինն է: Նա լավագույնն է, ամենագրավիչը, սիրող ու սիրված: Երջանկության արցունքները ջրի նման հոսում էին, երբ գիտակցում էի, որ սա իմ հրաշալի ընտանիքն է: Ես այնքան տարօրինակ եմ, որովհետև ոչինչ չեմ հիշում, բայց ես այնքան օրհնված եմ: Ես ծնել եմ այս հիանալի երեխաներին: Արդյո՞ք Տերն ինձ օրհնել է նրանցով: Իսկ ամուսինս, ով ինձ նայում է այդպիսի սիրո՞վ: Արցունքները անդադար հոսում էին աչքերիցս: Նույնը տեղի ունեցավ հուլիսի 9-ին: Ես ավելի ու ավելի շատ բան էի իմանում իմ կյանքի մասին և մտածում էի, թե ինչքան օրհնություններ ունեմ: Գաղափար ծագեց՝ կարդալ «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը: Ես և իմ ընտանիքի անդամները կարդացինք այն: Ամուսինս ծաղիկներ նվիրեց Էլզային, իսկ Միշան ինձ նվիրեց հինգ շքեղ վարդ: Ես և Էլզան մեր տղաների համար պիցցա պատրաստեցինք: Ես ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում, և աչքերիցս անդադար արցունքներ էին հոսում:

Հուլիսի 9-ին իմ կյանքի իրադարձությունների մասին հիշողությունը սկսեց վերականգնվել: Ես սկսեցի գնահատել նախորդ օրերի իրադարձությունները, քանի որ պարզապես աննախադեպ էր, որ ես կարող էի մասամբ հիշել դրանք: Ես հիշեցի այդ զգացմունքները, երբ կարծես, նորովի գիտակցեցի, որ նրանք իմ ամուսինն ու երեխաներն են: Եվ ես հասկացա, որ նոր աչքերով եմ նայել իմ կյանքին, քանի որ շատ երջանիկ էի, որ Տերն այդքան օրհնել է ինձ և իմ ընտանիքը:

Հիշողությունս ամբողջովին վերադարձավ, և ես նույնիսկ կարողացա կյանքի հանդեպ իմ վերաբերմունքը համեմատել այս յուրահատուկ վիճակից առաջ և հետո: Երբ ամուսինս աշխատանքի հերթափոխից վերադարձավ ամսի 10-ին, անմիջապես իմ մեջ փոփոխություն նկատեց, քանի որ ես պարզապես փայլում էի երջանկությունից:

Ես իմ զգացմունքները գրի առա օրագրում և վերլուծեցի դրանք: Այս ամենն ինձ հետ պատահաբար պատահեց, բայց, հավանաբար, բոլորը պետք է նորովի գնահատեն իրենց կյանքը «մաքուր էջից»: Եվ այդ ժամանակ մենք կհասկանանք, թե Աստված որքան շատ բան է անում մեզ համար՝ նույնիսկ հիմա, և կդադարենք մեր միտքը սնուցել մեր չունեցածի մասին բացասական մտքերով, այլ մտածենք, թե ինչ ենք մենք այդքան շատ ուզում և թե որքան կարող ենք երախտապարտ ու երջանիկ լինել: Եվ մենք չպետք է հուսահատվենք չհասած նպատակների և չիրականացված ցանկությունների պատճառով:

Ես վկայում եմ, որ Աստված սիրում և օգնում է Իր զավակներին, չնայած այն բոլոր դժվարություններին, որոնք կան աշխարհում: Ես գիտեմ դա իմ ամբողջ սրտով:

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել