Սովորենք Ալմայից և Ամուղեկից
Ես հուսով եմ, որ նրանք, ովքեր հեռացել են աշակերտության ուղուց, կտեսնեն սրտով և կսովորեն Ալմայից ու Ամուղեկից:
Կրտսեր Ալման
Սուրբ գրությունների ամենաանմոռանալի մարդկանցից մեկը Ալմա Կրտսերն է: Չնայած այն բանին , որ նա մեծ մարգարեի որդի էր, նա կորցրել էր իր ճանապարհը որոշ ժամանակ և «ամբարիշտ և կռապաշտ մարդ էր» դարձել: Ինչ-որ պատճառով, որը կարող ենք միայն ենթադրել, նա ակտիվորեն հակադրվում էր իր հորը և ձգտում էր ոչնչացնել Եկեղեցին: Եվ իր ճարտասանության ու համոզիչ էության շնորհիվ, նա մեծ հաջողության էր հասել:
Բայց Ալմայի կյանքը փոխվեց, երբ Տիրոջ հրեշտակը երևաց նրան և խոսեց որոտի ձայնով: Երեք օր ու երեք գիշեր, Ալման «պրկվել էր հավերժական տանջանքից … նույնիսկ ցավերով անիծված հոգու»: Եվ հետո, ինչ-որ կերպ, մի աղոտ հիշողություն լույս բերեց նրա խավարած մտքին՝ իր հոր կողմից ուսուցանած մի հավերժական մի ճշմարտություն, որ Հիսուս Քրիստոսը գալու է՝ «քավելու համար աշխարհի մեղքերը»: Ալման վաղուց մերժել էր այդպիսի հասկացությունները, բայց հիմա նրա «դատողությունը որսաց այս միտքը», և նա խոնարհաբար, թախանձանքով իր հույսը դրեց Քրիստոսի քավիչ զորության վրա:
Այդ փորձառությունից բարձրանալուց հետո, Ալման փոխված մարդ էր: Այդ պահից ի վեր նա իր կյանքը նվիրեց իր պատճառած վնասի հետևանքները ուղղելուն: Նա ապաշխարության, ներում ստանալու և տևական հավատարմության հզոր օրինակ դարձավ:
Ի վերջո, Ալման ընտրվեց` հաջորդելու իր հորը, որպես Աստծո Եկեղեցու ղեկավար:
Նեփիացի ազգի յուրաքանչյուր քաղաքացի հավանաբար գիտերԱլմայի պատմությունը: Նրա ժամանակի Թվիթերի, Ինստագրամի և Ֆեյսբուքի էջերը պիտի որ լցված լինեին նրա մասին նկարներով ու պատմություններով: Նա, հավանաբար, պարբերաբար հայտնվում էր Զարահեմլա Ուիքլի շաբաթաթերթի առաջին էջերում և մշտական թեմա էր խմբագրությունների ու համացանցի նյութերում: Կարճ ասած, նա, թերևս, իր ժամանակի ամենահայտնի մարդն էր:
Սակայն, երբ Ալման տեսավ, որ իր ժողովուրդը մոռանում է Աստծուն և աճում է հպարտությունն ու հակառակությունը, նա որոշեց հրաժարվել իր հանրային պաշտոնից և նվիրվել «Աստծո սուրբ կարգի բարձրագույն քահանայությանը», որպեսզի ապաշխարություն քարոզի Նեփիացիներին:
Սկզբում, Ալման մեծ հաջողության հասավ, այսինքն՝ հասավ մինչև Ամմոնիա քաղաքը: Այդ քաղաքի մարդիկ լավ գիտակցում էին, որ Ալման այլևս իրենց քաղաքական առաջնորդը չէր, և նրանք մեծ հարգանք չունեին նրա քահանայության իշխանության հանդեպ: Նրանք հեգնեցին նրան, ծաղրեցին և դուրս քշեցին իրենց քաղաքից:
Սրտաբեկ, Ալման մեջքը դարձրեց դեպի Ամմոնիա քաղաքը:
Սակայն մի հրեշտակ նրան պատվիրեց վերադառնալ:
Մտածեք մի պահ այդ մասին. նրան պատվիրեցին վերադառնալ այն մարդկանց մոտ, ովքեր ատում էին նրան և թշնամաբար էին տրամադրված Եկեղեցում: Դա վտանգավոր և գուցե կյանքին սպառնացող հանձնարարություն էր: Սակայն Ալման չվարանեց: «Նա շտապ վերադարձավ»:
Ալման ծոմ էր պահել շատ օրեր, երբ մտավ քաղաք: Այնտեղ նա լրիվ անծանոթ մի օտարականի հարցրեց. «Կտա՞ս Աստծո խոնարհ ծառային որևէ բան ուտելու»:
Ամուղեկը
Այդ մարդու անունն Ամուղեկ էր:
Ամուղեկն ունևոր մարդ էր՝ Ամմոնիայում հայտնի քաղաքացի: Չնայած նա մեծաքանակ հավատացյալներից մեկն էր, նրա անձնական հավատը սառել էր: Ավելի ուշ նա խոստովանեց, «ես կանչվել եմ շատ անգամ, և ես չեմ կամեցել լսել. հետևաբար, ես գիտեի այս բաների վերաբերյալ, բայց ես չէի կամենում [հավատալ]. հետևաբար, ես շարունակում էի ապստամբել Աստծո դեմ»:
Բայց Աստված պատրաստում էր Ամուղեկին, և երբ նա հանդիպեց Ալմային, իր տուն հրավիրեց Տիրոջ ծառային, որտեղ Ալման շատ օրեր անցկացրեց: Այդ ժամանակ, Ամուղեկը բացեց իր սիրտը Ալմայի ուղերձի համար և նրա հետ հրաշալի փոփոխություն կատարվեց: Դրանից հետո Ամուղեկը ոչ միայն հավատաց, այլև դարձավ ճշմարտության մարտիկ:
Երբ Ալման դարձյալ դուրս ելավ Ամմոնիայի ժողովրդին սովորեցնելու, նա երկրորդ վկա ուներ իր կողքին՝ Ամուղեկին՝ այդ մարդկանցից մեկին:
Իրադարձությունները, որոնք հետևեցին, համարվում են սուրբ գրությունների ամենից դառն ու անուշ պատումներից մեկը: Դուք կարող եք այն կարդալ Ալմայի 8–16 գլուխներում:
Այսօր, ես կցանկանայի խնդրել ձեզ մտածել այս երկու հարցերի շուրջ.
Առաջին. «Ի՞նչ կարող եմ սովորել Ալմայից»:
Երկրորդ. «Ինչո՞վ եմ ես նման Ամուղեկին»:
Ի՞նչ կարող եմ սովորել Ալմայից:
Թույլ տվեք սկսել, հարցնելով Հիսուս Քրիստոսի Եկեղեցու բոլոր նախկին, ներկա կամ ապագա առաջնորդներին. «Ի՞նչ կարող եք դուք սովորել Ալմայից»:
Ալման բացառիկ պարգևներով և ունակություններով օժտված մարդ էր: Հեշտ է մտածել, որ նա որևէ մեկի օգնության կարիքը չէր զգում: Այնուամենայնիվ, ի՞նչ արեց Ալման, երբ վերադարձավ Ամմոնիա:
Ալման գտավ Ամուղեկին և նրանից օգնություն խնդրեց:
Եվ նա ստացավ օգնությունը:
Ինչ-ինչ պատճառներով, երբեմն, մենք, որպես առաջնորդներ, չենք ուզում գտնել և օգնություն խնդրել մեր Ամուղեկներից: Գուցե կարծում ենք, որ ինքներս կարող ենք ավելի լավ կատարել աշխատանքը կամ չենք ցանկանում անհարմարություն պատճառել ուրիշներին կամ էլ ենթադրում ենք, որ ուրիշները չեն ցանկանա մասնակցել: Շատ հաճախ մենք վարանում ենք հրավիրել մարդկանց` օգտագործել իրենց աստվածատուր շնորհները և մասնակցել փրկության մեծ աշխատանքին:
Մտածեք Փրկիչի մասին. արդյոք նա մեն-մենա՞կ ստեղծեց Իր Եկեղեցին:
Ո՛չ:
Նրա ուղերձն սա չէր. «Ետ կանգնիր: Ես գործը կկարգավորեմ»: Ավելի շուտ, այն հետևյալն էր. «Եկ, հետևիր ինձ»: Նա ոգեշնչում, հրավիրում, հրահանգում և ապա վստահում էր Իր հետևորդներին. «արեք այն բաները, որոնք տեսաք ինձ անելիս»: Այս կերպ, Հիսուս Քրիստոսը շենացնում էր ոչ միայն իր Եկեղեցին, այլ նաև Իր ծառաներին:
Ինչ պաշտոնում էլ այժմ ծառայելիս լինեք, թե՛ որպես սարկավագների քվորումի նախագահ, թե՛ ցցի նախագահ, թե՛ տարածքային նախագահ, հաջողակ լինելու համար դուք պետք է գտնեք ձեր Ամուղեկներին:
Դա կարող է լինել մեկը, ով համեստ կամ նույնիսկ անտեսանելի է ձեր ժողովներում: Դա կարող է լինել մեկը, ով, կարծես, չի ցանկանում կամ ի վիճակի չէ ծառայելու: Ձեր Ամուղեկները կարող են լինել երիտասարդ, թե ծեր, տղամարդիկ, թե կանայք, անփորձ, հոգնած կամ ոչ ակտիվ Եկեղեցում: Բայց նրանք հույս ունեն, ինչը չես կարող տեսնել առաջին հայացքից, որ ձեզանից կլսեն այդ բառերը. «Տերը ունի ձեր կարիքը: Ես ունեմ ձեր կարիքը»:
Սրտի խորքում շատերն են ցանկանում ծառայել իրենց Աստծուն: Նրանք ցանկանում են գործիք լինել Նրա ձեռքում: Նրանք կամենում են մանգաղը գցել և իրենց զորությամբ ջանք գործադրել նախապատրաստելու երկիրը մեր Փրկիչի վերադարձի համար: Նրանք ուզում են կառուցել Նրա Եկեղեցին: Բայց նրանք` իրենք, վարանում են սկսել: Հաճախ նրանք սպասում են, որ իրենց խնդրեն:
Ես հրավիրում եմ ձեզ մտածել ձեր ճյուղերի և ծխերի, ձեր միսիաների և ցցերի այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են գործի անցնելու կոչ լսել: Տերը աշխատում է նրանց հետ՝ պատրաստում է նրանց, փափկացնում նրանց սրտերը: Գտեք նրանց՝ փնտրելով ձեր սրտով:
Ձեռք մեկնեք նրանց: Սովորեցրեք նրանց: Ոգեշնչեք նրանց: Խնդրեք նրանց:
Կիսվեք նրանց հետ Ամուղեկին ասած հրեշտակի խոսքերով, որ Տիրոջ օրհնությունները կհանգչի նրանց վրա և նրանց ընտանիքի վրա: Հնարավոր է` դուք զարմանաք, բացահայտելով Տիրոջ անվեհեր մի ծառայի, ով այլապես թաքնված կմնար:
Ինչո՞վ եմ ես նման Ամուղեկին:
Մինչ մեզանից ոմանք պետք է փնտրեն Ամուղեկին, մյուսների հարցը կարող է այսպիսին լինել. «Ինչո՞վ եմ ես նման Ամուղեկին»:
Գուցե դուք տարիների ընթացքում ավելի քիչ հավատարիմ եք դարձել աշակերտության ձեր ճանապարհին: Գուցե ձեր վկայության կրակը խամրե՞լ է: Գուցե դուք հեռացե՞լ եք Քրիստոսի մարմնից: Հավանաբար, դուք հիասթափված եք կամ նույնիսկ զայրացած: Եփեսոսի հին եկեղեցու նման, գուցե, դուք թողել եք ձեր «առաջին սերը», Հիսուս Քրիստոսի ավետարանի վսեմ, հավերժական ճշմարտությունները:
Հնարավոր է, Ամուղեկի նման ձեր սրտում դուք գիտեք, որ Տերը ձեզ «կանչել է շատ անգամ», բայց դուք «չեք կամեցել լսել»:
Այնուամենայնիվ, Տերը տեսնում է ձեր մեջ այն, ինչ տեսնում էր Ամուղեկի մեջ՝ քաջարի ծառայողի ներուժ, որը կարևոր գործ ունի կատարելու և վկայություն ունի կիսվելու: Կա մի ծառայություն, որը ուրիշ ոչ ոք չի կարող կատարել նույն կերպ: Տերը ձեզ վստահել է Իր սուրբ քահանայությունը, որը աստվածային ներուժ է կրում օրհնելու և բարձրացնելու ուրիշներին: Լսեք ձեր սրտին և հետևեք Հոգու հուշումներին:
Անդամներից մեկի ճամփորդությունը
Ինձ հուզել է մեր եղբայրներից մեկի ճամփորդությունը, որն իրեն հարց էր տալիս. «Երբ Տերը կկանչի, արդյոք ես կլսե՞մ»: Այդ լավ եղբորը ես կկոչեմ եղբայր Դավիթ:
Դավիթը դարձի էր եկել դեպի Եկեղեցին մոտ 30 տարի առաջ: Նա ծառայեց միսիայում, ապա սովորեց, որ իրավաբան դառնա: Մինչ նա ուսումնասիրում և աշխատում էր, որպեսզի աջակցի իր երիտասարդ ընտանիքին, Եկեղեցու մասին որոշ տեղեկություններ կարդաց, որոնք շփոթեցրին նրան: Որքան շատ էր նա կարդում այդ բացասական նյութերը, այնքան ավելի շատ էր անհանգստանում: Ի վերջո, նա խնդրեց, որ իր անունը հանվի Եկեղեցու գրանցումներից:
Այդ ժամանակից ի վեր, ինչպես Ալման իր ըմբոստ օրերում, Դավիթը մեծ ժամանակ էր ծախսում, որպեսզի բանավիճի Եկեղեցու անդամների հետ առցանց զրույցներում՝ նպատակ ունենալով վիճարկել նրանց համոզմունքները:
Նա շատ լավ էր այդ գործում:
Նրա հետ բանավիճողների մեջ կար մի անդամ, որին ես կանվանեմ Հակոբ: Հակոբը միշտ բարի և հարգալից էր Դավիթի հանդեպ, բայց նաև վճռական էր Եկեղեցին պաշտպանելիս:
Տարիների ընթացքում Դավիթն ու Հակոբը փոխադարձ հարգանք և ընկերություն էին ձևավորել: Մի բան, որ Դավիթը չգիտեր, այն էր, որ Հակոբը աղոթում էր Դավիթի համար և ավելի քան մեկ տասնամյակ հավատարմորեն շարունակում էր դա անել: Նա նույնիսկ տեղադրել էր իր ընկերոջ անունը, որ նրա համար աղոթեին Տիրոջ տաճարներում՝ հույս տածելով, որ Դավիթի սիրտը կփափկի:
Ժամանակի ընթացքում կամաց-կամաց, Դավիթը փոխվեց: Նա սկսեց սիրով հիշել այն հոգևոր փորձառությունները, որոնք ունեցել էր ժամանակին, ինչպեսև այն երջանկությունը, որ նա զգում էր, երբ Եկեղեցու անդամ էր:
Ինչպես Ալման՝ Դավիթը ամբողջովին չէր մոռացել ավետարանի ճշմարտությունները, որ ժամանակին ընդունել էր: Եվ Ամուղեկի նման՝ Դավիթը զգում էր, որ Տերը կանչում է իրեն: Այդ ժամանակ Դավիթը իրավաբանական ֆիրմայի գործընկեր էր, որը հեղինակավոր աշխատանք էր: Նա Եկեղեցու քննադատի համբավ էր ձեռք բերել և հպարտությունը թույլ չէր տալիս, որ նա խնդրի, որ իրեն ընդունեն Եկեղեցի:
Այնուամենայնիվ, նա շարունակում էր զգալ Հովվի կանչը:
Նրա սրտին դիպավ սուրբ գրությունը. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան»: Նա աղոթեց. «Թանկագին Աստված, ես ուզում եմ կրկին վերջին օրերի սրբերի թվում լինել, բայց հարցերի պատասխանների կարիք ունեմ»:
Նա սկսեց ուշք դարձնել Հոգու հուշումներին և ընկերների ոգեշնչված պատասխաններին, որ մինչ այդ երբևէ չէր լսել: Մեկը մյուսի հետևից նրա կասկածները փոխվեցին հավատի, մինչև վերջապես հասկացավ, որ կրկին զգում է Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու վկայությունը:
Այդ պահին նա զգաց, որ ի վիճակի կլինի հաղթահարել իր հպարտությունը և անել այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի կրկին ետ ընդունվի Եկեղեցի:
Ի վերջո, Դավիթը մտավ մկրտության ջրերը և ապա սկսեց օրեր հաշվել մինչև իր օրհնությունների վերականգնումը:
Ուրախ եմ հաղորդել, որ այս տարվա ամռանը Դավիթի օրհնությունները վերականգնվեցին: Նա կրկին Եկեղեցու լիիրավ անդամ է և ծառայում է որպես Ավետարանի Վարդապետության ուսուցիչ իր ծխում: Նա ամեն հնարավորություն օգտագործում է, որ խոսի մարդկանց հետ իր վերափոխման մասին, որպեսզի հատուցի իր հասցրած վնասը և վկայություն բերի Հիսուս Քրիստոսի ավետարանի և Եկեղեցու մասին:
Եզրափակում
Իմ թանկագի՛ն եղբայրներ, իմ թանկագի՛ն ընկերներ, եկեք որոնենք, գտնենք, ոգեշնչենք և վստահենք մեր ծխերի և ցցերի Ամուղեկներին: Այսօր Եկեղեցում կան բազմաթիվ Ամուղեկներ:
Հավանաբար, դուք գիտեք մեկին: Գուցե այդ մեկը դուք եք:
Հավանաբար, Տերը ձեզ հուշում է, կոչ անելով ձեզ վերադառնալ ձեր առաջին սիրուն, ներդնել ձեր տաղանդները, արժանիորեն գործադրել քահանայությունը և կողք կողքի ծառայել ձեր ընկերակից Սրբերի հետ՝ մոտենալով Հիսուս Քրիստոսին և կառուցելով Աստծո արքայությունը:
Մեր սիրելի Փրկիչը գիտի, թե որտեղ եք դուք: Նա գիտի ձեր սիրտը: Նա ցանկանում է փրկել ձեզ, և Նա ձեռք կմեկնի ձեզ: Պարզապես բացեք ձեր սիրտը Նրան: Ես հուսով եմ, որ նրանք, ովքեր հեռացել են աշակերտության ուղուց, անգամ միայն մի քանի աստիճանով, կխորհեն Աստծո բարության և շնորհի մասին, սրտով կնայեն, կսովորեն Ալմայից և Ամուղեկից և կլսեն Փրկիչի կյանք փոխող խոսքերը. «Ե՛կ, հետևիր ինձ»:
Ես ձեզ հորդորում եմ ուշք դարձնել Նրա կոչին, քանի որ անկասկած, դուք կստանաք երկնքի բարիքները: Տիրոջ օրհնությունը կհանգչի ձեր վրա և ձեր տան վրա:
Այդ մասին ես վկայում եմ և որպես Տիրոջ Առաքյալ, թողնում եմ ձեզ իմ օրհնությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: