2022
Ապրել տվյալ օրվա ձեռքբերումներով
սեպտեմբեր 2022


«Ապրել տվյալ օրվա ձեռքբերումներով», Լիահոնա սեպտեմբեր 2022

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ապրել տվյալ օրվա ձեռքբերումներով

Մենք երախտապարտ ենք մեր ծխի հրաշալի անդամներին, որոնք օգնեցին մեզ աուտիզմով հիվանդ մեր որդու հարցում:

Նկար
երիտասարդ տղա

Ջոշը՝ վերջերս տաճար կատարած ուղևորության ժամանակ

Ջոշուայի լուսանկարը՝ հեղինակի կողմից

Երբ մեր որդի Ջոշուան մեկուկես տարեկան էր, մենք տարօրինակ բաներ նկատեցինք նրա վարքագծում։ Ջոշը կարողանում էր արտասանել յուրաքանչյուր երգի գրեթե յուրաքանչյուր բառը իր դիտած հեռուստատեսային հաղորդումներից, բայց նա ուշ էր սովորում խոսել: Մի օր սկեսուրս ասաց, որ Ջոշը աուտիզմի նշաններ ունի։ Նույնը մեզ ասացին մասնագետները։

Կինս՝ Էլիզաբեթը, խորասուզվեց աուտիզմի մասին գրականության մեջ։ Նա նաև Ջոշին գրանցեց ծրագրերում՝ նրան օգնելու համար: Նա վճռել էր, որ Ջոշը ուներ կյանքի հնարավոր լավագույն սկիզբը, որը մենք կարող էինք տալ նրան:

Այն օրերին, երբ ես մտահոգվում էի ապագայի մասին, Էլիզաբեթը հանգստացնում էր ինձ: Նա ինձ ասում էր, որ մենք պետք է ամեն օր ապրենք այդ օրվա ձեռքբերումներով:

«Մենք պետք է գնահատենք Ջոշի սովորած յուրաքանչյուր նոր բան՝ ապագայի բոլոր անհայտությունների վրա կենտրոնանալու փոխարեն», - ասաց նա:

Երբ Ջոշը մեծացավ, անկառավարելի դարձավ եկեղեցում: Որպեսզի չխանգարեր կամ չվնասեր Երեխաների միության երեխաներին, ես գրկում էի նրան: Նա պայքարում էր, քերծում էր և գոտեմարտում էր ինձ հետ եկեղեցու բոլոր երեք ժամերի ընթացքում: Ես հաճախ տուն էի գալիս կապտուկներով ու ուժասպառ եղած։

«Ինչո՞ւ մենք նրան եկեղեցու ժամերին տանը չենք թողնում և հերթով մնում նրա հետ», - ես առաջարկեցի:

«Եթե մենք չշարունակենք նրան տանել,- պատասխանեց Էլիզաբեթը,- նա կիմանա, որ եթե իրեն այդպես պահի, ապա կարող է հեռանալ եկեղեցուց»: Ես գիտեի, որ նա ճիշտ էր:

Մի օր աուտիզմով հիվանդ երեխա ունեցող մեկ այլ ընտանիքի մայրն ինձ ասաց. «Երբ Ջոշը ութ տարեկան դառնա և Սուրբ Հոգին ստանա, նա անմիջապես իրեն լավ կպահի»:

Ես կասկածում էի նրա խոսքերին, բայց երբ նա դարձավ ութ տարեկան, ստացավ Սուրբ Հոգին, իրոք մի փոքր հանգստացավ:

Երբ Ջոշը մեծացավ, նա ստացավ քահանայություն: Նա բաժանում էր հաղորդությունը և սովորում էր ծառայության կարևորությունը: Նրա քահանայության քվորումի անդամները Ջոշի հետ պար սովորեցին 80-ականների երաժշտական տեսահոլովակի ներքո և կատարեցին այն ծխի երեկույթի ժամանակ:

Մեր ծխի մթնոլորտը հրաշալի էր Ջոշի համար: Անդամները ժպտում էին, երբ նա հաղորդություն էր բաժանում՝ 80-ականների մի քանի պարային շարժումներ կատարելով:

Ջոշն այժմ 17 տարեկան է։ Նա տաղանդավոր երաժիշտ է և երգեր է գրում։ Նա սիրում է դերասանական արվեստը և պարբերաբար հանդես է գալիս դպրոցական և համայնքային թատրոնում:

Մենք երախտապարտ ենք Ջոշի ծնողները լինելու և նրա կյանքի ճանապարհորդությանը մասնակցելու համար: Մենք վստահ չենք, թե մեզ ինչ է սպասվում ապագայում, բայց մենք պարտավորվել ենք լիարժեք ապրել նրա հետ ամեն օր:

Տպել