Երիտասարդներին զորացնելու համար
Ինչու ես ունեմ Հիսուս Քրիստոսի կարիքը
Մարտ 2024


«Ինչու ես ունեմ Հիսուս Քրիստոսի կարիքը», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ գտնել Նրա հետ հարաբերություններում

Ինչու ես ունեմ Հիսուս Քրիստոսի կարիքը

Փրկչի հետ մեր հարաբերությունները հասկանալը կարևոր է։

Նկար
Հիսուս Քրիստոսը բուժում է մի մարդու

Բժկողը, Քելսի և Ջեսի Լայթվիվների

Ինչու ես ունեմ Հիսուս Քրիստոսի կարիքը Սա կարևոր հարց է, որը պետք է ուղղեք ինքներդ ձեզ, ոչ թե հավաքական «բոլորին» կամ ձեր ընտանիքի «մենք»-ին։ Բայց, իսկապես, «ես»։ Ո՞րն է այդ հարցի իմ պատասխանը։

Պատասխանը, որ ես գտա ինքս ինձ համար, եկավ անձնական հավատքը գործադրելու միջոցով․ ամեն օր ձգտելով ապրել իմ ուխտերով, ներառյալ իմ մկրտության ուխտը, և սովորելով լսել Տիրոջ ձայնը Նրա Հոգու միջոցով։ Եվ ամենակարևորը, այն կենտրոնացած էր Փրկչի հետ իմ հարաբերությունների վրա։

Հարաբերություններ Փրկչի հետ

Ես կարող եմ վստահորեն թվարկել ծնողներիս կամ ամենամոտ ընկերներիս կարիքն ունենալու պատճառները։ Ես կանոնավոր կերպով սնուցել եմ այդ հարաբերությունները։ Նրանց արժեքն իմ կյանքում նույնքան տեսանելի և հաստատուն է, որքան ժամանակն ու ջանքերը, որոնք ես ներդնում եմ նրանց մոտ լինելու համար պարզ բաների միջոցով, ինչպիսիք են կանոնավոր խոսակցությունները, նրանց ճանաչելը և թույլ տալիս, որ նրանց արդար իմաստությունը ազդի իմ կյանքի վրա։

Մեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ կարող են հետևել նմանատիպ օրինակի։ Հիսուս Քրիստոսի անունով ամենօրյա աղոթքն առ Երկնային Հայրը անհրաժեշտություն է։ Նույնը կարող ենք ասել նաև սուրբ գրություններն ուսումնասիրելու, մարգարեների ու առաքյալների խոսքերը կարդալու, Հոգուն լսելու միջոցով Փրկչին ճանաչելու մասին։ Ես խորացնում եմ այդ հարաբերությունը, երբ թույլ եմ տալիս, որ այն ամենը, ինչ սովորում եմ, ազդի իմ կյանքի և իմ բնավորության վրա։

Նաև մտածեք փրկության ծրագրի մասին։ Այդ վերնագիրը՝ «փրկության ծրագիր», ենթադրում է, որ դուք և ես՝ բոլոր մարդիկ, փրկության կարիք ունենք, և որ փրկությունը այս կյանքի նախագծման մի մասն էր։ Մենք օգնության կարիք ունեինք և չէինք կարող փրկել ինքներս մեզ։

Բայց Աստված մեզ երկիր ուղարկեց հավիտենական խոստումով, որ Նա կտա Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին, որ կհաղթահարի այն խոչընդոտները, որոնք բաժանում են մեզ Աստծո ներկայությունից։1 Եվ երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նա խոստանում է առանց մեր ընտրության հնարավորությունը խլելու անել այն ամենը, ինչ կարող է՝ օգնելու մեզ պահել Իրեն տված մեր սուրբ խոստումները։2

Նկար
Թրեյսի Յ․ Բրաունինգն իր մկրտության ժամանակ

Լուսանկարը՝ Թրեյսի Յ․ Բրաունինգի

Ես պետք է իմանայի, որ Նա հասկացել է

Երբ ես մկրտվեցի, 16 տարեկան էի և ապրում էի Նյու Յորք Սիթիում։ Սկզբում ես զգացի, որ շատ ժամանակ եմ ծախսում իմ նոր հավատքի, Աստծո հետ ունեցած ուխտի փոխհարաբերությունների և ընկերների հետ փոխհարաբերությունների վրա։

Ես անհանգստանում էի, որ դպրոցում չեմ ունենա ընկերներ, որոնց հետ կարող եմ շփվել։ Բայց իմ ընկերները սովոր էին անել այնպիսի բաներ, որոնք ես հասկացա, որ վնասակար են իմ հոգու համար և չեն համապատասխանում ինձ վրա Հիսուս Քրիստոսի անունը վերցնելուն։ Ես գիտեի, որ Հիսուս Քրիստոսն ուզում էր, որ ես ավելի լավ ընտրություններ կատարեի։

Ես չգիտեի միայն մի բան․ արդյոք Փրկիչը հասկանում էր, թե որքան հակասական զգացմունքներ ես ունեի։ Ամեն օր ավելի դժվար էր դառնում, քանի որ ինձ հրավիրում էին անել բաներ, որոնք ես գիտեի, որ լավ չեն։ Ես երբեմն արդարացնում էի դրանք և անվանում անվնաս, բայց գիտեի, որ զիջում եմ այն բաներին, որոնք չպետք է անեի։

Ես պետք է իմանայի, որ Փրկիչը հասկանում էր, թե որքան միայնակ և մեղավոր էի ինձ զգում, երբ նույնիսկ մտածում էի ավետարանի չափանիշները իջեցնելու մասին, որպեսզի կարողանայի պատկանելության զգացում ունենալ իմ ընկերների հետ։ Այնպիսի զգացողություն ունեի, կարծես խեղդվում էի։ Ինձ փրկություն էր հարկավոր։ Ես Հիսուս Քրիստոսի կարիքն ունեի։

Երբ Իմ հարաբերությունները Նրա հետ խորացան

Իմ հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ խորացան, երբ ես ինքս իմացա, թե ինչու ես ունեմ Նրա կարիքը։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ «ես պետք է ապրեմ ավետարանով» մտածելակերպից անցում կատարեցի «ես ուզում եմ ապրել ավետարանով» հասկացողությանը և օգնություն խնդրեցի դա անելու համար։ Ես պարզապես ծնկի իջա և իմ սիրտը բացեցի Աստծո առաջ՝ հույսով, որ Նա մտահոգ է իմ և իմ խնդրի համար, որ փրկության ծրագիրը նախատեսված է ինձ օգնելու համար, որ նույնիսկ իմ երջանկությունը ծրագրի մի մասն էր։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտն էին։ … Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ»։3

Ես խոսեցի Երկնային Հոր հետ այն մասին, թե որքան մեղավոր էի զգում ու չգիտեի ինչ անել և՛ իմ չափանիշները, և՛ իմ ընկերներին պահպանելու համար։ Ես ասացի Նրան, որ ինձ դժբախտ եմ զգում և իսկապես կարիքն ունեմ Նրա օգնության։

Ծնկի իջած՝ ես սկսեցի խաղաղություն զգալ։ Այս խաղաղ զգացումն օգնեց ինձ հասկանալ, որ Փրկիչը իսկապես գիտեր, թե ինչ էի ես զգում, և որ Նա իսկապես հոգ է տանում, իրականում բավականին շատ։

Մեծանալով և ավելի շատ հեռանկարներ ձեռք բերելով՝ ես հասկանում եմ, որ ամեն անգամ, երբ գալիս եմ Աստծո առաջ օգնության կամ ներման աղերսով, ինձ թվում է, թե փոխաբերական իմաստով տեղափոխվում եմ Գեթսեմանիի պարտեզ, որտեղ մեր Փրկիչը դողում էր ցավից և սկսում տառապել թե՛ մարմնով և թե՛ հոգով՝ մեզ Աստծուց բաժանող սխալների ու մեղքերի պատճառով։4 Դա հիշեցում է, որ Նա հասկանում է, թե ինչի միջով եմ ես անցնում, ավելի լավ, քան որևէ մեկը երբևէ կարող էր։

Նկար
Հիսուս Քրիստոս

Խոնարհաբար, մեր Փրկիչ, Ջեյ Բրայանտ Ուորդ

Մենք մենակ չենք

Ծնկաչոք աղոթից հետո Հոգին օգնեց որոշ բաներ հասկանալ և ոգեշնչեց ինձ անել այլ բաներ։ Նախ, ես հիշեցի, որ ընկերներիցս մեկը մուսուլման էր, և նրան երբեք չէին ստիպել զիջել իր չափանիշները, քանի որ մենք հարգում էինք նրա հավատը և հասկանում էինք, որ կան որոշ բաներ, որոնք նա չէր անի։ Ես ոգեշնչվեցի և կիսվեցի իմ նոր հավատքով ընկերներիս հետ, որպեսզի նրանք նույնպես կարողանան ավելին հասկանալ իմ մասին և ինչու են իմ նոր չափանիշները կարևոր ինձ համար։

Ես սկսեցի փոքր քայլերից։ Ընկերներիցս մեկին պատմեցի իմ մաքառումների մասին։ Նա բարի և հարգալից գտնվեց իմ հանդեպ։ Նա օգնում էր ինձ, մինչ ես խոսում էի իմ մյուս ընկերների հետ։ Բոլորը չէ, որ հասկացան, բայց ժամանակի ընթացքում ես նկատեցի, որ նրանք ծրագրում էին միջոցառումներ, որոնց ես կարող էի մասնակցել, որոնք չէին խախտում Աստծուն տված իմ խոստումները։

Ես գիտեմ, որ մենք բոլորս կարող ենք ավելի ուժեղ լինել՝ դիմակայելու աշխարհի մշտական ազդեցությանը։ Ուխտերը պահելն օգնում է դրան, քանի որ Հիսուս Քրիստոսը մեր ուխտերի կենտրոնում է։5 Սա այն է, ինչ ես ինքս պարզեցի՝ ինչու ես ունեմ Հիսուս Քրիստոսի կարիքը։

Աստծո մոտ տուն վերադառնալն այն չէ, ինչ ես կարող եմ միայնակ անել։ Եվ կան բազմաթիվ ամենօրյա փոքր քայլեր և առօրյա փորձառություններ, որոնք ես, և մենք բոլորս, կանենք տուն տանող ճանապարհին։ Բայց որքան օրհնված ենք մենք՝ որպես ուխտ կապողներ և ուխտը պահողներ, որ Աստված «չի դադարի օգնել մեզ», մինչև մենք այնտեղ հասնենք։

Տպել