Երիտասարդներին զորացնելու համար
Ես սթրես եմ ապրում։ Հիմա ի՞նչ անել։
Մարտ 2024


«Ես սթրես եմ ապրում։ Հիմա ի՞նչ անել», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ գտնել սթրեսային ժամանակներում

Ես սթրես եմ ապրում։ Հիմա ի՞նչ անել։

Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ օգտվել սթրեսից ազատելու Փրկչի զորությունից։

Նկար
պարմանուհին սթրես է ապրում

Նկարները՝ Ուրան Դուոյի

Սթրես։ Անհանգստություն։ Լարվածություն։ Ճնշվածություն։ Հուզմունք։ Մտատանջություն։

Ինչ էլ որ կոչեք, դա մահկանացու կյանքի մի մասն է այն պահից, երբ Ադամն ու Եվան լքեցին Պարտեզը։ «Առանց սթրեսի կյանքի» բանաձև գոյություն չունի։ Իրականում, նման կյանքը կկորցներ իր նպատակը։ (Տես 2 Նեփի 2․11-12։)

Քանի որ մենք չենք կարող ամբողջությամբ վերացնել սթրեսը, մենք պետք է կենտրոնանանք այն հաղթահարելու վրա։ Սթրեսի աղբյուրների մեծ մասը կարելի է բաժանել երկու խմբի․

  1. Բաներ, որոնք դուք կարող եք վերահսկել։

  2. Բաներ, որոնք դուք չեք կարող վերահսկել։

1․ Բաներ, որոնք դուք կարող եք վերահսկել

Տարիներ շարունակ այլ դավանանքների շատ մարդիկ մխիթարություն են գտնում կարդալով այն, ինչը հայտնի է որպես «Խաղաղության աղոթք»․ «Աստված, շնորհիր ինձ խաղաղություն` ընդունելու այն բաները, որոնք ես չեմ կարող փոխել, քաջություն` փոխելու այն բաները, որոնք ես կարող եմ փոխել և իմաստություն՝ ճանաչելու տարբերությունը»։1

Մարգարե Ջոզեֆ Սմիթը վաղ շրջանի Սրբերին տվել է նմանատիպ խորհուրդներ՝ իրենց բազմաթիվ մարտահրավերները հաղթահարելու համար․ «Հետևաբար, շատ սիրելի՛ եղբայրներ, եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը» (Վարդապետություն և Ուխտեր 123․17, շեշտադրումն ավելացված է)։

Այլ կերպ ասած՝ արեք այն ամենը, ինչ կարող եք, և ապա մնացածը թողեք Աստծուն։ Կենտրոնացեք նրա վրա, ինչը դուք կարող եք վերահսկել, ինչպես օրինակ․

Նկար
պատանի, որի առջև բացվում են տարբեր ճանապարհներ

Ձեր սեփական ընտրությունները

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք «դարձել են[ք] ազատ հավիտյան՝ տարբերելով բարին չարից. գործելու ինքնուրույն և չներգործվելու» (2 Նեփի 2․26)։ Մենք պետք է «ջերմեռանդ [այսինքն՝ մեծ ցանկությամբ] ներգրավված լինենք» լավ բաներ անելու մեջ (Վարդապետություն և Ուխտեր 58․27

Նկար
երեք դեմք, որ արտահայտում են տարբեր վերաբերմունք

Ձեր վերաբերմունքը

Ամերիկացի բանաստեղծուհի Մայա Անջելուն գրել է. «Այն, ինչ դուք պետք է անեք, երբ ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, դա փոխելն է։ Եթե չեք կարող փոխել այն, փոխեք ձեր մտածելակերպը դրա շուրջ»։2 Փնտրեք դրականը մարդկանց մեջ և իրավիճակներում։ Պարտավորությունները վերածեք խաղերի։ Ինքնախղճահարության մեջ ընկնելը, թե որքան եք ատում իրավիճակը, այն ավելի լավը չի դարձնի։

Նկար
երիտասարդը հանգիստ խորհրդածում է

Ձեր արձագանքը բաներին, որոնք չեք կարող վերահսկել

Դուք չեք կարող կանխել փոթորիկները, բայց կարող եք ժամանակ, գումար կամ աշխատուժ տրամադրել դրանցից տուժածներին օգնելու համար։ Դուք չեք կարող խանգարել ընկերոջը լքել Եկեղեցին, բայց կարող եք շարունակել սիրել նրան և լավ օրինակ ծառայել։ Դուք ոչինչ չեք կարող անել, եթե ինչ-որ մեկը ձեզ վատ բան է ասում, բայց դուք կարող եք ընտրել, թե ինչպես արձագանքել դրան։

Եվ այս ամենի ընթացքում հիշեք այն միակ բանը, որը դուք միշտ կարող եք անել՝ աղոթել։ Խնդրեք Աստծուն անել այն, ինչ դուք չեք կարող անել՝ փոխել այն, ինչը դուք չեք կարող փոխել։ Ինչպիսին էլ լինի արդյունքը, Փրկիչը կարող է օգնել ձեզ խաղաղություն զգալ։

2․ Բաներ, որոնք դուք չեք կարող վերահսկել

Սա ամենահեշտ դեպքն է, քանի որ ռազմավարությունը պարզ է․

Եթե դուք չեք կարող վերահսկել այն, մի անհանգստացեք դրա մասին։

Փոխարենը, հավատք դրսևորեք առ Հիսուս Քրիստոս և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը կարող եք վերահսկել։ Փորձեք թույլ չտալ, որ անհանգստությունը ուժասպառ անի ձեզ։

Իհարկե, ավելի հեշտ է ասելը, քան անելը։ (Չե՞ք ցանկանա ունենալ «անհանգստության» անջատիչ, որը կարող էիք պարզապես միացնել և անջատել։)

Բայց ընդունելը, որ խնդիրը ձեր վերահսկողությունից դուրս է, առաջին քայլն է՝ թույլ չտալու, որ այն ձեզ սթրեսի ենթարկի։ Դուք այնուհետև ամրացնում եք ձեր հավատքը առ Հիսուս Քրիստոսը։

Այն բաները, որոնք մենք չենք կարող վերահսկել, սովորաբար պատկանում են երկու կատեգորիաներից մեկին․

Նկար
տուն փոթորիկի մեջ

Բնական երևույթներ

Սովեր, երաշտներ, բնական աղետներ։ Համաճարակներ։ Որոշ ֆիզիկական սահմանափակումներ և առողջական պայմաններ։ Մարդկային վարքագիծը կարող է ազդել այս բաների վրա, և սովորաբար կան քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել դրանց պատրաստվելու կամ դրանց ազդեցությունը նվազեցնելու համար։ Բայց մենք չենք կարող վերահսկել դրանք ամեն օր։

Նկար
երիտասարդ աղջիկն ու տղան կանգնած են մեծ չափիչի դիմաց

Այլ մարդկանց ընտրությունները

Ինչպես են մարդիկ իրենց պահում առցանց։ Արդյոք ձեր ընկերները կմնան եկեեցում, թե ոչ։ Մարդիկ ինչ կասեն ձեր թիկունքում։ Դատարանների և կառավարությունների կողմից ընդունված որոշումները։ Ինչ է հեռարձակվում հեռուստատեսությամբ։ Որքան արժեն ապրանքները։ Դուք կարող եք հայտնել ձեր կարծիքը, բայց, ի վերջո, այլ անձանց կատարած բոլոր ընտրությունները ձեր վերահսկողությունից դուրս են։

Նկար
երիտասարդ աղջիկը թոթովում է ուսերը

Հղումներ

  1. Վեցված է Ռեյնհոլդ Նիբուրի աղոթքի բնօրինակից։ Տես The Essential Reinhold Niebuhr: Selected Essays and Addresses (1987), 251։

  2. Maya Angelou, Wouldn’t Take Nothing for My Journey Now (1993), 87։

Տպել