Սնվեք Քրիստոսի խոսքերով
Քրիստոսի խոսքերով սնվելը կարող է տեղի ունենալ ամեն ժամանակ և ամեն առիթով, եթե մենք պատրաստում ենք մեր սրտերը:
Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ: Նա կատարյալ ծրագիր է ապահովել մեզ համար, որպեսզի վայելենք Իր օրհնությունները: Այս կյանքում բոլորիս հրավիրում են գալ դեպի Քրիստոսը և ընդունել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը մկրտության միջոցով, ստանալով Սուրբ Հոգու պարգևը և հավատարմորեն ապրելով ավետարանով: Նեփին նկարագրում է մեր մկրտվելու պարտավորությունը` որպես մուտք դեպի մի «նեղ և անձուկ արահետ», և նա հիշեցնում է մեզ` շարունակել «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, … սնվելով Քրիստոսի խոսքով և համբերել մինչև վերջ», որպեսզի ստանանք բոլոր օրհնությունները, որոնք Երկնային Հայրը պահել է մեզ համար (2 Նեփի 31.19–20):
Նեփին հետագայում հիշեցնում է մեզ, որ եթե մենք «սնվենք Քրիստոսի խոսքերով» նրանք «կասեն [մեզ] բոլոր բաները, որ [մենք] պետք է անենք» (2 Նեփի 32.3) և որպեսզի մենք զորացվենք` հաղթահարելով «հակառակորդի կրակոտ նետերը» (1 Նեփի 15.24):
Ի՞նչ է սնուցումը
Երբ երիտասարդ էի, ես կարծում էի, որ սնուցումը ուղղակի բրնձով ճոխ ճաշ է, սուշի և սոյայի սոուս: Այժմ ես գիտեմ, որ իսկական սնուցումն ավելին է, քան համեղ կերակուր վայելելը: Դա ուրախության, սնուցման, հանդիսության, ընտանիքի և սիրելիների հանդեպ սիրով կիսվելու, Աստծուն մեր շնորհակալությունները հայտնելու և հարաբերություններ կառուցելու փորձառություն է, մինչ վայելում ենք առատ, աներևակայելի համեղ ուտելիք: Ես հավատում եմ, երբ մենք սնուցվում ենք Քրիստոսի խոսքերով, մենք պարտավոր ենք մտածել նույն տեսակի փորձառության մասին: Սնուցվել սուրբ գրություններով չի նշանակում ուղղակի կարդալ դրանք:: Այն պետք է բերի մեզ իսկական ուրախություն և կառուցի մեր փոխհարաբերությունները Փրկիչի հետ:
Սա հստակորեն ուսուցանվում է Մորմոնի Գրքում: Հիշեք Լեքիի երազը, որտեղ նա տեսավ մի ծառ «որի պտուղը բաղձալի [է]՝ մարդուն երջանիկ դարձնելու համար»: Այդ պտուղը ներկայացնում է Աստծո սերը, և երբ Լեքին ճաշակեց պտղից «այն… քաղցր էր բոլոր բաներից ավելի, որ [նա] երբևէ նախկինում ճաշակել էր»: Այն «լցրեց [նրա] հոգին չափազանց մեծ ուրախությամբ» և մի բան էր, որով կամեցավ կիսվել իր ընտանիքի հետ (1 Նեփի 8.10–12):
Երբ սնուցվում ենք, մենք գուցե նաև պարզենք, որ մեր ունեցած ուտելիքի քանակը կամ տեսակը թերևս նշանակություն չունի, եթե մեր սրտերը լցված են երախտագիտությամբ: Լեքիի ընտանիքն անապատում սնվեցհում մսով, բայց Նեփին նկարագրեց այդ դժվար փորձությունը, ասելով. «Այնքան մեծ էին Տիրոջ օրհնությունները», որ «մեր կանայք … ուժեղ էին», և կարղանում էին «տանել իրենց ճամփորդություններն առանց տրտունջների» (1 Նեփի 17.1–2):
Սնուցումը երբեմն ներառում է փորձարկումը և ճաշակումը: Ալման խոսում է մեր սրտերում ցանված լավ սերմի մասին: Երբ մենք փորձարկում ենք այն, հասկանում ենք, որ սերմը սկսում է «համեղ լինել» (տես Ալմա 32.28–33):
Քրիստոսի խոսքերով սնվելը
Քրիստոսի խոսքերով սնուցման օրհնությունները հզոր են և կյանք փոխող: Կան հատկապես երեքը, որոնք կկամենայի հրավիրել ձեզ կիրառել ձեր կյանքում:
Առաջինը՝ Քրիստոսի խոսքերը կարող են օգնել մեզ «մեծացնել հայտնություն ստանալու[մեր] հոգևոր կարողությունը» (Ռասսել Մ. Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96) և ապահով առաջնորդել մեզ մեր կյանքի ընթացքում: Մորմոնն ուսուցանում է, որ Քրիստոսի խոսքերն ունեն «մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար [է]», և որ նրանք ավելի զորավոր են, քան որևէ բան, որ «սուրը» կարող է անել (Ալմա 31.5): Երբ ես փնտրել եմ Աստծո իմաստությունը իմ անձնական մարտահրավերների հետ գործ ունենալիս, միշտ, երբ փորձել եմ «Աստծո խոսքի ուժը» (Ալմա 31.5), ես ոգեշնչված եմ զգացել և կարողացել իմաստուն որոշումներ կայացնել, հաղթահարել գայթակղությունները և օրհնել իմ կյանքն առ Քրիստոս աճող հավատքով և իմ շրջապատի մարդկանց հանդեպ սիրով: Մեր մարգարե Նախագահ Նելսոնը նախազգուշացրել է. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգեպես գոյատևել` առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտական սփոփիչ ազդեցության» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», 96): Անհրաժեշտ հայտնությունը կգա, երբ մենք փորձենք «խոսքի ուժը» և այդ խոսքը կլինի ավելի հզոր, քան որևէ ուրիշ բան, որ կարող էինք փորձել կամ պատկերացնել:
Երկրորդ, երբ մենք մաքառում ենք մեր իսկ ինքնության և ինքնագնահատման պակասության հետ, «Աստծո հաճելի խոսքը» (Հակոբ 2.8) սուրբ գրություններում կօգնի մեզ իմանալ, թե ով ենք մենք իրականում և մեր սեփական ուժից վեր ուժ կտա մեզ: Որպես Աստծո զավակ Իմ ինքնության ճանաչումը ամենաքաղցր պահերից մեկն է, որ ես երբևէ զգացել եմ: Իմ պատանեկան տարիների ընթացքում ես ոչ մի բան չգիտեի Փրկիչի ուսմունքների մասին: Երբ առաջին անգամ կարդացի Նոր Կտակարանը, Քրիստոսի խոսքերը իսկապես բժշկեցին իմ վիրավոր հոգին: Ես հասկացա, որ մենակ չեմ, և որ ես Աստծո զավակն եմ: Երբ ես ճանաչեցի իմ ճշմարիտ ինքնությունը Աստծո առաջ, ես ճանաչեցի իմ անսահման ներուժը Քրիստոսի Քավության միջոցով:
Ենովսը նմանապես կիսվեց իր անձնական փորձառությամբ այն լուսավորման մասին, որը գալիս է Քրիստոսի խոսքերի շուրջ խորհրդածելուց: Երբ Ենովսը թույլ տվեց, որ իր հոր ուսուցանած խոսքերը «հավերժական կյանքի և Սրբերի ուրախության վերաբերյալ, խորը [սուզվեին] [իր] սրտում», նրա հոգին «քաղցեց», և [նա] ծնկի իջավ [իր] Արարիչի առջև … հզոր աղոթքով» (Ենովս 1.3–4): Այդ աղոթքում նա սկսեց ճանաչել Փրկիչին և իմացավ, որ մենք մեծ արժեք ունենք, սիրված ենք և կարող ենք ներվել մեր սխալների համար, և իսկապես Աստծո զավակներն ենք:
Երրորդը, մենք կարող ենք բարձրացնել ուրիշների կյանքը Քրիստոսի խոսքերի միջոցով: Ճիշտ, ինչպես Ենովսը ճիշտ ժամանակին և տեղում էր, որտեղ Քրիստոսի խոսքերը դիպան նրա սրտին, Տերը կանի Իր բաժինը՝ դիպչելու նրանց սրտերին, ում հետ մենք ցանկանում ենք կիսվել ավետարանով: Մեզանից շատերը գուցե հուսալքված են զգացել, երբ մենք փորձել ենք հրավիրել որևէ մեկին լսելու ավետարանը, որովհետև մեր ցանկացած արդյունքը չի հետևել: Անկախ արդյունքից, Տերը հրավիրում է մեզ բացել մեր բերանը և կիսվել ուրիշների հետ ավետարանի ուղերձով:
Երկու տարի առաջ Տերը դիպավ իմ սիրելի մոր սրտին, որն օգնեց նրան ընդունել մկրտության արարողությունը: Ես այդ օրվա իրականացմանը սպասել էի շուրջ 35 տարի: Որպեսզի նա կայացներ այդ որոշումը, Եկեղեցու շատ անդամներ իսկապես սպասավորել էին նրան, ինչպես Քրիստոսը կսպասավորեր: Մի կիրակի նա զգաց, որ պետք է գար եկեղեցի: Նա հետևեց հուշմանը: Երբ նստած էր առջևի շարքում և սպասում էր հաղորդության ծառայության սկսելուն, մի չորս տարեկան տղա կանգնեց նրա առջև և նայեց նրան: Նա ողջունեց նրան ժպիտով։ Փոքրիկ տղան արագ հեռացավ նրանից և քայլեց հետ իր սեփական տեղը, որը շարքի մյուս կողմում էր, որտեղ մայրս էր նստած: Այդ փոքրիկ տղան վերցրեց ինչ-որ բան իր աթոռից, հետ եկավ, մի երգարան տվեց մայրիկիս ու վերադարձավ իր տեղը: Մայրս նկատեց, որ ժողովատանը յուրաքանչյուր աթոռի վրա մի երգարան էր դրված: Նա հեշտությամբ կարող էր վերցնել դրանցից մեկը կողքի աթոռի վրայից: Սակայն նա շատ տպավորված էր տղայի բարության անմեղ արարքից, որը նա սովորել էր իր տանը և եկեղեցում: Դա մի նուրբ պահ էր նրա համար: Նա ուժեղ տպավորություն էր ստացել, որ Աստված հրավիրում էր իրեն գալ և հետևել Փրկիչին: Նա զգաց, որ պետք է մկրտվեր: Այդ փոքր տղան չէր ակնկալում շնորհակալություն նրա համար, ինչ արեց, բայց նա ուղղակի արեց այն, ինչ կարող էր` Աստծո խոսքով ապրելու և իր մերձավորին սիրելու համար: Նրա բարությունը առաջացրեց սրտի մի կարևոր փոփոխություն իմ մոր մեջ:
Քրիստոսի խոսքերը խորապես կդիպչեն սրտերին և կբացեն աչքերը նրանց, ովքեր դեռ չեն տեսնում Նրան: Էմմաուս տանող ճանապարհին երկու աշակերտ քայլում էին Հիսուսի հետ: Նրանք տխուր էին և չէին հասկանում, որ Փրկիչը հաղթել էր մահին: Իրենց վշտի մեջ, նրանք չճանաչեցին, որ կենդանի Քրիստոսը քայլում էր իրենց հետ: Չնայած Հիսուսը «մեկնում էր նորանց` ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին», նրանք այնուամենայնիվ չճանաչեցին Նրան` որպես հարություն առած Փրկիչ, մինչև որ նստեցին և հաց կտրեցին Նրա հետ: Այդ ժամանակ միայն նրանց «աչքերը» բացվեցին: Երբ մենք կամ մեր ընկերները, ծանոթները, հարևանները, սնուցվեն և հաց կտրեն Նրա հետ, մեր հասկացողության աչքերը կբացվեն: Երբ աշակերտները Էմմաուսում մտածեցին հարություն առած Փրկիչի հետ իրենց ժամանակաընթացքի մասին, նրանք ասացին, որ իրենց սրտերը բորբոքվում էին իրենց ներսում, երբ Նա բացում էր գրքերն իրենց համար (տես Ղուկաս 24.27–32): Սա ճշմարիտ կլինի մեզանից բոլորի համար:
Եզրափակում
Եզրափակելով, բերում եմ վկայություն, որ Քրիստոսի խոսքերով սնվելը կարող է տեղի ունենալ ամեն ժամանակ և ամեն առիթով, եթե մենք պատրաստում ենք մեր սրտերը` նրանց ընդունելու համար: Քրիստոսի խոսքերով սնվելը կբերի կենսապահովող հայտնություն, կվերահաստատի մեր ճշմարիտ ինքնությունը և արժեքը Աստծո առջև՝ որպես Նրա զավակ, և կառաջնորդի մեր ընկերներին դեպի Քրիստոս և հավիտենական կյանք: Թույլ տվեք ավարտել` արձագանքելով Նեփիի հրավերին, երբ նա ասաց. «Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: