Երիտասարդներին զորացնելու համար
Ուժ գտեք Հիսուս Քրիստոսում
Մարտ 2024


«Ուժ գտեք Հիսուս Քրիստոսում», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Գտեք Նրա ուժը

Ուժ գտեք Հիսուս Քրիստոսում

Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է, աշխարհի յուրաքանչյուր երիտասարդի, և դա անշուշտ ներառում է ձեզ։

Նկար
Հիսուս Քրիստոս

Լսե՛ք Նրան, Հալի Միլեր

Ուրախ եմ ներկայացնել Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի այս հատուկ թողարկումը։ Աշխարհի երիտասարդների հոդվածները, միջոցառումները և պատմությունները կօգնեն ամրապնդել ձեր վկայությունը Առաջին Նախագահության կողմից հայտարարված խորիմաստ և հավերժական կարևորություն ունեցող ճշմարտության մասին։ Հիսուս Քրիստոսի մասին նրանք զորավոր կերպով հայտարարում են․ «Նա «երիտասարդների ուժն է»։1 Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է։ Ես աղոթում եմ, որ դուք ուրախությամբ ընդունեք այս ճշմարտությունը ձեր կյանքի այս վճռական պահին, այժմ և հավիտյան։

Յուրաքանչյուր ոք ունի Քրիստոսի ուժի կարիքը

Ձեր այստեղ գտնվելը պատահականություն կամ սխալմունք չէ։ Դուք ընտրել եք գալ երկիր՝ սովորելու, աճելու, ուշագրավ գործեր կատարելու և ավելի նմանվելու ձեր Երկնային Հորը։ Այդ ճանապարհին դուք կբախվեք դժվարությունների, անձնական փորձությունների, հուսահատության և հիասթափության պահերի, որոնք կարող են ճնշող լինել։ Թերևս դուք զգում եք, որ անելանելի վիճակում եք հենց հիմա։

Նման ժամանակներում, խնդրում եմ, հիշեք, որ ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ։ Նա միշտ սիրել է և կսիրի ձեզ։ Իր անսահման և կատարյալ սիրո շնորհիվ Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի զորացնի ձեզ և օգնի առաջ գնալ։ Եվ Հիսուսը եկավ, որովհետև Նա նույնպես ձեզ խորապես սիրում է։

Ցավոք սրտի, որոշ մարդիկ չեն գիտակցում, որ ունեն Փրկչի կարիքը։ Նրանք չեն հասկանում, որ իրենք, ինչպես բոլոր մարդիկ, թույլ կտան սխալներ, որոնք չեն կարող շտկել, կունենան կորուստներ, որոնք չեն կարող վերականգնել, և կբախվեն անախորժությունների ու ողբերգությունների, որոնց իրենք չեն կարող միայնակ դիմակայել։ Նրանք չեն կարող նաև ինքնուրույն հաղթահարել մեղքն ու մահը։ Դա նշանակում է, որ նրանք և բոլոր մարդիկ ունեն Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը՝ դրա ողջ զորությամբ։

«Դա հիանալի է, Երեց Հոլլանդ,- կարող եք դուք մտածել,- բայց ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսը դառնալ իմ զորությունը»։ Այս հարցին պատասխանելու համար, խնդրում եմ, թույլ տվեք կիսվել այն անհամար եղանակներից միայն մի քանիսով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը զորացնում ձեզ ամեն օր։

Նկար
Հիսուս Քրիստոս

Ազատումը մոտ է, Դեյվիդ Մակֆելանի

Նա զորություն ունի ձեզ զորացնելու

Իր մահկանացու կյանքի վերջին գիշերը Հիսուս Քրիստոսը գնաց Գեթսեմանիի պարտեզ։ Այնտեղ Նա ծնկի եկավ ձիթենիների պուրակում և սկսեց Իր վրա վերցնել աշխարհի մեղքերը։ Այս մեծ ու անսահման տառապանքը «ստիպեց [նրան], …բոլորից մեծագույնի[ն], ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից» (Վարդպետություն և Ուխտեր 19․18

Այնուհետև Հիսուսին տարան Գողգոթա և խաչեցին։ Այնտեղ Նա ավարտեց Իր քավող զոհաբերությունը։ Նա պատրաստակամորեն տվեց Իր կյանքը, իսկ հետո հաղթական հարություն առավ մահից։ Զատկի այս օրերին ես ուրախ եմ հայտարարելու, որ Հիսուս Քրիստոսն ապրում է։ Ես նաև հայտարարում եմ, որ Նա ոչ միայն վերցրեց մեղքի բեռը, այլ արեց դա՝ «տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի» (Ալմա 7․11, շեշտադրումն ավելացված է)։

Փրկիչը զգաց բոլոր ցավերն ու վշտերը և անձամբ տարավ ամեն տառապանք ու չարչարանք, որ երբևէ ունեցել ենք ես և դուք և բոլոր նրանք, ովքեր երբևէ ապրել են կամ կապրեն։ Շնորհիվ այն ամենի, ինչ Նա տարավ հանուն ձեզ՝ ֆիզիկապես, մտավոր և հոգեպես, Նա գիտի, թե ինչպես զորացնել ձեզ։

Գուցե դժվար է ձեզ համար հավատալ, որ Հիսուսը հետաքրքրված կլինի օգնելու ձեզ՝ մեկին միլիոնների մեջ, որ ձեր նույն տարիքին են։ Եթե երբևէ մտածեք, որ Նա ավելի կարևոր գործեր ունի անելու, քան ձեզ զորացնելը ձեր կարիքի ժամին, մտածեք Նրա մասին այդ պարտեզում, մտածեք Նրա մասին այդ խաչի վրա։ «Նա տառապեց, նա արյունահոսեց և մահացավ»2 ձեզ համար, քանի որ Նա գիտեր, որ դուք արժանի եք դրան։ Նա հիմա ևս գիտի դա։ Նա չափազանց հետաքրքրված է, պատրաստակամ և կարող է օգնել ձեզ` հենց հիմա և ընդմիշտ։ Նա տվեց Իր կյանքը, որպեսզի կարողանա զորացնել ձեզ, երբ դուք ընդունեք կյանքը փոխող Նրա հրավերը՝ «Ինձ մո՛տ եկեք» (Մատթեոս 11․28

Ընտրենք քայլել Նրա հետ

Դուք ունեք ընտրություն՝ հետևել Հիսուս Քրիստոսին և դարձնել Նրան ձեր ուժը։ Նա «նշեց ուղին և ցույց տվեց ճանապարհը»`3 վերադառնալու Երկնային Հոր մոտ։ Իրականում Նա է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14․6

Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելով դուք գտնում եք ճանապարհը, երբ հավատք եք գործադրում Նրա հանդեպ և ապաշխարում ձեր մեղքերից։ Դուք խորացնում եք ձեր հարաբերությունները Նրա հետ, երբ ընտրում եք մկրտվել Նրա անունով և ստանալ Սուրբ Հոգու պարգևը։ Դուք այնուհետև շարունակում եք ընթանալ Նրա ավետարանի ճանապարհով` պահելով պատվիրանները, ստանալով արարողությունները, պատվելով ուխտերը և ապրելով որպես Նրա աշակերտ։

Այս գործողությունները ստեղծում են հզոր կապ՝ ուխտի կապ, որը ձեզ ապահով կերպով կապում է Քրիստոսի հետ, իսկ Նրան՝ ձեզ հետ։ Երբ դուք քայլում եք Նրա հետ, Նա և Հայրը դառնում են ձեր հոգևոր ուղղության և ուժի հիմնական աղբյուրները։ Այնուհետև դուք կարող եք ապահով և երջանիկ առաջ շարժվել ամեն օր, ավելի նմանվել Նրանց և մի օր վերադառնալ ապրելու Նրանց հետ և ունենալ այնպիսի կյանք, ինչպիսին Նրանք են ապրում։

Նկար
կինը նայում է Հիսուս Քրիստոսին

Նայեք ինձ, Եվա Կոլիվա Թիմոթի

Առաջ շարժվենք Նրա զորությամբ

Իմ ամբողջ սրտով ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է։ Երբ քայլեք դեպի Նա, հասնեք Նրան և հրավիրեք Նրան լինելու ձեր ուժը, Նա կգա ձեզ մոտ, և դուք կգտնեք Նրան։4 Չկա այնպիսի ընտրություն, որի դեպքում դուք ինչ-որ կերպ դուրս կմնաք Նրա հասանելիության սահմաններից։ Ես ամբողջ սրտով հավատում եմ նախկինում ասածիս՝ «Հնարավոր չէ, որ դուք [կամ որևէ մեկը] սուզվեք ավելի խորը, քան Քրիստոսի Քավության անսահման լույսն է շողում»։5

Եթե դուք գաք Քրիստոսի մոտ, առաջին հերթին միշտ պահելով Նրա պատվիրանները «սրտի ողջ նվիրվածությամբ» (3 Նեփի 18․32), Նա ձեզ հետ կքայլի կյանքի ճանապարհով։ Նա կբռնի ձեր ձեռքը և կլինի ձեր հույսը։ Նա կլինի ձեր ուժը։ Եվ Նա կբերի ձեզ հարատև երջանկություն, իսկական խաղաղություն և մեծ ուրախություն։

Ես՝ որպես Նրա հատուկ վկաներից մեկը, վկայում և խոստանում եմ, որ սա ճիշտ է։

Տպել