2022
Արդյո՞ք ես միակ երիտասարդն եմ, ով պայքարում է իր նպատակը գտնելու համար
սեպտեմբեր 2022


«Արդյո՞ք ես միակ երիտասարդն եմ, ով պայքարում է իր նպատակը գտնելու համար», Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Չափահաս երիտասարդներ

Արդյո՞ք ես միակ երիտասարդն եմ, ով պայքարում է իր նպատակը գտնելու համար

Ես զգացի, որ խաթարել եմ ծրագիրը՝ իմ ծրագիրը ինձ համար և Աստծո ծրագիրը ինձ համար:

Նկար
երիտասարդ չափահաս կինը բարձրանում է մեծ քարերի վրա

Ծննդյանս 25-ամյակին ես հավաքում էի ննջասենյակս։ Իմ ննջասենյակում կարգ ու կանոն չկար, և ես անընդհատ մտածում էի, որ իմ կյանքում նույնպես չկար կարգ ու կանոն: Ես այնտեղ չէի, որտեղ կարծում էի, որ կլինեմ 25 տարեկանում: Ես այնտեղ չէի, որտեղ պետք է լինեի:

Ես մտածեցի, թե ինչ էի զգում, երբ պատանի հասակում ստացա իմ հայրապետական օրհնությունը: Ամեն անգամ, երբ կարդում էի իմ ապագայի մասին, պատկերացնում էի մեկին, ով գրեթե կատարյալ էր: Բայց ես հասկացա, որ չեմ դարձել իմ պատկերացրած մարդը: Եվ ես մտածում էի. Եթե իմ կրտսեր եսը կարողանար տեսնել ինձ հիմա, արդյո՞ք նա կհիասթափվեր:

Հանկարծ արտասվեցի։ Ես զգացի, որ ես խաթարել եմ իմ կյանքի ծրագիրը: Ես ոչ մի աղետալի սխալ չէի արել, բայց նաև զգում էի, որ ոչինչ չունեմ իմ կյանքում, որով կարող էի հպարտանալ: Ես նպատակ չունեի: Մնացած բոլորն ամեն ինչ հասկացել էին, իսկ ես լաց էի լինում՝ իմ ննջասենյակի հատակին նստած, և զգում էի, որ իմ ամբողջ կյանքը վատնված է:

Ես ինձ միայնակ էի զգում իմ շփոթության և հուսահատության մեջ: Բայց նույնիսկ այն ժամանակ ես գիտեի, որ չեմ կարող լինել միակ չափահաս երիտասարդը, որը պայքարում է իր ճանապարհը գտնելու համար: Երբ զրուցեցի ուրիշների հետ, հասկացա, որ շատ քչերի կյանքն ավարտվում է այնպես, ինչպես նրանք ծրագրել էին: Եվ դա ինձ օգնում է ավելի քիչ միայնակ զգալ:

Այն նաև օգնում է ինձ հիշել, որ Երկնային Հայրը չի ցանկանում, որ ես ինձ անհաջողակ զգամ: Նա ցանկանում է, որ ես «առաջ մղվե[մ] Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն» (2 Նեփի 31.20): Նա հավատում է Փրկիչի Քավության զորությամբ փոխվելու և աճելու իմ կարողությանը: Միայն սատանան կցանկանա, որ ես ինքս ինձ ասեմ, որ կորցրել եմ այն մարդը դառնալու հնարավորությունը, որի ներուժը տեսնում է Երկնային Հայրը:

Պետք է հասկանանք երջանկության ծրագիրը

Մեզանից շատերը երբեմն անհույս են զգում ապագայի հանդեպ: Եվ դա կարող է լինել Աստծո երջանկության ծրագրի թյուրըմբռնման հետևանքով: Գուցե մենք կարծում ենք, որ մեր կյանքը նման է տեսախաղի. մի անփոփոխ պատմություն, որին մենք պետք է հետևենք՝ հաղթելու համար: Բայց դա այնպես չէ՝ ինչպես պատկերացնում ենք: Ամեն օր մենք ընտրություններ ենք կատարում, փոխվում և աճում: Ոչ մի բան անշարժ կամ անփոփոխ չէ: Մեր ընտրությունները երբեք անակնկալ չեն լինի Երկնային Հոր համար, բայց դրանք, այնուամենայնիվ, մեր ընտրություններն են: Մենք գրում ենք մեր սեփական պատմությունը Նրա հետ, երբ առաջ ենք ընթանում:

Եվ եթե մենք «թույլ ենք տալիս, որ Քրիստոսը լինի [մեր] պատմության հեղինակն ու ամբողջացնողը»,1 մենք միշտ կարող ենք վստահորեն նայել հավերժական երջանիկ ավարտին:

Երբեմն մենք սխալվում ենք կամ կորցնում ենք ուղղությունը՝ հանձնվելով հավերժ աննպատակ թափառումներին:

Բայց սա հույսի ավետարան է: Կորսվածների հայտնաբերման ավետարան է: Սա սովորելու ավետարան է: Սա ներման ավետարան է: Կրկին փորձելու մասին ավետարան է: Ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը. «Ապաշխարությունը պահուստային ծրագիր չէ. Դա ծրագիրն է»։2

Երկնային Հոր սերը մեր հանդեպ կատարյալ է, և Նրա ծրագիրը մեզ համար նույնպես կատարյալ է: Դա կատարյալ ծրագիր է անկատար մարդկանց համար, որը մշակված է խնամքով և մեր կարիքների ու ներուժի գիտակցումով: Նրա ծրագրում տեղ կա մեր ձախողումների համար՝ մեր ազնիվ սխալների, մեր համառ մեղքերի և անապատում մեր դեգերումների համար: Եվ Նրա ծրագրում տեղ կա մեր հաղթանակների համար, որոնք մենք ապահովում ենք ամեն անգամ, երբ նայում ենք Նրան և կրկին փորձում:

Գտեք ձեր նպատակը

Այդ ծննդյան օրվանից ես շատ ժամանակ եմ ծախսել՝ մտածելով իմ նպատակի մասին: Ես դեռ այնքան էլ չեմ հասկացել ամեն ինչ: Բայց այլևս այդքան անհանգստացած չեմ զգում։ Ես գիտեմ, որ Աստված ճանաչում է ինձ, և եթե ես դիմեմ Նրան, Նա կօգնի ինձ իմաստ ստեղծել այն տարածության մեջ, որտեղ ես հիմա գտնվում եմ:

Գուցե ինչ-որ մեկը մի օր կգտնի քաղցկեղի բուժումը կամ վերջ կտա համաշխարհային սովին և կհասնի համաշխարհային խաղաղության: Բայց այսօր ինչ-որ մեկը կմխիթարի վշտացած ընկերոջը, կօգնի պայքարող անծանոթին կամ տարիների բացթողումից հետո կաղոթի առաջին անգամ։: Եվ ես կարծում եմ, որ այդ ամենը ինչ-որ բան նշանակում է, նույնիսկ՝ ամեն ինչ:

Ճշմարտությունն այն է, որ մեզանից շատերն այս կյանքում չեն անի փառահեղ ու զարմանալի գործեր: Բայց դա չի նշանակում, որ մենք նպատակ չունենք: Որպես Աստծո զավակներ, մեր վերջնական նպատակը Նրան նմանվելն է: Եվ մենք աճում ենք այդ նպատակի մեջ, երբ ամեն օր փոքր գործեր ենք կատարում Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

Ես փայփայում եմ ավետարանի այն ուսմունքը, որ «փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները» (Ալմա 37.6): Երբ հետ եմ նայում իմ կյանքին, ոչ մի մեծ բան չեմ տեսնում: Բայց ես տեսնում եմ շատ «փոքր և հասարակ բաներ», որոնք մեծ ազդեցություն ունեն: Եվ Փրկիչի շնորհով ես գիտեմ, որ իմ փոքր, բարեխիղճ ջանքերը հարթում են Նրան նմանվելու իմ ուղին:

Ոչ մեկի ճանապարհը ձեր ճանապարհին չի նմանվի: Բայց եթե դուք ամեն կերպ փորձում եք քայլեր ձեռնարկել դեպի Քրիստոսը, ձեր ճանապարհը բարի է: Ամենակարող Արարիչը հավատում է ձեզ, այնպես որ ոտքի կանգնիր և հավատա ինքդ քեզ: Աստված զարմանալի բաներ է պատրաստել ձեզ համար, և նույնիսկ, երբ դուք ձեզ փոքր ու հասարակ եք զգում, Նա «կօգնի ձեզ դառնալ ավելի մեծ բան, քան երբևէ հնարավոր է մտածել»:3

Տպել