2022
Հույս և մխիթարություն Քրիստոսում
սեպտեմբեր 2022


«Հույս և մխիթարություն Քրիստոսում», Լիահոնա, սեպտեմբեր 2022, 55։

Հույս և մխիթարություն Քրիստոսում

Եկեք հավատարիմ մնանք այն խոստմանը, որ Տերը հիշում և հատուցում է Իր հավատարիմ Սրբերին:

Նկար
Քրիստուս արձանի ձեռքը

Մենք կարող ենք մեր վերջնական հույսը խարսխել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վրա:

Քրիստուս արձանի ձեռքը, լուսանկարը՝ Սքոթ Լոուի

Յենս և Էնի Քեթրին Անդերսենները խորը և մնայուն վկայություն ունեին Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտացիության մասին: Չնայած զայրացած ամբոխներին և համայնքային ու ծխական հալածանքներին, 1861 թվականին նրանք միացան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Հաջորդ տարվա գարնանը նրանք ականջալուր եղան Սիոնի կոչին, որը 5000 մղոն (8000 կմ) հեռավորությունից փարոսի նման կանչում էր նրանց Սոլթ Լեյքի հովիտ։ Սիոնում հավաքվելը նշանակում էր Դանիայում թողնել իրենց լավ կյանքը, ընկերներին, մեծ ընտանիքը և գեղեցիկ ագարակը, որը սերունդներով փոխանցվել էր հորից ավագ որդուն: Ագարակը մեծ էր ու արդյունավետ և գտնվում էր Ալբորգի մոտ գտնվող Վեդդում գյուղում՝ Դանիայի հյուսիսում գտնվող բեղմնավոր Յուտլանդ թերակղզում: Այն աշխատանքով ապահովել էր բազմաթիվ մարդկանց և հարգանք ու միջոցներ բերել Անդերսենների ընտանիքին:

Այդ միջոցները կիսելով իրենց նորադարձ ընկերների հետ՝ Յենսը և Էնի Քեթրինը վճարեցին մոտ 60 այլ Սրբերի արտագաղթի ծախսերը, որոնք ճանապարհ ընկան դեպի Սիոն: 1862 թվականի ապրիլի 6-ին Անդերսեններն իրենց 18-ամյա որդու՝ Էնդրյուի հետ, միացան 400 դանիացի այլ սրբերի և Ալբիոն փոքր շոգենավով նավարկեցին դեպի Գերմանիայի Համբուրգ քաղաքը: Երկու օր անց հասնելով Համբուրգ՝ նրանք միացան ավելի մեծ նավի վրա գտնվող Սրբերի ավելի մեծ խմբին և սկսեցին իրենց անդրատլանտյան ճամփորդությունը:

Սակայն, Սիոնի հավաքման ուրախությունը շուտով վերածվեց տխրության։ Մի քանի երեխաներ Ալբիոն նավի վրա վարակված էին կարմրուկի վիրուսով։ Երբ հիվանդությունը ներթափանցեց ներգաղթյալների շարքերը, 40 երեխա և մի քանի մեծահասակ մահացան ու թաղվեցին ծովում: Նրանց թվում էր 49-ամյա Յենս Անդերսենը՝ իմ նախապապը։

Տեղ հասնելու և իր ընտանիքի ու դանիացի ընկերների հետ Սիոնը կառուցելու Յենսի երազանքն ավարտվեց Համբուրգից հեռանալուց ընդամենը 10 օր անց: Մի պատմաբան գրել է. «Ազատարարը, որը Մովսեսի նման երբեք իր ոտքը չդրեց խոստումի երկրի վրա, Յենս Անդերսենն էր [Վեդդումից] Ալբորգից, որն օգնել էր իր վաթսունից ոչ պակաս ընկերներին գաղթել: Նա մահացավ Հյուսիսային ծովում 1862 թվականին՝ [Գերմանիայից] հեռանալուց կարճ ժամանակ անց»:1

Մահկանացու կյանքի փորձությունը

Արժե՞ր արդյոք Անդերսեն ընտանիքի զոհաբերությունը, որոնք, թողնելով իրենց հարմարավետ ագարակը, կորցրին իրենց սիրող ամուսնուն և հորը։ Ես վստահ եմ, որ աշխարհը կասի ոչ: Սակայն աշխարհին պակասում է հավատքը, հեռատեսությունը և «հավերժական հեռանկարը»,2 որն առաջարկվում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի կողմից:

Այդ հեռանկարն օգնում է մեզ հասկանալ մեր մահկանացու կյանքը և դրա բազմաթիվ փորձությունները: Մենք բախվում ենք վախի, դավաճանության, գայթակղության, մեղքի, կորստի և միայնության: Հիվանդությունը, աղետը, ընկճախտն ու մահը քայքայում են մեր երազանքները: Երբեմն մեր բեռներն ավելի մեծ են թվում, քան մենք կարող ենք տանել:

«Թեև մանրամասները տարբերվում են, բայց ողբերգությունները, անակնկալ ստուգարքներն ու փորձությունները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր, պատահում են յուրաքանչյուրիս հետ, քանի որ սա մահկանացու կյանք է»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը: Նա հավելել է. «Մենք երջանկություն ենք որոնում։ Մենք խաղաղություն ենք փափագում։ Մենք սիրո հույս ունենք։ Եվ Տերը զարմանահրաշ օրհնություններ է առատորեն թափում մեզ վրա։ Բայց ուրախությանն ու երջանկությանը միահյուսված մի բան կա․ կլինեն պահեր, ժամեր, օրեր, երբեմն տարիներ, երբ ձեր հոգին վիրավորանք կզգա»:3

Մենք ճաշակում ենք դառնություն, որպեսզի իմանանք քաղցրությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 29.39): Եսայիա մարգարեի խոսքերով՝ մենք բոլորս զտված և ընտրված ենք «չարչարանքի հնոցում» (Եսայիա 48.10):

Քավության խոստումը

Նկար
Քրիստուսի արձանը

Քրիստուս արձանի լուսանկարը՝ Ալան Բրենտ Հարդերի

Չարչարանքը Հոր «երջանկության մեծ ծրագրի» մի մասն էր (Ալմա 42.8, տես նաև 2 Նեփի 2.11)։ Բայց այդ ծրագրում առանցքային նշանակություն ունի մխիթարությունն ու հույսը, որոնք գալիս են «մեծ և փառահեղ Քավությունից»:4 Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը եկավ մեզ փրկելու: (Տես Ալմա 36․3)

Փրկիչը «վայր իջավ բոլոր բաներից ցած» (Վարդապետություն և Ուխտեր 88.6), որպեսզի Նա կարողանա իր վրա վերցնել մեր դժվարություններն ու սխալները: Նա գիտի, թե ինչպես ծառայել մեզ՝ լիովին հասկանալով մեր ցավերի տեղն ու պատճառը:

«Քանի որ Փրկիչը կրել է ամեն ինչ և այն ամենը, ինչ մենք երբևէ կարող էինք զգալ կամ ապրել, Նա կարող է օգնել թույլերին դառնալ ավելի ուժեղ», - ասել է Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը (1920–2007): «Նա անձամբ է զգացել այդ ամենը: Նա հասկանում է մեր ցավը և կքայլի մեզ հետ նույնիսկ մեր ամենամութ ժամերին»:5

Ահա թե ինչու մենք կարող ենք մեր վերջնական հույսը խարսխել Նրա և Նրա Քավության վրա:

«Մեր աշխարհը հոռետեսական և թերահավատ աշխարհ է, որը մեծ չափով հույս չունի Հիսուս Քրիստոսի և մարդկային երջանկության Աստծո ծրագրի վրա», - ասել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «Ինչի՞ համար է այդպիսի համաշխարհային հակառակությունն ու մռայլությունը: Պատճառը պարզ է. Եթե հույս չկա Քրիստոսում, չկա նաև մարդկության փրկագնման աստվածային ծրագրի ճանաչում: Առանց այդ գիտելիքի մարդիկ սխալմամբ հավատում են, որ այսօրվա գոյությանը հաջորդում է վաղվա անհետացումը, որ երջանկությունն ու ընտանեկան ընկերակցությունները միայն անցողիկ են»:6

Ես հույս և բժշկում եմ գտնում Հիսուս Քրիստոսում, երբ այցելում եմ տաճար և լսում ապրող մարգարեների խոսքերը: Ես մխիթարություն եմ գտնում, երբ ուսումնասիրում եմ սուրբ գրություններ, որոնք վկայում են Նրա և Նրա Քավության մասին: Երբ մահկանացու կյանքը «հալածել է մեզ սպառնում»,7 դիմեք նրան, ինչը ես անվանում եմ «պաշտպանիչ սուրբ գրություններ»: Ահա իմ նախընտրածներից մի քանիսը.

Հին Կտակարան

  • «Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25.8):

  • «Յիրաւի՜ Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ: … Նա խոցոտվեց մեր օրինազանցությունների համար, խոշտանգվեց մեր անօրինությունների համար. մեր խաղաղության պատիժը նրա վրա էր. և նրա վերքերով ենք մենք բժշկված» (Եսայիա 53․4–5):

Նոր Կտակարան

  • «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28):

  • «Աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33):

Մորմոնի Գիրք

  • «Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12):

  • «Եվ ի՞նչն է, որի համար դուք պիտի հույս ունենաք: Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք կունենաք հույս, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով, բարձրացվելու դեպի հավերժական կյանք, և դա՝ ձեր հավատքի շնորհիվ առ նա՝ խոստումի համաձայն» (Մորոնի 7.41):

Վարդապետություն և Ուխտեր

  • «Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին. և դուք պիտի վկայություն բերեք իմ մասին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, որ ես կենդանի Աստծո Որդին եմ, ես, որ էի՛, որ ե՛մ, և որ գալու եմ» (Վարդապետություն և Ուխտեր 68.6

  • «Ուստի, մի վախեցեք, անգամ մահից. քանզի այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, բայց ինձանով ձեր ուրախությունը լիակատար է» (Վարդապետություն և Ուխտեր 101․36

Այս և մի շարք այլ հատվածներ Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Կ. Փաքերի (1924–2015) խոսքերով վկայում են «Քրիստոսի քավության խոստման մասին»։8

Մարգարեի խնդրանքը

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք հասկանում ենք Փրկիչի դերը մեր երջանկության մեջ այժմ և գալիք աշխարհում, մենք հասկանում ենք, թե ինչու է նախագահ Նելսոնը խնդրում է մեզ, որպեսզի Նրան դարձնենք մեր կյանքի հոգևոր հիմքը.

«Ես խնդրում եմ ձեզ, որ ժամանակ հատկացնեք Տիրոջ համար: Ձեր անձնական հոգևոր հիմքը ամրացրեք և դիմակայեք ժամանակի փորձությանը՝ անելով այն բաները, որոնք թույլ են տալիս Սուրբ Հոգուն միշտ ձեզ հետ լինել»: … Տիրոջ համար ժամանակ հատկացնելը, հավելել է Նախագահ Նելսոնը, ներառում է՝ «Տիրոջ համար ժամանակ հատկացնել Նրա սուրբ տանը»՝ տաճարային ծառայության և երկրպագության միջոցով։9

«Եվ ձեզանից յուրաքանչյուրին, ով տաճարային ուխտեր է կապել, խնդրում եմ, որ աղոթքով և հետևողականորեն ձգտեք հասկանալ տաճարային ուխտերն ու արարողությունները: …

… Ամեն անգամ, երբ ձեր կյանքում որևէ ցնցում է տեղի ունենում, հոգևորապես ամենաանվտանգ ապրելու վայրը գտնվում է ձեր տաճարային ուխտերի սահմանների ներսում:

Խնդրում եմ, հավատացեք ինձ, երբ ես ասում եմ, որ երբ ձեր հոգևոր հիմքը ամուր կառուցված է Հիսուս Քրիստոսի վրա, դուք վախենալու կարիք չունեք»:10

Փորագրված Նրա ափերի վրա

Նկար
ընտանիք

Էնդրյուն իր ընտանիքի անդամների հետ

Ի՞նչ պատահեց Էնի Քեթրինի և նրա որդու՝ Էնդրյուի հետ: Արդյո՞ք նրանք հուսահատվեցին և վերադարձան Դանիա՝ դեպի Նյու Յորք Սիթի ամիս ու կես տևած իրենց տխուր ճամփորդությունից հետո: Ոչ: Հենվելով Փրկիչի և փրկության ծրագրի մասին իրենց վկայության վրա և վստահելով Աստծուն՝ նրանք խիզախորեն առաջ շարժվեցին գնացքով, շոգենավով և կառքերով: Նրանք հասան Սոլթ Լեյքի հովիտ 1862թ. սեպտեմբերի 3-ին և միացան Սիոնի կառուցմանը:

Նրանք հաստատվեցին Յուտայի Եփրեմում, որտեղ Էնդրյուն ամուսնացավ և ընտանիք կազմեց: Ավելի ուշ Էնդրյուն իր ընտանիքի և մայրիկի հետ տեղափոխվեց Լեքի, Յուտա, որտեղ նա դարձավ հաջողակ ֆերմեր, բանկիր և քաղաքապետ: Նա երեք տարի ծառայեց միսիայում իր հայրենի երկրում, ավելի քան երկու տասնամյակ եպիսկոպոսություններում և ավելի քան երեք տասնամյակ բարձրագույն խորհրդում կամ քահանայապետերի քվորումում: Նրա որդիներից երեքը միսիա են ծառայել Դանիայում և Նորվեգիայում:

Մահկանացու աչքերով մենք չենք կարող տեսնել տխուր մեկնարկի փառավոր ավարտը: Բայց Քրիստոսի հանդեպ հավատքով մենք կարող ենք հույսով նայել ապագային: Եվ մենք կարող ենք հավատարիմ մնալ այն խոստմանը, որ Տերը հիշում և հատուցում է Իր հավատարիմ Սրբերին, այդ թվում՝ Յենսին, Էնի Քեթրինին և Էնդրյուին: Տերը հիշեց նրանց, և Նա հիշում է մեզ: Նա խոստացել է.

«Սակայն, ես քեզ չեմ մոռանալ:

Ես իմ ձեռքի մեջ եմ փորագրել քեզ» (Եսայիա 49.15-16):

Հղումներ

  1. William Mulder, Homeward to Zion: The Mormon Migration from Scandinavia (1957), 149–50. Additional details of the Andersen family story come from Andrew B. Andersen, History of Andrew Rasmus Anderson, Pioneer of 1862 and Wife Nelsina M. Pederson, Pioneer of 1868, Daughters of the Utah Pioneers Biographical Collection; Jens Christensen, Rural Denmark, 1750–1980, trans. Else Buchwald Christensen (1983); Hamilton Gardner, History of Lehi: Including a Biographical Section (1913); Fern Gray, Life Sketch of Andrew R. Anderson, Daughters of the Utah Pioneers Biographical Collection; Andrew Jenson, “Narratives of the Emigration from the Scandinavian Mission 1852–1868,” History of the Scandinavian Mission (1979).

  2. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 93:

  3. Նիլ Լ․ Անդերսեն, «Խոցվածը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 84:

  4. Neal A. Maxwell, “Testifying of the Great and Glorious Atonement,” Liahona, Apr. 2002, 12.

  5. James E. Faust, “The Atonement: Our Greatest Hope,” Liahona, Jan. 2002, 22.

  6. Ռասսել Մ․ Նելսոն, A More Excellent Hope,” Ensign, Feb. 1997, 62:

  7. «Փառք Քեզ, Տեր, մարգարեի համար», Հիմներ և մանկական երգեր, էջ 36:

  8. Բոյդ Ք. Փաքեր, «Ներման պայծառ առավոտը», Ensign, նոյեմբեր 1995, 20:

  9. Ռասսել Մ․ Նելսոն, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 120, 121:

  10. Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 96։

Տպել