Հոգևորության և պաշտպանության ամրոց կառուցեք
Երբ ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով, երբ օգտվում ենք Փրկիչի Քավությունից և առաջ ենք գնում հավատքով, մենք ամրապնդվում ենք հակառակորդի դեմ պայքարում:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այս համաժողովի ավարտին ես շնորհակալություն եմ հայտնում մեր Երկնային Հորը վերջին երկու օրվա ընթացքում այս ամբիոնից հնչած խորհուրդների, ճշմարտությունների և հայտնությունների համար: Մեզ ուսուցանել են Աստծո ծառաները, որոնք կանչված են Նրա սուրբ խոսքերը խոսելու։ Վերջին օրերի հայտնությունում Տերը մեզ հիշեցրել է. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով` միևնույն է»:1
Նայելով Սրբերի այս մեծ ժողովին ու պատկերացնելով անդամներին ողջ աշխարհում գերագույն համաժողովը դիտելիս, ես հիշում եմ Մորմոնի Գրքի մի հավաք, երբ Հիսուս Քրիստոսը երևաց նեփիացիներին Իր խաչելությունից հետո: Նա սովորեցրեց նրանց ավետարանը և ապա քաջալերեց. «Գնացեք ձեր տները, և խորհեք այն բաների վրա, որոնք ես ասացի, և հարցրեք Հորը՝ իմ անունով, որպեսզի դուք կարողանաք հասկանալ»:2
«Գնացեք ձեր տները, և խորհեք»․ սա հաջորդ քայլն է, որպեսզի մարգարեների ու Եկեղեցու ղեկավարների այս սրբազան միջավայրում ասված խոսքերը հասնեն ձեր սրտերին։ Քրիստոսակենտրոն տները Աստծո արքայության համար ամրոցներ են երկրի վրա այն օրերում, երբ, ըստ մարգարեության, դևը «կմոլեգնի մարդկանց զավակների սրտերում և կդրդի նրանց բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է»:3
Պատմության ընթացքում մարդիկ ամրոցներ են կառուցել, որպեսզի թշնամուն ներս չթողնեն: Հաճախ այդ ամրոցները ներառում էին դիտարան՝ աշտարակ, որտեղ դետերը՝ մարգարեների պես, զգուշացնում էին սպառնացող ուժերից և վրա հասնող հարձակումներից:
Յուտայի վաղ ռահվիրաների ժամանակաշրջանում իմ նախապապ Թոմաս Ռասբանդը և նրա ընտանիքը այստեղ՝ Յուտայի Վոսաչ գեղեցիկ լեռների Հեբեր հովիտ մտած առաջին բնակիչներից էին:
1859 թվականին Թոմասը օգնեց կառուցել Հեբեր ամրոցը, որը կառուցվել էր նրանց պաշտպանության համար: Այն պարզ շինություն էր կաղամախի գերաններից, որոնք մեկմեկու կցված էին ամրոցի ողջ շրջագծով: Ամրոցի ներսում, օգտագործելով ընդհանուր պատը, գերանե հյուղակներ էին կառուցվել։ Կառուցվածքը ապահովում էր ինչպես պաշտպանություն, այնպես էլ անվտանգություն այդ ռահվիրա ընտանիքների համար, մինչ նրանք արմատներն էին գցում ու երկրպագում էին Տիրոջը:
Այդպես է նաև մեզ հետ: Մեր տները ամրոց են աշխարհի չարությունների դեմ: Մեր տներում մենք մոտենում ենք Քրիստոսին, սովորելով հետևել Նրա պատվիրաններին, ուսումնասիրելով սուրբ գրությունները և միասին աղոթելով ու օգնելով միմյանց մնալ ուխտի ճանապարհին: Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագրի միջոցով անձնական և ընտանեկան ուսումնասիրության վրա կատարված նոր շեշտադրումը նախատեսված է «խորացնել մեր դարձը, որպեսզի ավելի շատ նմանվենք Հիսուս Քրիստոսին»։4 Այդպես մենք կդառնանք Պողոսի ասած «նոր արարածը»,5 Աստծո հետ ներդաշնակ դարձնելով մեր սիրտն ու հոգին։ Մեզ անհրաժեշտ է այդ ուժը, որպեսզի դիմակայենք ու չեզոքացնենք հակառակորդի հարձակումները:
Ապրելով նվիրվածությամբ, որ ծնունդ է առել Հիսուս Քրիստոսի հավատքից, մենք զգում ենք Սուրբ Հոգու խաղաղ ներկայությունը, որը մեզ առաջնորդում է ճշմարտության, ոգեշնչում է մեզ արժանի ապրել Տիրոջ օրհնություններին և վկայում է, որ Աստված ապրում և սիրում է մեզ: Այս բոլորը՝ մեր իսկ տան ամրոցի պատերից ներս։ Բայց հիշեք, մեր տների հզորությունը այնքան է, որքան պատերի ներսում յուրաքանչյուրիս հոգևոր ուժն է:
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ուսուցանել է. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:6 Որպես Տիրոջ մերօրյա կենդանի մարգարե, տեսանող և հայտնող և մեր ամրոցի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու դիտարանի ժամապահ, նա տեսնում է թշնամու առաջընթացը:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք պատերազմում ենք սատանայի դեմ մարդկանց հոգիների համար: Պատերազմի ճակատը ձևավորվել է նախաերկրային կյանքում։ Սատանան և մեր Երկնային Հոր զավակների մեկ երրորդ մասը վեհացման Նրա խոստումներից երես շրջեցին։ Այդ ժամանակից ի վեր հակառակորդի խամաճիկները պայքարում են հավատացյալների դեմ, ովքեր ընտրել են Հոր ծրագիրը:
Սատանան գիտի, որ իր օրերը հաշվված են, և իրեն քիչ ժամանակ է մնում։ Չնայած որ նա խելահեղ ու խորամանկ է, նա չի հաղթելու: Այնուամենայնիվ, նա պայքար է մղում հոգիներից յուրաքանչյուրի համար:
Մեր անվտանգության՝ մեր հոգիների պաշտպանության համար, մենք պետք է հոգևորության և պաշտպանության ամրոց կառուցենք՝ ամրոց, ուր չարի ներթափանցման համար տեղ չկա:
Սատանան խորամանկ օձ է, որը մեր մտքերն ու սրտերն է սողոսկում, երբ կորցնում ենք մեր զգոնությունը, տրվում ենք հիասթափությանը կամ կորցնում ենք հույսը: Նա մեզ գայթակղում է շողոքորթելով, հեշտ, հարմարավետ կամ ժամանակավոր բարձր բաներ խոստանալով, երբ մենք ցածր ենք: Նա արդարացնում է հպարտությունը, անխիղճ, անազնիվ, դժգոհ վերաբերմունքն ու անբարոյականությունը և ժամանակի ընթացքում մենք «անզգայանում» ենք:7 Հոգին կարող է լքել մեզ։ «Եվ այդպես դևը խաբում է նրանց հոգիները և զգուշորեն հեռացնում նրանց՝ իջեցնելով դժոխք»։8
Մյուս կողմից, մենք հաճախ Հոգին այնքան ուժեղ ենք զգում, երբ Աստծուն գովերգում ենք նման բառերով.
Աստված մեր ամրոց է անսասան,
Երբեք վայր չընկնող ամուր դիտարան։
Աստված զորեղ է ու մեզ օգնական,
Որ կյանքը մեր անցնենք հաղթական։9
Երբ հոգևոր ուժի ամրոց կառուցենք, մենք կարող ենք հետ մղել հակառակորդի գրոհները, մեջքով դեպի նա շրջվենք ու զգանք Հոգու խաղաղությունը: Մենք կարող ենք հետևել մեր Տիրոջ և Փրկիչի օրինակին, որը, երբ գայթակղվում էր անապատում, ասաց․ «Գնա յետս, սատանայ»։10 Յուրաքանչյուրս պետք է կյանքի փորձառությունների միջոցով սովորենք, թե ինչպես դա անենք:
Նման մի արդար նպատակ լավ նկարագրվել է Մորմոնի Գրքում, երբ հրամանատար Մորոնին նեփիացիներին պատրաստում էր դիմակայել նենգաբարո, արյունռուշտ, փառատենչ Ամաղիկիայի հարձակումներին: Մորոնին ամրոցներ էր կառուցում նեփիացիների պաշտպանության համար, «որ նրանք կարողանային ապրել Տիրոջ՝ իրենց Աստծո համար, և որ նրանք կարողանային պահպանել այն, ինչը նրանց թշնամիների կողմից կոչվում էր Քրիստոնյաների գործ»:11 Մորոնին «հաստատուն էր Քրիստոսի հավատքում»12 և հավատարիմ էր՝ «Աստծո պատվիրանները պահելով…․ և անօրինությանը դիմակայելով»:13
Երբ լամանացիները եկան ճակատամարտելու, նրանք ապշած էին նեփիացիների նախապատրաստությունից ու պարտվեցին։ Նեփիացիները գոհություն էին հայտնում «Տիրոջը՝ իրենց Աստծուն, իրենց թշնամիների ձեռքից իրենց ազատելում նրա անզուգական զորության համար»:14 Դրսից նրանք ամրություններ էին կառուցել պաշտպանության համար, իսկ ներսից՝ հոգու խորքում, հավատք էին կառուցել Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Որո՞նք են այն մի քանի եղանակները, որով կարող ենք ամրապնդվել անհանգիստ ժամանակներում, որպեսզի «գործիքներ դարձվենք՝ իրականացնելու այս մեծ աշխատանքը»:15 Եկեք կարդանք սուրբ գրություններում։
Մենք հնազանդ ենք։ Տերը պատվիրել էր հայր Լեքիին, որ ուղարկի իր որդիներին հետ՝ դեպի Երուսաղեմ, ու ասի․ «գտեք հիշատակարանները և բերեք դրանք այստեղ՝ անապատ»:16 Լեքին հարցեր չէր տվել. նա չէր զարմացել, թե ինչու կամ ինչպես: Նմանապես նաև Նեփիին, ով պատասխանեց. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:17
Մեր գործերը նմա՞ն են Նեփիի պատրաստակամ հնազանդությանը։ Թե՞ մենք հակված ենք կասկածի տակ դնելու Աստծո պատվիրանները, ինչպես արեցին Նեփիի եղբայրները, ում հավատքի պակասը, ի վերջո, հեռացրեց նրանց Տիրոջից։ Հնազանդությունը, որ գործում է «սրտի սրբությամբ»,18 այն է, ինչ Տերը խնդրում է մեզանից։
Մենք վստահում ենք Տիրոջը, ով ասաց Հեսուին, երբ պատրաստվում էր իսրայելացիներին խոստացված երկիրը առաջնորդել․ «զօրացիր և քաջ եղիր, մի վախենար և մի զարհուրիր. որովհետև քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս»։19 Հեսուն վստահեց այդ խոսքերին և խորհուրդ տվեց իր ժողովրդին․ «Սրբեցէք ձեր անձերը. որովհետև Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու»:20 Տերը բաժանեց Հորդանանի ջրերը, և իսրայելացիների 40 տարվա դեգերումը անապատում ավարտվեց:
Մենք պաշտպանում ենք ճշմարտությունը, ինչպես Աբինադի մարգարեն Մորմոնի Գրքում: Երբ Աբինադիին ձերբակալեցին և բերեցին Նոյ թագավորի ու նրա ամբարիշտ քահանաների առաջ, նա ուսուցանեց Տասը պատվիրանները և զորությամբ քարոզեց, որ Քրիստոսը «պիտի գա ներքև՝ մարդկանց զավակների մեջ և պիտի փրկագնի իր ժողովրդին»։21 Այնուհետև, խորը հավատքով, նա բացականչեց․ «Ո՜վ Աստված, ընդունիր իմ հոգին»,22 և Աբինադին «մահ տարավ կրակով»։23
Մենք ուխտ ենք կապում ու թարմացնում ենք ուխտերը՝ ճաշակելով հաղորդությունը և երկրպագելով տաճարում: Հաղորդությունը մեր կիրակնօրյա պաշտամունքի կենտրոնն է, որտեղ մենք խոստում ենք ստանում «միշտ ունենալ Նրա Հոգին [մեզ] հետ»:24 Այդ սուրբ արարողությամբ մենք պարտավորվում ենք վերցնել մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը, հետևել Նրան և Նրա պես գործակցել այս աստվածային աշխատանքի մեր պարտականություններում: Տաճարում մենք կարող ենք «մի կողմ դնել այս աշխարհի բաները»25 և զգալ Տիրոջ ներկայությունն ու Նրա գերմարդկային խաղաղությունը։ Մենք կարող ենք կենտրոնանալ մեր նախնիների, մեր ընտանիքների և Հոր ներկայությամբ ակնկալվող հավերժական կյանքի վրա: Պատահական չէ, որ Նախագահ Նելսոնը վերջերս Հռոմում հայտարարեց․ «Բարիքը, որ կբխի այս տաճարից, անչափ մեծ է»։26
Մենք պետք է շիտակ լինենք բոլոր բաներում, որ անում ենք։ Մենք պետք է խորաթափանցություն ու կարգապահություն զարգացնենք, որպեսզի շարունակ չկասկածենք, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Պետք է սրտով ընդունենք Պետրոսի՝ վաղ Եկեղեցու Առաքյալի խոսքերը․ «Արթուն եղէք, հսկում արէք. որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս և որոնում է թէ որին կուլ տայ»։27
Ջանասիրաբար ամրապնդելով մեր ամրոցները, մենք նմանվում ենք Հիսուս Քրիստոսին՝ որպես Նրա ճշմարիտ աշակերտներ, Նրա պաշտպանությանը հանձնելով մեր հոգիները:
Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը ձեր անձնական ամրոցն է՝ ձեր հոգու անվտանգությունը: Երբ իմ նախապապը և նրա ընկեր ռահվիրաները կառուցում էին Հեբեր ամրոցը, նրանք դնում էին մի գերանը մյուսի վրա, մինչև որ «բոլոր շինուածքը միասին յարմարուած»28 էր, ու նրանք պաշտպանված էին։ Այդպես է նաև վկայության հետ: Մեկ առ մեկ մենք վկայություն ենք ստանում Սուրբ Հոգուց, երբ Նա խոսում է մեր հոգու հետ, ուսուցանելով «ճշմարտութիւնը երիկամունքներում»։29 Երբ ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով, երբ օգտվում ենք Փրկիչի Քավությունից և առաջ ենք մղվում հավատքով, ոչ թե վախով, մենք ամրապնդվում ենք հակառակորդի հնարքների դեմ: Մեր վկայությունները մեզ կապում են երկինքների հետ, և մենք օրհնվում ենք՝ իմանալով «ճշմարտությունը բոլոր բաների մասին»:30 Եվ ինչպես ամրոցն էր պաշտպանում ռահվիրաներին, նմանապես մենք ապահով օղակված ենք Փրկիչի սիրո բազուկներում:
Եթեր մարգարեն ուսուցանել է․ «Ուստի, ով որ հավատում է Աստծուն, կարող է անկասկած հուսալ ավելի լավ աշխարհի համար, այո, նույնիսկ մի տեղի՝ Աստծո աջ կողմում, հույս, որը գալիս է հավատքից, դառնում է խարիսխ մարդկանց հոգիների համար, ինչը դարձնում է նրանց կայուն և հաստատուն, միշտ հարստացնում բարի գործերով, առաջնորդում՝ փառաբանելու Աստծուն»:31
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես թողնում եմ ձեզ իմ օրհնությունը` առաջ գնալ վստահելով Տիրոջը և Նրա ավետարանին: Ձեր գիրկն առեք նրանց, ովքեր գայթակղվել են և ձեր մեջ եղած Հոգու զորությամբ սիրալիր առաջնորդեք նրանց դեպի հոգևորության և պաշտպանության ամրոց: Ձգտեք բոլոր բաներում Հիսուսին նմանվել.32 հետ վանեք չարին ու նրա գայթակղությունները. ապաշխարեք, ինչպես որ երեկ մեզ հորդորեց մեր թանկագին մարգարեն. սրտով ազնիվ եղեք, շիտակ ու մաքուր եղեք գթություն ու կարեկցանք ցուցաբերեք և ճշմարիտ հետևորդի նվիրվածությամբ սիրեք Տիրոջը՝ ձեր Աստծուն։
Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին մեր վկայությունները, մեր տները, մեր ընտանիքները և մեր անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, բոլորը կլինեն մեզ շրջապատող պաշտպանական ամրոցները և մեզ անվնաս կպահեն չարի զորությունից: Այս մասին ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը մեր Տիրոջ և Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: