Զգույշ կաց, միգուցե մոռանաս
Ես խրախուսում եմ ձեզ՝ հատկապես ճգնաժամի պահերին, երբ դուք զգացել եք Հոգին և ձեր վկայությունը ուժեղ էր, հիշել հոգևոր հիմքերը, որոնք դուք կառուցել եք:
Բարի օր, սիրելի եղբայրներ և քույրեր: Որքան օրհնված ենք մենք այս համաժողովի ընթացքում: Տասներկու Առաքյալների Քվորումում որպես անդամ ծառայելու առաջին տարում ես ավելի խոնարհ եմ դարձել: Սա եղել է լարված, աճի և երբևէ հնչած լուրջ աղոթքների տարի` ուղղված իմ Երկնային Հորը: Ես զգացել եմ այդ աջակցող աղոթքները իմ ընտանիքի, ընկերների և ամբողջ աշխարհում գտնվող Եկեղեցու անդամների կողմից: Շնորհակալություն ձեր մտահոգությունների և աղոթքների համար:
Ես նաև արտոնություն եմ ունեցել նորից տեսնել թանկագին ընկերներին. ոմանց հետ ծանոթացել եմ տարիներ առաջ, իսկ շատերին վերջերս եմ հանդիպել: Մի թանկագին ընկերոջ հետ հանդիպումից հետո, ում ես գիտեմ և սիրում եմ արդեն շատ տարիներ, ես տպավորվեցի և պատրաստեցի իմ այսօրվա ելույթը:
Երբ մենք հանդիպեցինք, իմ ընկերը հայտնեց ինձ, որ ինքը երկմտում է: Նա զգում էր իր իսկ բառերով ասած՝ «հավատքի ճգնաժամ», և իմ խորհրդի կարիքն ուներ: Ես երախտապարտ էի, որ նա կիսվեց ինձ հետ իր զգացմունքներով և մտահոգություններով:
Նա ներկայացրեց այն մեծ կարոտը մի բանի հանդեպ, որը նա առաջ ուներ, բայց հիմա, կարծում էր, որ կորցնում է. դա հոգևոր զգայունությունն է: Երբ նա խոսում էր, ես ուշադիր լսում էի և ջանասիրաբար աղոթում էի, որ իմանայի, թե Տերը ինչ է ցանկանում, որ ես ասեմ:
Իմ ընկերը, ինչպես հավանաբար ձեզանից ոմանք, տվեց մի հարց, որը պարզ ձևակերպված է Երեխաների Խմբի երգերից մեկում՝ «Երկնային Հայր, դու իրո՞ք կաս»: Ձեզանից ոմանց հետ, ովքեր նույն հարցն են տալիս, ես կցանկանայի կիսվել այն խորհրդով, որը ես հղեցի իմ ընկերոջը, և հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կզգա, որ իր հավատն ամրապնդված է, իսկ որոշումը նորացված` Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդը լինելու համար:
Ես կսկսեմ, հիշեցնելով ձեզ, որ դուք սիրող Երկնային Հոր որդիներն ու դուստրերն եք, և Նրա սերը մնում է հաստատուն: Ես գիտեմ, որ այդպիսի հուսադրող սիրո զգացմունքները դժվար են վերհիշվում, երբ դուք անձնական խնդիրների կամ դժվարությունների, հուսահատությունների կամ կոտրված երազանքների մեջ եք:
Հիսուս Քրիստոսը գիտի սաստիկ դժվարությունների և փորձությունների մասին: Նա տվեց Իր կյանքը մեզ համար: Նրա վերջին ժամերը լի էին դաժան չարչարանքներով, որոնք նույնիսկ վեր են մեր պատկերացումից, բայց Նրա զոհաբերությունը մեզանից յուրաքանչյուրի համար Նրա մաքուր սիրո առավելագույն արտահայտությունն էր:
Ոչ մի սխալ, մեղք կամ ընտրություն չեն կարող փոխել Աստծո սերը մեր հանդեպ: Դա չի նշանակում, որ մեղսավոր պահվածքը թույլատրելի է, ոչ էլ այն վերացնում է մեր կատարած մեղքերից ապաշխարելու պարտականությունը: Բայց մի մոռացեք. Երկնային Հայրը գիտի և սիրում է ձեզանից յուրաքանչյուրին և Նա միշտ պատրաստ է օգնել:
Երբ ես խորհում էի իմ ընկերոջ իրավիճակի վերաբերյալ, հիշեցի Մորմոնի Գրքի մեծ իմաստության մասին. «Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչիվեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:
Ես վկայում եմ, որ «թշվառության ու անվերջ վայի անդունդը» մի տեղ է, որում ոչ մեկը չի ցանկանա հայտնվել: Իսկ իմ ընկերը զգում էր, որ մոտենում էր այդ անդունդին:
Երբ ես խորհուրդ եմ տալիս մարդկանց, ինչպես իմ ընկերոջը, ես ուսումնասիրում եմ նրանց կատարած ընտրությունները վերջին տարիների ընթացքում, որոնք ստիպել են նրանց մոռանալ սուրբ փորձառությունները, թուլանալ և կասկածել: Ես խրախուսել եմ նրանց, ինչպես և խրախուսում եմ ձեզ հիմա վերհիշել՝ հատկապես դժվարության պահերին, երբ դուք զգացել եք Հոգին և ձեր վկայությունը ուժեղ էր. հիշեք հոգևոր հիմքը, որը դուք կառուցել էիք: Ես խոստանում եմ, որ եթե դուք սա անեք՝ խուսափեք այն բաներից, որոնք չեն կառուցում և ամրապնդում ձեր վկայությունը կամ ծաղրում են ձեր համոզմունքները, այն թանկագին ժամանակները, երբ ձեր վկայությունը բարգավաճում էր, կվերադառնան ձեր հիշողություն, խոնարհ աղոթքի և ծոմի միջոցով: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ դուք կրկին կզգաք Հիսուս Քրիստոսի ավետարանի ապահովությունը և ջերմությունը:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է նախ ինքն իրեն ամրապնդի հոգևորապես և հետո ամրապնդի շրջապատող մարդկանց: Հաճախ խորհեք սուրբ գրությունների մասին և հիշեք այն մտքերն ու զգացմունքները, երբ դուք կարդում եք դրանք: Փնտրեք նաև ճշմարտության այլ աղբյուրներ, բայց ուշադիր լսեք սուրբ գրությունների այս զգուշացումը. «Բայց ուսյալ լինելը լավ է, եթե նրանք ականջ են դնում Աստծո խորհուրդներին»: Հաճախեք Եկեղեցու ժողովներին, հատկապես` հաղորդության ժողովին, և ընդունեք հաղորդությունը ու նորոգեք ձեր կապած ուխտերը, ներառյալ ձեր խոստումը՝ միշտ հիշել Փրկիչին, որ Նրա Հոգին միշտ ձեզ հետ լինի:
Կարևոր չէ, թե ինչ սխալներ ենք մենք արել կամ որքան անկատար կարող ենք մեզ զգալ, մենք միշտ կարող ենք օրհնել և բարձրացնել ուրիշներին: Քրիստոսանման ծառայությամբ նրանց օգնելու ձգտումը կարող է օգնել մեզ զգալ Աստծո սերը մեր սրտի խորքում:
Շատ կարևոր է հիշել Երկրորդ Օրինացում գրված զորեղ խորհուրդը. «Նայի՛ր ինքդ քեզ և եղի՛ր չափազանց զգոյշ. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կեանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Դրանք կը հաղորդես քո որդիներին ու որդիների որդիներին»:
Սերունդներ են ազդեցության ենթարկվում մեր կատարած ընտրութուններից: Կիսվեք ձեր վկայությունով ձեր ընտանիքի հետ. խրախուսեք նրանց հիշե,լ թե ինչպես էին նրանք զգում, երբ ճանաչում էին Հոգին իրենց կյանքում, ապա խնդրեք գրառել այդ զգացմունքները օրագրում և անձնական պատմություններում, որպեսզի իրենց սեփական բառերը, երբ անհրաժեշտ լինի, արթնացնեն իրենց հիշողության մեջ, թե Աստված որքան բարի է եղել իրենց հանդեպ:
Դուք երևի կհիշեք, որ Նեփին և իր եղբայրները վերադարձան Երուսաղեմ, որպեսզի վերցնեին արույրե թիթեղները, որոնք պարունակում էին նրանց ժողովրդի պատմությունը: Դա էր պատճառներից մեկը, որպեսզի նրանք չմոռանան իրենց անցյալը:
Նաև, Մորմոնի Գրքում Հելամանը անվանեց իր որդիներին «առաջին հայրերի» անուններով, որ նրանք չմոռանան Աստծո մեծահոգությունը.
«Ահա, իմ որդինե՛ր, ես փափագում եմ, որ դուք հիշեք պահել Աստծո պատվիրանները: … Ահա, ես տվել եմ ձեզ մեր առաջին ծնողների անունները, ովքեր դուրս էին եկել Երուսաղեմի հողից. և այս ես արել եմ, որ երբ դուք հիշեք ձեր անունները, դուք կարողանաք հիշել նրանց. և երբ դուք հիշեք նրանց, դուք կարողանաք հիշել նրանց գործերը. և երբ դուք հիշեք նրանց գործերը, դուք կարողանաք իմանալ, որ ասվել է, և նաև գրվել, որ դրանք բարի էին:
«Հետևաբար, իմ որդինե՛ր, ես կկամենայի, որ դուք անեք այն, ինչ բարի է, որպեսզի ձեր մասին էլ ասվի, և նաև գրվի, ճիշտ ինչպես ասվել և գրվել է նրանց մասին»:
Շատերն այսօր ունեն նույն ավանդույթը՝ անվանել իրենց երեխաներին սուրբ գրությունների հերոսների կամ հավատարիմ նախնիների անուններով, որպես մի ճանապարհ՝ խրախուսելու նրանց չմոռանալ իրենց ժառանգությունը:
Երբ ես ծնվեցի, ինձ անվանեցին Ռոնալդ Ա. Ռասբենդ: Իմ ազգանունը պատվում է իմ հոր նախնիների տոհմը: Իմ երկրորդ անունի սկզբնատառը Ա տրվեց ինձ ի հիշեցում և ի պատիվ դանիական Անդերսոն իմ մորական տոհմի:
Իմ նախապապը՝ Ջենս Անդերսոնը Դանիայից էր: Եվ 1861 թվականին Տերը երկու մորմոն միսիոներների բերեց Ջենսի և Ան Քաթրին Անդերսոնի տուն, որտեղ միսիոներները տան տերերին և նրանց 16 տարեկան որդուն՝ Էնդրյուին, ներկայացրին վերականգնված ավետարանը: Այդպես սկսվեց հավատի ժառանգությունը, որտեղ ես և իմ ընտանիքը շահառուներն ենք: Անդերսոնները կարդացին Մորմոնի Գիրքը և մկրտվեցին կարճ ժամանակ անց: Հաջորդ տարի Անդերսոնները լսեցին մարգարեի կանչը՝ անցնել Ատլանտյան օվկիանոսը՝ միանալու Հյուսիսային Ամերիկայի Սրբերին:
Ցավոք, Ջենսը մահացավ ծովային ճանապարհորդության ժամանակ, բայց նրա կինը և որդին շարունակեցին դեպի Սոլթ Լեյքի հովիտ, տեղ հասնելով 1862 թվականի սեպտեմբերի 3-ին: Չնայած չարչարանքներին և վշտին, նրանց, ինչպես նաև իրենց հետնորդների մեծ մասի հավատքը, չսասանվեց:
Իմ գրասենյակում կախված է մի նկար, որն այնքան հրաշալի պատկերում է մի խորհրդանշական հուշ` հիշեցում իմ նախնիների և միսիոներների հետ այդ առաջին հանդիպման մասին: Ես վճռել եմ չմոռանալ իմ ժառանգությունը, և իմ անվան շնորհիվ ես միշտ կհիշեմ նրանց հավատարմության և զոհաբերության ժառանգությունը:
Երբեք մի մոռացեք, կասկածի տակ մի դրեք կամ անտեսեք անձնական, սուրբ հոգևոր փորձառությունները: Հակառակորդի ծրագիրն է՝ շեղել մեզ հոգևոր վկայություններից, իսկ Տիրոջ ցանկությունն է` լուսաբանել և զբաղեցնել մեզ Իր աշխատանքով:
Թույլ տվեք կիսվել այս ճշմարտության մասին իմ անձնական օրինակով: Ես պարզ հիշում եմ այն ժամանակը, երբ ստացա հուշում` որպես պատասխան իմ զորեղ աղոթքին: Պատասխանը պարզ և ուժեղ էր: Բայց ես թերացա անհապաղ հետևել այդ հուշումին և որոշ ժամանակ անց սկսեցի կասկածել, թե արդյոք իսկական էր այն, ինչ ես զգացել եմ: Ձեզանից ոմանք նույնպես կարող են ընկնել հակառակորդի այդ խաբեության մեջ:
Մի քանի օր հետո ես արթնացա հետևյալ զորեղ հատվածներով իմ մտքում.
«Ճշմարիտ, ճշմարիտ, ասում եմ քեզ. Եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում: …
«Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ բավականություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»:
Թվում էր, թե Տերն ասում էր, «Տես Ռոնալդ, ես արդեն ասացի քեզ` ինչ անել: Հիմա արա այն»: Որքան շնորհակալ էի ես այդ սիրող ուղղման և ուղղորդման համար: Ես անմիջապես մխիթարվեցի հուշումով և կարողացա շարժվել առաջ, իմանալով իմ սրտում, որ իմ աղոթքը պատասխան է ունեցել:
Ես կիսվեցի այս փորձառությամբ, սիրելի եղբայրներ և քույրեր, որպեսզի ցուցադրեմ, թե մեր միտքն ինչ արագությամբ կարող է մոռանալ, և ինչպես են հոգևոր փորձառությունները առաջնորդում մեզ: Ես սովորել եմ փայփայել այդպիսի պահերը, «որ չմոռանամ»:
Իմ ընկերոջը և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեծացնել իրենց հավատը՝ ես տալիս եմ խոստում. քանի դեռ դուք հավատարմորեն ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով և ապրեք դրա ուսմունքներով, ձեր վկայությունը կպաշտպանվի և այն կաճի: Պահեք ուխտերը, որոնք դուք կապել եք, չնայած ձեզ շրջապատողների գործողություններին: Եղեք ջանասեր ծնողներ, եղբայրներ և քույրեր, պապիկներ և տատիկներ, մորաքույրներ, քեռիներ և ընկերներ, ովքեր ուժեղացնում են սիրելիների անձնական վկայությունները և կիսվում են հոգևոր փորձառություններով: Մնացեք հավատարիմ և հաստատուն, նույնիսկ, եթե կասկածի փոթորիկը ներխուժի ձեր կյանք ուրիշների պատճառով: Փնտրեք այն, ինչ կերտում և ամրացնում է ձեզ հոգեպես: Խուսափեք կեղծ՝ այսպես կոչված, «ճշմարիտ» ընծաներից, որոնք համատարած են և հիշեք գրանցել ձեր «սիրո, ուրախության, խաղաղության, համբերության, քաղցրության, բարության, հավատարմության, հեզության և ժուժկալության» զգացումները:
Կյանքի ամենաուժգին փոթորիկների ժամանակ մի մոռացեք ձեր աստվածային ժառանգությունը` որպես Աստծո որդիներ կամ դուստրեր, կամ ձեր հավերժական ճակատագիրը՝ վերադառնալ և ապրել Նրա հետ, որը կգերազանցի այն ամենին, ինչ աշխարհն է առաջարկում: Հիշեք Ալմայի սիրող և քաղցր խոսքերը. «Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ր, եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»:
Բոլոր նրանք, ովքեր կարիք ունեն իրենց հավատը ուժեղացնելու, ես աղերսում եմ ձեզ` մի՜ մոռացեք: Խնդրում եմ, մի՜ մոռացեք:
Ես վկայում եմ որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է: Ես գիտեմ, որ նա տեսել և խոսել է Հայր Աստծո ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ, ինչպես նա գրանցել է իր իսկ բառերով: Որքան եմ ես երախտապարտ, որ նա չմոռացավ և գրեց այդ փորձառությունների մասին, որպեսզի մենք բոլորս կարողանանք իմանալ իր վկայության մասին:
Ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Նա ապրում է: Ես գիտեմ` Նա ապրում է և կանգնած է այս Եկեղեցու գլխին: Այս բաները ես գիտեմ անձամբ, անկախ ուրիշ ձայնից կամ վկայությունից, և ես աղոթում եմ, որ դուք և ես երբեք չմոռանանք սուրբ հավերժական ճշմարտությունները՝ առաջին և ամենակարևորը, որ մենք ապրող և սիրող Երկնային Ծնողների որդիներն ու դուստրերն ենք, ովքեր ցանկանում են միայն մեր հավերժական երջանկությունը: Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: