Երիտասարդներին զորացնելու համար
Թուլություն ունեցողների հետ աշխատելը Փրկչի մասնագիտությունն է
Մարտ 2024


«Թուլություն ունեցողների հետ աշխատելը Փրկչի մասնագիտությունն է», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ՝ թուլության պահերին

Թուլություն ունեցողների հետ աշխատելը Փրկչի մասնագիտությունն է

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ աճել դժվարությունների մեջ, և ոչ միայն անցնել դրանց միջով։

Նկար
երիտասարդ տղան թույլ տեսք ունի

Նկարները՝ Ուրան Դուոյի

Մեյսոնն այլևս չի զգում Աստծո սերն այնպես, ինչպես նախկինում։ Նա մի քանի տարի պայքարում է կլինիկական դեպրեսիայի դեմ՝ փոքր հաջողությամբ, և նա անհանգստանում է, որ իր երազանքները երբեք չեն իրականանա։

Աննան լսում է այլ երիտասարդների խոսակցությունները հայտնության և հրաշքների հետ կապված փորձառությունների մասին։ Չնայած նա փորձում է, բայց չի զգում, որ պատասխաններ է ստանում կամ հոգևոր փորձառություններ է ունենում, ինչպես բոլորը։

Իթանը մտածում է, թե արդյոք նա երբևէ նորից իրեն մաքուր կամ արժանի կզգա։ Նա այնքան շատ է տրվել որոշակի գայթակղությունների, որ զգում է վերահսկողության կորուստ և մտածում, թե ընդմիշտ կորցրել է իրեն խոստացված օրհնությունները։ Նա մտածում է, թե արդյոք երբևէ կարող է ներվել և գնալով ավելի ու ավելի է մեղավոր զգում եկեղեցում։

Մեդիսոնը պայքարում է սննդային խանգարման դեմ։ Օլիվիան սովորելու հետ կապված խնդիրներ ունի։ Քոները պայքարում է մանրախնդրության (մոլուցքային բարոյական մեղքի) դեմ։ Աբիգեյլը բռնության է ենթարկվել և իրեն արժեզրկված է զգում։ Ջեյքի ծնողները ամուսնալուծության միջով են անցնում, և նա վիրավորված և շփոթված է զգում։ Ջեյդենին դավաճանել են, և նա չի զգում, որ կարող է ներել։

Մարդիկ ունեն զանազան խնդիրներ, բայց լուծումը մեկն է։ Այդ լուծումն ունի անուն՝ Հիսուս Քրիստոս։ Այս մարդիկ բոլորն էլ ցանկանում են իրենց կրկին ուժեղ, մաքուր, երջանիկ և առողջ զգալ, սակայն նրանք չեն կարող ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Բայց Հիսուս Քրիստոսը օգնություն է առաջարկում։ Իրականում թուլություն ունեցողների հետ աշխատելը Նրա մասնագիտությունն է։ Նրա օգնությունը սովորաբար չի գալիս ճիշտ այնպես, ինչպես կամ երբ մենք ցանկանում ենք, բայց գալիս է։

Ահա մի քանի սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ ընդունել Փրկչի հրավերը՝ քայլելու Նրա հետ (տես Մովսես 6․34), հատկապես, երբ պայքարում ենք թուլության դեմ։

Կյանքը նախատեսված էր լինելու ստուգարք

Աստված սիրում է ձեզ ավելի շատ, քան նա սիրում է ձեր հանգստության և հարմարավետության զգացումը։ Ձեր հերոսներից քանի՞սն են զգում միայն հարմարավետություն ու հաջողություն։ Հավանական է, որ նրանք բազմիցս բախվում են ինտենսիվ ընդդիմության և դժվարությունների։ Որպես մեր կյանքի փորձության մաս «Տերը հարմար է գտնում խրատել իր ժողովրդին. այո, նա փորձում է նրանց համբերությունն ու նրանց հավատքը» (Մոսիա 23․21)։ Հնարավոր է՝ դա մեզ դուր չգա, բայց հաճախ մեր ամենադժվար փորձությունները մեզ աճի անհավանական հնարավորություններ են տալիս։

Թուլությունը Աստծո անհամաձայնության նշան չէ

Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունները Աստծո պատժի նշան են (տես Հովհաննես 9․2)։ Բայց թուլությունը կյանքի մի մասն է, որն առաջացել է Անկման հետևանքով։ Թեև դժվարությունների դեմ պայքարելը Երկնային Հոր ծրագրի բնական և կենսական մասն է, սակայն այդ պայքարում միայնակ դիմակայելը՝ ոչ։ Հիսուս Քրիստոսը չուղարկվեց մեզ դատապարտելու. Նա ուղարկվել է սիրելու և օգնելու նրանց, ովքեր մոլորվել են, թույլ կամ միայնակ են, ինչը մենք բոլորս ենք (տես Հովհաննես 3․16-17, Ղուկաս 15

Թույլ բաները զորանում են Քրիստոսի միջոցով

Կարևոր է, որ ինքներս մեզ դատենք Քրիստոսի հետ ունեցած մեր ուխտյալ կապի միջոցով և ապավինենք Նրա կատարելությանը, այլ ոչ թե դատռնո մեր անկատարությամբ։ Հիսուս Քրիստոսը երբեք երես չդարձրեց թույլերից, ովքեր ջանասիրաբար փնտրում էին Նրան հավատքով։ Աստված մարդկանց տալիս է «թուլություն … , որպեսզի նրանք խոնարհ լինեն. և [Նրա] շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են [Նրա] առջև … և հավատք ունեն [Նրանում]» և եթե դա այդպես լինի, «այն ժամանակ, նրանց թույլ կողմերը [Նա] կդարձնի ուժեղ» (Եթեր 12.27)։ Երբ մենք կոտրված սրտով և փշրված ոգով տանենք մեր խնդիրները Տիրոջ առաջ (տես 3 Նեփի 9․20), գուցե Նա ակնթարթորեն չհեռացնի դրանք, բայց կօգնի և կզորացնի մեզ։

Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ

Ուխտի ճանապարհը շատ երկար ճանապարհ է, ոչ թե կարճ տարածության մրցավազք։ Այդ ճանապարհին հետևելը մեզ օգնում է հաղթահարել բազմաթիվ ոլորաններ և շրջադարձեր, վերելքներ և վայրէջքներ, հուզմունքներ և վտանգներ, կյանքի արևոտ և փոթորկոտ օրեր։ Այդ ճանապարհորդության յուրաքանչյուր քայլից կարելի է շատ դասեր քաղել։ Հիսուս Քրիստոսի շնորհը հաճախ բացահայտվում է ժամանակի ընթացքում, ոչ միայն առանձին պահերին կամ հրաշքվ տրված իրադարձությունների ընթացքում։

Նկար
երիտասարդ տղան եռանդով լեցուն է

Կապ հաստատեք Քրիստոսի հետ

Եթե դուք թույլ եք զգում կամ մաքառում եք, ընդունեք Փրկչի հրավերը. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11․28)։ Գտեք ուղիներ, որոնք կօգնեն ձեզ կապվել Նրա հետ։ Երբ դուք ձգտեք հասնել Նրան, դուք կտեսնեք, որ Նա ձգտել է հասնել ձեզ օգնության և երբեք չի հրաժարվել ձեզանից։ Կյանքը կատարյալ չի լինի, ոչ էլ զերծ կլինի թուլությունից, ցավից և մաքառումից։ Բայց ավելի լավ կլինի, եթե ձեր կողքին լինի Վարպետ Բժիշկը, որ կբարձրացնի ձեզ, երբ ընկնեք, կկապի ձեր վերքերը և կառաջնորդի ձեզ այն ուղիներով, որոնք տանում են դեպի հարատև ուրախություն։

Հիսուս Քրիստոսը մասնագիտացած է թուլություն ունեցողների հետ աշխատելու մեջ։ Նա մասնագիտացած է ձեզ հետ աշխատելու մեջ։

Տպել