«Երբ այլ մարդկանց ընտրությունները ցավ են պատճառում ձեզ» Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.
Երբ այլ մարդկանց ընտրությունները ցավ են պատճառում ձեզ
Ահա մի քանի բաներ, որոնք պետք է հիշել, երբ այլ մարդիկ իրենց ազատ կամքն օգտագործում են ձեզ ցավ պատճառելու համար։
Դուք ամեն օր բազմաթիվ ընտրություններ եք կատարում՝ ինչ հագնել, ինչ ուտել նախաճաշին, որ ընկերների հետ ժամանակ անցկացնել: Ազատ կամքը կամ ընտրության և գործելու ազատությունը Աստծո կողմից մեզ տրված ամենամեծ պարգևներից մեկն է:
Մեր ընտրությունները նույնպես ունեն հետևանքներ, և երբեմն այլ մարդկանց ընտրությունները կարող են ցավ պատճառել մեզ: Եթե ձեզ երբևէ պատժել են ձեր եղբոր արարքի պատճառով, ապա դուք տեղյակ եք, թե որքան դժվար կարող է լինել, երբ այլ մարդիկ օգտագործում են իրենց ազատ կամքն այնպես, որ ձեզ դուր չի գալիս:
Բայց երբեմն կան նույնիսկ ավելի վատ բաներ, որոնց համար մարդիկ կարող են օգտագործել իրենց ազատ կամքը: Դպրոցում երեխաները կարող են ծաղրել ձեզ, կամ գուցե ընտանիքի անդամներից մեկը որոշի լքել Եկեղեցին: Շատ դեպքեր կան, երբ կյանքը կարող է անարդար թվալ: Ի վերջո, դուք փորձում եք օգտագործել ձեր ազատ կամքը՝ ճիշտ ընտրություն կատարելու համար, ուրեմն ինչո՞ւ այդպես չանեք:
Իհարկե, դուք չեք կարող վերահսկել ուրիշներին: Բայց լավ նորությունն այն է, որ դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ: Ռազմավարությունն այն է, որ փոխեք այն, ինչի վրա կենտրոնանում եք, և լավ ընտրություն կատարեք, նույնիսկ, երբ ուրիշները չեն անում:
Ահա մի քանի բաներ, որոնք պետք է հիշել հավատով առաջ շարժվելիս, երբ նույնիսկ այլ մարդիկ իրենց ազատ կամքն օգտագործում են ձեզ ցավ պատճառելու համար։
-
Սատանան փորձեց կործանել ազատ կամքը (տես Մովսես 4.3): Թեև դժվար է հետևել, թե ինչպես են ուրիշները վատ ընտրություններ կատարում, դուք նաև ազատ եք լավ ընտրություններ կատարելիս, որպեսզի հետևեք Հիսուս Քրիստոսին և ավելի շատ նմանվեք Նրան:
-
Ձեր արարքները ազդեցություն են թողնում։ Հիշեք. «Մենք ազատ ենք ընտրելիս, բայց չենք կարող ընտրել հետևանքները»:1 Տեսնելով, թե ուրիշների ընտրությունները ինչպես են ազդում ձեզ վրա, կարող է լավ հիշեցում լինել ձեզ համար, որպեսզի այնպիսի ընտրություններ կատարեք, որոնք չեն վնասում ձեզ կամ ուրիշներին:
-
Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր ընտրության համար (տես Վարդապետություն և Ուխտեր 101.78): Դուք չպետք է ծանրաբեռնեք ձեզ՝ այլ մարդկանց կամ նրանց ընտրությունը փոխելու համար պատասխանատու զգալով: Փոխարենը, դուք կարող եք կենտրոնանալ դրական որոշումներ կայացնելու և Հիսուս Քրիստոսին հետևելու վրա:
-
Դուք կարող եք ձեր ընտրությամբ բարի լինել: Ինչ-որ մեկը կարող է վատ վերաբերվել ձեզ, բայց դուք դեռ կարող եք բարի լինել նրա հանդեպ: Մարդկանց հետ բարի լինելու և նրանց ներելու համար քաջություն է պահանջվում, երբ նրանք անբարյացակամ են ձեր հանդեպ, բայց դա հենց այն է, ինչ կաներ Հիսուսը (տես Ղուկաս 23.34):
-
Դուք պետք է կենտրոնանաք այն ամենի վրա, ինչը կարող եք վերահսկել։ Օրինակ՝ դուք չեք կարող ձեր ծնողներին հետ պահել ամուսնալուծությունից, բայց կարող եք կենտրոնանալ ուխտի ուղու վրա մնալու, ձեր քույր-եղբայրներին օգնելու, առողջ հարաբերությունների մասին սովորելու և ձեր ապագա ընտանիքի համար նպատակներ դնելու վրա: Ընտրություն կատարեք նրա վրա, որ ձեր մարտահրավերները դարձնեք աճելու և սովորելու հնարավորություններ:
-
Դուք ունեք աստվածային ինքնություն և նպատակ: Երբ հիշում եք Աստծո զավակ լինելու ձեր ինքնությունը և նորից կենտրոնանում եք ձեր կյանքի նպատակների վրա, կարող եք խնդիրը տեսնել բոլոր կողմերից: Կենտրոնանալով ձեր նպատակի վրա և տեսնելով, որ այդ մարտահրավերները ձեր կյանքի պատմության միայն մի փոքր մասն են կազմում, կօգնեք ձեզ հավատքով առաջ շարժվել:
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով դուք կարող եք անձնական խաղաղություն գտնել, նույնիսկ, երբ ձեր շուրջը խաղաղ չէ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․ «Մենք կարող ենք զգալ հարատև խաղաղություն և ուրախություն, նույնիսկ տագնապալի ժամանակներում»:2 Կյանքը փոթորկված ծով է, և մենք կցանկնայինք, որ Աստված հանդարտեցնի այդ փոթորիկները մեզ համար: Բայց երբեմն ծովը հանդարտեցնելու փոխարեն Նա հանդարտեցնում է մեզ՝ նավաստիներիս։ Ձեր խնդիրներով դիմեք Նրան, և Նա կօգնի ձեզ:
Աստված ձեզ ազատ կամք է տվել, որպեսզի կարողանաք ընտրություն կատարել և հետևել Նրան՝ դրանով նմանվելով Նրան: Երբ դուք դա անեք, դուք բնականաբար կսովորեք ձեր սեփական ընտրություններից և սխալներից և ուրիշների ընտրություններից: Թեև դժվար է հետևել, թե ինչպես են մարդիկ ձեզ ցավ պատճառող ընտրություններ կատարում, դուք կարող եք սովորել այդ փորձառություններից և առաջ շարժվել նպատակաուղղված, հավատքով և ուրախությամբ: