«Դրական փոփոխություններ Քրիստոսի շնորհի միջոցով», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։
Ուժ՝ մեղքը հաղթահարելու համար
Դրական փոփոխություններ Քրիստոսի շնորհի միջոցով
Երբ մենք հասկանանք, որ Փրկչի շնորհը ոչ թե վաստակում ենք, այլ այն միշտ հասանելի է, զարմանալի բաներ կարող են տեղի ունենալ մեր կյանքում։
Երբ ես ծառայում էի որպես եպիսկոպոս, զարմանալի էր տեսնել երիտասարդների թեթևությունը, երբ նրանք հանդիպում էին ինձ հետ՝ խոստովանելու մեղքը որպես իրենց ապաշխարության մաս։ Այդուհանդերձ, ես չէի կարող չնկատել կրկնվող օրինաչափություն. երիտասարդները խոստովանում էին, իրենց ավելի լավ էին զգում և հետո, չնայած իրենց լավագույն մտադրություններին, նորից տրվում էին փորձությանը։ Ապա նորից էին խոստովանում, ավելի լավ էին զգում իրենց և կրկին ձախողում։ Այդ բոլորապտույտում երեք-չորս անգամ հայտնվելուց հետո նրանք հաճախ հանձնվում էին։
Ես երախտապարտ էի, որ այս երիտասարդներին ուսուցանվել էր, որ Հիսուս Քրիստոսն Իր Քավության միջոցով նրանց հնարավորություն է տալիս ապաշխարելու և նորից սկսելու։ Այնուամենայնիվ, ես անհանգստանում էի, որ գուցե նրանք բավականաչափ չեն հասկացել Փրկչի առաջարկած մեկ այլ օրհնություն. Նրա շնորհը` հնարավորություն տվող զորությունը1, աստվածային օգնություն է և «ուժի օժտում, որոնցով մենք աճում ենք թերի և սահմանափակ էակներից դառնալով վեհացած էակներ»։2
Ես որոշեցի ավելի հստակ ուսուցանել, ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է սովորեցրել, որ «ապաշխարությունը … գործընթաց է»,3 որը հաճախ պահանջում է ժամանակ և կրկնվող ջանքեր։4 Ես ուզում էի, որ իմ ծխի անդամներն իմանային, որ Աստված ցանկացած պայմաններում ընդառաջ է գալիս մեզ և առաջարկում շնորհ՝ օգնելու մեզ կատարելագործման ողջ գործընթացում, որքան էլ որ այն տևի։
Ինչպես է ձեզ օգնում շնորհի ըմբռնումը
Մի քանի տարի առաջ Բրիգամ Յանգ համալսարանում անցկացված 600 երիտասարդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հասկացել էին շնորհը, ավելի քիչ էին հակված ընկճախտի, անհանգստության, ամոթի զգացումի և կատարելության ձգտումին։5 Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շնորհի հանդեպ հավատը կապված է երախտագիտության, ինքնագնահատականի, կյանքի իմաստի, կյանքից գոհ լինելու և լավատեսության ավելի բարձր մակարդակների հետ։6
Այլ կերպ ասած, մարդիկ ավելի քիչ են ամոթի զգացում ապրում և ավելի մեծ ինքնագնահատական են ունենում, երբ հասկանում են, որ շնորհը հասանելի է հենց այստեղ և հենց հիմա, ոչ թե այն բանից հետո, երբ մենք վաստակենք կամ արժանի լինենք դրան։ Երբ մենք գիտենք, որ Աստված օգնում է մեզ, անկախ նրանից, թե ինչ ենք մենք արել կամ քանի անգամ ենք հիասթափեցրել Նրան, մենք ոգեշնչում ենք զգում շարունակելու փորձել։7
«Ես հիասթափեցրել եմ Երկնային Հորը»
Վերջերս մի միսիոներ վնասվածք ստացավ նախապատրաստական օրվա մարզական միջոցառման ժամանակ և ուղարկվեց տուն՝ ապաքինվելու։ Նա վեհ նպատակներ ուներ՝ ստանալու անհրաժեշտ ֆիզիկական օգնությունը, իսկ հետո վերադառնալու իր միսիա։ Այնուամենայնիվ, մենակ անցկացրած երկար ու դատարկ ժամերը շուտով հանգեցրին հին սովորույթների վերադարձին։
Նա տրվեց մեղքին, որի համար, իր կարծիքով, զղջացել էր և թողել էր անցյալում նախքան իր միսիան։ Նա հուսահատված ու վրդովված էր ինքնատիրապետման բացակայությունից։ Որքան շատ էր նա ընկճվում, այնքան ավելի էր փորձում մոռացության տրվել այդ վատ սովորությունների մեջ։ Դա անկման բոլորապտույտ էր, որը նրան արագ տանում էր դեպի անհայտություն։
«Ես զգում եմ, որ հիասթափեցրել եմ Երկնային Հորը»,- ասաց երիտասարդն իր քահանայության ղեկավարին։ «Ես նախկինում ապաշխարել էի դրա համար, և Աստված ներել էր ինձ։ Ես խոստացել էի այլևս երբեք դա չանել, և, այնուամենայնիվ, այստեղ եմ, կարծես երբեք չէի ապաշխարել ի սկզբանե։ Ես արժանի չեմ Աստծո ներմանը կամ օգնությանը։ Ոչ այժմ։ Ոչ էլ երբևէ»։
Նրա քահանայության ղեկավարն ասաց. «Ուրեմն՝ ուրախ չե՞ս այն գիտելիքի համար, որ շնորհը պարգև է։ Դու չպետք է վաստակես այն կամ արժանանաս դրան։ Դու պարզապես պետք է ընտրես այն ստանալը՝ պատրաստ լինելով շարունակել փորձել և չհանձնվել»։8 Ղեկավարն այնուհետև կիսվեց Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի խոսքերով. «Մենք կարող ենք երբեմն սայթաքել, բայց եկեք արագ ու խոնարհաբար ծնկի գանք և նորից շարժվենք ճիշտ ուղղությամբ»։9
Եվս մեկ անգամ երիտասարդը հայացքը դարձրեց դեպի երկինք, և Փրկիչը այնտեղ էր՝ պատրաստ օգնելու։ Ոչ միայն երիտասարդի վնասվածքն ապաքինվեց, այլ նաև նրա սիրտը։ Փոքր նպատակներ դնելով և Հիսուս Քրիստոսի կողմից հնարավոր դարձած շնորհով նա սկսեց կատարելագործվել։ Շուտով նա վերադարձավ իր միսիան՝ լի երախտագիտությամբ, բարձր ինքնագնահատականով, իմաստի զգացումով, կյանքի հանդեպ գոհունակությամբ և լավատեսությամբ։ Այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում Քրիստոսի շնորհի միջոցով։