2022
Տերը զարմանալի ծրագիր է պատրաստել Իր զավակների համար
Հունվար/փետրվար 2022 թվական


Տերը զարմանալի ծրագիր է պատրաստել Իր զավակների համար

Երբ միսիոներները սկսեցին այցելել մեր ընտանիք, ես նրանց ուղերձում շատ դրական բաներ տեսա: Ես դրական մտածողություն էի փնտրում և գտա այն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Ավետարանը մեծ ուրախություն է պարգևում, որը մենք զգում ենք, երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսին: Մկրտության պահից ի վեր իմ ընտանիքի բոլոր անդամները ոգեշնչվեցին: Մեր գործերն ու մտքերը լցվեցին մեր գոյության նոր հեռանկարով և հարակից ուրախությամբ: Իհարկե, մեր խնդիրները չվերացան, բայց վերաբերմունքը դրանց նկատմամբ փոխվեց: Տերը սովորեցնում է մեզ, որ կյանքի ցանկացած խնդիր տրվում է ոչ թե որպես պատիժ, այլ որպես նոր բան սովորելու հնարավորություն և, որպես արդյունք, անձի բարելավման համար:

Շատ հաճախ մարդիկ վախենում են տառապանքներից, որոնք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական: Բայց եթե դուք խուսափում եք տառապանքներից, ինչպե՞ս կարող եք խոսել ուրախության մասին: Հիսուս Քրիստոսի հիանալի օրինակը ցույց տվեց բոլորին, որ իսկական ուրախությունը «թրծվում է» տառապանքի մեջ, որն ավելի բարձր է, քան աշխարհի բոլոր հաճույքները: Տերն ուսուցանում է, որ իրական ուրախությունը ոչ թե գոհության ու հաճույքների մեջ է, այլ այն զգացմունքների մեջ, որոնք առաջանում են արդար գործերով, արարքներով և Աստծո իսկական սիրով:

Ոչ բոլոր մարդիկ են ճիշտ հասկանում երջանկության վիճակը: Շատերն այն նույնացնում են աշխարհիկ հաջողության և բարգավաճման հետ և կապում կյանքի որոշակի իրավիճակի հետ: Բայց երբ կյանքում խնդիրներ են հայտնվում, մարդիկ սկսում են իրենց դժբախտ զգալ: Այնուամենայնիվ, երջանկությունը կապ չունի կյանքի իրավիճակների հետ, քանի որ այն գոյություն ունի՝ անկախ հանգամանքներից: Օրինակ՝ այն, ինչ աշխարհիկ տեսանկյունից կարող է թվալ որպես դժբախտ իրավիճակ, իրականում երջանկություն է պատճառում այն ճիշտ հասկացողներին: Այն տառապանքները, որոնց միջով անցնում էր Հիսուս Քրիստոսը, երբ կատարում էր Իր քավիչ զոհաբերությունը բոլոր մարդկանց համար, ինչ-որ մեկը կարող է ընկալել որպես դժբախտություն: Բայց Քավիչի համար այս իրադարձությունները լցված էին մեծագույն իմաստով և մեծ ուրախությամբ՝ Իր կատարած Քավության շնորհիվ: Այսպիսով, իսկական երջանկություն ապրելու համար պետք է վեր կանգնել աշխարհիկ կյանքից, ամեն ինչին նայել Նրա տեսլականով և ճանաչել Նրա հզոր գործերի մեծ իմաստը:

Տերը զարմանալի ծրագիր է պատրաստել Իր զավակների համար: Յուրաքանչյուր անհատ ունի ընտրություն՝ ընդունել այս ծրագիրը և երջանիկ դառնալ, կամ չընդունել՝ վտանգելով իր ապագան: Երկնային Հոր ծրագիրը բոլոր մարդկանց համար երջանկության բացարձակ ուղեցույց է, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում (և ոչ ոք չի կարող որոշել իր փոխարեն)՝ արդյոք ինքը կօրհնվի՝ ձեռք բերելով երջանկություն և մեծ ապագա՝ ապրելով ըստ Հիսուս Քրիստոսի Ավետարանի, կամ կզրկի իրեն դրանցից:

Տպել