2010–2019 թթ․
Նայել Գրքին, նայել Տիրոջը
Հոկտեմբեր 2016


15:6

Նայել Գրքին, նայել Տիրոջը

Կարո՞ղ եք դուք նայել Մորմոնի Գրքին որպես ձեր հիմնաքարի` ձեր ուժի հոգևոր կենտրոնի։

Մերի Էլիզաբեթ Ռոլինս

Մտովի ես պատկերացնում եմ ձեզ որպես աճող սերունդ, որ աշխարհի մի անկյունում դիտում կամ լսում է այս համաժողովի նիստը։ Կցանկանայի կիսվել ձեզ հետ մի իրական պատմությամբ, որը կարող է լինել և օրինակ, և դաս։ Այն ձեզ ցույց կտա, թե ինչպես ավելի մոտենալ Տիրոջը և ձեռք բերել ավելի մեծ ուժ՝ փորձությունները հաղթահարելու համար։

Սա մի պատմություն է Նյու Յորքում ապրող մի երիտասարդ աղջկա մասին, ով երեք տարին չլրացած կորցրել էր իր հորը, ում նավակը խորտակվել էր մեծ լճում։ Նա, մայրը, մեծ եղբայրը և փոքր քույրը տեղափոխվել էին մեկ այլ նահանգի մի նոր քաղաք՝ ապրելու իր մորաքրոջ և մորեղբոր հետ։ Ընտանիքի ժամանելուց որոշ ժամանակ անց նրանց քաղաք եկան նոր կազմավորված կրոնի միսիոներներ և անդամներ՝ բերելով ավետարանի Վերականգնման փառահեղ լուրը։ Նրանք ուշագրավ պատմություն պատմեցին հրեշտակի մասին, ով հնադարյան արձանագրություններ էր հանձնել Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանու, արձանագրություն, որը նա թարգմանեց Աստծո զորությամբ։ Այցելուներից երկուսը՝ Օլիվեր Քաուդերին և Ջոն Ուիթմերը, անձամբ տեսել էին հնադարյան արձանագրության փորագրված մետաղյա էջերը իրենց աչքերով, և Ուիթմերը վկայեց, որ իր ձեռքերով բռնել էր ոսկյա թիթեղները։ Այդ արձանագրությունը վերջերս էր հրատարակվել, և Եղբայր Ուիթմերը իր հետ բերել էր գիրքը։ Գիրքն, իհարկե, կոչվում էր Մորմոնի Գիրք։

Երբ 12-ամյա Մերին լսեց գրքի վերաբերյալ միսիոներների խոսքերը, նա սրտում հատուկ զգացողություն ունեցավ ։ Չնայած Մորմոնի Գիրքը բավականին հաստ էր, Մերին մեծ ցանկություն ուներ այն կարդալու։ Հեռանալիս, Եղբայր Ուիթմերը գրքի մի թանկարժեք օրինակ տվեց Եղբայր Իսահակ Մորլեյին, ով Մերիի մորեղբոր ընկերն էր և նոր եկեղեցու տարածքային ղեկավարը։

Հետագայում Մերին գրել է․ «Ես գնացի [Եղբայր Մորլեյի] տուն … և խնդրեցի ցույց տալ ինձ գիրքը․ [նա] դրեց այն իմ ձեռքերի մեջ [և] երբ ես նայեցի գրքին, ես այնպիսի մեծ ցանկություն զգացի կարդալու այն, որ չկարողացա զսպել ինձ և խնդրեցի տանել այն տուն և կարդալ այն։ … Նա ասաց, … որ դեռ ժամանակ էլ չի ունեցել անձամբ մի գլուխ այդտեղից կարդալու համար, և եղբայրներից ընդամենը մի քանիսն էին տեսել այն, սակայն ես այնքան ջերմեռանդորեն խնդրեցի, որ նա ի վերջո ասաց․ «Զավակս, եթե դու այս գիրքը տուն կբերես վաղն առավոտյան նախաճաշից առաջ, դու կարող ես վերցնել այն»։

Մերի Էլիզաբեթ Ռոլլինսը կարդում է

Մերին տուն վազեց և այնքան տարված էր գրքով, որ արթուն մնաց գրեթե ողջ գիշեր՝ կարդալով այն։ Հաջորդ առավոտ, երբ նա վերադարձրեց գիրքը, Եղբայր Մորլեյն ասաց․ «Կարծում եմ, դու շատ բան չես կարդացել այստեղից» և «չեմ հավատում, թե դու մեկ բառ կարող ես ինձ ասել այս գրքից»։ Մերին ուղիղ կանգնեց և անգիր ասաց Մորմոնի Գրքի առաջին հատվածը։ Ապա պատմեց նրան Նեփի մարգարեի պատմությունը։ Ավելի ուշ Մերին գրել է․ «Նա ապշած նայեց ինձ վրա և ասաց․ «Զավակս, տուն տար այս գիրքը և ավարտիր, ես կարող եմ սպասել»։

Կարճ ժամանակ անց Մերին ավարտեց գրքի ընթերցանությունը և առաջին մարդն էր իր քաղաքում, ով կարդաց ամբողջ գիրքը։ Նա գիտեր, որ այն ճշմարիտ է և տրված է Երկնային Հոր կողմից։ Մինչ նա նայում էր գրքին, նա նայում էր Տիրոջը։

Մեկ ամիս անց մի հատուկ այցելու եկավ նրա տուն։ Ահա, թե ինչ է գրել Մերին այդ օրվա տպավորությունների մասին․ «Երբ [Ջոզեֆ Սմիթը] տեսավ ինձ, նա շատ լուրջ նայեց ինձ։ …Այնուհետև … տվեց ինձ մի մեծ օրհնություն, … և գիրքը նվիրեց ինձ և ասաց, որ Եղբայր Մորլեյին կտա մեկ այլ [օրինակ]։ … Մենք բոլորս էլ զգացինք, որ նա Աստծո մարդ էր, քանի որ խոսում էր զորությամբ և իշխանություն ունեցողի պես»։

Այս երիտասարդ աղջիկը՝ Մերի Էլիզաբեթ Ռոլինսը, իր կյանքում տեսավ շատ այլ հրաշքներ և միշտ պահեց Մորմոնի Գրքի իր վկայությունը։ Այս պատմությունը յուրահատուկ իմաստ ունի ինձ համար, քանի որ նա իմ հորաքույրն է եղել չորս սերունդ առաջ։ Մերիի օրինակի և իմ կյանքի այլ փորձառությունների միջոցով ես հասկացել եմ, որ մարդը երբեք չափազանց երիտասարդ չէ Մորմոնի Գրքի վերաբերյալ անձնական վկայություն փնտրելու և ստանալու համար։

Ձեր վկայության հիմնաքարը

Մերիի պատմության մեջ անձնական դաս կա ձեզ համար։Երիտասարդ տղամարդիկ, երիտասարդ կանայք և երեխաներ, ձեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ նույն զգացողությունները, որ նա է ունեցել։ Երբ դուք կարդում եք Մորմոնի Գիրքը և աղոթում, ցանկանալով իմանալ դրա ճշմարտացիության մասին, դուք նույնպես ձեր սրտում կարող եք ունենալ նույն տպավորությունը, որը Մերին ստացավ։ Դուք նաև կբացահայտեք, որ երբ կանգնեք ու վկայեք Մորմոնի Գրքի մասին, դուք կզգաք նույն հաստատող հոգին։ Սուրբ Հոգին կխոսի ձեր սրտի հետ։ Դուք կարող եք զգալ հաստատող այս նույն հոգին նաև այն ժամանակ, երբ լսեք, թե ինչպես են ուրիշները կիսվում Մորմոնի Գրքի վերաբերյալ իրենց վկայությամբ։ Այս հոգևոր վկայություններից յուրաքանչյուրը կարող են հանգեցնել այն բանին, որ Մորմոնի Գիրքը դառնա ձեր վկայության հիմնաքարը։

Թույլ տվեք բացատրել։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը, ով թարգմանեց Մորմոնի Գիրքը «Աստծո պարգևով և զորությամբ», նկարագրել է Մորմոնի Գիրքը որպես «ամենաճիշտը երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի հիմնաքար»։

1830 թվականի Մորմոնի Գրքի առաջին տպագրությունից հետո ավելի քան 174 միլիոն օրինակ է տպագրվել 110 տարբեր լեզուներով՝ ապացուցելով, որ Մորմոնի Գիրքը շարունակում է լինել մեր կրոնի հիմնաքարը։ Սակայն ի՞նչ նշանակություն ունի այն ձեզանից յուրաքանչյուրի համար։

Հիմնաքարը հենց կենտրոնն է

Ճարտարապետության մեջ հիմնաքարը կամարաձև դարպասի առանցքային հատվածն է։ Այն կամարի ճիշտ կենտրոնում և ամենաբարձր կետում գտնվող սեպաձև քար է։ Քարերի մեջ այն ամենակարևորն է, քանի որ պահում է կամարի կողմերի հավասարակշռությունը՝ կանխելով փլուզումը։ Այն նաև շինարարական այն տարրն է, որը հնարավոր է դարձնում դարպասների բացվելը։

Կամարի հիմնաքարը

Ավետարանական եզրույթի համաձայն պարգև և օրհնություն է Տիրոջից, որ մեր կրոնի հիմնաքարն այնքան իրական է, որքան Մորմոնի Գիրքը, և դուք կարող եք ձեր ձեռքն առնել այն ու կարդալ։ Կարո՞ղ եք դուք նայել Մորմոնի Գրքին որպես ձեր հիմնաքարի, ձեր ուժի հոգևոր կենտրոնի։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը մեկնաբանել է Ջոզեֆ Սմիթի այդ ուսմունքները։ Նա ասել է․ «Մորմոնի Գիրքը հանդիսանում է մեր կրոնի հիմնաքարը երեք առումներով։ Այն Քրիստոսի մասին մեր վկայության հիմնաքարն է ։ Այն մեր վարդապետության հիմնաքարն է։ Այն վկայության հիմնաքարն է»։

Նախագահ Բենսոնն ուսուցանել է․ «Մորմոնի Գիրքը սովորեցնում է մեզ ճշմարտությունը [և] վկայում Քրիստոսի մասին։ … Սակայն ավելին կա այնտեղ։ Գիրքն ունի զորություն, որը սկսում է հորդել ձեր կյանք այն պահից , երբ դուք սկսում եք լրջորեն ուսումնասիրել գիրքը։ Դուք ավելի մեծ ուժ կգտնեք փորձությունները հաղթահարելու համար։ … Դուք զորություն կգտնեք մնալու ուղիղ ու նեղ արահետի վրա»։

Իմ անձնական վկայությունը

Իմ կյանքում Մորմոնի Գիրքը դարձել է իմ վկայության հիմնաքարը տարիների ընթացքում և մի շարք փորձառությունների միջոցով։ Իմ վկայության ձևավորմանը նպաստող մի զորեղ փորձառություն տեղի ունեցավ, մինչ ես երիտասարդ միսիոներ էի և ծառայում էի իմ առաջին տարածքում՝ Կումամոթոյում (Ճապոնիա)։ Ես և զուգընկերս քարոզում էինք՝ անցնելով տնից տուն։ Ես հանդիպեցի մի տատիկի, ով բարյացակամորեն հրավիրեց մեզ իր տան բակ, որ ճապոներեն անվանում են ջենկան։ Այդ շոգ օրը նա մեզ սառը ջուր առաջարկեց։ Ես վերջերս էի եկել Ճապոնիա և նոր էի ավարտել Մորմոնի Գրքի ընթերցանությունը և աղոթում էի, որ հաստատ իմանայի, որ այն ճիշտ է։

Քանի որ ես նոր էի եկել Ճապոնիա, այդքան էլ լավ չէի խոսում ճապոներեն։ Ուստի, չեմ կարծում, թե այս կինը շատ բան էր հասկանում իմ ասածներից։ Ես սկսեցի ուսուցանել նրան Մորմոնի Գրքի մասին, նկարագրելով, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը հրեշտակից ստացավ թիթեղների վրա փորագրված հնադարյան արձանագրությունները, և թե ինչպես նա թարգմանեց դրանք Աստծո զորությամբ։

Մինչ ես վկայում էի նրան, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, ես ստացա ամենաուժեղ տպավորությունը, և սիրտս լցվեց մխիթարության ջերմ զգացումով և խաղաղությամբ, ինչը սուրբ գրություններում նկարագրվում է այսպես․ «կուրծքդ կայրվի քո ներսում»։ Այդ զգացողությունը զորեղ կերպով վերահաստատեց , որ Մորմոնի Գիրքն իսկապես Աստծո խոսքն է։ Այդ պահին իմ զգացմունքներն այնքան ուժեղ էին, որ արցունքներ հայտնվեցին իմ աչքերում, և ես խոսեցի այդ ճապոնացի տատիկի հետ։ Ես երբեք չեմ մոռանա այդ օրվա յուրահատուկ զգացողությունը։

Ձեր անձնական վկայությունը

Ձեզանից յուրաքանչյուրը նույնպես կարող է ստանալ անձնական վկայություն այս գրքի վերաբերյալ։ Դուք գիտակցո՞ւմ եք, որ Մորմոնի Գիրքը գրվել է ձեզ համար և ձեր օրերի համար։ Այս գիրքը համարվում է այսպես կոչված ժամանակների լրության տնտեսությունում ապրելու օրհնություններից մեկը։ Չնայած Մորմոնի Գիրքը գրվել է ոգեշնչված, հնադարյան հեղինակների կողմից, որոնցից շատերը մարգարեներ են եղել, նրանք և նրանց օրերի մարդիկ չեն կարողացել օգտվել այդ գրքից ամբողջությամբ։ Դուք այժմ հեշտությամբ կարող եք ձեռք բերել այդ սուրբ գրությունը, որը մարգարեները, քահանաները և թագավորները փայփայել են, ընդունել և պահպանել։ Դուք առավելություն ունեք ձեր ձեռքում պահելու ամբողջական Մորմոնի Գիրքը։ Հետաքրքրականն այն է, որ Մորմոնի Գրքի մարգարեներից մեկը՝ Մորոնին, տեսավ մեր օրերը՝ ձեր օրերը։ Նա նույնիսկ տեսավ ձեզ տեսիլքում՝ հարյուրավոր տարիներ առաջ։ Մորոնին գրել է․

«Ահա, Տերն ինձ ցույց է տվել մեծ և զարմանալի բաներ նրա վերաբերյալ, ինչ պետք է … գա, այն օրը, երբ այս բաներն,- նկատի ունենալով Մորմոնի Գիրքը,- առաջ կգան ձեր մեջ։

Ահա, ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք։ Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները»։

Որպեսզի օգնեմ ձեզ դարձնելու Մորմոնի Գիրքը ձեր վկայությանհիմնաքարը, ես ձեզ հրավիրում եմ անել հետևյալը։ Ես վերջերս իմացա, որ շատ երիտասարդներ օրական գրեթե յոթ ժամ անց են կացնում հեռուստացույցի, համակարգչի և սմարթֆոնների էկրանների մոտ։ Հիշելով սա՝ կընդունե՞ք մի փոքր հրավեր։ Կփոխարինե՞ք ամեն օր էկրանների մոտ անցկացնելու ժամանակը, հատկապես, եթե այն նվիրված է սոցկայքերին, համացանցին, խաղերին կամ հեռուստացույցին, Մորմոնի Գիրքը կարդալու հետ։ Եթե իմ նշած միջոցներից դուք ճիշտ եք օգտվում, ապա հեշտությամբ ժամանակ կգտնեք օրական թեկուզ 10 րոպե Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու համար։ Եվ դուք կարող եք այնպես կատարել ձեր ուսումնասիրությունը, որ դա ձեզ համար հաճելի լինի և հասկանալի՝ օգտվելով ձեր սարքավորումներից կամ գրքից։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս ասել է․ «Մորմոնի Գրքի ընթերցանությունը մենք երբեք չպիտի դարձնենք դժվարին մի պարտականություն, ինչպես օրինակ` ամեն օր դառը դեղահաբը արագ կուլ տալով , նշում անել, որ դա կատարված է»։

Երիտասարդները կարդում են Մորմոնի Գիրքը
Երեխան կարդում է Մորմոնի Գիրքը

Կրտսեր տարիքի երեխաները կարող են կարդալ իրենց ծնողների, պապիկի ու տատիկի կամ սիրելի մեկի հետ։ Եթե որևէ գլուխ, հատված կամ մաս բավականին բարդ է թվում ձեզ, անցեք հաջորդին։ Ես պատկերացնում եմ ձեզ Մերիի օրինակին հետևելիս։ Ես պատկերացնում եմ ձեզ ոգևորված, ժամանակ ու անաղմուկ մի վայր գտնելիս՝ Մորմոնի Գիրքը կարդալու համար։ Ես պատկերացնում եմ ձեզ պատասխաններ, առաջնորդություն գտնելիս, Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ձեր անձնական վկայությունը ձեռք բերելիս։ Մինչ դուք նայում եք գրքին, դուք նայում եք Տիրոջը։

Նայել գրքին

Դուք կկարդաք այս թանկարժեք գրքի հատվածները և կտեսնեք ձեր սիրելի Փրկիչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, գրեթե յուրաքանչյուր էջում։ Ըստ մոտավոր հաշվարկների Նրա անվան որևէ ձևակերպմանը առնվազն մեկ անգամ հանդիպում ենք ամեն 1.7 հատվածում։ Քրիստոսն անձամբ վկայեց դրա ճշմարտացիության մասին այս վերջին օրերում՝ հայտարարելով․ «Ինչպես կենդանի է ձեր Տերն ու ձեր Աստվածը, այն ճշմարիտ է»։

Ես շնորհակալ եմ հրավերի և խոստումի համար, որը Տերը տվել է Մորոնի մարգարեի միջոցով ձեզանից յուրաքանչյուրին և բոլորին, ովքեր կարդում են Մորմոնի Գիրքը։ Վերջում ես ուզում եմ կարդալ այդ հրավերը և խոստումը և ավելացնել իմ վկայությունը․ «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, [Հիսուս] Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն․ և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»։

Ես վկայում եմ այս վերջին օրերում ավետարանի Վերականգնման և Մորմոնի Գրքի մասին՝ որպես այդ Վերականգնման շոշափելի փաստի։ Ճիշտ, ինչպես այս գրքի բառերը ոգեշնչեցին 12-ամյա աղջկան ընդունել Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին գրեթե երկու դար առաջ, ճշմարտությունները, որոնք կգտնեք այնտեղ, կոգևորեն և կոգեշնչեն ձեզ նույն կերպ։ Դրանք կամրացնեն ձեր հավատը, կլցնեն ձեր հոգին լույսով և կպատրաստեն ձեզ ապագայի համար, որի մասին դուք պատկերացում անգամ չունեք։

Գրքի էջերում դուք կգտնեք Աստծո անսահման սերն ու ողորմությունը։ Մինչ դուք կջանաք հետևել այնտեղ գտած ուսմունքներին, ձեր ուրախությունը, հասկացողությունը կմեծանան և պատասխանները, որոնք դուք փնտրում եք` կապված մահկանացու կյանքի ներկայացրած բազմաթիվ մարտահրավերների հետ, կբացվեն ձեզ համար։ Մինչ դուք նայում եք գրքին, դուք նայում եք Տիրոջը։ Մորմոնի Գիրքը պարունակում է Աստծո խոսքը։ Այս մասին ես վկայում եմ իմ ողջ սրտով ու հոգով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։