2019
Երեց Ռուբեն Վ․ Ալիո
Մայիս 2019


Երեց Ռուբեն Վ․ Ալիո

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երեց Ռուբեն Վ․ Ալիո

Ռուբեն Ալիոն 14 տարեկան էր, երբ հեռացավ Արգենտինայից և մեկ տարի անցկացրեց Միացյալ Նահանգներում իր քեռու մոտ: Նրա հայրը՝ Ռուբեն Ռեյնալդո Ալիոն, վաղուց էր մահացել, իսկ Ռուբենը «ապստամբ հոգի» ուներ։

Նրա մտահոգ մայրը՝ Մարիան, նրան ուղարկեց Հյուսթոն (Տեխաս), որպեսզի նա ապրի իր եղբոր՝ Մանուել Բուստոսի և նրա ընտանիքի մոտ: Նա իր եղբոր ընտանիքի առաջ մի պայման դրեց․ «Վերջին Օրերի Սրբերի ձեր հավատքով չկիսվեք իմ որդու հետ»:

Սակայն, ավետարանի հոգին դիպավ պայքարող դեռահասին։ Նա նկատեց, թե ինչպես է Եկեղեցին աղոթքի և ծառայության շնորհիվ միավորում Բուստոսների ընտանիքը, և նա չէր կարող չնկատել իր սենյակի դարակներում շարված Մորմոնի Գրքի բազմաթիվ օրինակները:

Հետաքրքրասիրությունից դրդված նա վերցրեց մեկ օրինակ և գտավ Մորոնիի խոստումը՝ աղոթքի միջոցով նա կարող էր իմանալ, որ Մորմոնի Գիրք ճշմարիտ է։

«Այդ խոստումը հուզեց ինձ»,- ասում է նոր կանչված Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականը։ «Ես ցանկանում էի կարդալ գիրքը»։

Նա լուրջ մոտեցավ Մորոնիի հրավերին, ստացավ հաստատող պատասխանը և իր զարմացած քեռուն ասաց, որ ցանկանում է մկրտվել։ Մանուել քեռին Ռուբենին անմիջապես հետ ուղարկեց Արգենտինա՝ մոր թույլտվությունը ստանալու համար Շուտով նա մկրտվեց։ Այդ օրվանից ի վեր վերականգնված ավետարանը խարսխվել է Երեց Ալիոյի կյանքում։

Ռուբեն Վիսենտ Ալիոն ծնվել է 1966 թվականի հունվարի 8-ին Բուենոս Այրեսում: 1992 թվականի դեկտեմբերի 17-ին նա ամուսնացել է Ֆաբիանա Բենետ Լամասի հետ Բուենոս Այրես Արգենտինայի տաճարում: Նրանք ունեն վեց զավակ:

Երեց Ալիոն իրավագիտության աստիճան է ստացել Բուենոս Այրեսի Բելգրանոյի Համալսարանում և ունեցել է լայնածավալ իրավաբանական կարիերա՝ մասնագիտանալով քրեական օրենքի ոլորտում: 1998 թվականից նա եղել է Alliaud & Asociados ընկերության գործադիր գործընկերը։

Նա ծառայել է Տարածքային Յոթանասունական, Արգենտինա Կորոդոբա միսիայի նախագահ, ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ և միսիոներ՝ Ուրուգվայի Մոնտեվիդեո միսիայում: Ծառայության կանչվելու պահին նա ծառայում էր ինստիտուտի ուսուցիչ, Արգենտինայի միսիոներական ուսումնական կենտրոնի նախագահության առաջին խորհրդական և հանրային կապերի տնօրեն։