2023
Ինչո՞ւ ես չէի կարողանում ներել
Հունվար 2023


«Ինչո՞ւ ես չէի կարողանում ներել», Լիահոնա, հունվար 2023։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ինչո՞ւ ես չէի կարողանում ներել

Ես աղոթեցի, որ Երկնային Հայրն օգնի ինձ հաղթահարել վատ զգացմունքներս և ներել։

Նկար
տղամարդը աշխատում է տաճարի տարածքում գտնվող պարտեզում

Նկարազարդումը` Ալեն Գարնսի

Իմ ծխի մի քանի այլ եղբայրների հետ ես գնացի օգնելու քույրերից մեկին տեղափոխվել։ Բայց երբ մենք հասանք նրա բնակարան, սխալ կայանված մի մեքենա խանգարեց մեր մեքենային մոտենալ նրա տանը։

Ես զանգահարեցի մեքենայի վրա գրված հեռախոսահամարով, որպեսզի խնդրեմ, որ ինչ-որ մեկը գա և տեղափոխի մեքենան։ Մի մարդ պատասխանեց և խոստացավ, որ շուտով կգա։

15 րոպե անց ես նորից զանգահարեցի, սակայն նա չպատասխանեց։ Ի վերջո, ևս մեկ զանգից հետո նա հայտնվեց երկու երեխաների հետ։ Նա բարկացած էր և ասաց մի բան, որը զայրացրեց ինձ։ Ես փորձեցի մոռանալ դրա մասին, և մենք գործի անցանք։

Այդ երեկո ես մտածում էի այդ փորձառության մասին։ Ես աղոթեցի, որ Երկնային Հայրն օգնի ինձ մոռանալ իմ զգացմունքները և ներել մարդուն։ Նա պատասխանեց իմ աղոթքին։

Քիչ անց, սակայն, ես կարդում էի տեղական թերթերից մեկը և նկատեցի մի հոդված այդ մարդու մասին։ Այնտեղ կար նրա նկարը։ Նրա հանդեպ ունեցած վատ զգացմունքները վերադարձան։ Ուստի, ես նորից անցա նույն գործընթացով։ Ես խնդրեցի Տիրոջը, որ այս աննշան պատահարն այլևս չանհանգստացնի ինձ և օգնի ինձ ներել այդ մարդուն։ Լավ զգացողություններ պարուրեցին ինձ։

Շատ չանցած ես հանդիպեցի այդ նույն մարդուն խանութում։ Իմ վատ զգացմունքները վերադարձան։ Ես ապշած էի։ Ես հարցրի Տիրոջը, թե ինչու չէի կարողանում մոռանալ այդ փորձառության մասին։ Մի քանի օր անց Նա ինձ մի դաս սովորեցրեց։

Ես հեռանում էի Հելսինկի Ֆինլանդիա տաճարի տարածքից, երբ նկատեցի այդ նույն տղամարդուն, որն աշխատում էր տաճարի պարտեզում։ Ես չէի կարողանում հավատալ իմ աչքերին։ Իմ միտքը բացվեց, և ես հասկացա, որ նա, ինչպես և ես, ծառայում է Տիրոջը, և որ նա, ինչպես և ես, ունի հիասթափեցնող օրեր, երբ ամեն ինչ չէ, որ ստացվում է։ Այդ ժամանակ ես կարողացա այս մարդուն տեսնել որպես իմ եղբայր։ Նոր աչքերով նայելով նրան՝ ես հարգանք և սեր զգացի նրա հանդեպ։ Դրանից հետո բոլոր նախկին զգացմունքներն ընդմիշտ հեռացան։

Երբ մենք տեսնում ենք ուրիշներին այնպիսին, ինչպիսին Տերն է տեսնում մեզ, մենք կարող ենք հետևել Նրա պատվիրանին՝ անմնացորդ ներելով (տես Մատթեոս 6․14-15, Վարդապետություն և Ուխտեր 64․9-10)։ Այս փորձառությունը Տիրոջ հիշարժան, գթառատ ողորմածությունն էր, որի մասին ես դեռ խորհում եմ իմ սրտում։

Տպել