«11 իրական կարճ պատմություն ավետարանով կիսվելու մասին», Երիտասարդներին զորացնելու համար, July 2023 թ․։
11 իրական կարճ պատմություն ավետարանով կիսվելու մասին
Եվ ինչպես դուք նույնպես կարող եք կիսվել:
Ցույց տվեք, թե ինչպես կարող է ավետարանը օգնել
Մի օր դասի ժամանակ նստած էի ընկերոջս կողքին։ Մենք պատրաստվում էինք քննություն հանձնել, և նա ինձ ասաց, որ իսկապես նյարդայնացած է։ Ես զգացի, որ պետք է սովորեցնեմ նրան, թե ինչպես աղոթել: Հետո երկուսս էլ գլուխներս խոնարհեցինք և լուռ աղոթեցինք, որպեսզի օգնություն ստանանք քննության համար: Ես երախտապարտ եմ, որ աղոթքի շնորհիվ ընկերոջս նյարդերը հանգստացան:
Աբիգաիլ (Ուրուգվայ)
Սպասավորեք կարիքավոր մարդկանց
Մեր ծխում մի տարեց կին կար, որը չէր կարող անձամբ գալ հաղորդության ժողովին՝ առողջական խնդիրների պատճառով: Հայրս և ես եպիսկոպոսին հարցրինք՝ արդյոք կարող ենք հաղորդությունը տանել նրա տուն ամեն շաբաթ: Նրա ամուսինը, որը քիչ ակտիվ էր, նույնպես սկսեց հաղորդություն ընդունել։ Հավաքել Իսրայելը նշանակում է, որ մենք պետք է հրավիրենք ուրիշներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Սպասավորությունը այդ հավաքման մեջ մեծ դեր ունի:
Շիոն (Յուտա, ԱՄՆ)
Հրավիրեք միջոցառման
Ես հեծանիվ էի քշում եկեղեցու մոտ, երբ տեսա, որ այնտեղ շատ մարդիկ պարում էին: Ես ձայն տվեցի մի երիտասարդի (անունը Կուրաժ էր) և հարցրի, թե ինչ էին նրանք անում: Նա ասաց, որ նրանք մասնակցում են սեմինարիա կոչվող դասերի: Նա ասաց, որ եկեղեցում միջոցառում է լինելու և հարցրեց՝ արդյոք ես կգնամ իր հետ: Իմ ընկեր Կուրաժը իսկապես փոխեց իմ կյանքը՝ օգնելով ինձ իմանալ ավետարանի մասին:
Դեյվիդ (Գանա)
Եղեք օրինակ
Ես շատ բան եմ սովորում՝ հետևելով ավագ եղբորս։ Ես սիրում եմ տեսախաղերը և ֆուտբոլը, և, անկեղծ ասած, ես, հավանաբար, անընդհատ կխաղայի դրանցով, եթե նա չլիներ: Նրան նույնպես դուր են գալիս այդ բաները, և շատ ժամանակ մենք դրանք խաղում ենք միասին, բայց նա միշտ ժամանակ է հատկացնում զարգանալու և կատարելագործվելու համար: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին ինձ հրավիրում թմրանյութեր օգտագործել դպրոցում: Ես անմիջապես մտածեցի եղբորս մասին և գիտեի, թե նա ինչ ընտրություն կկատարեր. քանի որ ես ուզում եմ նմանվել նրան, ես ճիշտ ընտրություն կատարեցի և ասացի՝ ոչ:
Էմիլիո (Թենեսի, ԱՄՆ)
Օգնեք ուրիշներին զգալ Քրիստոսի սերը
ԵԶՀ համաժողովի ժամանակ ես ինձ շատ միայնակ էի զգում: Ես աղոթում էի ամեն օր՝ հույս ունենալով զգալ Հիսուս Քրիստոսի Հոգին և սերը: Ելույթներից մեկից հետո մի երիտասարդ կին, որին այնքան էլ լավ չէի ճանաչում, մոտեցավ և գրկեց ինձ: Ես զգացի Քրիստոսի սերը նրա գրկում, կարծես Նա ինձ ասում էր, որ սիրում է ինձ:
Նատալի (Չիլի)
Հետևեք հուշումներին
Մի օր ես հոգևոր հուշում զգացի, որ պետք է դպրոցի իմ լավագույն ընկերուհուն հրավիրեմ հոգևոր հավաքի: Ես ուզում էի անտեսել հուշումը, բայց, ի վերջո, հավաքի նախորդ օրը ես նրան հաղորդագրություն ուղարկեցի: Հոգևոր հավաքի ժամանակ, երբ նստած էի նրան կողքին, ես նյարդայնանում էի: Բայց երբ ժողովն ավարտվեց, նրա դեմքին լայն ժպիտ կար։ Դա մի հիշեցում էր ինձ համար, որ Աստված ավելի լավ է ճանաչում Իր զավակներին, քան ես, և որ ես միշտ պետք է հետևեմ Հիսուս Քրիստոսի՝ ավետարանով կիսվելու հուշումներին:
Էլիզա (Մինեսոտա, ԱՄՆ)
Աղոթեք այն մասին, թե ինչ ասել
Ես և քույրս Եկեղեցու միակ անդամներն ենք մեր դպրոցում: Մարդիկ նկատում են, որ մենք տարբերվում ենք մյուսներից, և միշտ հարցեր են տալիս: Սկզբում ես նյարդայնանում էի նրանց հետ խոսելուց, բայց ես աղոթում էի, որ կարողանայի ճիշտ խոսքեր գտնել, իսկ նրանք լսում էին և հարգում իմ ընտրությունը:
Ռուբեն (Նորվեգիա)
Առցանց կիսվեք ավետարանի ճշմարտություններով
Նպատակիս հասնելու համար ես կարդացի Եկ, հետևիր ինձ ձեռնարկը և գտա սուրբ գրությունների հատվածներ և մեջբերումներ՝ սոցիալական ցանցերում կիսվելու համար: Մարդիկ թողեցին մի քանի մեկնաբանություններ, որտեղ ասում էին, որ իրենք զգում են Հոգին իմ հրապարակումների միջոցով: Ավետարանով կիսվելը կարող է օգնել մարդկանց այնպես, ինչպես մենք չենք կարող պատկերացնել տվյալ պահին:
Ռաքել (Բրազիլիա)
Եղեք ստեղծագործական
Դպրոցի դասերից մեկի ժամանակ մենք մի գիրք էինք կարդում, որը քննադատում էր Եկեղեցին: Ես գիտեի, որ պետք է խոսեի վերականգնված ավետարանի ճշմարտությունների մասին: Այսպիսով, ես բարձրացրի ձեռքս: Ուսուցիչը կանչեց ինձ, բայց ես չգիտեի, թե ինչ ասել: Չգիտես ինչու, ես սկսեցի երգել Հավատո հանգանակի երգերը։ Ի զարմանս ինձ, սենյակում քար լռություն տիրեց։ Դրանից խառնաշփոթը համարյա դադարեց, և իմ ուսուցիչն ու դասընկերները ավելի հարգանքով վերաբերվեցին դասարանային քննարկմանը և ինձ:
Մոնիկ (Մասաչուսեթս, ԱՄՆ)
Լույս եղեք
Երբ ես 15 տարեկան էի, որոշեցի, որ սկսելու եմ եկեղեցի փնտրել հաճախելու համար: Մի քանի օր անց ես դպրոցում ընկերացա մի աղջկա հետ, որը կարծես, լույս էր ճառագում: Մի քանի շաբաթ անց նա ինձ հրավիրեց իր տուն։ Երբ տեղ հասա, նրա ընտանիքը հրավիրեց ինձ միանալ իրենց ընտանեկան երեկոյին: Ես սկսեցի հետաքրքրվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցով, հիմնականում հիմնվելով այն բանի վրա, թե որքան երջանիկ էր իմ ընկերոջ ընտանիքն այդ երեկո:
Մակքայլի (Կոլորադո, ԱՄՆ)
Կիսվեք սիրուց մղված
Իմ զարմիկը հորդորեց ինձ հանդիպել միսիոներների հետ․ կարծում եմ, որովհետև նա ուզում էր, որ ես վայելեմ այն օրհնությունները, որոնք նա վայելում էր այդ ժամանակ: Ես զգացի, որ զարմիկս ու իմ ընկերը՝ Ենովքը, սիրում էին ինձ և ուզում էին ինչ-որ լավ բան անել ինձ համար։ Դրա շնորհիվ ես ինձ շատ լավ էի զգում եկեղեցի հաճախելիս:
Էրիկ (Գանա)