Ամփոփիչ ելույթ
Թող մենք նվիրաբերենք և վերանվիրաբերենք մեր կյանքը՝ ծառայելով Աստծուն և Նրա զավակներին վարագույրի երկու կողմում։
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մոտենալով այս պատմական համաժողովի ավարտին, մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը Իր ոգեշնչման և պաշտպանության համար։ Ուղերձները ուսուցանեցին և կատարելագործեցին մեզ։
Թեմաները չէին հանձնարարվել խոսնակներին։ Այդ ուղերձները պատրաստելիս նրանցից ամեն մեկն աղոթել էր անձնական հայտնության համար։ Ինձ համար ուշագրավ է, թե ինչպես են այդ թեմաները իրար լրացնում։ Երբ ուսումնասիրեք դրանք, ձգտեք սովորել այն, թե ինչ է Տերը փորձում ուսուցանել ձեզ Իր ծառաների միջոցով։
Երաժշտությունը փառահեղ էր: Մենք խորապես երախտապարտ ենք այն բազմաթիվ երաժիշտներին, ովքեր իրենց տաղանդները միավորել են՝ Տիրոջ Հոգին յուրաքանչյուր նիստին հրավիրելու համար: Եվ Նա օրհնել է յուրաքանչյուր նիստի աղոթքներն ու հավաքվածներին։ Իրոք, համաժողովը դարձյալ հոգևոր տոն էր բոլորիս համար:
Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ յուրաքանչյուր անդամի տունը դառնա հավատքի ճշմարիտ սրբավայր, որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել: Չնայած մեզ շրջապատող հակառակությանը, մեր տունը կարող է դառնալ երկնային վայր, որտեղ ուսումնասիրությունը, աղոթքը և հավատքը կարող են միավորվել սիրով: Մենք կարող ենք իսկապես դառնալ Տիրոջ աշակերտները, պաշտպանել և ներկայացել Նրան, ուր էլ որ լինենք:
Աստծո նպատակը պետք է լինի մեր նպատակը։ Նա ցանկանում է, որ Իր զավակներն ընտրեն վերադառնալ Իր մոտ՝ պատրաստ, որակավորված, օժտում ստացած, կնքված և հավատարիմ այն ուխտերին, որոնք կապել են սուրբ տաճարներում։
Ներկայումս մենք ունենք 162 նվիրագործված տաճարներ: Ամենահին տաճարները կանգնած են որպես մեր սիրելի ռահվիրաների հավատքի և տեսլականի հուշարձաններ։ Նրանց կողմից կառուցված յուրաքանչյուր տաճար արդյունք է նրանց մեծ անձնական զոհաբերության և ջանքերի: Յուրաքանչյուր տաճար գոյություն ունի որպես ռահվիրաների ձեռքբերումների ուշագրավ մի զարդ։
Մենք սուրբ պարտականություն ունենք նրանց մասին հոգ տանել։ Հետևաբար, այս ռահվիրա տաճարները շուտով կենթարկվեն նորացման և թարմացման, իսկ մի մասը կենթարկվեն հիմնական վերականգնման: Ջանքեր են ներդրվելու յուրաքանչյուր տաճարի եզակի պատմականությունը պահպանելու համար, պահպանելով ոգեշնչող գեղեցկությունը և վաղուց վախճանված սերունդների եզակի արհեստագործությունը:
Սենթ Ջորջ Յուտա տաճարի մանրամասներն արդեն լույս են տեսել։ Սոլթ Լեյքի տաճարի, Տաճարային հրապարակի և Եկեղեցու գրասենյակի շենքի հարևանությամբ գտնվող պլազայի վերանորոգման ծրագրերը կհրապարակվեն 2019 թվականի ապրիլի 19-ին, ուրբաթ օրը:
Մանթիի և Լոգանի (Յուտա) տաճարները նույնպես կվերանորոգվեն առաջիկա տարիներին: Երբ այդ ծրագրերը պատրաստ լինեն, դրանք նույնպես կհրապարակվեն։
Այդ աշխատանքների պատճառով յուրաքանչյուր տաճար կփակվի որոշ ժամանակով։ Եկեղեցու անդամները կարող են շարունակել վայելել տաճարային երկրպագությունը և ծառայությունը մոտակա մյուս տաճարներում: Երբ բոլոր նախագծերն ավարտվեն, յուրաքանչյուր պատմական տաճար կվերանվիրագործվի:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք տաճարը համարում ենք Եկեղեցու ամենասուրբ կառույցը։ Երբ հայտարարում ենք նոր տաճարի կառուցման ծրագրերը, այն դառնում է մեր սրբազան պատմության մասը։ Այժմ, լսեք ուշադիր և ակնածալից։ Եթե ես տաճար հայտարարեմ ձեզ համար կարևոր վայրում, կարո՞ղ եմ առաջարկել, որ դուք պարզապես ձեր գլուխը խոնարհեք և ձեր սրտում երախտագիտության լուռ աղոթք ասեք: Մենք չենք ուզում, որ բանավոր պոռթկումները շեղեն մեզ այս համաժողովի սուրբ բնույթից և Տիրոջ սուրբ տաճարներից:
Այսօր, մենք ուրախ ենք հայտարարել ավելի շատ տաճարների կառուցման ծրագրերի մասին, որոնք կկառուցվեն հետևյալ վայրերում․
Պագո Պագո (Ամերիկյան Սամոա), Օկինավա Սիթի (Օկինավա), Նեյաֆու (Տոնգա), Տուելի հովիտ (Յուտա), Մոզես լիճ (Վաշինգտոն), Սան Պեդրո Սուլա (Հոնդուրաս), Անտաֆագաստա (Չիլի), Բուդապեշտ (Հունգարիա):
Շնորհակալություն, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր։
Խոսելով մեր հին ու նոր տաճարների մասին, թող ամեն մեկս մեր արարքով կարևորենք, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք: Թող որ մեր կյանքը վերանորոգենք Նրա հանդեպ մեր հավատքի և վստահության միջոցով: Թող որ ամեն օր մեր ապաշխարությամբ ստանանք Նրա Քավության զորությունը: Եվ թող մենք նվիրաբերենք և վերանվիրաբերենք մեր կյանքը՝ ծառայելով Աստծուն և Նրա զավակներին վարագույրի երկու կողմում։
Ես թողնում եմ իմ սերը և օրհնությունը ձեր վրա, հավաստիացնելով ձեզ, որ հայտնությունները շարունակվում են այս՝ Տիրոջ Եկեղեցում Այն կշարունակվի, մինչև «Աստծո նպատակներն իրականացվեն, և Մեծ Եհովան ասի` աշխատանքը կատարված է»։1
Ես օրհնում եմ և բերում եմ իմ վկայությունը, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Մենք Նրա ժողովուրդն ենք: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: