2019
Ահա՛ Աստծո Գառը
Մայիս 2019


2:3

Ահա Աստծո Գառը

Մեր փոփոխված կիրակնօրյա ծառայությունը պետք է ընդգծի Տիրոջ Ընթրիքի հաղորդությունը որպես մեր շաբաթական երկրպագության սրբազան, հասկացված հիմնական մաս:

Ես լավ էի զգում մինչև այն պահը, երբ արցունքներ տեսա այս երգչախմբի երիտասարդների աչքերում։ Այդ արցունքներն ավելի պերճախոս քարոզ են, քան ես երբևէ կարող եմ ասել։

րՋրի եզրից նայելով անհամբեր բազմության վրայով, ովքեր ձգտում էին մկրտվել նրա կողմից, Հովհաննես Մկրտիչը հեռվում տեսավ իր զարմիկ Հիսուս Նազովրեցուն, ով վճռականորեն քայլում էր դեպի նա՝ խնդրանքով դիմելու այդ նույն արարողության համար։ Ակնածալից, բայց մոտ գտնվողներին լսելի ձայնով, Հովհաննեսն արտասանեց այն հիացմունքի խոսքերը, որոնք դեռևս երկու հազարամյակ անց ոգեշնչում է մեզ․ «Ահա Աստուծոյ Գառը»։1

Ուսանելի է, որ վաղուց մարգարեացած Հիսուսի այդ նախակարապետը չկոչեց Նրան «Եհովա» կամ «Փրկիչ» կամ «Քավիչ» կամ, նույնիսկ, «Աստծո Որդի», որոնք բոլորն էլ համապատասխան կոչումներ էին։ Ոչ, Հովհաննեսն ընտրում է իր ժողովրդի կրոնական ավանդույթներում ամենավաղ և թերևս ամենատարածված կերպարը։ Նա օգտագործում է զոհաբերվող գառի խորհրդանիշը, որը մատուցվում է ընկած աշխարհի մեղքերի ու վշտերի, և այդ աշխարհի բոլոր ընկած մարդկանց քավության համար։

Խնդրում եմ թույլ տվեք մի փոքր պատմել այդ պատմության մասին։

Եդեմի պարտեզից արտաքսվելուց հետո Ադամն ու Եվան ստիպված էին առերեսվել կործանարար ապագայի հետ։ Մեզ համար բացելով մահկանացու և ժամանակավոր կյանքի դուռը, նրանք փակեցին անմահության և հավերժական կյանքի դուռն իրենց համար։ Հանուն մեզ իրենց գիտակցաբար կատարած ընտրության հետևանքով առաջացած մեղքի պատճառով, այժմ նրանք բախվեցին ֆիզիկական մահվան և հոգևոր արտաքսման, և հավիտյան կտրվեցին Աստծո ներկայությունից։2 Ի՞նչ պետք է նրանք անեին։ Արդյո՞ք ելք կար այդ վիճակից։ Մենք չգիտենք, թե պարզապես այդ երկուսին որքանով էր թույլ տրված հիշել դեռևս պարտեզում տրված հրահանգները, բայց նրանք իրոք հիշում էին, որ պետք է Աստծուն պարբերաբար զոհ մատուցեին մաքուր, անարատ գառ՝ իրենց հոտի արու առաջնեկին։3

Ավելի ուշ մի հրեշտակ եկավ բացատրելու, որ այդ զոհաբերությունը մի տեսակ էր, նախատիպ էր, որը հանուն նրանց կներկայացվեր աշխարհի Փրկիչի կողմից, որը պետք է գար: «Դա Հոր Միածնի զոհաբերության նմանությունն է»,- հրեշտակն ասաց։ «Ուստի … դու պետք է ապաշխարես և կանչես առ Աստված առհավետ՝ Որդու անունով»:4 Բարեբախտաբար, ելք կար այդ վիճակից և նույնիսկ՝ դեպի վեր։

Երկնային նախամահկանացու խորհրդի ժամանակ Աստված Ադամին ու Եվային (և մեզ բոլորիս) խոստացավ, որ օգնությունը կգա Նրա մաքուր, անարատ Որդուց՝ Աստծո Գառից, «մորթված աշխարհի հիմնադրումից ի վեր»,5 ինչպես Հովհաննես առաքյալը հետագայում կնկարագրի Նրան: Զոհաբերելով իրենց փոքր խորհրդանշական գառները մահկանացու կյանքում, Ադամը և նրա սերունդը արտահայտում էին իրենց հասկացողությունը և իրենց կախվածությունը Հիսուս Օծյալի քավող զոհաբերությունից:6 Հետագայում անապատի խորանը կդառնար այս արարողության վայրը, իսկ դրանից հետո այն տաճարը, որը Սողոմոնը կկառուցեր։

Դժբախտաբար, որպես անկեղծ ապաշխարության և հավատարիմ ապրելակերպի խորհրդանիշ, իրենց անարատ փոքրիկ գառների այս ծիսական զոհաբերությունը իրեն չարդարացրեց, որքան որ բացահայտում է Հին Կտակարանի այդ մասը: Բարոյական վերաբերմունքը, որը պետք է զուգորդեր այդ զոհաբերություններին, երբեմն, չէր տևում այնքան երկար, որ արյունը չորանար քարերի վրա։ Ամեն դեպքում, դա այնքան երկար չտևեց, որ կանխեր առաջին սերնդի եղբայրասպանությունը, երբԿայենը սպանեց Աբելին։7

Զարմանալի չէ, որ դարեր շարունակ նման փորձությունների և խնդիրների պատճառով երկնքի հրեշտակները վերջապես ուրախ երգեցին, երբ ծնվեց Հիսուսը՝վաղուց խոստացված Մեսիան: Իր կարճատև մահկանացու ծառայությունից հետո Զատիկի այս մաքուր ոչխարն Իր աշակերտներին նախապատրաստեց Իր մահվան համար՝ ներկայացնելով Տիրոջ ընթրիքի հաղորդությունը, որը Եդեմից դուրս ներկայացված արարողության ավելի անձնական ձև էր։ Դեռ կլինի ողջակեզ, դեռ անհրաժեշտ կլինի զոհաբերություն, բայց այն կլինի խորհրդանշական, որն ավելի խորն է, ավելի ինքնաճանաչողական և անձնական, քան առաջնեկ գառան սպանությունը։ Իր Հարությունից հետո Փրկիչը նեփիացիներին ասաց այդ մասին․

«Դուք այլևս ինձ չպետք է մատուցեք արյուն թափելը։ …

… որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի: Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով։ …

… Ուստի ապաշխարե՛ք … և փրկվեք»։8

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, տներում ավետարանի ավելի շատ ուսումնասիրության ոգևորիչ նոր շեշտադրմամբ, շատ կարևոր է, որ հիշենք, որ մեզ դեռևս պատվիրված է «գնալ աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը»:9 Տանը կենտրոնացած ավետարանի ուսուցման համար ժամանակ գտնելուց բացի, մեր փոփոխված կիրակնօրյա ծառայությունը նույնպես պետք է նվազեցնի ժողովի ժամանակացույցի բարդությունն այնպես, որ պատշաճ կերպով շեշտի Տիրոջ Ընթրիքի հաղորդությունը՝ որպես մեր շաբաթական երկրպագության սրբազան, հասկացված հիմնական մաս: Յուրաքանչյուրս անհատապես պիտի հիշի, որ Քրիստոսը մահացավ կոտրված սրտով՝ ամբողջապես միայնակ կրելով ողջ մարդկային ընտանիքի մեղքերը և վշտերը։

Քանի որ մենք նպաստեցինք այդ օրհասական բեռին, այդ պահը պահանջում է մեր հարգանքը: Այդպիսով, մեզ խրախուսվում է մեր ծառայություններին ներկայանալ շուտ և լինել ակնածալից, հագնված պատշաճ՝ սրբազան արարողությանը մասնակցելու համար։ «Կիրակնօրյա լավագույնը» մի քիչ կորցրել է իր իմաստը մեր ժամանակներում և հարգելով Նրան, ում մոտ գալիս ենք, մենք պարտավոր ենք վերականգնել հանգստության օրվա հագուստի ու արտաքին տեսքի այդ ավանդույթը, երբ և որտեղ կարող ենք:

Ինչ վերաբերում է ճշտապահությանը, ուշացումը կներվի այն օրհնված մայրերին, ովքեր երեխաների հետ, «Cheerios» նախաճաշիկներով և տակդիրների պայուսակներով արագ տեղաշարժվում են զանգվածային խառնաշփոթում, և որոնց բախտը բերել է, որ ընդհանրապես հասցրել են եկեղեցի գալ։ Ավելին, կլինեն նաև ուրիշներ, որոնք անխուսափելիորեն կունենան արտակարգ իրավիճակներ հանգստության օրվա առավոտյան։ Այնուամենայնիվ, այդ վերջին խմբի մարդկանց մենք ասում ենք, որ հազվադեպ ուշացումը հասկանալի է, բայց եթե արտակարգ իրավիճակ է ամեն կիրակի օր, ապա մենք խստորեն խորհուրդ ենք տալիս, որ դուք ապագայում կանխարգելող միջոցառումներ ձեռնարկեք այդ արտակարգ իրավիճակներից խուսափելու համար։

Նմանապես, մեր առաքելական խնդրանքն է, որ աղմուկը նվազեցնենք մեր շինությունների սրբավայրում։ Մենք սիրում ենք զրուցել միմյանց հետ և մենք պետք է դա անենք, քանի որ դա Եկեղեցի հաճախելու ուրախություններից մեկն է, բայց այն չպետք է այդքան բառացի տեղի ունենա մի վայրում, որը հատուկ նվիրագործված է երկրպագության համար։ Վախենում եմ, որ այցելուները, ովքեր մեր հավատքից չեն, երբեմն ցնցված են բարձր աղմուկից՝ մի միջավայրում, որը պետք է բնութագրվի աղոթքով, վկայությամբ, հայտնությամբ և խաղաղությամբ։ Գուցե Աստված նույնպես մի փոքր ցնցված է։

Մեր հաղորդության ժողովներում ակնածալից վերաբերմունքը կաճի, եթե նախագահողները նախքան ժողովը սկսելը բեմի վրա են, լսում են նախերգանքը և ակնածանքով օրինակ են ծառայում մնացածներին, որոնք պետք է ընդօրինակեն դա։ Եթե խոսակցություն է բեմի վրա, մենք չպետք է զարմանանք նստածների խոսակցության վրա։ Շնորհավորում ենք այն եպիսկոպոսներին, որոնք հանում են այն հայտարարությունները, որոնք նվազեցնում են երկրպագության ոգին։ Օրինակ, ես չեմ կարող պատկերացնել Զաքարիայի նման մի քահանայի Տիրոջ հնագույն տաճարում, ով պատրաստվում է մասնակցել իր ամբողջ կյանքի համար քահանային տրված միակ արտոնությանը, ես չեմ կարող պատկերացնել նրան զոհասեղանի առջև դադար առնելիս, որպեսզի հիշեցնի մեզ, որ Փրկիչի երկրպագության հետ կապ չունեցող միջոցառմանը մնում է միայն վեց շաբաթ և գրանցումը շուտով կավարտվի։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Տիրոջ կողմից կարգված այս ժամը մեր շաբաթվա ամենասուրբ ժամն է։ Ըստ պատվիրանի, մենք հավաքվում ենք Եկեղեցում ամենից շատ անդամների կողմից ընդունված արարողության համար: Մենք պետք է շարունակենք հանուն Նրա հիշողության, ով հարցրեց, թե այն բաժակը, որը Նա պատրաստվում էր խմել, կարող է հեռացվել իրենից, քանի որ Նա գիտեր, որ հանուն մեզ այն չէր կարող հեռացվել։ Օգտակար կլինի, եթե մենք հիշենք, որ հենց այդ նույն պահին այդ բաժակի խորհրդանիշը դանդաղ իր ճանապարհն էր հարթում դեպի մեզ՝ 11 կամ 12 տարեկան սարկավագի ձեռքով։

Երբ սուրբ ժամը գալիս է, որպեսզի ներկայացնենք Տիրոջ համար մեր զոհաբերության ընծան, մենք ունենք մեր մեղքերը, թերությունները և խնդիրները, որոնք կարող ենք շտկել, դրա համար էլ մենք այստեղ ենք։ Բայց մենք կարող ենք ավելի շատ հաջողակ լինել նման խառնաշփոթի մեջ, եթե մենք ուշադիր ենք բոլոր կողմերից հավաքված մյուս կոտրված սրտերի և վշտացած հոգիների հանդեպ։ Մեզանից ոչ շատ հեռու նստած են նրանք, ովքեր, գուցե, հաղորդության արարողության օրհներգի ողջ ընթացքում և քահանաների աղոթքների ընթացքում արտասվել են՝ առերևույթ կամ ներքուստ։ Կարո՞ղ ենք լուռ նշումներ անել այդ մասին, և առաջարկել մեր փոքրիկ կտոր սփոփանքի հացը և կարեկցանքի մեր փոքրիկ գավաթը կարո՞ղ ենք նվիրել նրանց, կամ լացող, կարեկցանք պահանջող այն անդամին, ով ներկա չէ, և եթե մեր կողմից սպասավորման փրկագնող գործողություն չլինի, նա կրկին ներկա չի գտնվի հաջորդ շաբաթ, կամ մեր այն եղբայրներին և քույրերին, ովքեր Եկեղեցու անդամներ չեն, բայց մեր եղբայրներն ու քույրերն են։ Այս աշխարհում տառապանքի պակաս չկա, լինի դա Եկեղեցու ներսում, թե դրսում, այնպես որ նայեք ցանկացած ուղղությամբ, և դուք կգտնեք այն մարդուն, որի ցավը, կարծես, չափազանց ծանր է, և ում կսկիծը, կարծես, թե ավարտ չունի։ «Միշտ հիշելու Նրան»10 եղանակներից մեկը կլինի այն, որ միանանք Մեծ Բժշկին Իր անվերջանալի գործը կատարելիս՝ բարձրացնելով նրանց բեռը, ովքեր բեռնավորված են, և թեթևացնելով նրանց ցավը, ովքեր վշտահար են։

Սիրելի՛ բարեկամներ, ամեն շաբաթ աշխարհով մեկ հավաքվելով նրա համար, ինչը հուսով ենք, Քրիստոսի փառահեղ քավող պարգևի սրբազան երախտագիտությունն է ողջ մարդկությանը, թող որ մենք հաղորդության զոհասեղանի վրա դնենք «ավելի շատ արցունքներ նրա վշտի համար [և] ավելի շատ ցավ նրա կսկիծի մեջ»։ Իսկ հետո, երբ մենք խորհենք, աղոթենք և նորոգենք մեր ուխտը, թող որ մենք այդ սուրբ ժամից վերցնենք «ավելի շատ համբերություն տառապանքի մեջ, … ավելի շատ գովք սփոփանքի համար»։11 Նման համբերության և սփոփանքի համար, նման սրբության և հույսի համար ես բոլորիդ համար աղոթում եմ Նրա անունով, ով կիսեց ներման թանկագին հացը և թափեց փրկագնման սուրբ գինին, Հիսուս Քրիստոսի՝ Աստծո հրաշալի, ողորմած և սուրբ Գառան անունով, ամեն:

Հղումներ

  1. Հովհաննես 1.29

  2. Տես 2 Նեփի 9․8-9։

  3. Տես Մովսես 5․5, տես նաև Ելից 12․3–10։

  4. Մովսես 5․7–8, տես նաև Մովսես 5․9։

  5. Հայտնություն 13․8

  6. See Bible Dictionary, “Anointed One”, տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Օծյալ», scriptures.ChurchofJesusChrist.org։

  7. Ճակատագրի հեգնանքով, Կայենի կողմից Աբելի սպանությունը, որը վերջին հաշվով ղեկավարվել է սատանայի կողմից, կարող էր առնչվել Կայենի նախորդ բարկությանը, երբ իր զոհաբերվող ընծան մերժվել էր Տիրոջ կողմից, իսկ Աբելինը՝ ընդունվել։

    «Աստված … պատրաստել է զոհաբերություն Իր իսկ Որդու պարգևով, որը պիտի ուղարկվեր ժամանակին, որպեսզի ճանապարհ պատրաստեր կամ դուռ բացեր, որի միջով մարդը կարող էր մտնել Տիրոջ ներկայությունը։ …

    Հավատալով այդ քավությանը կամ փրկագնման ծրագրին, Աբելն ընդունելի ընծա մատուցեց Աստծուն, այսինքն` իր հոտերի առաջնեկներին: Կայենը հողի բարիքներից ընծա մատուցեց, որը չընդունվԵց։ … [Նրա զոհաբերությունը պետք է ընդգրկեր] արյուն թափելը» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 48, տես նաև 107–8

  8. 3 Նեփի 9․19–20, 22

  9. Վարդապետություն և Ուխտեր 59․9

  10. Մորոնի 4․3, 5․2

  11. “More Holiness Give Me,” Hymns, no. 131.