Երիտասարդներին զորացնելու համար
Պարզ և հզոր ձևերով օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ
Մարտ 2024


«Պարզ և հզոր ձևերով օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ», Երիտասարդներին զորացնելու համար, Մարտ 2024։

Պարզ և հզոր ձևերով օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ

Դուք ունեք անհամար եղանակներ՝ դրսևորելու ձեր սերը, կիսվելու ձեր համոզմունքներով և հրավիրելու ուրիշներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ:

Նկար
Հիսուս Քրիստոս

Մի օր իմ ավագ դպրոցի նախավերջին տարում իմ ընկերուհի Նեդրան ինձ հարցրեց. «Ռաս, ինչո՞ւ չես գնում սեմինարիա»:

Այդ ժամանակ ծնողներս եկեղեցի չէին հաճախում։ Ես երբեմն հաճախում էի ընկերներիս հետ և չէի մասնակցում սեմինարիային: Հաջորդ օրը ես այցելեցի սեմինարիա առավոտյան ժամը 6:30-ին: Դրանից հետո ես գնում էի ամեն օր, նույնիսկ ձմռան ցուրտ, ձյունառատ առավոտներին։

Այն, ինչ ես սովորեցի սեմինարիայում, հուզեց իմ սիրտը: Իմ վկայությունն աճեց, երբ ես ավելին սովորեցի Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին: Սա նախապատրաստեց ինձ` ծառայելու միսիա Անգլիայում և շարունակելու ամբողջ կյանքի ընթացքում ծառայել Տիրոջը և Նրա Եկեղեցուն:

Նեդրայի կողմից ինձ սեմինարիա հրավիրելը օգնում է ինձ անձամբ հասկանալ, որ դուք անհամար հնարավորություններ ունեք՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Տեր Հիսուս Քրիստոսը: Պարզ, բայց հզոր ձևերով դուք կարող եք ցույց տալ ձեր սերը, կիսվել ձեր համոզմունքներով և հրավիրել ձեր շուրջը գտնվողներին զգալ այն ուրախությունն ու խաղաղությունը, որ բերում են Փրկիչը և Նրա ավետարանը:

Ճանաչեք Փրկչին

Որպեսզի իսկապես օգնեք ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, դուք նախ պետք է հասկանաք, թե ով է Նա: Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և միակը, ով կարող էր լինել աշխարհի Փրկիչն ու Քավիչը:

Միայն Նա կարող էր կատարյալ կյանքով ապրել, քավել ձեր մեղքերը, կրել ձեր բոլոր «ցավերը և չարչարանքները և գայթակղությունները» (Ալմա 7.11), իսկ հետո տալ Իր կյանքը ու կրկին վերցնել այն: Հիսուս Քրիստոսի շնորհիվ Աստծո բոլոր զավակները հարություն կառնեն և կարող են ստանալ Նրա ամենասուրբ և փառահեղ օրհնությունները:

Երբ հասկանաք, թե ով է Փրկիչը, և ինչպիսին կարող է լինել ձեր հավերժական ճակատագիրը Նրա շնորհիվ, դուք կցանկանաք ապրել ձեր կյանքն այնպես, որ հաճելի լինի Նրան: Եվ, անշուշտ, հաճելի է Նրան, երբ դուք խոսքով և գործով հռչակում եք Նրա ավետարանը նրանց, ում հետ ամեն օր շփվում եք:

Սիրով օգնության հասեք

Երբ ճանաչեք և սիրեք Փրկչին, դուք կցանկանաք ավելի մեծ ջանասիրությամբ հետևել Նրան և Նրա ուսմունքներին, ներառյալ Նրա պատվիրանը՝ «սիրեք միմյանց» (Հովհաննես 13.34):

Երբ Ամմոնը գնաց լամանացիների մոտ՝ քարոզելու ավետարանը, նա առաջարկեց լինել թագավոր Լամոնիի ծառան: Ամմոնը անկեղծ սեր ու նվիրվածություն ցուցաբերեց, երբ պաշտպանեց թագավորի ոչխարները։ Ամմոնի գործողությունները փափկացրին թագավոր Լամոնիի սիրտը: Երբ Ամմոնն ուսուցանեց ավետարանը, Հոգին հաղթեց թագավոր Լամոնիին, և նա դարձի եկավ (տես Ալմա 17–19):

Լինել Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտը նշանակում է՝ սիրել ձեր մերձավորներին, ինչպես ինքներդ ձեզ (տես Մատթեոս 22.36–40): Եթե նրանք զգան, որ դուք սիրում և հոգ եք տանում իրենց մասին, հավանաբար, ավելի մեծ պատրաստակամությամբ կլսեն այն ամենը, ինչով դուք կիսվում եք և գիտեք, որ ճշմարիտ է:

Գտեք համարձակություն կիսվելու համար

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Փրկիչը վերականգնեց քահանայությունը երկրի վրա՝ բոլոր արարողություններով և ուխտերով, որոնք անհրաժեշտ էին մեր հավերժական առաջընթացի համար: Երբ Վերականգնման փառահեղ ուղերձը դիպչի ձեր սրտին, դուք պետք է ցանկանաք բացահայտ և ոգևորված հռչակել այն: Դուք պետք է ջերմեռանդ ներգրավված լինեք վերականգնված ավետարանի թանկագին գիտելիքով բոլորի հետ կիսելու գործում: Ես սիրում եմ անել դա:

Ոմանք կարող են անհանգստանալ, որ մյուսներին դա չի հետաքրքրի կամ կմերժեն իրենց խոսքերը: Այո, դա կարող է պատահել: Երբ Աբիսը վազեց տնից տուն՝ մարդկանց ասելով, որ Աստծո զորությունը հասել է թագավոր Լամոնիի և նրա ընտանիքի վրա, ոմանք հավատացին, բայց շատ ուրիշներ նախընտրեցին չլսել (տես Ալմա 19.17–31):

Անկախ նրանից՝ նրանք ընդունում են դա, թե ոչ, ամենամեծ նվերը, որ դուք երբևէ կարող եք տալ ընկերոջը և ընտանիքի անդամին, կամ նույնիսկ թշնամուն, Հիսուս Քրիստոսի ավետարանն է: Աղոթեք քաջության համար, իսկ հետո, երբ ժամանակը գա, կիսվեք նրանով, ինչը գիտեք, որ ճշմարիտ է:

Հղեք անկեղծ հրավեր

Կանադա Տորոնտո միսիայի նախագահ ծառայելու ընթացքում ես օգնեցի իմ մի քանի միսիոներների ուսուցանել մի նշանավոր գործարարի: Մեր դասից հետո ես նրան հրավիրեցի աղոթել և հարցնել Երկնային Հորը՝ արդյոք մեր ուղերձը ճշմարիտ է:

«Ես չգիտեմ, թե ինչպես աղոթել», - ասաց նա:

Ես ասացի նրան, որ նա ընդամենը պետք է ծնկի իջնի և պարզապես խնդրի Երկնային Հորը ճշմարտությունը հաստատել իրեն:

«Դուք կարող եք դա անել»: Ես քաջալերեցի նրան։

Միասին ծնկի իջանք, և տղամարդը սկսեց իր աղոթքը: Երբ նա ավարտեց, ասաց. «Ի՞նչ է կատարվում: Ես երբեք նման բան նախկինում չեմ զգացել»:

«Այդպես է Երկնային Հայրը պատասխանում աղոթքներին», - ասացի ես: «Դուք հարցրիք, և Նա պատասխանեց»:

Ես միշտ ուսուցանում եմ միսիոներներին և անդամներին ամբողջ աշխարհում, որ դարձը սկսվում է նրանից, թե ինչ են զգում մարդիկ: Երբ հրավիրում եք ուրիշներին ունկնդրել ավետարանը, առաջարկեք նրանց նաև աղոթել ու խնդրել, որ զգան ճշմարտությունն իրենց սրտերում: Եթե նրանք խնդրեն Աստծուն (տես Հակոբոս 1.5) մաքուր սրտով, անկեղծ միտումով և հավատքով առ Քրիստոս, նրանք կարող են ճշմարտության հաստատում ստանալ Սուրբ Հոգու զորությամբ (տես Մորոնի 10.4–5): Հուզիչ և ուրախալի է օգնել ուրիշներին բացահայտել ճշմարտությունը իրենց համար:

Հիշեք, որ յուրաքանչյուր հոգի թանկ է

Դուք երբեք չգիտեք, թե ինչ կլինի, երբ օգնեք ուրիշներին գալ Քրիստոսի մոտ՝ սիրելով, կիսվելով և հրավիրելով: Լամանացիները, օրինակ, թվում էր, թե ամենաանհավանական մարդիկ են, որ կընդունեն ավետարանը, բայց նրանք այնպես դարձի եկան, որ «երբեք չհեռացան» (Ալմա 23.6–7):

Դուք չպետք է ակնկալեք այս արդյունքը ամեն անգամ, երբ կիսվում եք ավետարանով: Բայց պարզ և հզոր ձևերով դուք կարող եք վկայել ճշմարտության մասին և օգնել Երկնային Հոր ավելի շատ զավակների ծանոթանալ վերականգնված ավետարանին:

Երբ հասկանաք, թե որքան թանկ է Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը Նրա համար, դուք կցանկանաք անել այն ամենը, ինչ կարող եք, որպեսզի օգնեք ուրիշներին գալ դեպի Քրիստոսը և քայլել դեպի Նրա ավետարանի լույսը, դեպի անմահության և հավերժական կյանքի ճանապարհը:

Ի՞նչ ավելի մեծ փորձառություն կարող եք ունենալ կյանքում:

Տպել