2023
Կյանքի լույսը
Հունվար 2023


«Կյանքի լույսը», Լիահոնա, հունվար 2023

Կյանքի լույսը

Փրկիչ Հիսուս Քրիստոսն է մեր լույսը, մեր կյանքը և մեր ճանապարհը՝ երեկ, այսօր և հավիտյան։

Հիսուս Քրիստոսի դիմանկարը

Հատված Կենտրոնացեք ուրախության վրա կտավից, Մայքլ Տ. Մալմ

Մինչ արևը մայր էր մտնում 1948թ.-ի հերթական մի կիրակի, ես քայլում էի Թրենթ գետի ափով Նոթինգհեմում (Անգլիա)։ Ես՝ որպես 20-ամյա միսիոներ, վերջերս էի կանչվել շրջանի նախագահ։ Երկար, հոգնեցուցիչ օր էր՝ լի հանդիպումներով և սպասավորությամբ, բայց ես երջանիկ էի և գոհ աշխատանքից։

Մինչ քայլում էի գետի երկայնքով, մի անկեղծ աղոթք ասացի։ Հույս ունենալով զգալ որևէ առաջնորդություն Տիրոջից՝ ես հարցրի. «Արդյո՞ք ես անում եմ այն, ինչ Դու ես ուզում»։

Խաղաղության և փոխըմբռնման զգացումը համակեց ինձ։ Հենց այդ պահին ես հասկացա, որ Հիսուս Քրիստոսը ճանաչում է ինձ և սիրում է ինձ։ Ես տեսիլք չտեսա կամ ձայն չլսեցի, բայց չէի կարող ավելի զորեղ կերպով իմանալ Քրիստոսի իրականության և աստվածայնության մասին, եթե Նա անգամ կանգներ իմ առջև և կանչեր իմ անունը։

Այդ քաղցր և քնքուշ փորձառությունը ձևավորել է իմ կյանքը։ Այդ օրվանից մինչև այսօր իմ կայացրած յուրաքանչյուր նշանակալի որոշման վրա ազդել է Փրկչի մասին իմ գիտելիքը։ Տարիների ընթացքում աշխարհի մեծ մասում ես վկայել եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է՝ Աշխարհի Լույսը։ Մեզ համար արտոնություն է գալ Նրա մոտ, հետևել Նրան և զգալ Նրա լույսը մեր կյանքում։

Աշխարհի Լույսը

Այդ հիշարժան միսիոներական փորձառությունից շատ տարիներ անց մի գիշեր ես և կինս՝ Բարբարան, մեր աչքերը հառել էինք երկնքին։ Այդ պահին ես ակնածանքով նայում էի միլիոնավոր աստղերին, որոնք այդ գիշեր անչափ պայծառ ու գեղեցիկ էին թվում։ Իմ մտքերը զարմանքով դարձան դեպի Մովսեսին ուղղված Տիրոջ խոսքերը. «Եվ անթիվ աշխարհներ եմ ես ստեղծել. և դրանք նույնպես ես ստեղծել եմ իմ անձնական նպատակի համար. և Որդու միջոցով եմ ես ստեղծել դրանք, որն իմ Միածինն է» (Մովսես 1․33

Փրկչից էր բխում այն զորությունը, որը ստեղծեց և լուսավորում է արևը, լուսինը, աստղերը և երկիրը (տես Վարդապետություն եվ ուխտեր 88․7-10)։ Նա իրավամբ կարող է հայտարարել. «Ես եմ աշխարհի լույսը. ինձ հետևողը չի քայլի խավարում, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհաննես 8․12, տես նաև Հովհաննես 9․5

Ինպես ասել է Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին նախագահության առաջին խորհրդականը, «Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է, որովհետև նա աղբյուրն է լույսի, որը «դուրս է գալիս Աստծո ներկայությունից, որ լցնի տարածության անսահմանությունը» [Վարդապետություն և Ուխտեր 88․12]»։ Փրկչի լույսն է «ճշմարիտ լույսը, որը լուսավորում է ամեն մարդու, որ գալիս է աշխարհ» (Վարդապետություն և Ուխտեր 93.2, տես նաև 84.46)։ Այս լույսի օգնությամբ մենք կարող ենք իմանալ, թե ինչպես դատել և տարբերել «բարին չարից» (Մորոնի 7․16)։ Այս համընդհանուր լույսը հայտնի է որպես «ճշմարտության լույս», «Քրիստոսի լույս» և «Քրիստոսի Հոգի»․ (Վարդապետություն և Ուխտեր 88․6, 88․7, Մորոնի 7․161

Հովհաննես առաքյալն ասել է․ «Ես եմ լույսը, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն» (Հովհաննես 1․5)։ Մեր օրերում սատանան աշխատում է արտաժամյա, որպեսզի Աստծո զավակներին առաջնորդի դեպի խավարը՝ փակելով «լույսը և կյանքը և ճշմարտությունն աշխարհի» (Եթեր 4․12

Մենք չենք կարող լիովին ըմբռնել կամ գնահատել Փրկչին և Նրա ավետարանը, երբ կորցնում ենք Նրա լույսն ու ճշմարտությունը։ Բայց երբ մենք ապաշխարում ենք և հնազանդվում, ծառայում և երկրպագում Նրան, մենք հաղթահարում ենք խավարը։ Նրա լույսը վերադառնում և հեռացնում է աշխարհի ստվերները մեր միջավայրից և մեր մտքից։

Լույսով օրհնված

Քանի որ մեր աշխարհը դառնում է ավելի խավար և անկայուն, Տիրոջ լույսը մեր կյանքում զգալը կարող է դժվարին խնդիր թվալ։ Սակայն Ռասսել Մ. Նելսոնը հիշեցրել է մեզ. «Թանձրացող խավարը, որն ուղեկցում է նեղություններին, ավելի է պայծառացնում Հիսուս Քրիստոսի լույսը»։2

Ես հասկացել եմ, որ Նրա լույսն ավելի պայծառ է շողում իմ հոգում, երբ ես ժամանակ եմ հատկացնում Հոգու բաներին հանգիստ, լուռ պահերին, ինչպես այդ գիշեր՝ Բարբարայի հետ։ Հենց այդ ժամանակ ենք մենք ստանում հոգևոր տպավորություններ, առաջնորդություն և լույս։ Հենց այդ ժամանակ ենք մենք սկսում հասկանալ, թե իրականում որքան օրհնված ենք մենք՝ ունենալով Փրկիչ։

Լինելով աշխարհի լույսը՝ Փրկիչը լուսավորում է մեր մահկանացու ճամփորդության ուղին Իր օրինակով և ուսմունքներով (տես Հովհաննես 8․12)։ Նա թեթևացնում է մեր բեռը Իր սիրով և կարեկցանքով (տես Մատթեոս 11.28-30)։ Իր Քավության միջոցով Նա լուսավորում է մեր սրտերը հույսով և բժշկությամբ (տես Մորոնի 7.41)։ Եվ Նա լուսավորում է մեր մտքերը «ճշմարտության Հոգով» (Վարդապետություն և Ուխտեր 6․15, տես նաև 11․13)։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է. «Մեր կյանքի յուրաքանչյուր եղանակին, բոլոր այն հանգամանքներում, որոնց մենք կարող ենք հանդիպել, և յուրաքանչյուր մարտահրավերի ժամանակ Հիսուս Քրիստոսն է այն լույսը, որը ցրում է վախը, տալիս հավաստիացում և ուղղություն և առաջ բերում կայուն խաղաղություն և ուրախություն»։3

Մ․ Ռասսել Բալլարդը չափահաս երիտասարդի տարիքում

Երեց Բալլարդը միսիա է ծառայել Անգլիայում 1948-1950 թվականներին։

Բարձր պահեք ձեր լույսը

Փրկչի լույսը ուրիշների հետ կիսելու և Նրա մոտ գալու, Նրա սերն իրենց հանդեպ զգալու հրավեր հղելու արտոնությունը միշտ առանձնահատուկ է եղել ինձ համար։ Ես սիրով եմ միսիա ծառայել Անգլիայում։ Ես սիրով եմ միսիայի նախագահ եղել Կանադայում։ Եվ ես սիրով եմ ծառայում իմ ներկայիս կոչման մեջ՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ։ Իմ ծառայությունն ինձ հնարավորություններ է տալիս վկայելու Հիսուս Քրիստոսի մասին և կիսվելու Վերականգնման ուղերձով ողջ աշխարհում։

Հնում Փրկիչն ասել է Իր աշակերտներին․

«Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ …

Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.14, 16

Նեփիի ժողովրդին Նա ասել է․ «Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս»։ Նա ավելացրել է․ «Դուք գիտեք այն բաները, ինչ դուք պիտի անեք իմ եկեղեցում . քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դո՛ւք անեք» (3 Նեփի 18․24, 27․21

Մեր օրերում Փրկիչը նույնպես ակնկալում է, որ Իր աշակերտները, օգտագործելով Իր լույսը, «խավարը ցրեն [մեր] միջից» (Վարդապետություն և Ուխտեր 50.25)։ Մեր լույսը շողում է, երբ մենք սիրում ենք՝ ինչպես Հիսուսը սիրեց։ Մեր լույսը շողում է, երբ մենք կիսվում ենք Վերականգնման և Քրիստոսի հանդեպ մեր հույսի վերաբերյալ վկայությամբ։ Մեր լույսը շողում է, երբ մենք բարձրացնում ենք մեր ձայնը՝ ի պաշտպանություն ճշմարտության։ Եվ երբ մեր լույսը շողում է, մենք հրավիրում ենք ուրիշների ուշադրությունը դեպի այդ լույսի աղբյուրը։

Կատարեք անձնուրաց ծառայություն, և դուք կզգաք Նրա լույսը ձեր սրտում։ Խոնարհ աղոթեք ավետարանով կիսվելու հնարավորությունների համար, և դուք կառաջնորդվեք նրանց մոտ, ովքեր պատրաստ են ընդունել Նրա լույսը։ Սեր ցուցաբերեք ուրիշների հանդեպ մեծ ու փոքր եղանակներով, և դուք այս աշխարհը կդարձնեք ավելի լավն ու ավելի պայծառ։

Հիսուս Քրիստոսը ուսուցանում է

Հատված Հիսուս Քրիստոս կտավից, Հարի Անդերսոն

Լույս, որն անվերջ է

Ես հավերժ երախտապարտ եմ այն փորձառության համար, որ որպես երիտասարդ միսիոներ ունեցա Անգլիայում, երբ անձամբ իմացա, որ Հիսուսը Քրիստոսն է։ Ես դա ավելի հաստատ գիտեմ այսօր, քանի որ ապրել եմ կյանքն իր բոլոր փորձություններով և ուրախություններով։

Եկեղեցու իմ ծառայությունն օրհնել է ինձ բազմաթիվ ուշագրավ ու հատուկ հոգևոր փորձառություններով, որոնցից մի քանիսը չափազանց սրբազան են նկարագրելու համար։ Չկա ավելի կարևոր և թանկ նվեր, որը ես կարող եմ տալ իմ երեխաներին, թոռներին, ծոռներին և ձեզ՝ իմ ընկերներ ամբողջ աշխարհում, քան իմ վստահ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր Հավիտենական Հոր Որդին, ողջ մարդկության Փրկիչը և Քավիչը։

Իմ թանկագին կինը՝ Բարբարան, մահացավ 2018 թվականին։ Որքա՜ն երախտապարտ եմ ես, որ գիտեմ, որ մեր տաճարային կնքման և Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կրկին միասին կլինենք մեր ընտանիքի հետ ողջ հավերժությունում։

Երբեմն ես հոգնում եմ։ Այդ պահերին ես կանգ եմ առնում և նայում եմ Փրկչի նկարին։ Ես մտածում եմ Նրա մասին՝ մինչ Գեթսեմանիում էր, որից հետո իմ հոգնածությունն անմիջապես անցնում է։ Ես իմ ողջ սրտով գիտեմ, որ Նա հաղթեց աշխարհին և դրա շնորհիվ «խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է» (Ա Հովհաննես 2․8

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է։ «Նա է … լույսը, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել» (Մոսիա 16․9)։ Նա է մեր լույսը, մեր կյանքը և մեր ճանապարհը՝ երեկ, այսօր և հավիտյան։ Թող որ մենք հաստատակամ լինենք Նրան հետևելու և Նրա լույսը աշխարհի առջև շողացնելու մեջ։

Հղումներ

  1. Տես Դալլին Հ․ Օուքս, «Աշխարհի լույսը և կյանքը», Ensign, նոյեմբեր 1987, 63-64։

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 88։

  3. Դեյվիդ Ա. Բեդնար, «Աշխարհի լույսը և կյանքը» (Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո, դեկտեմբեր 6, 2015), broadcasts.ChurchofJesusChrist.org: