Լսել Նրա ձայնը
Այդքան բազմաթիվ մրցակցող ձայներով աշխարհում, մեր Երկնային Հայրը հնարավոր է դարձրել մեզ համար` լսել և հետևել Իր ձայնին։
Այսօր, վաղ առավոյան, իմ կնոջ եղբայրը նրան մի երկտող տվեց, որը կինսգրել էր իր մորը շատ տարիներ առաջ։ Այդ ժամանակ Քույր Հոմերը մի փոքրիկ աղջիկ էր։ Մասնավորապես, նրա երկտողն ասում էր. «Սիրելի մայրիկ, այնքան եմ ափսոսում, ես չբերեցի իմ վկայությունն այսօր, բայց ես սիրում եմ քեզ»։ Երբ մենք գնացինք նախաճաշելու, ես մտածեցի, որ դա հետաքրքիր բան էր։ Այսպիսով ես նստեցի և գրեցի մի երկտող, որն ասում էր. «Սիրելի Նախագահ Նելսոն, ես ափսոսում եմ, որ այսօր ելույթ չունեցա, բայց ես սիրում եմ ձեզ»։ Ինչ-որ տեղ դա ճիշտ չէր թվում։ Այսպիսով, ահա մենք այստեղ ենք, և ես երջանիկ եմ ավելացնել իմ խոսքերը նրանց, որոնք խոսվել են այսօրվա նիստում։
Շատ տարիներ առաջ ես ճանապարհորդում էի մի փոքրիկ օդանավով, որի կառավարման վահանակի մոտ մի նորավարտ օդաչու էր։ Մեր թռիչքի վերջում մեզ վայրէջքի ազդանշան տրվեց։ Բայց, երբ մոտենում էինք գետնին, ես լսեցի ահազանգ օդաչուի խցիկում, որը զգուշացնում էր օդաչուին վեր բարձրանալ։ Օդաչուն նայեց ավելի փորձառու երկրորդ օդաչուին, ով մատնացույց էր անում դեպի ներքև` վազքուղուց հեռու, և ասաց «Այժմ»։
Մեր օդանավը կտրուկ շարժվեց դեպի ձախ և ներքև, ապա հետ բարձրացավ համապատասխան բարձրության վրա, վերադարձավ վայրէջքի սխեմային, և անվտանգ վայրէջք կատարեց մեր նպատակակետում։ Հետագայում մենք իմացանք, որ մեկ այլ օդանավի թռիչքի ազդանշան էր տրվել։ Եթե հետևեինք ահազանգի հրահանգներին, մենք ուղղությունը կփոխեինք դեպի դիմացից եկող ինքնաթիռը, և ոչ թե հեռու կգնայինք դրանից։ Այս փորձառությունն ուսուցանեց ինձ երկու կարևոր դաս. Առաջինը՝ մեր կյանքի վճռորոշ պահերին մենք կլսենք բազմաթիվ ձայներ, որոնք մրցակցում են մեր ուշադրությունը գրավելու համար։ Եվ երկրորդը՝ կարևոր է, որ մենք լսենք ճիշտ ձայներին։
Մրցակցող ձայներ
Մենք ապրում ենք բազմաթիվ ձայներով աշխարհում, որոնք ձգտում են գրավել մեր ուշադրությունը։ Բոլոր վերջին նորություններով, թվիթներով, բլոգներով, աուդիոֆայլերով և Ալեքսի, Սիրիի համոզիչ խորհուրդներով հանդերձ, մենք կարող ենք դժվարությամբ կողմնորոշվել, թե որ ձայներին վստահել։ Երբեմն կյանքում մենք առաջնորդվում ենք ամբոխավարությամբ, մտածելով, որ մեծամասնությունը կապահովի ճշմարտության լավագույն աղբյուրը։ Այլ պահերի մենք «կանգ ենք առնում … երկու կարծիքների միջև»,1 նախընտրելով լինել «ոչ սառը, ոչ տաք»։2 Այնուամենայնիվ, այլ դեպքերում մենք հետևում ենք, թե ինչն է հարմար, կենտրոնանում մեկ ձայնի կամ հարցի վրա` մեզ ուղղորդելու համար, կամ բացառապես հիմնվում մեր իսկ մտածելու ունակության վրա։
Չնայած այդ մոտեցումներից յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել, փորձառությունն ուսուցանում է, որ դրանք միշտ չէ, որ վստահելի են։ Այն, ինչ ընդունված է, միշտ չէ, որ լավագույնն է։ Երկու կարծիքների միջև կանգ առնելը չի հանգեցնում ոչ մի ուղղությանն։ Հարմարավետությունը հազվադեպ է տանում դեպի այն բաները, որոնք կարևոր են։ Մեկ ձայնի կամ հարցի վրա սևեռվելը կարող է վնասել մեր տեսնելու ունակությունը։ Եվ միմիայն մեր սեփական մտածողությանը վստահելով, կարող ենք գնալ դեպի մտքի գերինտելեկտուալ ընդարմացում։ Եթե մենք զգույշ չլինենք, սխալ ձայները կարող են մեզ հեռու քաշել ավետարանի կենտրոնից դեպի վայրեր, որտեղ հավատքը դժվար է պահպանել, և մենք գտնում ենք ոչ ավելի, քան դատարկություն, դառնություն և անբավարարվածություն։
Լսել սխալ ձայներ
Թույլ տվեք ցուցադրել, թե ինչ նկատի ունեմ ես` օգտագործելով մի համանմանություն և սուրբ գրությունից մի օրինակ։ Լեռնագնացները սովորաբար 8000 մետրից վեր բարձրությունը անվանում են «մահվան զոնա», որովհետև այդպիսի բարձունքներում բավականաչափ թթվածին չկա կյանք ապահովելու համար։ Մահվան զոնայի համար կա հոգևոր համարժեք։ Եթե մենք շատ ժամանակ ենք անցկացնում անհավատության վայրերում, թվացյալ լավ միտումներ ունեցող ձայները զրկում են մեզ հոգևոր թթվածնից, որի կարիքը մենք ունենք։
Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Կորիհորի մասին, ով այդպիսի փորձառություն ունեցավ։ Նա մեծ ժողովրդականություն էր վայելում, որովհետև իր ուսմունքները հաճելի էին մարմնական մտածողության [համար]»։3 Նա ասում էր, որ ծնողներն ու մարգարեներն ուսուցանում են հիմար ավանդույթներ, որոնք նախատեսված են սահմանափակել ազատությունը և հավերժացնել տգիտությունը։4 Նա պնդում էր, որ մարդիկ պետք է ազատ լինեն`անելու այն, ինչ իրենք են նախընտրում, որովհետև պատվիրանները ոչ այլ ինչ են, քան հարմարավետ սահմանափակումներ։5 Նրա համար հավատքը Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ «մոլագար մտքի արդյունք» էր, որը ստեղծվել էր մի էակի կողմից, ով չէր կարող գոյություն ունենալ, որովհետև չէր կարող տեսանելի լինել։6
Կորիհորը այնպիսի խռովություն ստեղծեց, որ նրան բերեցին գլխավոր դատավորի և քահանայապետի առաջ։ Այնտեղ նա վեր կացավ «մեծ փքուն խոսքերով», քննադատեց առաջնորդներին և նշան պահանջեց։ Նշանը տրվեց։ Նա զարկվեց այնպես, որ չկարողացավ խոսել։ Այդ ժամանակ Կորիհորը հասկացավ, որ ինքը խաբվել էր, և մտածելով թանկարժեք ճշմարտությունների մասին, որոնցից հեռացելէր, նա ողբաց՝ ասելով. «Ես միշտ գիտեի»։7
Կորիհորը հետագայում ուտելիք էր մուրում, մինչև մահացու ոտնակոխ արվեց մի խումբ Զորամացիների կողմից։8 Նրա պատմության վերջին հատվածը պարունակում է այս սթափեցնող միտքը. «Եվ այսպես, մենք տեսնում ենք վերջը նրա, ով խեղաթյուրում է Տիրոջ ուղիները. և այսպես, մենք տեսնում ենք, որ դևը չի աջակցի իր զավակներին վերջին օրը, այլ արագ քարշ կտա նրանց ներքև՝ դեպի դժոխք»։9
Ճիշտ ձայնը
Քանի որ մեր Երկնային Հայրը ավելի լավ [բաներ] է կամենում մեզ, Նա հնարավոր է դարձնում մեզ համար լսել Իր ձայնը։ Շատ հաճախ մենք լսում ենք Նրան տպավորությունների միջոցով, որոնք տրվում են Սուրբ Հոգու կողմից։ Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։ Նա վկայում է Հոր և Որդու մասին,10 ուղարկվել է «ուսուցանելու [մեզ] բոլոր բաները»,11 և «ցույց կտա [մեզ] բոլոր բաները, որոնք [մենք] պիտի անենք»։12
Հոգին խոսում է տարբեր մարդկանց հետ տարբեր ձևով, և Նա կարող է խոսել նույն մարդու հետ տարբեր ձևերով տարբեր ժամանակներում։ Արդյունքում, սովորելով այն բազմաթիվ ուղիները, որոնցով Նա խոսում է մեզ հետ, մենք փնտրտուքի մեջ ենք ողջ կյանքում։ Երբեմն, Նա խոսում է մեր «մտքում և [մեր] սրտում»13 մի ձայնով, որը մեղմ է, սակայն հզոր, ներթափանցելով «նրանց մեջ … որ լսում են, մինչև սրտի խորքը»։14 Այլ դեպքերում Նրա տպավորությունները «զբաղեցնում են [մեր] մտք[երը]» կամ «ներգործում …[մեր] զգացումների վրա»։15 Այլ դեպքերում, մեր կուրծքը «կայրվի [մեր] ներսում»։16 Իսկ մյուս դեպքերում, Նա լցնում է մեր հոգիները ուրախությամբ, լուսավորում է մեր մտքերը,17 կամ խոսում խաղաղություն մեր անհանգիստ սրտերին։18
Լսել Նրա ձայնը
Մենք կգտնենք մեր Հոր ձայնը շատ տեղերում։ Մենք կգտնենք այն, երբ աղոթում ենք, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, հաճախում ենք եկեղեցի, մասնակցում հավատարիմ քննարկումների կամ տաճար գնում։ Անշուշտ, մենք կգտնենք այն հենց այս շաբաթվա համաժողովում։
Այսօր մենք հաստատեցինք 15 տղամարդկանց՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։ Նրանց հոգևորությունը և փորձառությունը տալիս է նրանց մի առանձնահատուկ հեռանկար, որի կարիքը մենք խիստ ունենք։ Նրանց ուղերձները հեշտ է գտնել և ասվում են բացառիկ հստակությամբ։ Դրանք պատմում են մեզ այն, ինչ Աստված է կամենում, որ մենք իմանանք, անկախ նրանից դրանք ժողովրդականություն վայելում են, թե ոչ։19
Երբ Նրա ձայնը փնտրում ենք այս վայրերից որևէ մեկում՝ լավ է, բայց նույնիսկ ավելի լավ է փնտրել այն դրանցից շատերի մեջ։ Եվ երբ մենք լսում ենք այն, մենք պետք է հետևենք ուղղորդմանը, որ տրվում է։ Հակոբոս Առաքյալն ասել է ․ «Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»։20 Իսկ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մի անգամ ուսուցանել է. «Մենք նայում ենք։ Սպասում ենք։ Լսում ենք այդ հանգիստ մեղմ ձայնը։ Երբ այն խոսում է, իմաստուն տղամարդիկ և կանայք հնազանդվում են»։21
Երբ ուղղորդումը դանդաղ է գալիս
Մեր մասնագիտական կյանքի վաղ շրջանում ինձ և Քույր Հոմերին խնդրեցին ընդունել փոփոխություն աշխատանքի հանձնարարության մեջ։ Այդ ժամանակ դա մեզ թվաց կարևոր որոշում։ Մենք ուսումնասիրեցինք, ծոմ պահեցինք, աղոթեցինք, բայց պատասխանը դանդաղում էր։ Ի վերջո, մենք որոշում կայացրինք և առաջ գնացինք։ Երբ արեցինք դա, մենք վստահություն զգացինք և շուտով հասկացանք, որ դա լավագույն որոշումներից մեկն էր, որ մենք երբևէ կայացրել էինք։
Արդյունքում, մենք սովորեցինք, որ պատասխանները երբեմն դանդաղ են գալիս։ Սա կարող է լինել այն պատճառով, որ ճիշտ ժամանակը չէ, որովհետև պատասխանի կարիք չկա, կամ որովհետև Աստված վստահում է մեզ, որ որոշումը ինքներս կայացնենք։ Երեց Ռիչարդ Գ. Սքոթը մի անգամ ուսուցանել է, որ մենք պետք է երախտապարտ լինենք այդպիսի ժամանակների համար, և տվել է այս խոստումը. «Երբ ապրում եք արժանի և ձեր ընտրությունը Փրկիչի ուսմունքների համաձայն է, և դուք պետք է գործեք, առաջ գնացեք վստահությամբ։… Աստված թույլ չի տա ձեզ շատ հեռուն գնալ, առանց նախազգուշացնող տպավորության, եթե դուք սխալ որոշում եք ընդունել»։22
Մենք պետք է ընտրենք
Եվ այսպիսով, մենք պետք է որոշենք` բոլոր այդ տարբեր ձայների միջից ընտրել այն, որին մենք պիտի հնազանդվենք։ Արդյո՞ք մենք կհետևենք աշխարհի կողմից երաշխավորված անվստահելի ձայներին, թե կանենք պահանջվող աշխատանքը` թույլ տալով, որ մեր Հոր ձայնը առաջնորդի մեզ մեր որոշումներում և պաշտպանի մեզ վտանգից։ Որքան ավելի ջանասիրաբար ենք որոնում Նրա ձայնը, այնքան ավելի հեշտ է դառնում լսելը։ Բանն այն չէ, որ Նրա ձայնն է բարձրանում, այլ այն, որ մեր լսելու ունակությունն է մեծանում։ Փրկիչը խոստացել է, որ եթե մենք «ականջ դնենք [Նրա] ցուցումներին և ունկնդրենք [Նրա] խորհրդին», Նա «կտա [մեզ] ավելին»։23 Ես վկայում եմ, որ այս խոստումը ճշմարիտ է մեզանից յուրաքանչյուրի համար։
Մոտավորապես մեկ տարի առաջ մենք կորցրինք իմ ավագ եղբորը ողբերգական ավտովթարի հետևանքով։ Ջոնի վաղ տարիները լի էին խոստումով և ձեռքբերումներով։ Բայց, երբ նա ծերացավ, կոտրված մարմինը և չհամագործակցող միտքը նրա կյանքը դժվարացրին։ Քանի որ բժշկումը, որի հույսը նա ուներ, չեկավ այս կյանքում, Ջոնը համենայն դեպս կառչեց իր հավատքից, վճռելով համբերել մինչև վերջ։
Այսպիսով, ես գիտեմ, որ Ջոնը կատարյալ չէր, բայց ես զարմանում էի, թե ինչն էր նրան այդպիսի դիմացկունություն տալիս։ Շատ ձայներ հրավիրում էին նրան ոչ պատշաճվայրեր, բայց նա որոշեց չգնալ։ Փոխարենը, նա ամեն ինչ արեց ավետարանի կենտրոնում իր կյանքը խարսխելու համար։ Նա ապրեց իր կյանքն այնտեղ, որովհետև նա գիտեր, որ կգտներ իր Տիրոջ ձայնն այնտեղ, նա ապրեց իր կյանքն այնտեղ, որովհետև գիտեր, որ այնտեղ կուսուցանվեր։
Եզրափակում
Քույրեր և եղբայրներ, այդքան բազմաթիվ մրցակցող ձայներով աշխարհում, ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը հնարավոր է դարձրել մեզ համար` լսել և հետևել Իր ձայնին։ Եթե մենք ջանասեր լինենք, Նա և Նրա Որդին կտան մեզ ուղղորդումը, որին ձգտում ենք, ուժը, որի կարիքն ունենք, և երջանկությունը, որը մենք բոլորս ցանկանում ենք։ Հիսուս Քրիստոսի անունով. ամեն։