2022
Թող Տերը առաջնորդի ձեր կյանքը
սեպտեմբեր 2022


«Թող Տերը առաջնորդի ձեր կյանքը», Լիահոնա, սեպտեմբերի 2022:

Չափահաս երիտասարդներ

Թող Տերը առաջնորդի ձեր կյանքը

Միշտ չէ, որ ես կարող էի նախօրոք տեսնել, թե գործերն ինչպես կընթանային, բայց երբ ես հավատքով գործեցի, Տերն օրհնեց ինձ:

Նկար
երիտասարդ տղամարդն ու կինը նայում են մայրամուտին

Երբ ես մեծանում էի, իմ ընտանիքում հավատքի մասին չէին խոսում կամ ուսումնասիրում: Թեև ծնողներս շատ կրոնասեր էին եղել իրենց կյանքի մեծ մասը, սակայն հորս վերջնական ախտորոշումը, ի թիվս այլ փորձությունների, ստիպեց նրանց հեռանալ այն հավատքից, որում մեծացել էին: Ես չորս տարեկան էի, երբ նա մահացավ քաղցկեղից, ու նաև 13 երեխաներից ամենափոքրն էի, և այրի մայրս պարզապես չէր հավատում, որ Աստված թույլ կտա, որ նման բան պատահի մեր ընտանիքի հետ:

Բայց երբ 14 տարեկան էի, զգացի, որ ինչ-որ բան պակասում է իմ կյանքում։ Ես մտածում էի՝ արդյոք ավելի մեծ նպատակ ունեի, որի մասին ես տեղյակ չէի: Ես զգացի Ջոզեֆ Սմիթի նման, քանի որ «իմ միտքը կանչված էր լուրջ մտորումների և մեծ անհանգստության» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․8): Թեև այդ ժամանակ ես երբևէ չէի լսել Ջոզեֆ Սմիթի մասին, սակայն նրա նման ես սկսեցի փնտրել, քանի որ հաճախում էի շատ եկեղեցիներ՝ հույս ունենալով, որ կգտնեմ ճշմարտությունը:

Եվ ես գտա, մի օր, երբ տեսա կոստյումներով երկու երիտասարդների, որոնք գնում էին հարևանիս տուն: Ես հետաքրքրվեցի և հարցրի նրանց, թե արդյոք կարող եմ գնալ նրանց հանդիպմանը: Մորս հավանությունը ստանալուց հետո ես սկսեցի միսիոներական քննարկումները և, ի վերջո, միացա Եկեղեցուն:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալն օգնեց ինձ գտնել իմ նպատակը, հատկապես երիտասարդ հասուն տարիքում, երբ ես ստիպված էի շատ որոշումներ կայացնել, որոնց հետ ինձ շրջապատող մարդիկ համաձայն չէին: Չնայած ես ունեի նպատակ և ուղղություն, միշտ չէ, որ վստահ էի, թե գործերն ինչպես կընթանային:

Այնուամենայնիվ, երբ ես բախվեցի անհայտությունների, անորոշությունների և այդքան շատ փոփոխությունների, Երկնային Հոր առաջնորդությունը մշտական էր, երբ ես դիմեցի Նրան: Ես սովորեցի Նրան և իմ հավատքին ապավինելու որոշ ուղիներ, որոնք օգնեցին ինձ առաջ շարժվել և շարունակել գտնել իմ նպատակը:

Առաջ շարժվենք առաքելությամբ

Այն տարիքում, երբ իմ հասակակիցներից շատերը պատրաստվում էին ընդունվել քոլեջ, ես պարզում էի, թե ինչպես եմ գնալու միսիայի: Չիլիում բոլորը պետք է թեստ հանձնեն՝ նախքան համալսարան ընդունվելը։ Այն առաջարկվում է միայն տարին մեկ անգամ, այնպես որ, եթե ես գնայի միսիայի, ես ոչ միայն կհետաձգեի իմ կրթությունը երկու տարով, այլև պետք է սպասեի ևս մեկ տարի դրանից հետո՝ քոլեջ գնալու համար:

Իմ ընտանիքը, հատկապես մայրս, դեմ էր միսիային: Նրա համար շատ կարևոր էր, որ ես քոլեջի կրթություն ստանայի: Բայց ես հավատում էի, որ Տերը կօգնի ինձ անել այն, ինչ անհրաժեշտ է, ուստի, սկսեցի աղոթքով նախապատրաստվել:

Երբ իմ եպիսկոպոսը եկավ մեր տուն իմ միսիայի պատրաստի փաստաթղթերով և խնդրեց մորս ստորագրությունը, նա զարմացավ. ես նրան չէի ասել, որ գործընթացն առաջ եմ տանում: Ժամանակ ու ջանքեր պահանջվեցին նրան համոզելու համար, բայց Տերը փափկացրեց նրա սիրտը և օգնեց նրան հասկանալ, որ ես ցանկանում եմ ծառայել:

Ավետարանն ինձ վստահություն տվեց, որ ես ճիշտ գործ էի անում, բայց միայն առաջ գնալով, քայլ առ քայլ, հավատքով, նույնիսկ իմ բոլոր հարցերով և անորոշություններով ես կարողացա առաջադիմել:

Ես հետևում էի իմ ստացած հայտնություններին

Միսիայից տուն վերադառնալը նշանակում էր նաև վերադառնալ դեպի անորոշություն: Երբ աղոթքի և ծոմապահության միջոցով առաջնորդություն խնդրեցի Երկնային Հորից, ես հայտնություն ստացա, որ պետք է տեղափոխվեմ Միացյալ Նահանգներ և հաճախեմ Բրիգամ Յանգ Համալսարան, որը գրեթե անհնարին խնդիր էր թվում:

Ես արեցի հնարավոր ամեն ինչ և կատարեցի հաջորդ լավագույն քայլերը: Երբեմն ինձ թվում էր, որ ոչ մի տեղ չեմ գնում. ես աշխատում էի այնքան, որքան կարող էի, բայց հաստատ չգիտեի, որ իմ ջանքերը կօգնեն ինձ հասնել իմ նպատակներին: Այնուամենայնիվ, իմ հիմնական նպատակն էր հետևել այն ամենին, ինչ Տերն ուզում էր, որ ես անեմ, և այդ նպատակն ինձ համար թանկ էր:

Երբ ես գործադրեցի այդ ջանքերը, մի օր ոգեշնչում զգացի կապ հաստատել իմ լավ ընկերոջ հետ, որը Միացյալ Նահանգներից էր և ապրում էր իմ հայրենի քաղաքում: Ես չգիտեի, թե այդ ժամանակ գործերն ինչպես կընթանային. ես դիմեցի ընկերոջս այն պատճառով, որ Հոգին ուղղորդել էր ինձ, բայց իմ ընկերն ու նրա հայրը, ի վերջո, կարևոր դեր ունեցան՝ օգնելով ինձ իմանալ, թե ինչ պետք է անեմ դիմելու և BYU-ում սովորելու համար անհրաժեշտ վիզա ստանալու համար: Նրանց օգնությամբ և իմ ուղևորության համար վճարելու մայրիկիս մեծ զոհողությունների շնորհիվ ես հասա այնտեղ: Դա հրաշք էր։

Կյանքս նույն կերպ առաջ էր ընթանում։ Ես անում էի հնարավոր ամեն ինչ, իսկ հետո ոգեշնչում էի ստանում, թե ինչ պետք է անեմ հաջորդը: Այդ կերպ ես աշխատանքի ընդունվեցի միսիոներների ուսուցման կենտրոնում, գտա ուսմանս վարձի վճարման ուղիները, որոշեցի մասնագիտությունս, ի վերջո ավարտեցի և ամուսնացա:

Պատասխանները, որոնք ես ստանում էի, միշտ չէ, որ անմիջապես են տրվել, և ես երբեք չեմ ստացել կատարյալ մանրամասն ծրագիր, բայց ես ստացել եմ հավաստիացումներ, որ Տերը գոհ է այն ուղղությունից, որով ես շարժվում էի:

Նկար
տղամարդը նայում է պատուհանից դուրս

Երբ հայտնությունը իմաստ չունի

Մի քանի տարի անց ես իմացա, թե որքան կարևոր է զոհաբերությունը՝ ավետարանով ապրելու համար: Եթե մենք ցանկանում ենք, որ Տերը մեզ նպատակ և ուղղություն տա, մենք պետք է պատրաստ լինենք վերցնելու այդ ուղղությունը:

Ուսումն ավարտելուց հետո ամեն ինչ չէր, որ ընթանում էր ըստ ծրագրվածի այն ընկերությունում, որտեղ ես աշխատում էի, ուստի ես և կինս երկու ընտրություն ունեինք՝ մնալ Միացյալ Նահանգներում կամ վերադառնալ Չիլի: Երկուսս էլ հստակ զգացինք, որ պետք է վերադառնանք Չիլի։ Գուցե սովորական բան թվա տուն վերադառնալու ցանկությունը, բայց շատ դժվար պահ էր: Չիլիում դժվար էր աշխատանք գտնելը: Ես դժվարանում էի վաճառել մեր տունը: Ֆինանսական և տրամաբանական տեսանկյունից դա ամենաճիշտ քայլը չէր. նույնիսկ մեր ընտանիքները կարծում էին, որ մենք անխոհեմ ենք վարվում:

Ի՞նչ եք անում, երբ հայտնությունը հակասության մեջ է մտնում ողջախոհության հետ: Չնայած դժվար էր, բայց ես ու կինս գիտեինք, թե ինչ պետք է անենք։ Մենք հիշեցրինք ինքներս մեզ, որ ավետարանը մեզ հասցրել էր այսքան հեռու: Առանց Տիրոջ, ես չէի ունենա այն ոգեշնչումը, որն օգնեց ինձ ծառայել միսիայում, ստանալ իմ կրթությունը և հանդիպել կնոջս: Պարզապես պետք էր վստահել, որ ինչ պատճառներ էլ լինեին, մեր կարիքը կար Չիլիում։

Մենք մեր տունը թողեցինք մեր եպիսկոպոսին, որպեսզի վարձակալության տար, մինչև կարողանար վաճառել այն, և հեռացանք: Դժվար էր, բայց մենք այնքան շատ օրհնություններ և հրաշքներ տեսանք, երբ լսեցինք Տիրոջ կանչը: Տերը գիտի, թե որտեղ կա մեր կարիքը և որտեղ կարող ենք լավագույնս ծառայել Իր նպատակներին, և Նա օրհնում է մեզ մեր հնազանդության համար:

Տիրոջ հետ գտնենք լուծումները

Հուսով եմ, որ այսօրվա երիտասարդ ամուրիները կհետևեն Հարեդի եղբոր օրինակին: Թեև հարեդացիները գիտեին, որ պետք է մեկնեին խոստումի երկիր, նրանք հստակ չգիտեին, թե ինչպես հասնել այնտեղ։ Երբ Հարեդի եղբայրը «կանչեց առ Տիրոջ անունը» (Եթեր 2.15), Նա մի քանի լուծումներ առաջարկեց նրան: Տերն ասաց նրան, որ նավակներ կառուցի և ուղղություն տվեց, թե ինչպես օդով ապահովի նավերում գտնվողներին:

Իսկ հետո Տերը հարցրեց Հարեդի եղբորը. «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ, որ դուք լույս ունենաք ձեր նավերում»: (Եթեր 2.23): Հարեդի եղբոր քայլերը հստակ ասելու փոխարեն՝ Տերը խնդրեց նրան գնալ և գտնել իր լուծումը:

Այդպես է աշխատել իմ կյանքը։ Երբեմն Տերն ինձ հստակ հրահանգներ է տալիս: Այլ դեպքերում Նա սպասում է, որ ես գամ Իր մոտ իմ սեփական գաղափարներով: Ամեն դեպքում կարևոր է, որ ես ներգրավեմ Նրան այդ գործընթացում: Ծոմապահությունը, աղոթքը և Տիրոջ հետ խորհրդակցելը անհրաժեշտ քայլեր են յուրաքանչյուր մարդու համար, որը փորձում է որոշումներ կայացնել իր կյանքի վերաբերյալ:

Ցանկացած չափահաս երիտասարդի համար, որը փնտրում է ավելի մեծ նպատակ, ես առաջարկում եմ այս խորհուրդը. Դիմեք Տիրոջը անձնական հայտնության համար: Հաճախ կարդացեք ձեր հայրապետական օրհնությունը: Եվ պատրաստ եղեք զոհաբերել ձեր կյանքի քիչ կարևոր բաները, եթե Տերն ասի ձեզ, որ Նա ավելի մեծ նպատակ ունի ձեզ համար:

Ես սիրում եմ Տիրոջը: Ավետարանն ինձ համար ամեն ինչ է: Ես գիտեմ, որ Տերը տեսնում է ձեր ներուժը և ցանկանում է օգնել ձեզ հասնել ձեր աստվածային նպատակին:

Տպել