Զգոնությունն ի հակադրություն անլուրջ վերաբերմունքի
Մինչ աշխարհի ազդեցությունները ավելի ու ավելի են հակվում դեպի չարը, մենք պետք է մեր ողջ ջանասիրությամբ ձգտենք անսասան մնալ այն արահետի վրա, որը մեզ ապահովությամբ առաջնորդում է Փրկիչի մոտ։
Մի անգամ խանութի ապակու վրա ես տեսա մի պաստառ, որտեղ ասվում էր․ «Երջանկություն․ $15.00»։ Ինձ այնքան հետաքրքրեց, թե որքան երջանկություն ես կարող էի գնել $15.00-ով, որ ես ներս մտա տեսնելու։ Ես այնտեղ գտա բազմաթիվ էժանագին զարդեր և հուշանվերներ․ դրանցից ոչ մեկը չէր կարող պարգևել ինձ այն երջանկությունը, որը ակնկալում էի պաստառի գրությունից։ Տարիներ շարունակ ես բազմիցս մտածել եմ այդ պաստառի մասին, և թե որքան հեշտ կարելի է երջանկություն փնտրել էժանագին և ժամանակավոր առարկաների մեջ։ Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք օրհնված ենք, որ գիտենք, թե ինչպես և որտեղ գտնել իրական երջանկությունը։ Այն գտնվում է զգոնությամբ ավետարանով ապրելու մեջ, որը հաստատվել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից, և Նրան ավելի շատ նմանվելու ջանքերում։
Մենք մի թանկագին ընկեր ունենք, ով երկաթգծի ինժեներ է։ Մի օր, երբ սլանում էր իր երթուղով, նա հեռվում նկատեց մի մեքենա, որ կանգնած էր գծերի վրա։ Նա արագ հասկացավ, որ մեքենան խրվել էր և չէր կարողանում հատել երթուղին։ Նա անմիջապես միացրեց գնացքի վթարային համակարգը, որը գործի դրեց յուրաքանչյուր վագոնի արգելակները, որոնք երեք քառորդով դանդաղեցրին գնացքի ընթացքը (1,2 կմ), որ տանում էր 6500 տոննա բեռ։ Չկար ոչ մի ֆիզիկական հնարավորություն, որ գնացքը կկարողանար կանգ առնել նախքան մեքենայի հետ բախվելը, ինչն էլ տեղի ունեցավ։ Բարեբախտաբար, մեքենայում գտնվող մարդիկ լսել էին գնացքի նախազգուշացնող սուլոցը և դուրս էին եկել մեքենայից նախքան բախումը։ Մինչ ինժեները խոսում էր քննիչի հետ, զայրացած մի կին մոտեցավ նրանց։ Նա գոռում էր, որ տեսել էր ողջ պատահարը և վկայում, որ ինժեները նույնիսկ չէր էլ փորձել փոխել իր ճանապարհը, որպեսզի չբախվեր մեքենային։
Ակնհայտ է, որ եթե ինժեները կարողանար փոխել իր ուղղությունը և խուսափեր այդ բախումից, գնացքը դուրս կգար գծերից և առաջ ընթանալով կորստի կմատնվեր։ Բարեբախտաբար, երկաթգիծը գնացքի անիվներն ապահով պահում էր դեպի իրենց նպատակակետն ընթանալու ուղու վրա՝ անկախ ճանապարհին հանդիպած խոչընդոտներից։ Բարեբախտաբար, մենք ևս գտնվում ենք մի երթուղու՝ ուխտի արահետի վրա, որը պարտավորվել ենք անցնել, երբ մկրտվել ենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ։ Թեև մենք ճանապարհին կարող ենք ժամանակ առ ժամանակ հանդիպել խոչընդոտների, այս արահետը կօգնի մեզ առաջ շարժվել դեպի մեր փառապանծ հավերժական նպատակակետը, եթե մենք հաստատուն մնանք դրա վրա։
Կենաց ծառի տեսիլքը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող են ժամանակավոր ազդեցությունները շեղել մեզ ուխտի արահետից։ Խորհեք այն մասին, որ երկաթյա ձողը և ուղիղ ու անձուկ արահետը կամ ուխտի արահետը, տանում են ուղիղ դեպի կենաց ծառը, որտեղ մեր Փրկիչի և Նրա Քավության շնորհիվ տրված բոլոր օրհնությունները հասանելի են հավատարիմներին։ Տեսիլքում կար նաև գետ, որի ջրերը ներկայացնում են ապականված աշխարհը։ Սուրբ գրությունները նկարագրում են, որ այդ գետը հոսում էր արահետի կողքով, սակայն անցնում էր ընդամենը ծառի մոտով, այլ ոչ թե տանում դրա մոտ։ Աշխարհը լի է ուշադրությունը շեղող հանգամանքներով, որոնք կարող են գայթակղել նույնիսկ ընտրյալներին, որոնց պատճառով նրանք անլուրջ են վերաբերում իրենց ուխտերի համաձայն ապրելուն․ այդպիսով առաջնորդում են նրանց անցնել ծառի մոտով, այլ ոչ թե հասնել ծառին։ Եթե մենք ուշադրություն չենք դարձնում կյանքում մեր ուխտերին ճշգրտորեն հետևելուն, մեր անլուրջ վերաբերմունքը կարող է ի վերջո տանել մեզ դեպի արգելված արահետներ կամ միանալ նրանց, ովքեր արդեն իսկ մտել են մեծ ու ընդարձակ շենքը։ Եթե զգույշ չլինենք, մենք կարող ենք նույնիսկ խեղդվել պղտոր գետում։1
Ամեն բան, անգամ ավետարանով ապրելը, կարելի է անել երկու եղանակով՝ զգոնությամբ կամ անլրջությամբ։ Երբ մենք խորհում ենք Փրկիչի հանդեպ մեր նվիրվածության մասին, արդյո՞ք մենք զգոն ենք, թե՞ անլուրջ ենք վերաբերվում։ Մեր մահկանացու էության պատճառով արդյո՞ք մենք երբեմն չենք արդարացնում մեր վարքագիծը, երբեմն անդրադառնալով մեր արարքներին որպես ոսկե միջին, կամ խառնելով լավը մի բանի հետ, որն այդքան էլ լավ չէ։ Ցանկացած պահի, երբ մենք ասում ենք «սակայն», «բացի» կամ «բայց», երբ խոսքը վերաբերում է մեր մարգարե ղեկավարների խորհրդին հետևելուն կամ ավետարանով ապրելիս զգոն լինելուն, մենք իրականում ասում ենք․ «Այդ խորհուրդն ինձ չի վերաբերում»։ Մենք կարող ենք արդարացնել մեր բոլոր ցանկությունները, սակայն իրականությունն այն է, որ սխալ բան անելու համար չկա ճիշտ եղանակ։
Երիտասարդների 2019 թվականի թեման վերցված է Հովհաննես 14․15 հատվածից, որտեղ Տերը հրահանգում է․ «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»։ Եթե մենք սիրում ենք նրան, համաձայն մեր իսկ հայտարարությունների, արդյոք չե՞նք կարող ցուցադրել այդ սերը մի փոքր ավելի զգոն լինելով Նրա պատվիրաններով ապրելիս։
Ավետարանով ապրելիս զգոն լինել չի նշանակում անել դա ձևականորեն կամ լինել բծախնդիր։ Դա նշանակում է ունենալ պատշաճ մտքեր և վարքագիծ՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ։ Մինչ մենք կխորհենք ավետարանով ապրելիս զգոնություն կամ անլուրջ վերաբերմունք ունենալու վերաբերյալ, ահա մի քանի մտքեր, որոնց շուրջ կարելի է խորհել․
Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում մեր Հանգստության օրվա երկրպագությանը և ամեն շաբաթ հաղորդությունից ճաշակելու նախապատրաստությանը։
Կարո՞ղ ենք ավելի զգոն լինել մեր աղոթքներում և սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ կամ ավելի ջերմեռանդորեն ներգրավված Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում։
Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում տաճարային մեր երկրպագությանը և զգոնությամբ ու գիտակցաբար ապրում ուխտերով, որոնք կապել ենք մկրտվելիս և տաճարում։ Արդյո՞ք մենք զգոնություն ենք ցուցաբերում կապված մեր արտաքին տեսքի հետ և համեստ հագուստներ ենք կրում, հատկապես սուրբ վայրերում և հանգամանքներում։ Արդյո՞ք մենք զգոն ենք, թե ինչպես ենք կրում տաճարային սուրբ հագուստները։ Թե՞ աշխարհի նորաձևությունը թելադրում է ավելի անլուրջ վերաբերմունք։
Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում ուրիշներին սպասավորելուն և Եկեղեցու մեր կոչումներին, թե՞ անտարբեր կամ անլուրջ ենք վերաբերվում ծառայելու մեր կոչին։
Արդյոք մենք զգոնությու՞ն, թե՞ անլուրջ վերաբերմունք ենք ցուցաբերում ընթերցանության նյութ, հեռուստաալիք կամ շարժական սարքերում նյութեր ընտրելիս։ Արդյո՞ք մենք զգոն ենք մեր խոսքում։ Թե՞ մենք անլուրջ ենք ընդունում կոպիտ ու գռեհիկ խոսքը։
Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը պարունակում է չափանիշներ, և եթե զգոնությամբ հետևենք, դրանք կբերեն մեծ օրհնություններ և կօգնեն մեզ մնալ ուխտի արահետի վրա։ Չնայած այն գրված է երիտասարդների բարօրության համար, դրա չափանիշները չեն կորցնում իրենց ազդեցությունը, երբ մենք ավարտում ենք Երիտասարդ Տղաների կամ Երիտասարդ Աղջիկների ծրագրերը։ Դրանք մշտապես վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին։ Այդ չափանիշների վերանայումը կարող է ոգեշնչել մեզ գտնել այլ եղանակներ, թե ինչպես կարող ենք ավելի զգոն լինել ավետարանով ապրելիս։
Մենք չենք ցածրացնում մեր չափանիշները մեր կամ մեկ ուրիշի հարմարավետության համար։ Մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք, և որպես այդպիսին մենք պետք է բարձրացնենք ուրիշներին, հասցնելով նրանց ավելի բարձր ու սուրբ վայր, որտեղ նրանք ևս կարող են հնձել մեծ օրհնություններ։
Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանանք, թե ինչ ճշգրտումներ պետք է կատարենք մեր կյանքում, որպեսզի ավելի զգոնությամբ պահենք մեր ուխտերը։ Ես նաև աղերսում եմ ձեզ քննադատության չենթարկել ուրիշներին, ովքեր անցնում են այդ նույն ուղին։ «Դատաստանն իմն է, ասում է Տերը»։2 Մեզանից յուրաքանչյուրը գտնվում է աճի ու փոփոխության գործընթացում։
Ինձ համար հետաքրքիր է Մորմոնի Գրքի պատմությունը ուխտադրուժ ամղիկիացիների մասին։ Որպեսզի ուրիշներն իմանային, որ իրենք այլևս ոչ մի կապ չունեն Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հետ, նրանք տարբերակող կարմիր նշան դրեցին իրենց ճակատներին՝ ի ցույց բոլորի։3 Ի հակադրություն դրա և որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ի՞նչ նշան ենք մենք կրում մեր վրա։ Կարո՞ղ են ուրիշները հեշտությամբ տեսնել Նրա պատկերը մեր դեմքին և իմանալ, թե ում ենք մենք ներկայացնում՝ համաձայն զգոնությամբ ապրած մեր կյանքի։
Որպես ուխտի ժողովուրդ, մենք չպիտի խառնվենք աշխարհին։ Մեզ կոչել են «սեպհական ժողովուրդ»4․ ինչպիսի՜ հաճոյախոսություն։ Մինչ աշխարհի ազդեցությունները ավելի ու ավելի են հակվում դեպի չարը, մենք պետք է մեր ողջ ջանասիրությամբ ձգտենք անսասան մնալ արահետում, որը մեզ ապահովությամբ առաջնորդում է Փրկիչի մոտ՝ մեծացնելով տարածությունը մեր ուխտով ապրելու և աշխարհի ազդեցությունների միջև։
Մինչ ես կենտրոնանում եմ հավիտենական երջանկություն ձեռք բերելու վրա, ես հասկանում եմ, որ երբեմն մենք մեզ գտնում ենք «ոսկե միջինը» կատարելիս։ Մշուշի մեգն անխուսափելի է, մինչ մենք ճամփորդում ենք ուխտի արահետով։ Գայթակղության և անլուրջ վերաբերմունքի պատճառով մենք կարող ենք մի փոքր շեղվել դեպի աշխարհի խավարը և հեռանալ ուխտի արահետից։ Այն պահերի վերաբերյալ, երբ նման բան կարող է տեղի ունենալ, մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, մեզ հորդորել է վերադառնալ ուխտի արահետին և անել դա շատ արագ։ Որքան երախտապարտ եմ ես ապաշխարության պարգևի և մեր Փրկիչի Քավության զորության համար։
Անհնար է կատարյալ կյանքով ապրել։ Միայն մեկ մարդ կարողացավ կատարյալ լինել, մինչ ապրում էր այս թելեստիալ մոլորակում։ Դա Հիսուս Քրիստոսն էր։ Չնայած մենք գուցե կատարյալ չլինենք, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կարող ենք արժանավոր լինել․ արժանի՝ ճաշակելու հաղորդությունը, արժանի՝ տաճարային օրհնություններին և արժանի՝ ստանալու անձնական հայտնություն։
Բենիամին թագավորը վկայել է օրհնությունների մասին, որոնք տրվում են նրանց, ովքեր զգոնությամբ հետևում են Փրկիչին․ «Եվ բացի դրանից, ես կցանկանայի, որ դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները։ Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր. և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում, որի շնորհիվ նրանք կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»։5
Կարո՞ղ ենք երջանկությունը գնել $15.00-ով։ Ոչ, չենք կարող։ Մեծ ու հարատև երջանկությունը տրվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի համաձայն գիտակցաբար և զգոնությամբ ապրելու արդյունքում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։