Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 52


Բաժին 52

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Եկեղեցու երեցներին, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. հունիսի 7-ին (History of the Church, 1.175–179): Կիրթլենդում համաժողով էր անցկացվել, որն սկսվել էր հունիսի 3-ին և ավարտվել հունիսի 6-ին: Այս համաժողովում առաջին բնորոշ կարգումներն էին արվել քահանայապետի պաշտոնում, և կեղծ ու խաբող ոգիների որոշակի դրսևորումներ էին զանազանվել ու կշտամբվել:

1–2՝ Հաջորդ համաժողովը որոշվում է անցկացնել Միսսուրիում. 3–8՝ Որոշ երեցների նշանակումներ են արվում՝ ճամփորդել միասին. 9–11՝ Երեցները պետք է ուսուցանեն այն, ինչ առաքյալներն ու մարգարեներն են գրել. 12–21՝ Նրանք, ովքեր լուսավորված են Հոգու կողմից, առաջ են բերում գովասանքի և իմաստության պտուղներ. 22–44՝ Մի քանի երեցներ նշանակվում են, որ առաջ գնան, քարոզելով ավետարանը, մինչ կճամփորդեն դեպի Միսսուրի՝ համաժողովի համար:

1 Ահա, այսպես է ասում Տերը երեցներին, որոնց նա կանչել է և ընտրել, այս վերջին օրերին, իր Հոգու ձայնով,–

2 Ասելով. Ես՝ Տերս, ձեզ հայտնի կդարձնեմ, թե ինչ եմ կամենում, որ դուք անեք այս ժամանակից ի վեր, մինչև հաջորդ համաժողովը, որը կանցկացվի Միսսուրիում, այն հողի վրա, որը ես կնվիրաբերեմ իմ ժողովրդի համար, որոնք Հակոբի մնացորդն են, և նրանց համար, ովքեր ժառանգներ են՝ ուխտի համաձայն:

3 Ուստի, ճշմարիտ ասում եմ ձեզ, թող իմ ծառաներ Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Սիդնի Ռիգդոնը ճամփա ընկնեն, որքան շուտ որ կարող են նախապատրաստություն տեսնել՝ իրենց տներից հեռանալու համար, և ուղևորվեն դեպի Միսսուրիի հողը:

4 Եվ որքան որ նրանք հավատարիմ կլինեն ինձ, նրանց հայտնի կդարձվի, թե ինչ պետք է անեն.

5 Եվ նաև, որքան որ նրանք հավատարիմ կլինեն, նրանց հայտնի կդարձվի ձեր ժառանգության հողը:

6 Եվ որքան որ նրանք հավատարիմ չեն լինի, նրանք պիտի կտրվեն, ճիշտ ինչպես ես եմ կամենում, ինչպես ինձ բարի է երևում:

7 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող իմ ծառա Լայման Ուայթը և իմ ծառա Ջոն Քորրիլը շտապ ճամփա ընկնեն.

8 Եվ նաև իմ ծառա Ջոն Մարդոկը, և իմ ծառա Հայրում Սմիթը, ճամփա ընկնեն դեպի նույն վայրը, Դետրոյտի ճանապարհով:

9 Եվ թող նրանք ուղևորվեն այնտեղից՝ ճանապարհին քարոզելով խոսքը, չասելով ոչինչ, բացի այն, ինչ գրել են մարգարեներն ու առաքյալները, և այն, ինչն ուսուցանվել է իրենց՝ Մխիթարիչի կողմից, հավատքի աղոթքով:

10 Թող նրանք գնան, երկու-երկու, և այդպես, թող ճանապարհին քարոզեն յուրաքանչյուր ժողովքում, մկրտելով ջրով և ձեռնադրմամբ՝ ջրի մոտ:

11 Քանզի այսպես է ասում Տերը. Ես կկարճացնեմ իմ գործն արդարությամբ, քանզի մոտենում են օրերը, երբ ես դատաստան առաջ կուղարկեմ՝ ի հաղթություն:

12 Եվ թող իմ ծառա Լայման Ուայթը զգուշանա, քանզի Սատանան ցանկանում է մղեղի պես մաղել իրեն:

13 Եվ ահա, նա, ով հավատարիմ է, կառավարիչ կդրվի շատ բաների վրա:

14 Եվ բացի այդ, ես ձեզ կտամ մի օրինակ, բոլոր բաների համար, որպեսզի դուք չխաբվեք. քանզի Սատանան դրսում է, երկրի վրա, և նա առաջ է գնում՝ խաբելով ազգերին,–

15 Ուստի, ով որ աղոթում է, ում հոգին փշրված է, նա ընդունվում է իմ կողմից, եթե հնազանդվում է իմ արարողություններին:

16 Ով որ խոսում է, ում հոգին փշրված է, ում լեզուն հեզ է և շենացնող, նա Աստծուց է, եթե հնազանդվում է իմ արարողություններին:

17 Եվ բացի այդ, նա, ով դողում է իմ զորության ներքո, ուժեղ պիտի դարձվի, և գովասանքի և իմաստության պտուղներ պիտի բերի, համաձայն հայտնությունների ու ճշմարտությունների, որոնք ես տվել եմ ձեզ:

18 Եվ բացի այդ, նա, ով հաղթվում է և պտուղներ չի բերում, ճիշտ այս օրինակի համաձայն, ինձանից չէ:

19 Ուստի, այս օրինակով դուք պիտի ճանաչեք ոգիները, բոլոր պարագաներում, ողջ երկնքի տակ:

20 Եվ օրերը եկել են. մարդկանց համար կկատարվի՝ համաձայն իրենց հավատքի:

21 Ահա, այս պատվիրանը տրվել է բոլոր երեցներին, որոնց ես ընտրել եմ:

22 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող իմ ծառա Թոմաս Բ. Մարշը և իմ ծառա Էզրա Թայրը նույնպես ճամփա ընկնեն դեպի այդ նույն հողը՝ ճանապարհին քարոզելով խոսքը:

23 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող իմ ծառա Իսահակ Մորլին և իմ ծառա Էզրա Բութը նույնպես ճամփա ընկնեն դեպի այդ նույն հողը՝ ճանապարհին քարոզելով խոսքը:

24 Եվ բացի այդ, թող իմ ծառաներ Էդվարդ Պատրիջն ու Մարտին Հարրիսը ճամփա ընկնեն իմ ծառաներ Սիդնի Ռիգդոնի և Ջոզեֆ Սմիթ կրտսերի հետ:

25 Թող իմ ծառաներ Դեյվիդ Ուիթմերն ու Հարվի Ուիթլոկը նույնպես ճամփա ընկնեն դեպի այդ նույն հողը և ճանապարհին քարոզեն:

26 Եվ թող իմ ծառաներ Փարլի Պ. Պրատն ու Օրսոն Պրատը ճամփա ընկնեն և քարոզեն ճանապարհին, նույնիսկ մինչև այդ նույն հողը:

27 Եվ թող իմ ծառաներ Սողոմոն Հենկոկը և Սիմեոն Քարտերը նույնպես ճամփա ընկնեն դեպի այդ նույն հողը և քարոզեն ճանապարհին:

28 Թող իմ ծառաներ Էդսոն Ֆուլլերը և Ջեյկոբ Սքոտը նույնպես ճամփա ընկնեն:

29 Թող իմ ծառաներ Լիվայ Ու. Հենկոկը և Զեբեդե Քոլթրինը նույնպես ճամփա ընկնեն:

30 Թող իմ ծառաներ Ռեյնոլդս Քահունը և Սեմյուել Հ. Սմիթը նույնպես ճամփա ընկնեն:

31 Թող իմ ծառաներ Ուիլլեր Բալդվինը և Վիլյամ Քարտերը նույնպես ճամփա ընկնեն:

32 Եվ թող իմ ծառաներ Նյուել Նայթը և Սելա Ջ. Գրիֆինը՝ երկուսն էլ կարգվեն և նույնպես ճամփա ընկնեն:

33 Այո, ճշմարիտ ասում եմ ես. Թող նրանք բոլորը ճամփա ընկնեն նույն վայրը, իրենց տարբեր ուղղություններով, և ոչ մեկը չպիտի կառուցի մեկ ուրիշի հիմքի վրա, ոչ էլ պիտի ճամփորդի մեկ ուրիշի հետքերով:

34 Նա, ով հավատարիմ կմնա, պիտի պահվի ու օրհնվի շատ պտղով:

35 Եվ բացի այդ, ասում եմ ձեզ. Թող իմ ծառաներ Ջոզեֆ Վեյկֆիլդը և Սողոմոն Համփրին ճամփա ընկնեն դեպի արևելյան հողերը.

36 Թող նրանք աշխատեն իրենց ընտանիքների հետ, չհայտարարելով ուրիշ ոչ մի բան, բացի մարգարեներից ու առաքյալներից, այն, ինչ նրանք տեսել են և լսել ու ամենայն համոզվածությամբ հավատում են, որպեսզի մարգարեություններն իրականանան:

37 Օրինազանցության հետևանքով, թող այն, ինչ շնորհվել էր Հիման Բասսեթին, վերցվի նրանից և դրվի Սայմոնդս Ռայդերի գլխին:

38 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող Ջարեդ Քարտերը կարգվի քահանա, և նաև Ջորջ Ջեյմսը կարգվի քահանա:

39 Թող մնացած երեցները հսկեն եկեղեցիները և հայտարարեն խոսքն իրենց մոտակա շրջաններում. և թող նրանք աշխատեն իրենց սեփական ձեռքերով, որպեսզի որևէ կռապաշտություն, ոչ էլ ամբարշտություն չգործածվի:

40 Եվ բոլոր բաներում հիշեք աղքատներին ու կարիքավորներին, հիվանդներին ու տառապյալներին, քանզի ով որ չի անում այս բաները, նա իմ աշակերտը չէ:

41 Եվ բացի այդ, թող իմ ծառաներ Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Սիդնի Ռիգդոնը և Էդվարդ Պատրիջն իրենց հետ երաշխավորագիր վերցնեն եկեղեցուց: Եվ թող մեկն էլ ձեռք բերվի իմ ծառա Օլիվեր Քաուդերիի համար:

42 Եվ այսպես, ճիշտ ինչպես ես ասացի, եթե դուք հավատարիմ լինեք, դուք կժողովվեք միասին՝ ուրախանալու Միսսուրիի հողի վրա, որը հողն է ձեր ժառանգության, որն այժմ ձեր թշնամիների հողն է:

43 Սակայն, ահա, ես՝ Տերս, իր ժամանակին կարագացնեմ քաղաքի կառուցումը, և ուրախությամբ ու ցնծությամբ կպսակեմ հավատարիմներին:

44 Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո Որդին, և վերջին օրը ես նրանց կբարձրացնեմ: Ճիշտ այդպես: Ամեն: