Երիտասարդներին զորացնելու համար
Կարո՞ղ եմ ծառայել, եթե շփվող չեմ
Մարտ 2024


«Կարո՞ղ եմ ծառայել, եթե շփվող չեմ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ՝ ծառայելու համար

Կարո՞ղ եմ ծառայել, եթե շփվող չեմ

Փրկիչը կարող է զորացնել մեզ, նույնիսկ եթե մենք դժվարանում ենք օգնության հասնել մարդկանց։

Նկար
երիտասարդ աղջիկը քայլում է ճամփեզրով

Երբ ես ավագ դպրոցում էի, մտածում էի, որ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ այդքան էլ արժեքավոր չեմ, քանի որ ինձ համար դժվար էր մարդկանց հետ խոսել։ Ես ոչ միայն շփման խնդիր ունեի, այլ նաև չափազանց ամաչկոտ էի։ Ես այնքան ամաչկոտ էի, որ դժվարանում էի ընկերներ ձեռք բերել և ներկայացնել իմ իսկական անձը դպրոցում և եկեղեցում դասընկերներիս շրջապատում։

Այդ պատճառով ես խուսափում էի Երիտասարդ Կանանց կոչումներից և զգում էի, որ չեմ կարող լինել այնքան հոգևոր, որքան իմ հասակակիցները, որոնք ինձանից շատ ավելի շփվող և զրուցասեր էին։

Այսպիսով, երբ ես ավարտեցի ավագ դպրոցը և որոշեցի ծառայել միսիայում, ես վախ զգացի։

Ես զգում էի, որ Աստված ցանկանում է, որ ես ծառայեմ, բայց իմ առաջին միտքը հետևյալն էր. «Ինչո՞ւ է Աստված ուզում, որ ինձ նման մեկը ծառայի։ Ես չեմ կարող խոսել մարդկանց հետ»։

Բայց որքան էլ վախեցա, ես որոշեցի վստահել Աստծուն և, այնուամենայնիվ, ծառայել միսիայում։

Ապավինենք Քրիստոսի զորությանը

Ծառայելիս ամեն ինչ սկզբում դժվար էր, բայց մինչ ես շարունակում էի փորձել (և թույլ տալ ինքս ինձ, որ երբեմն ձախողեմ), ես հասկացա, որ Տերը զորացրեց ինձ կատարելու այն աշխատանքը, որը Նա պատվիրեց ինձ կատարել։

Մորմոնի Գրքում Տերն ասում է. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը։ Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. Եվ իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27

Իմ միսիայում ես հասկացա, որ Հիսուս Քրիստոսը կարող էր ինձ հետ հրաշալի բաներ անել ոչ թե իմ ուժի շնորհիվ, այլ՝ Իր։ Եվ ես նաև հասկացա, որ Նրա ուժն ինձ չի հասել միայն այն պատճառով, որ ես միսիոներ էի, այլ նաև այն մի ուժ էր, որին ես կարող էի ապավինել ավագ դպրոցում։

Հիսուս Քրիստոսի հետ կապված հրաշալին այն է, որ մենք բարձրագույն կրթության կամ ընդարձակ ինքնակենսագրականների կարիք չունենք Նրա թագավորությունում ծառայելու և ուժեղ աշակերտներ լինելու համար։ Եթե մենք խոնարհ և անկեղծ լինենք ծառայելու մեր ցանկություններում, Հիսուս Քրիստոսը մեզ կընդունի հենց այնպիսին, ինչպիսին կանք, որտեղ ենք, և կտա մեզ անհրաժեշտ օգնությունն ու ուժը՝ իրեն ծառայելու համար։

Տպել