«Կառչել ճշմարտությունից», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.։
Կառչել ճշմարտությունից
Առաջին անգամ, երբ ես տեսա Եկեղեցու շենք, մտածեցի, որ այն հիվանդանոց է: Այնքան մաքուր ու լուռ էր այնտեղ։ Ես սիրեցի Հիսուս Քրիստոսի ավետարանը այն պահին, երբ մասնակցեցի եկեղեցական ծառայություններին:
Քույր միսիոներները սկսեցին ինձ սովորեցնել, և ես որոշեցի մկրտվել: Դա ամենալավ օրն էր:
Ավետարանն ինձ ներկայացրեց իմ հարևանուհին, որը վերադարձած միսիոներ է: Մի կիրակի առավոտյան նա զանգահարեց ինձ և խնդրեց ինձ գնալ եկեղեցի իր և իր ընտանիքի հետ: Սկզբում մայրս ասաց, որ չեմ կարող գնալ, քանի որ ավտոբուսի ուղեվարձի համար գումար չունենք։ Երբ ես այդ մասին պատմեցի հարևանուհուս, նա ասաց, որ ինձ կտանի, և մայրս թույլ տվեց գնալ:
Նույնիսկ երբ մենք միայնակ ենք քայլում
Մկրտվելուց հետո ես դժվարություններ ունեցա ընտանիքիս հետ: Երբեմն նրանք ուզում էին, որ ես տանը մնամ կիրակի օրը, բայց փոխարենը ես որոշում էի գնալ եկեղեցի: Ժամանակի մեծ մասը դժվար էր պահել ուխտի ճանապարհը:
Իմ ընտանիքի անդամներից ոմանք դեմ են եղել Եկեղեցուն և ինձ ասել են, որ ես սխալ ընտրություն եմ կատարել՝ միանալով Եկեղեցուն: Երբ նրանք ինձ ասում են դա, այս խոսքերն են հնչում. «Ես գիտեմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ապրում են: Ես գիտեմ, որ Եկեղեցին ճշմարիտ է»: Այս մտքերն ինձ օգնեցին կառչել ճշմարտությունից:
Մեր գործողությունները կարող են փոխել ուրիշների կյանքը
Երբ ես չէի հասկանում, թե ինչպես վճարել տասանորդը, իմ հարևանը ցույց տվեց, թե ինչպես վճարեմ այն: Հիմա, երբ մայրս ինձ գրպանի փող է տալիս, ես միշտ վճարում եմ իմ տասանորդը: Ես և իմ ընտանիքը օրհնություններ ենք ստացել դրանից: Իմ ընտանիքը նույնիսկ սկսել է ինձ տալ իրենց գումարը, որպեսզի ես տասանորդ վճարեմ դրանից: Դա անակնկալ էր:
Շատ ժամանակ ես մենակ եմ գնում եկեղեցի, բայց երբեմն մայրս է գալիս ինձ հետ։ Մայրս որոշեց ավելին իմանալ ավետարանի մասին և հասկացավ, որ այն ուրախ ավետարան է, չնայած դեռ չի մկրտվել:
Աղոթքը և հավատքը փոխում են սրտերը
Ես տեսնում եմ Տիրոջ ձեռքը իմ ընտանիքի կյանքում, երբ աղոթում եմ նրանց համար և խնդրում եմ ուրիշներին աղոթել նրանց համար տաճարում: Իմ ընտանիքի անդամները դարձել են ավելի աջակցող, և նրանք այժմ ինձ խրախուսում են գնալ եկեղեցի և հավատարիմ լինել ինքս ինձ:
Պապիկս վերջերս մահացավ, և ես գտա նրա անունը ընտանեկան պատմության աշխատանքը կատարելիս: Ես հարցրի հորս՝ արդյոք կարող եմ կատարել նրա արարողությունները տաճարում: Նա ասաց. «Պարզապես արա դա, եթե դա ճիշտ է»:
Իսկական ուրախություն և երջանկություն
Սուրբ գրությունների ընթերցանությունը և Հիսուս Քրիստոսի Քավության մասին գիտելիքն ինձ ուրախություն, երջանկություն, խաղաղություն և մխիթարություն են պարգևել:
Ես գիտեմ, որ Փրկչի քավող զոհաբերության միջոցով ես կարող եմ կրկին լինել իմ Երկնային Հոր հետ, և որ իմ ընտանիքը կարող է հավերժ լինել ինձ հետ, եթե մենք մի օր կնքվենք տաճարում:
Հեղինակը Վանուատուից է և ապրում է Ֆիջիում։